Արդի հայ քաղաքական մտքի շրջանակներում պետության ըմբռնման առանձնահատկություններից է այն սկզբունքային հակադրությունը, որ հայ լուսավորիչները որպես կանոն տեսել են պետության եվրոպական-լուսավորական և ոչ-եվրոպական մոդելների միջև։ 19-րդ դարի հայ լուսավորիչները, որպես կանոն, գաղափարապես որդեգրվել են ֆրանսիական հեղափոխությամբ աննախադեպ տարածում ստացած եվրոպական-լուսավորական իդեալների կենսագործմանն ու հակադրել այդ իդեալները հայ իրականության մեջ պատմականորեն առավել արմատացած «ասիական» պետական ըմբռնումներին։ Մեր լուսավորիչների ու հարապարակախոսների, այդ թվում, օրինակ Միքայել Նալբանդյանի ու Մատթեոս Մամուրյանի, աչքում ազատություն ու հավասարություն ավետող եվրոպական իդեալներն ազատագրում էին խոստանում «ասիական բռնակալության» ճնշող իշխանությունից։
Մեզանում պետության ըմբռնումն այսպիսի հակադրության մեջ տեսնելու լավագույն օրինակներից է Րաֆֆու անդրանիկ վեպի՝ Սալբիի առաջաբանը. վեպ, որը լույս չի տեսել հեղինակի կենդանության օրոք։ Մասնավորապես ֆրանսիական լուսավորության շրջանակներում ձևավորված ռուսոյական քաղաքական մտքով ոգեշնչված պարսկահայ վիպագիրը, Պարսկաստանում բնակվող իր հայրենակիցներին դիմելուց հետո կարիք է զգում մի քանի խոսք ուղղել նաև երկրի իշխանություններին։ Հատկանշական է, որ այստեղ Րաֆֆին՝ հավասարության ու ազատության ռուսոյական գաղափարներով զինված՝ հարձակում է կատարում ոչ միայն պարսկական իր ժամանակի կառավարման համակարգի վրա, այլև պետության ընդհանրապես արևելյան ըմբռնումն, այդ թվում անտիկ չինական կամ հնդկական պետական միտքը համարում է անպիտան արդի իրականության մեջ։ Զավեշտալին իհարկե այն է, որ ի տարբերություն արդի հայ լուսավորական քաղաքական մտքի, այս գնահատականը հատուկ չէ օրինակ պարթևական ու օսմանական պետական կառավարման մոդելները քննարկող ու առանձին կետերում նաև դրանք արժևորող նույն Ռուսոյի քաղաքական փիլիսոփայությանը։
Հրապարակվում է ըստ՝ Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ. 2 (Երևան։ Սովետական գրող, 1983), էջ 13-17։
Սալբի. Հառաջաբան
Մեր խոսքը կարճելով մեր սիրելի հայրենակիցների հետ, դառնում եմք դեպ Պարսկաստանի բարձրագույն կառավարությունը և, որպես նորա հավատարիմ հպատակ, առաջարկում եմք նորան մեր խնդիրը:
Ժամանակ էր արդեն Պարսկաստանի օգոստոսափառ շահին բարեկարգել և վերանորոգել յուր տերությունը լուսավոր դարուս օրինավոր քաղաքակրթության համաձայն: Եվ այս դրական կետին հասանելու համար՝ ամենեն հառաջ պետք է հասկանա արեգակնափայլ շահը, որ տերություն, թագավորություն կոչված բանը չէ՛ ժողովրդի մի բազմություն ճնշված և կաշկանդված բռնության շղթաներով՝ մի տիրանի երկաթյա գավազանի տակ, որոց կառավարում էր ո՛չ թե արդար և ազատ օրենքը, այլ՝ բռնակալի թուրը ու նորա սարսափը: Բայց տերություն կամ թագավորություն մեք հասկանում եմք մի հասարակություն՝ սրտով, մտքով ու հոգվով կապված միմյանց հետ, որք իբրև մի մարմին՝ կազմում էին մի ամբողջություն՝ միավորված մի գլխի հետ, որուն ասում եմք թագավոր: Այդ հոգևոր և մարմնավոր, այլ խոսքով՝ այդ ֆիզիկական և բարոյական կազմակերպության մեջ՝ յուրաքանչյուր անդամ կամ յուրաքանչյուր անհատ ունի հավասար իրավունք, նոցա ո՛չ մինը չէ ազատ և մյուսն՝ ստրուկ, ո՛չ ծառա և ո՛չ տեր, ո՛չ պիղծ և ո՛չ մաքուր, այլ բոլորը մի են և հավասար բաժին ունին յուրյանց տերության հողից ու այլ բարեմասնություններից, որ աստված ստեղծել է նոցա համար:
Մի այդպիսի տերություն կառավարելու համար նվիրական կամ սրբազան օրենքները, թեև դոքա տված լինեին որևիցե մարգարեի ձեռքով, եթե համաձայն չէին նոքա ժամանակի, երկրի ու կլիմայի հետ, և ազգերի բնավորության հետ, եթե չէին բավականացնում նոքա՝ առանց խտրություն դնելու կրոնքի ու ազգության՝ մարդկության պիտույքները և նոցա իրավունքը ոչինչ նշանակություն չունին:
Օրենքները, թեև երկնքից իջած, չէ պիտո տանել մինչև դարերի վերջը: Վասնզի ժամանակները փոխվում են, և մարդկության կյանքը ու բնավորությունը նոցա հետ ստանում են զանազան կերպարանքներ, ուրեմն և մարդկությունը կառավարող օրենքը պիտի լծորդաբար փոփոխվի նորա հետ:
Ամեն մի տերությունք, որոց մեջ գլխավոր տեղը բռնել են հոգևորականք, ամենևին հառաջ չեն գնում: Հին Չինաստանը և խավար Հնդկաստանը մեզ օրինակներ են. բրահմանականությունը և այլն մեր խոսքերի ապացույցներ են: Բայց Պարսկաստանը ոչ միայն յուր կառավարության սանձը տվել է մոլլաների ձեռքում, այլև նա ունի յուր սեիդները:
Շատ և շատ անգամ անտանելի նեղությանց մեջ չարչարված քրիստոնյաների լացը և բողոքը հասել են բարձրագույն կառավարությանը: Բողոքներ՝ շառիաթից, բողոքներ՝ կալվածատերերից, բողոքներ՝ տերության պաշտոնակալներից, բողոքներ՝ թուրքերի, պարսիկների հալածանքներից: Բայց արեգակնափայլ շահը միշտ յուր ողորմած ուշադրությունը դարձուցել է յուր քրիստոնյա հպատակների խնդիրները լսելու, ամեն մի հայաբնակ գավառներում կարգելով մի առանձին հաքիմ քրիստոնեից վերա հսկելու, և նորանց այլևայլ նեղություններից պահպանելու համար:
Ահա տասներորդ տարին լրանում է, որ մի այդպիսի տնօրինություն արել է վսեմափայլ շահը: Բայց մինչև այսօր, այդ առանձին հաքիմները, որք կոչվում են սարփարաստ, ոչ միայն կարողացել չեն հեռացնել քրիստոնյաներից նոցա այլևայլ նեղությունները, այլ ինքյանք մի ավելորդ ծանրությունք են եղած նոցա այնքան անտանելի բեռան վերա: Այդ իրողությանց մեջ օգոստոսափառ շահը մեղ չունի, միայն նորին վեհափառության բարձրագույն ֆերմանները, Թեհրանից դուրս գալեն հետո՝ կորուսանում են յուրյանց նշանակությունը: Պարսկաստանի անկարգ կառավարության պղտորության մեջ անիրավ պաշտոնակալները զբաղված են միայն յուրյանց օգուտը որսալու, ո՛չ թե բարձրագույն ֆերմանների հրամանները կատարելու, և մեջտեղից վերացած լինելով արդարությունը և իրավունքը՝ միշտ զորեղը ճնշում է անզորին:
Ողորմած շահը, հասկանալով, որ յուր սարփարաստները նույնպես ո՛չինչ օգնություն չարեցին քրիստոնյաներին, այս տարի մտածել է բոլոր քրիստոնեից և հրեից (որ ավելի նեղության մեջ են) վարչությունը միանգամայն որոշել մահմեդականներից, թե՛ նոցա հարկը և թե՛ նոցա դատաստանական գործերը հանձնել մի իշխանի, որ նոցա համար միայն կարգված էր, և այդ իշխանի գործակալները ամեն տեղ կառավարեին նորանց:
Բայց այդպիսյավ դարձյալ, թե՛ քրիստոնյայք և թե՛ հրեայք չեն լինելու հանգիստ, քանի այդ դատավորները ընտրվում էին մահմեդական ազգերից, քանի իսպառ չէին վերջացած այն դժգոհությունքը, որ նոքա ունեին իսլամի շառիաթից և հողից:
Հայերին Պարսկաստանում պետք է խնդրել սահմանադրություն: Բայց ի՛նչ ծիծաղելի ցանկություն է այդ: Մի մասնավոր կարգավորություն անսահման անկարգությանց մեջ կորուսանում է յուր նշանակությունը: Ո՞ւր մնաց պարսկահայք յուրյանց այժմյան անկրթության մեջ կարո՞ղ էին կանոնավոր կերպով հառաջ տանել սահմանադրական վարչություն: Մինչ Պոլսո հայերը յուրյանց բոլոր քաղաքակրթությամբ կաղկաղալով քալեցնում են Սահմանադրությունը, պարսկահայոց համար դեռ վաղ է խնդրել սահմանադրություն: Նոցա համար պետք է մահմեդական սարփարաստների փոխանակ ունենալ քրիստոնյա սարփարաստներ Եվրոպայի մարդերից, որոց ընտրությունը լիներ Թեհրանում Եվրոպիո գլխավոր դեսպանատանց խորհրդով, և դեսպանատունքը երաշխավոր լինեին հարկավորած միջոցներում պաշտպանել յուրյանց ընտրած սարփարաստները: Բացի դորանից, քրիստոնեից և հրեից կառավարության գործերը ո՛չ մի կերպով խառնված չլինեին մահմեդականների հետ:
Մեք հույս ունիմք, որ վսեմափայլ և բարձրագույն Նասեր Էդ Դին շահի օրով Պարսկաստանը կթափե յուր միջից հին անկարգությունքը. նա կփոխե յուր ասիական վայրենի կերպարանքը, և հետևելով լուսավոր դարուս լուսավոր գաղափարներին, ազատությունը լուսավորության հետ ներս կբերե յուր մեջ: Ես հույս ունիմ, որ Պարսկաստանի պատմագրության մեջ ոսկի տառերով պիտի գրվի մեծ և փառավոր անուն. Նասեր Էդ Դին, որպես ասիական քաղաքակրթության մի նոր դարագլխի սկզբնավորիչը: Թող այդ փայլուն պարծանքը նա տանե յուր հետ մինչև դարերի վերջը: Բայց եթե նա կանցուցաներ յուր ժամանակը յուր նախորդների պես, թող գիտցած լինի, որ ժամանակը կկարգադրե յուր պիտույքները, և Պարսկաստանը կվերանորոգվի ինքնուրույն՝ առանց նայելու որևիցե տիրապետողի կամքին: Արդեն Պարսկաստանի արշալույսը սկսել է շառագունել, և արևի ծագումը արդեն գուշակվում է… այնուհետև կհալածվին սև թուխպերը մթին խավարի հետ, և ամենայն բան կերթա յուր կարգին…
Արդեն զանազան կրոնական հերձվածներ պատառել են այն թանձր վարագույրը, որ Ղորանը ձգել էր իսլամի դենի վերա: Շեյխ Ահմադ Բահրենին յուր նոր վարդապետությամբ համարյա կես կիսեց շեիտյան մահմեդականքը. նորան հետևողքը կոչվում են շեյխիք, իսկ հիները՝ մութաշառռիք: Շեյխիք ընդդեմ մութաշառռիների՝ են որպես ազատ պրոտեստանտականությունը ընդդեմ կաթոլիկության:
Մի քանի նոր փիլիսոփայությունք, թեև իբրև ամեն մի նոր իրողություն՝ անկարգ և անկատար, բայց մեծ շարժառիթ են լինում ներս բերելու Պարսկաստանի մեջ ազատությունը: Դահրիքը, այդ անաստված նյութականները՝ հավատալով թե մարդոց կյանքը խոտի նման սկսում է և վերջանում է այս աշխարհում, աշխատում են ազատել մարդկությունը ամենայն նեղություններից, և այնպես բարեկարգել մարդոց վիճակը, որ նորա անցանող կյանքը դյուրին լիներ և երջանիկ:
Ուրաֆայքը, հերքելով ամենայն տեսդակ հեղինակությունք, խելացի տրամաբանությամբ ներս են բերել առողջ մտածությունը, որ աշխատում էր տնօրինել մարդկության բարին:
Բաբիքը բոլորովին ջարդուփշուր են անում Ղորանի վարդապետությունքը, ինքյանք հավատալով դեռևս շատերին անհայտ մի ճշմարտության, նոքա և ընդդեմ են որևիցե միապետական իշխանության: Զանգյանի արյունահեղ կոտորածը, և ամենայն տարի այնքան զոհերի սոսկալի մահերը, ո՛չ միայն կարողացան սրբել Պարսկաստանը բաբիներից, այլ առավել զորացուցին նոցա աճելությունը: Միրզա Մելքում խան Սարթեփը, այն գիտնական հայ տղամարդը՝ Փարիզից Պարսկաստան բերեց ֆրամասոնականության սերմերը: Թեհրանում նա ստացավ շահից առանձին տուն, ուր սկսեց յուր դասախոսությունքը և փոքր միջոցում գտավ յուրյան բազմաթիվ հետևողներ: Մոլլաները սարսափելով նկատեցին այդ կորստաբեր ուսմունքը, որ մի ահագին վիշապի նման, բերանը բաց արած, կամեր կլանել, ուտել և մշակել իսլամականությունը: Շահը, ստիպված մոլլաների խնդիրներից, ակամա կերպով արտասահման ուղարկեց Սարթեփին, չկտրելով նորա ռոճիկը: Ֆրամասոնականության աշակերտները կոչվում են ահլի–ֆարամուշխանայք: Քրիստոնեությունը, Միզան ուլ–հակկի, Թարիկ ուլ–հայաթի և ընկլիսների ձեռքով այլ պարսկերեն տպված գրքերի շնորհիվ, թեև խիստ ծածուկ կերպով, ձգել էր յուր լույսը շատ սրտերի մեջ: Եվ Քրիստոսի վարդապետության խաղաղասեր բարոյականությունը, գտանելով յուր զգալի համակրությունը մարդկության բարեկամ դարվիշների մեջ՝ արել է նորանց անկեղծ թարգման աստուծո ճշմարիտ բանին:
Այժմ, Եվրոպիուց դարձել են այն լուսավորյալ երիտասարդքը, ուր շահը ուղարկել էր նոցա ուսում առնելու, արհեստ և գիտությունք ձեռք բերելու: Պարսից հետաքրքիր և նորասեր բնավորությունը առիթ է տվել նոցա ընդունակությանը՝ Եվրոպիուց բերել Ասիա այն ազատ գաղափարները, որ բաժան–բաժան են արած լուսավոր աշխարհի բոլոր հասարակությունքը: Եվ Վոլթերի, Բյուխների, Ֆոյերբախի, Ռուսսոյի, Լուի–Բլանի, Պրուդոնի, Կաբեի և լուսավոր դարուս այլ մեծամեծ մտածողների փիլիսոփայությունքը լսելի են լինում պարսկական բարբառում:
Ահա այսպիսի կայծեր են ընկած իսլամի կազմվածքի մեջ, կայծեր, որք մի ազատ քամու էին կարոտ, որ հանկարծ բռնկին և հրդեհեն բոլոր իսլամականությունը, և այրելով, մաշելով գտեն, մաքրեն ու սրբեն նորան ամենայն պղտորությունից…