Հայ պատմաբանության մեջ ստալինիզմի թողած հետքը թերևս անշրջանցելի է։ Դրա հետևանք են նաև արդի քաղաքական մտքում խորհրդահայ հակազգային կամ հակախորհրդային ազգային գերիշխող գնահատականները։ Այս գնահատականները, տեղական ազգային և խորհրդային միջազգային խնդիրները մեխանիկական հակադրության անկյան տակ դիտարկելով, միաժամանակ չեզոքացնում են իրականությունն իր բարդությամբ ու հակասականությամբ ըմբռնելու մարտահրավերները։ Ազգային ու միջազգային խնդիրները մեխանիկական նման հակադրումից անդին դիտելու հնարավորություն է բացում 1920-ականներին հայ ազգային կոմունիստների գործունեությունը, որոնք իրենց հուզող ազգային խնդիրների լուծման հնարավորությունն այլևս շաղկապված էին տեսնում խորհրդային հեղափոխական շարժումներին հայության մասնակցության հետ։
Ստորև ներկայացվող վավերագիրը 1924 թվականի նոյեմբերի 29-ին Խորհրդային Հայաստան թերթում տպագրված Կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահ Արտաշես Կարինյանի՝ «Յերկու կուլտուրա» վերտառությամբ հոդվածն է։ Վերջինս ամփոփ կերպով ներկայացնում է կրթամշակութային կյանքում Խորհրդային Հայաստանի ձեռքբերումները, որոնցով էլ, ըստ էության, ազգային կոմունիստները պաշտպանում էին նաև Խորհրդային Հայաստանի՝ անկախ պետականություն լինելու գաղափարը։ Հոդվածում Կարինյանը մարտահրավեր է նետում այն գաղափարին, թե Առաջին հանրապետության «որով ե միայն ստեղծվել «ազգային մշակույթը» և վոր այդ «կուլտուրան» հետագայում խեղդվել ե Մոսկվայից յեկած ռուսախոս մեծամասնականների ջանքերով»։ Կարինյանի համոզմամբ՝գիտական բազմաթիվ ձեռնարկների հայերեն հրատարակությունը, հայ արվեստի ինստիտուցիաների հիմնադրումն ու արվեստի ժողովրդականացումը «ազգային լեզվի» խթանման հետ միասին «ավելի քան պարզ» բնորոշում են խորհրդային նոր պետականության «դեմքը»։ Այսպես խորհրդայնացման անունից Կարինյանը չի քողարկում ազգային ու տեղական մշակույթի կարևորությունն ինքնին։ Նա, այդուհանդերձ, հեռու է ազգային մշակույթը տեղական իրականության սահմանների մեջ պարփակելուց։ Դուրս բերելով այն նեղ տեղայնությունից և ընդլայնելով դրա սահմանները՝ նա միաժամանակ կամրջում է ազգային մշակույթը միջազգային պայքարի համատեքստում սկզբնավորվող և հին կարգերի դեմ պայքարող պրոլետարական նոր մշակույթի հետ։
Հրատարակվում է հատվածաբար ըստ՝ Արտաշես Կարինյան, «Յերկու կուլտուրա», Խորհրդային Հայաստան, 29 նոյեմբերի 1924 թ.։
ՅԵՐԿՈՒ ԿՈՒԼՏՈՒՐԱ
Հայ ազգայնականները, ինչպես հայտնի յե, յերեք տարու չափ իշխել են Հայաստանում։
Այդ յերեք տարվա ընթացքում նրանք վայելել են միջազգային հակահեղափոխության հովանավորությունը։ Ունեցել են իրենց սեփական «անկախ», «ազատ» և «ազգային» պետությունը։ Ստացել են խոշորագույն նյութական ոգնություն Ամերիկայից և հայկական բազմաթիվ գաղութներից։ Ժառանգել են միաժամանակ հսկայական այն հարստությունը, վորը մնացել եր ցարական կառավարության զինվորական և քաղաքացիական պահեստների մեջ։
Նյութական այդ ուժը տակավին անավեր ռուսահայ նահանգներում, ի հարկե, նպաստավոր ազդակ պիտի հանդիսանար ազգային մշակույթի ստեղծագործման և կազմակերպման համար։ Հայաստանում հավաքված հսկայական հայ մտավորականությունը, ոգտվելով գերազանցորեն «ազգային կառավարության» հովանավորությունից, պիտի կարողանար ստեղծել նոր հայկական գրականություն ու արվեստ և արդեն դրանով ապացուցեր «ազգային պետության» գոյության իրավունքը։
Այդ բոլորն այնքան տրամաբանական ե, վոր առաջին նվագ թվում ե, թե այդպես ել յեղել ե։ Այնքան անհերքելի յե յերևում այդ յենթադրությունը, վոր վոչ վոք չի փորձում և չի ցանկանում քննել ճշմարտությունը և ստուգել դաշնակցական Հայաստանում կատարված կուլտուրական աշխատանքի իսկական արժեքն ու բնույթը։ Իրենք, դաշնակցականներն ել ոգտվելով ընդհանուր տրամադրությունից, շարունակում են պնդել այն, վոր իրենց որով ե միայն ստեղծվել «ազգային մշակույթը» և վոր այդ «կուլտուրան» հետագայում խեղդվել ե Մոսկվայից յեկած ռուսախոս մեծամասնականների ջանքերով։ ….
…. Ազգային մշակույթի ամենաեյական հատկանիշներից մեկն ե լեզուն։
Յեվ ահա Հայաստանի պետական դիվանում պահված դաշնակցական կառավարության պաշտոնական դոկումենտներից մենք տեղեկանում ենք, վոր ամբողջ գրագրությունը դաշնակցական Հայաստանում կատարվել ե ռուսերեն լեզվով։ Պետական հիմնարկություններից միայն մի քանիսը կարողացել են մտցնել հայերեն լեզուն, իսկ մեծամասնությունը բավարարվել ե ռուսերենով։
Յեթե արտաքին այդ նշանից անցնենք կառավարության աշխատանքի ներքին բովանդակությանը, կը տեսնենք, վոր այդտեղ ել բացակայել ե կատարելապես վորևե ինքնուրույնություն։
Հայաստանի ազգայնական կառավարությունը, որինակ մինչև իր գոյության վերջին որերը ղեկավարվել ե Ռուսաստանի ժամանակավոր կառավարության որենքներով և իր «ազգային պետության» սահմաններում կուրորեն կիրառել ե Հայաստանի կոնկրետ պայմաններին միանգամայն ոտար յեվ անհարազատ որենսդրություն։
Յեթե դրան ավելացնենք այն, վոր հայ վողջ գրականությունը յերեք տարվա ընթացքում ամփոփվել ե դաշնակցական պաշտոնական որգան «Հառաջ» և «Աշխատանք» կուսակցական թերթերի մեջ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ «Հայաստանի Կոոպերացիա» անունով ամսագրի մի քանի վտիտ տետրակների մեջ — Հայաստանի «ազգային մշակույթի» պատկերը միանգամայն լրիվ կը լինի։ ….
Ահա և բոլորը։
Արժե՞ր արդյոք այդ բոլորից հետո այնքան վայնասուն բարձրացնել «բոլշևիկների» վանդալական քաղաքականության և «կուլտուրայի» վոչնչացման մասին։ Ի՞նչ ե յեղել, վոր ավերի կամ վոչնչացման յենթարկվեր։ Յեթե լիներ ել մի բան, անշուշտ դաշնակցական փղերը՝ Չիլինկարյանը, Վրացյանը, Նավասարդյանը չեյին վարանի մանրամասնորեն պատմել և նկարագրել այդ։
…. Մեր ասածից չպետք ե անշուշտ հանել այն յեզրակացությունը, թե այդ ժամանակ հայ մտավորականությունն անուժ և անընդունակ ե յեղել ստեղծագործական աշխատանք կատարելու։
Վո՛չ, ի հարկե։
Խորհրդային Հայաստանում գործող հայ մտավորականներից շատ շատերն աշխատել են և սկսել իրենց գործունեյությունը դեռ դաշնակցական Հայաստանում։
Սակայն և այնպես, դրանք չեն կարողացել կենդանի գործ կատարել և ստեղծագործել «ազգային պետության» սահմաններում։ Յեվ ամենալավ պարագաներին բավականացել են լոկ ազգայնական տաղտուկ իդեոլոգների ավելի ևս տաղտուկ պրոպագանդայով։
Քննենք այդ ֆոնի վրա «միջազգային» պետության Խորհրդային Հայաստանի գործը։
Քննենք այն՝ ի՞նչ ե արել այս չորս տարվա ընթացքում աշխատավորական Հայաստանը, վորն սկսել ե իր գործն ավելի աննպաստ պայմաններում և ավելի թույլ ուժերով։
2
…. Նախ և առաջ յերկու խոսք «լեզվի» մասին։
Ռուսախոս պաշտոնյաների քանակը Հայաստանում այսոր անհամեմատ ավելի փոքր ե, քան դաշնակցական Հայաստանում։ Յեվ ազգային լեզվի կիրառման նկատմամբ գործադրված քայլերն այնքան կտրուկ են, վոր ավելի քան պարզ բնորոշում են մեր նոր պետության դեմքը։ Այդ հանգամանքն ստիպված են խոստովանել նույնիսկ մեր ամենամոլեգին հակառակորդները։
Խորհրդային Հայաստանի կառավարությունը, ինչպես հայտնի յե, կապված ե յեղբայրական դաշնակցական ամենասերտ կապերով խորհրդային ուրիշ հանրապետությունների հետ, և կազմում ե հզոր և անպարտ Խորհրդային Միության մի մասնիկը։
Այնուամենայնիվ, չնայած նույնիսկ այդ հանգամանքին, նա իր որենսդրական գործունեյության մեջ միմիայն ղեկավարվում ե խորհրդային ընդհանուր քաղաքականությամբ, և յելնելով դրանից, յերկրի պայմաններին ե համաձայնեցնում բոլոր այն որենքները, վորոնք հրատարակվում են գործադրության համար Հայաստանում։
Հայաստանի բարձրագույն տնտեսական Խորհուրդը, Հայաստանի Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդը, Հայաստանի Խորհուրդների Կենտրոնական Գործադիր Կոմիտեն վոչ թե արտագրում են ռուսական որենքները (ինչպես անում եյին դաշնակցականները), այլ գործադրում են իրենց ձեռներեցությունը և ընդունում են բացառապես այն, ինչ վոր համապատասխանում ե յերկրի տվյալ պայմաններին։
Յեթե դրան ավելացնենք այն, վոր յերկրի բոլոր պետական որենսդրական աշխատանքը և դատավարությունը վարվում են հայերեն լեզվով — պատկերը կը լինի լրիվ և պարզ։ ….
…. Դառնանք այժմ համալսարանին։
Մեր ձեռքին ե ներկայումս համալսարանի գիտական հրատարակությունների ցուցակը։ Հսկայական մի գործ ե այդ, վոր կատարվել ե վերջին յերկու տարիների ընթացքում համալսարանի շուրջը խմբված մտավորականների ջանքերով։ Հայաստանի ուսանողությունը ներկայումս ունի ձեռնարկներ ֆիզիկայի, մաթեմատիկայի, ֆիզիոլոգիայի, քիմիայի, գիտության ուրիշ ճյուղերի մասին գրված հայերեն լեզվով — այնինչ «ազգային» պետության սահմաններում նա ստիպված եր բավականանալ ռուսերեն դասագրքերով։
Ընդհանուր առմամբ յերկու տարվա ընթացքում հրատարակվել ե մի քանի հազար եջ գիտական գրականություն, վորի արժեքն առանձնապես բարձր ե շնորհիվ նրա, վոր այդ գրականությունը գիտության ժողովրդականացման հետ միասին տալիս ե նաև՝ գիտական տերմինների հայերեն բացատրությունը։ ….
Հասարակ այդ փաստերն արդեն բավական են Հայաստանի «նոր իրականության» բնորոշման համար։
Չենք կանգնում այլևս ուսանողների և աշակերտների, ուսուցիչների և գրագետների ընդհանուր քանակի աճման վրա։ Հիշենք միայն այն, վոր միմիայն անցած տարվա ընթացքում Հայաստանի ուսանողների թիվը համալսարանում յեղել ե հազարի չափ։ Պետական միայն մեկ մատենադարանի հաճախորդների թիվը հասել ե 30.000։
Թվական հասարակ այդ տեղեկություններն արդեն ցույց են տալիս, վոր կուլտուրայի կարևորագույն բնագավառում ևս «սովահար» Խորհրդային Հայաստանը կարողացել ե մի քանի քայլ առաջ անցնել այն կետից, վորի վրա կանգնած ե յեղել նա «ազգայնականների» ժամանակ։
***
…. Այսոր, չորրորդ տարեդարձի որը մենք կարող ենք առանց վարանումների պնդել, վոր արվեստի բնագավառում Խորհրդային Հայաստանը կարողացել ե «վոչնչից» ստեղծել կուլտուրական խոշոր արժեք ունեցող հիմնարկություններ։
Մեր խոսքը կոնսերվատորիայի, նկարչական դպրոցի, մյուզեյի և թատրոնի մասին ե։
Ներկայումս դրանք միանգամայն վոտքի յեն կանգնել և ստեղծում են մի արվեստ, վոր «միջազգային» լինելով հանդերձ կրում ե իր վրա հայ ժողովրդի ստեղծագործական ուժի կնիքը։ Բավական ե միայն թվել այստեղ այն, վոր մեր կոնսերվատորիայի միջոցով են հավաքվում և կերտվում ժողովրդական հարուստ արվեստի կտորները, մեր մյուզեյում են խմբված հայ տաղանդավոր նկարիչների (Մարտիրոս Սարյան, Թադևոսյան, Թերլեմեզյան, Վ. Սուրենյան, Ներսիսյան, Հովնաթանյան, Շարբաբչյան) գործերը, մեր նկարչական դպրոցումն են մշակվում նոր Արվեստի ապագա մարտիկները։
Դեռ յերկու տարի առաջ թվում եր, թե այդ դժվարին և անիրագործելի մի նպատակ ե։
Սակայն այսոր, յերբ մենք ասպարեզի վրա ունենք մտավորականների ավելի ևս ամփոփված այն շարանը, վոր գործում ե մեզ մոտ — հնարավոր ե պնդել, վոր ստեղծվել ե այն հիմքը, վորը կարող ե և պիտի նպաստե նոր արվեստի կազմակերպմանը Հայաստանում։
Անշուշտ դրանով ել պիտի բացատրել այն, վոր այստեղ՝ մեզ մոտ մեր թեև աղքատ, բայց առույգ հայրենիքում են գործում Թամանյանը, Սարյանը, Սպենդիարյանը, և վոչ սահմանի մյուս կողմը, «նրանց մոտ» նրանց որոք «լավ» են վարձատրում նկարիչներին, բայց միաժամանակ չեն տալիս արվեստագետին այն կենդանի շեշտը, վորը կարող եր ստեղծվել միմիայն ապրող և պայքարող ժողովրդի հեղափոխական շնչի ազդեցության տակ։
Արվեստի մի ուրիշ բնագավառն ել թատրոնն ե, վորը հին Հայաստանում նույնպես բացակայել ե, վորովհետև այն, ինչ վոր յեղել ե Հայաստանում 1918—21–ին, և ինչ վոր այժմ կա, արտասահմանյան գաղութներում, իհարկե շատ քիչ կապ ունի արվեստի հետ։
«Հին Աստվածներ»–ի, «Արցունքի Հովիտ»–ի և «Արշին Մալ–Ալան»–ների ստեղծած «կուլտուրայի» փոխարեն նոր Հայաստանն ստեղծել ե մի արվեստ, վորը զուրկ լինելով «ազգային» շաղակրատությունից միանգամայն նոր գիծ ե մտցնում մեր կյանքի մեջ։ Այսորվա թատրոնը թատրոն ե իրապես։
…. Անցնենք այժմ գրականությանը:
Յերբ թերթում ենք արտասահմանյան թերթերի և հանդեսների տաղտուկ եջերը, յերբ կարդում ենք գաղութահայ մտավորականության միջավայրում ստեղծված «Ռասպուտինի արկածները», «Սեվազգեստ տիկնոջ անուշահոտությունները», «Թաղականին կնիկը», «Շիշլիի ազգային գերեզմանատունը» և համեմատում ենք ամենաշքեղ թղթի վրա գեղեցիկ տառերով տպված «ազգային կուլտուրայի» այդ նմուշները գյուղական Հայաստանի շատ հասարակ հրատարակությունների հետ, իսկույն և յեթ աչքի յե զարնում յերկու կուլտուրաների հսկայական տարբերությունը:
Այնտեղ վոչինչ չի փոխվել: Մտավորականության բոլոր խմբակներն ել լցնում են թերթերը, հանդեսները և գրքերը բուրժուական ընտանիքի բամբասանքներով, բուրժուական սալոնների և մեռնող կապիտալիստական հասարակության անվերջ փառաբանությամբ:
Այստեղ յերգվում ե առողջ կյանք և առողջ մարդը, յերգվում ե բնությունը և բնության դեմ պայքարող մարդկային համայնքը: Յեվ միաժամանակ խարազանվում ե հին, անիրավ, խարխուլ հասարակ կենցաղը:
Այդպես ե Չարենցը, վոր իր «Յերկիր Նայիրի»–ի մեջ հին աշխարհի անեծքն ե կարդում, իսկ յերգերում՝ նոր հայրենիքը կերտող ռանչպարի հաստատ քայլվածքը դեպի ապագան:
Այդպես են Հայաստանի բոլոր «հին» և «նոր», «վետերան» և յերիտասարդ գրողները:
Թերթեցեք «Նորք»–ի չորս հատորները, հարյուրից ավելի գրքերն ու ժողովածուները, «Մաճկալ»–ը, «Նոր–Ակոս»–ը և «Ավանգարդ»–ը և դուք կը տեսնեք մի գրականություն, վոր նկարում ե միշտ շարժվող, միշտ գործող, և առույգ հայ աշխատավորի կյանքը և պայքարը:
Յես չեմ թվում այստեղ բազմաթիվ գրքերի, թերթերի, հանդեսների վերնագրերն ու անունները: Շեշտում եմ միայն ընդհանուր գիծը:
Ի՞նչ ե ասում այդ գրականությունը և դեպի ո՞ւր ե կանչում նա: Նկատելով հին, տաղտուկ կենցաղը, յերեկվա մռայլ առորյան, նա անդադար կոչ ե անում կռվել, քանդել և փորել յերկիրը, հերկել հողը, շինել և ստեղծել, դարձնել կյանքը լավ և ավելի յերջանիկ…
Յեվ ահա հենց այդ ե այն ուղին, վորով ընթանում ե Խորհրդային Հայաստանի կուլտուրան:
«Ազգային» ե նա, թե՞ վոչ:
Մեզ համար այդ հարցը գոյություն չունի:
Այն, ինչ վոր այսոր կա Հայաստանում, ստեղծվում ե հայ ժողովրդի ստեղծագործական աշխատանքի միջոցով, գրվում ե հայերեն և տարածվում ե հայ բանվորների և գյուղացիների շրջանում: Այդ չափով նա կրում ե տեղական վորոշ գույն,— մեր յերկրին, մեր հայրենիքի ուրույն պայմաններին համապատասխանող առանձին կնիքն ու ստիլը:
Բայց դրա հետ միասին նա միջազգային ե իր եյությամբ, վորովհետև միշտ պայքարում ե այն կարգերի դեմ, վորոնք ստեղծել են ազգային պատերազմներ, կոտորած և կռիվներ ու մարդատեցության թույնով համակված «կուլտուրա», և կոչ ե անում կապվել յերկրագնդի հեռավոր ծայրերում՝ լավագույն ապագայի համար պայքարող աշխատավորության առաջավոր գնդերի հետ: