Րաֆֆին ու հայ քաղաքական միտքը. պետությունը՝ «նաղդի» և «նիսիայի» միջև

 

Պետության արդի արևմտյան ըմբռնումների հիմքում ընկած վաղարդի եվրոպական քաղաքական-փիլիսոփայական պատկերացումներում առանցքային է այն համոզումը, որ պետությունը հնարավոր է միայն, երբ մարդու, քաղաքացու կյանքում գործնականում կարևոր են դառնում նրա մոտակա, մասնավոր շահերից անդին գնացող հանրային հեռավոր շահերը։ Օրինակ, ֆրանսիական հեղափոխության գաղափարական ակունքներում կանգնած ֆրանսիական լուսավորիչ Ժան-Ժակ Ռուսոյի պետության ըմբռնման մեջ այս հիմնարար հարցը՝ հեռավոր, հանրային շահի կարևորումը բերվում է պարտաբանական էթիկական հարթություն՝ սահմանվելով իբրև ազատ ու արժանապատիվ քաղաքացու սրբազան պարտք։ Մյուս կողմից վաղարդի լուսավորական մտքի սպեկտրի տրամագծորեն հակադիր ծայրում գտնվող, օրինակ, շոտլանդացի լուսավորիչ Դեյվիդ Հյումի պարագայում, հեռավոր հանրային շահի կարևորումը նույնքան հիմնարար նշանակություն ունի։ Վերջինիս պարագայում, սակայն, հեռավոր շահի արժևորումը խարսխվում է, մարդկային արդեն գոյություն ունեցող առօրյա զգացմունքների, կրքերի ու հաստատված բարքերի վրա։ Շոտլանդացի փիլիսոփան պետության մասին իր երկերում նկատում է իրական, արդեն գոյություն ունեցող կապ մարդու կրքերի, նրա մասնավոր շահի ու հեռավոր հանրային շահի միջև և շոշափում այդ կապն առավել իրական ընկալելու գործնական ուղիները, այլ ոչ թե իբրև պարտք կարևորում հեռավորը՝ հակադրելով այն մոտակային։ 

19-րդ դարի արդի հայ քաղաքական մտքի ասպարեզում այս առումով հետաքրքրական է Րաֆֆու՝ Մշակ թերթի խբագիր Գրիգոր Արծրունուն ուղղված նամակներից մեկը։ Այստեղ Րաֆֆին արձանագրում է մեզանում՝ հայերիս շրջանում մոտակա շահից՝ «նաղդից» անդին՝ հեռավոր շահը՝ «նիսիան» չտեսնելն ու չկարևորելը։ Պետության շուրջ վաղարդի եվրոպական մտքի հիմնարար հարցին դիպող Րաֆֆու այս նկատառումը, հատկապես նշանակալի է դառնում, երբ հաշվի ենք առնում վերջինիս հանգուցային դերը հայ լուսավորական քաղաքական նախագծերում, դեր, որը ոգեշնչող պետք է լիներ ազգային կուսակցությունների համար։ Հատկանշական է, որ խորապես ըմբռնելով հայ իրականության մեջ պետություն կառուցելու հիմնարար բարդությունը՝ «նիսիա» շահի հանդեպ թերահավատությունը, Րաֆֆու՝ այս խնդրի քաղաքական-գրական լուծումն ինքն անխուսափելիորեն խորացնում է «նաղդի» ու «նիսիայի» միջև վիհը։ Րաֆֆու վեպերում հանուն պետության, հանուն «նիսիայի» ոգեկոչված ազգային-ազատագրական հայդուկային պայքարը, որը պահանջում էր մարտիրոսություն ու սեփական կյանքից հրաժարում չէր կարող հակասության մեջ չհայտնվել առօրայ կյանքի «նաղդ» շահերի հետ։

Հրապարակվում է հատվածաբար ըստ Աննա Րաֆֆիի հրապարկման, տե՛ս «Րաֆֆի և «Մշակ». (Նամակ խմբագրութեան)», Արձագանք, 1895, թիվ 99, օգոստոս 30։ 

 

Նամակ խմբագրութեան

Երբ Ձեզ, պ. խմբագիր, կը պատահի գնալ Արծրունու ներքին քարվանսարան, հարցրեցէք այնտեղ պառաւ Եօվանէին. նա հանրածանօթ մի մարդ է, և միշտ կանգնած է լինում քարվանսարայի դռանը իր նուիրական բուռնութու տուփը ձեռքին: Նա մի ժամանակ եղել է Թիֆլիզի առաջին սեղանաւորներից մէկը, իսկ սնանկանալով այժմ դալալութիւն է անում: Եօվանէն շատ կամակատար մարդ է. գործ չկայ, որ առաջարկես նրան և նա յանձն չառնի կատարելու:

Օրինակ ասեցէք նրան.— «Եօվանէ՛, կատարեցէք այս ինչ գործը, փոխարէնը կըստանաք ինձնից մի րուբլի»: Նա իսկոյն ձեռքը կը մեկնէ Ձեզ ու կասէ.— Աղա ջան, «նիսիայի» հետ գլուխ չունիմ. 50 կոպէկին էլ րազի եմ, բայց «նաղդ» տուէք: Երբ դուք փոքր ինչ դժուարանաք, նա իր պահանջը աւելի կը փոքրացնէ ու կասէ.— Աղա ջան, 25 կոպէկ տուեցէք, բայց «նաղդ» կուզեմ: Վերջապէս նա կիջնէ մինչև 5 կոպէկ ու «նաղդ» կառնէ:

Ես այդ օրինակը չբերեցի ծիծաղի համար. ծիծաղելու այստեղ ոչինչ չկայ: Եօվանէն՝ Թիֆլիզի այդ հին սեղանաւորը իր բոլոր հարստութիւնը կորցնելով «նիսիա» առուտուրի մէջ, մի տեսակ գործնական մարդ է դարձել, իր համար համոզմունք է կազմել. նա չէ սիրում յոյսերով ապրել, այլ պահանջում է ինչ որ տալիս են նրան, թող փոքր լինի բայց «նաղդ» լինի: Այդ ճիշտ հայի բնաւորութիւն է. իսկ Եօվանէն այդ բնաւորութեանը ներկայացնող մի տիպ է:

Ես կարող եմ ապացուցանել այդ բազմաթիւ փաստերով: Ասացէք մի հայի՝ — Պարոն, դուք փող ունիք, իսկ ես գիտութիւն. ահա այդ լեռան ներքին շերտերում գտնվում է երկաթ, պղինձ, արծաթ և այլն. եթէ դուք ծախսելու լինիք այսքան հազար մանէթ, ժամանակով կունենաք մի հարուստ հանք: Հայը կը տեսնի որ «նիսիա» բան է, ձեզ կը պատասխանէ. «Բան չունի՞ս, ես գժուել խօմ չեմ, որ փողերս գետնի տակը ածեմ»: Ասացէք դուք մի հայի.— Հիմնենք մի աքցիօներական ընկերութիւն, ահա ծրագիրը. ժամանակով միլլիօններ կը վաստակենք: Նա հէնց որ հասկացաւ թէ վաստակը «ժամանակով» պէտք է լինի, գլուխը կը շարժէ և կը հեռանայ. իր մտքի մէջ կրկնելով՝ «նիսիա» բանի հետ գլուխ չունիմ:

Ես աւելի ու աւելի հեռու կը գնամ իմ դատողութիւնների մէջ: Հայ մարդու, մանաւանդ վաճառականի այդ յատկութիւնները ի նկատի ունենալով, շատ հեշտ է հասկանալ թէ ինչո՞ւ մեր վաճառականների մէջ՝ չնայելով որ նրանք ոչ մի փիլիսոփայութիւնից տեղեկութիւն չունին, այնքան շատ է աթէյիստների թիւը, որոնք գերեզմանի միւս կողմում ոչ մի յոյսի հաւատ չեն ընծայում: Երևի այն էլ մի «նիսիա» բան են համարում…:

Մի խօսքով հայը հեռատեսութիւն չունի. նա անհամբեր է, նա չէ սիրում բախտի հետ խաղալ կամ յոյսերով ապրել: «Նաղդ» և շօշափելի մի շահ միայն կարող է նրան գրաւել: