Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից ու ռազմական կոմունիզմի կարճ շրջանից հետո երկրի հետագա զարգացման ճանապարհը գծեց Նոր տնտեսական քաղաքականությունը (ՆԷՊ): Հայաստանում ՆԷՊ-ի հաստատումն ու գործարկումը ձեռնարկեցին 1920-ականների սկզբին երկրի ղեկավարությունը ստանձնած ազգային կոմունիստ գործիչները: Նրանցից շատերը (Ալեքսանդր Մյասնիկյանը, Սարգիս Լուկաշինը, Աշոտ Հովհաննիսյանը, Ֆլորա Վարդանյանը և այլք) կոմունիստական կուսակցություն էին մտել՝ թիկունքում ունենալով նախկին հնչակյան, դաշնակցական և սպեցիֆիկյան իրենց հարումներն ու կողմնակցությունները: Քաղաքական կայացման այս հետնախորքն էր անշուշտ նաև պատճառը, որ Հայաստանում իշխանության գլուխ անցած կոմունիստ գործիչները մեծապես վարում էին տեղական պայմանները հաշվի առնող ու դրանցից ելնող քաղաքականություն:
Ստորև ներկայացվող վավերագիրը Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Աշոտ Հովհաննիսյանի ստորագրությամբ մի գրություն է: 1926-ին գրված փաստաթուղթը ներկայացնում է Հովհաննիսյանի նախագահությամբ կազմված հանձնաժողովի աշխատանքի արդյունքները, որոնք վերաբերում են Հայաստանի տեղավայրերի վերանվանման նախագծին: Քաղաքական իշխանության ուղիղ գործադրման իրավունք ունեցող Կենտկոմի քարտուղարն անձնապես նշում է, որ վերանվանումը չպետք է դիտվի «բացառապես որպես վարչական ապարատի» գործ: Տեղավայրերի բնակչության ազգային կազմը հաշվի առնելը, նոր անվան հաստատումից առաջ շահագրգռված բնակչության հավանությանն արժանանալը դառնում են նախագիծն իրականացնելու Հովհաննիսյանի նախապայմանները: Հովհաննիսյանի ըմբռնմամբ, ուրեմն, առաջնահերթը կենցաղն ու ապրվող կյանքն ընդունված դեկրետին ու կարգադրությանը համապատասխանեցնելը չէ, այլ ինքնին քաղաքական աշխատանք վարելը՝ ելնելով այդ կենցաղից ու հաստատված վարքուբարքից: Հովհաննիսյանի նախազգուշացումներն այլ բան չէին, քան կոչ մեղմելու հաստատված քաղաքականության ու տիրող իրականության միջև լարումները: Իրականությունը չէ, որ պետք է համապատասխաներ քաղաքական օրակարգին, այլ քաղաքական աշխատանքը պետք է ելներ տիրող իրականությունից: Հակառակ դեպքում, ինչպես նշում է Հովհաննիսյանը, վարչական որոշումն ինքնին «թյուր դատողությունների» տեղիք կարող է տալ:
Հրապարակվում է ըստ՝ Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 1, ցուցակ 7, գործ 30, թերթ 51:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏԳՈՐԾԿՈՄ. ⎼
Ուղարկում եմ ԿԿ իմ նախագահությամբ կազմված հանձնաժողովի աշխատանքի արդյունքները՝ Հայաստանի տեղավայրերի վերանվանման մասին։ Առդիր ցուցակի մեջ նշված են միայն այն վայրերի անունները, վորոնց վերանվանումը հանձնաժողովը նպատակահարմար ե գտնում։ Մնացած տեղավայրերի անունները դուրս են մնում ցուցակից։
Ընդ սմին խնդրում եմ նկատի ունենալ, վոր 1) վայրերի անունները կարող ե պատահել նշված են ցուցակի մեջ սխալ տառադարձությամբ, քանի վոր Կենտգործկոմի կողմից մեզ տրամադրված նյութերը տպագրված եյին մեքենայի վրա շատ անփույթ։ Ուստի ներկայացված ցուցակը հաստատելուց առաջ անհրաժեշտ ե ստուգել անունների տառադարձությունը։ Վոր 2) վորոշ դեպքերում առաջարկ ե մտցված փոխելու թրքական բնակավայրերի անունները հայկականով կամ ընդհակառակը՝ առանց ստույգ տեղեկություն ունենալու այդ վայրերի բնակչության ազգային կազմի մասին։ Հանձնաժողովը կարծում ե, վոր առաջարկված անվանափոխությունները պետք ե կատարել միայն այն դեպքում, յերբ դա համապատասխանում ե վայրերի բնակչության ազգային կազմին։
Ավելորդ չեմ համարում հաղորդել նայեվ, վոր առաջարկված անվանափոխությունները պետք ե նկատել վորպես նախագիծ, վորի հաստատումից առաջ անհրաժեշտ ե նախապես շահագրգռված բնակչության կամ ներկայացուցչական որգանի հավանությունը։ Վերանվանումը չը պետք ե դիտել բացառապես վորպես վարչական ապպարատի գործ։ Անհրաժեշտ ե, վոր մասսաների ինիցիատիվը կամ գեթ նրանց գործակցությունը յերեվան գա նայեվ ներկա դեպքում։ Հակառակ դեպքում առաջարկված վերանվանումներն առհասարակ դժվար կը լինի իրականացնել։ Ավելին, նրանք կարող են թյուր դատողությունների տեղիք տալ։ Այդ տեսակետից, նշանակում ե, անվանացուցակի հաստատումից առաջ անհրաժեշտ ե յեվ նպատակահարմար՝ համապատասխան կարգով տեղերում վորոշ աշխատանք տանել։
ԿԿ քարտուղար՝
(Ա. Հովհաննիսյան).