Րաֆֆու ազգային-լուսավորական գործունեության սահմանները. Րաֆֆին Լեոյի գնահատմամբ

 

1913 թվականի գարնանը Թիֆլիսում Կովկասյան գրական ընկերության Րաֆֆու մահվան 25-ամյակը ոգեկոչելու նախաձեռնության շրջանակներում Լեոն հանդես է գալիս հանրային մի զեկուցմամբ, որի ընդարձակ տարբերակը, որպես Րաֆֆու գործունեության ամփոփ գնահատում, հարատարակվում է Հորիզոն թերթի հաջորդական մի քանի համարներում: Րաֆֆու մահվանից 25 տարի անց, երբ գրողի գաղափարներով խանդավառ հայ երիտասարդությունը լծվել էր հայերի քաղաքական ազատագրության գործին, Րաֆֆին Լեոյին շարունակում է հետաքրքրել որպես գրող` որպես հայերի միտքը ստրկությունից ազատագրող կենդանի մի հեղինակ: Այս է պատճառը, որ ընդունելով հանդերձ քաղաքական կուսակցությունների կազմավորման և գործունեության մեջ Րաֆֆու խաղացած դերակատարությունը, նա միևնույն ժամանակ փորձում է գրողի գործունեությունը դուրս տեսնել ազատագրության գործի քաղաքական հետևանքներից` առանձնացնելով նրա գործի հաջողությունը քաղաքական պայքարի անհաջողություններից: 

Զեկուցումից ստորև ներկայացվող փոքրիկ հատվածում Լեոն լավագույնս ցույց է տալիս, թե ինչպես է Րաֆֆին մի կողմից` բալկանյան ժողովուրդների ազատագրության փորձից ու ռուսական շրջանակներում հասունացող «քրիստոնեայ ազգութիւնների» ազատագրության համար մղվող «սրբազան պատերազմի» ալիքից, մյուս կողմից` հայության շրջանակներում խմորվող ազատագրության ձգտումներից ազդված` ժամանակի տրամադրությունների թարգմանը դառնում իր գրականությամբ: Այս անելիս` Լեոն միևնույն ժամանակ ի հայտ է բերում ժողովրդական շրջանակներում տարերայնորեն սկիզբ առած ռազմական շարժման ժողովրդականացման ճանապարհին Րաֆֆու գրականության խաղացած դերակատարության արժեքը: Ըստ նրա, «հրապուրիչ գեղեցիկ ձևի մէջ դրած ազատարար կռւի աստւածացումն» էր, որ  ցնցել էր հայ հասարակության միտքն ու հոգին և հայ մարդուն ինքնամոռաց կերպով մղել դեպի ազատագրության գործը: Այս առումով ուշագրավ են Թրքահայաստան անզեն անցնելու և ազատագրության գործն առաջ տանելու մի քանի դեպքերի հիշատակումները: Այսպես վարվելով` Լեոն փաստորեն շոշափում էր Րաֆֆու լուսավորական գործունեության սահմանները, այն խորը հակասությունը, որը ծնունդ էր առնում գեղարվեստական իդեալի մակարդակի բարձրացված ժողովրդական տրամադրությունների ու դրանք գործնականորեն կյանքի կոչելու քաղաքական ձեռնարկների միջև:  

Զեկուցումը հրատարակվել է Հորիզոն օրաթերթ 1913 թվականի թիվ 84, 85, 86, 87, 90, 93, 95 համարներում: Ներառնված է հեղինակի Երկերի ժողովածուում (հ. 9, (Երևան: Խորհրդային գրող, 1989), էջ 322-347): Հրապարակվում է ըստ` Լեո, «Րաֆֆի», Հորիզոն, 1913, թիվ 93: 

 

 

 

Այդ ուժեղ ստեղծագործող ցնցումը մտնում էր մեր կեանքի մէջ 1876 թւականից: Մի թւական, երբ նորից արծարծւեց Արևելյան հարցը, երբ նորից արեան և բողոքի կերպարանքով ներկայացաւ քրիստոնեայ ազգերի դրութիւնը թիւրքական տիրապետութեան տակ: Ինչպէս գիտէք, այդ մեծ շարժումը առաջացաւ Բալկանեան թերակղզու սլաւոն ազգաբնակչութեան մէջ. 1875-ին Բօսնիայի և Հերցեգովինայի ապստամբութիւնը, 1876-ին՝ բոլգարների կոտորածը թուրքերի ձեռքով, մի գործ, որ զայրոյթով և սարսափով լցրեց ամբողջ քաղաքակիրթ աշխարհը: 

Սակայն Եւրոպայում այդ մեծ շարժումները նկատւում էին իբրև Ռուսաստանի սլաւոնական կօմիտէների ինտրիգներ, իբրև համասլաւոնական գաղափարի ռազմական առաջացում: Իսկ Ռուսաստանի համար Բալկանեան հրդեհը մի կոչ էր դէպի խաչակրութիւն, դէպի սրբազան պատերազմ՝ յանուն ազատութեան քրիստոնեայ ազգութիւնների:

«Նորից,– երգում էր ռուս բանաստեղծներից մէկը,– թարմ արիւն է ծխում արևելքում, նորից կոտորած. ամեն տեղ ողբ ու ոռնոց, և նորից արդար է խնճոյքներ սարքած դահիճը, իսկ զոհերը մատնւած են չարախօսութեան»:

Զուր չէ, որ եւրոպական աղբիւրները համարեա միահամուռ վկայում են, որ եթէ Ռուսաստանը վերջ ի վերջոյ ստիպւած եղաւ պատերազմ հայտարարել Թիւրքիային, այդ բանի մէջ գուցէ ամենքից նւազ դեր կատարողը եղել է Ալէքսանդր II-ի անձնական կամքն ու տրամադրութիւնը: Գլխաւոր դերակատարը, որ և տարաւ իր հետ ռուսաց միապետին, հասարակական կարծիքն էր: Ղեկավարող շրջանները համակւած էին սլաւոնական պատերազմի գաղափարով, մամուլը, ինտելիգենցիան, ռուսական մտքի և գեղարւեստի նշանաւոր ներկայացուցիչներից շատերը աջակից հանդիսացան այդ շրջաններին և առաջացրին Ռուսաստանի մէջ մի անօրինակ և աննախընթաց հասարակական ոգևորութիւն: Հաւաքւում էին մեծամեծ գումարներ տանջւող սլաւոնների օգտին, հրատարակւում էին բազմաթիւ ժողովածուներ, գրքեր, բրօշիւրներ: Հազարաւոր մարդիկ գնում էին Սերբիա՝ նրա զօրքերի մէջ թիւրքերի դէմ կռւելու համար:

Մեր փոքրիկ, լճացած կեանքն էլ ենթարկւեց այդ մեծ շարժման: Մեր փոքրաթիւ ինտելիգենցիան, մեր ժողովրդի այս փոքրիկ մասը, որ կարող էր լրագիրներ կարդալ, համակւեցին նոյն ազատագրական գաղափարներով: Համակումների առարկան մեզանում ևս իհարկէ սլաւոնական տանջւող ժողովուրդներն են:

Բայց ահա այդ իսկ միջոցին մեզանում բարձրանում են ձայներ, որոնք հարց են տալիս, թէ մենք հայերս էլ ունինք մեր բաժինը Արևելքը հրդեհած մեծ շարժման մէջ: Մեզանում սկսւում է քարոզչութիւն յօգուտ հայութեան այն բաժնի, որ գտնւում է նույն թիւրքական անհանդուրժելի րէժիմի տակ: Մեզանում կամաց կամաց օրւա հարց է դառնում «Հայոց հարցը»: Այդ եռանդուն քարոզչութեան հոգին Գրիգոր Արծրունին է, նրա հետ գործում է և Րաֆֆին՝ առայժմ միայն հրապարակախօսական յօդւածներով, իսկ գեղարւեստական գրականութիւնը միայն Գամառ-Քաթիպայի քնարի միջոցով է արձագանք տալիս ազգային մեծ հարցին:

Րաֆֆին 1877-ին, երբ պատերազմական գործողությունները Թիւրքաց Հայաստանում արդէն հանդէս էին հանել քրդական արիւնահեղ արշաւանքները հայերի դէմ, թողնում է Թաւրիզը, գալիս է Թիֆլիս, բայց ոչ այստեղ մնալու համար: Ուսուցչական պաշտօնն այս անգամ նրան գցում է գաւառական խուլ անկիւններից մէկը՝ Ագուլիս: Այստեղ գնալիս էլ նա Արարատեան դաշտում առիթ է ունենում տեսնելու Տեր-Ղուկասովի բանակի ետևից Կովկաս գաղթած ալաշկերտցի հայերի սոսկալի դրութիւնը: Այս տեսարանը մի անգամ ևս մօտեցնում է նրան թիւրքահային, մի անգամ ևս բաց է անում թիւրքահայի դարաւոր վէրքերը:

Ագուլիսից Րաֆֆին շարունակում է աշխատակցել «Մշակին» և գրում է մի քանի յօդւածներ հայոց հարցի մասին:

Բայց այս բոլորը երկրորդական բաներ են, որոնք շուտ պիտի մոռացւեն: Հրապարակախօսութեան ասպարեզում Րաֆֆին չէր կարողացել և չպիտի էլ կարողանար աչքի ընկնող դիրք գրաւել, մանաւանդ այստեղ առաջնութիւնը պատկանում էր Արծրունու նման մի հրապարակախօսի:

Սակայն հնչում է ժամը, երբ Րաֆֆին պիտի բռնէր եզակի դիրք մեր գրականութեան մէջ: 1878-ի գարունն էր: Պատերազմը վերջացել էր, Սան-Ստեֆանօի դաշնագիրը հայերին տւել էր 16-րդ յօդւածը:

Սկսւել է գարուն և հայ կեանքի մէջ: Յոյսեր, ակնկալութիւններ հայի ապագայի վերաբերմամբ… Ամենքի իդեալն է մի փրկւած Հայաստան: 16-րդ յօդւածը խոստումներ է տւել, հայերը շրջում են Եվրոպայում, Հայաստանի վերանորոգման ծրագիրն ունեն իրանց ձեռքում, նրանք տրամադրութիւն են պատրաստում Բեռլինի վեհաժողովից մի ավելի մեծ բան ստանալու, քան էր Սան-Ստեֆանօի տւածը: Ռուսահայերի և թիւրքահայերի կեանքը սկսում էր եռման այն հոյակապ շրջանը, որ յաջորդեց 1877-1878-ի պատերազմին և մի քանի տարւա տևողականութիւնն ունեցաւ՝ խմորումներ և ստեղծագործական բուռն թափ առաջացնելով մեր իրականութեան մէջ:

Նոր կեանքի կանուխ առաւօտն էր, այո՛, 1878-ի գարունը: Այդ իսկ խորհրդաւոր ժամին, երբ հանգամանքները կուտակւում էին ազգի համար ճակատագիր բորբոքելու, «Մշակի» մէջ սկսեց տպագրւել Րաֆֆիի «Ջալալէդդինը»:

Դեռ երբէք հայերէն գրւածքը այնպիսի խոր ու հզօր տպաւորութիւն չէր թողել, ինչպէս այս վիպական գրւածքը: Ժամանակը խօսք էր որոնում արտայայտւելու համար: Եվ այդ խօսքը դարձաւ Րաֆֆին: Այժմէութիւնը՝ նկատւած գեղարւեստական յափշտակիչ ձևով, ռուս-թիւրքական պատերազմի մի պատկերն էր: Քրդական արշաւանքը, հայերի կոտորածն ու փախուստը: Այս բոլորը ցնցում էր իբրև օրւայ եղելութիւն: Բայց նրա մէջ խրոխտօրէն հնչում էր և ռազմական շեշտը: Նրա մէջ յաւիտենականութեան գիրկն էր անցնում հին սերունդը, որ համակերպւում էր, զոհւում էր, գիտէր միայն աղաչել ու գթութիւն խնդրել, իսկ նրա տեղ երևան էր գալիս մի նոր սերունդ, խիզախ, իր հայրերի ստրկական գործն անիծող ու հարստահարողների, տանջողների դէմ կռւով դուրս եկող սերունդը:

Մինչդեռ ընթերցող հասարակութիւնը յափշտակութեամբ կարդում էր այս նոր խօսքը, հրապուրիչ գեղեցիկ ձևի մէջ դրած այս աստւածացումը ազատարար կռւի, Բեռլինի վեհաժողովը ստորագրեց 61-րդ յօդւածը, որ հայերիս համարեա ոչ մի բան չէր տալիս, բայց և միանգամայն չէր հուսահատեցնում… Հիասթափութիւն է տարածւում վառ յոյսերով տոգորւած հայերի մէջ: Ի՞նչ անել: Ոմանք հուսադրում են, թէ դիւանագիտությունը կը տայ, վերջ ի վերջոյ, խաղաղութիւն և բարեկարգութիւն հայոց աշխարհին: Քարոզում են երկիր գնալ, աշխատել ժողովրդի կուլտուրական զարգացման համար:

Բայց կար և աւելի ընդարձակ շրջաններ ընդգրկող տրամադրութիւն, որ ասում էր, թէ ձրի ոչինչ չէ տրւում մարդուն, թէ ազատութիւնը չէ շնորհւում իբրև ողորմութիւն, այլ նվաճւում է իբրև իրաւունք: «Ջալալէդդինի» մէջ աստվածացրած իդեալն է հասկանալի, միակ իրական դառնում, ժամանակը դրանից դուրս ուրիշ բան կամ չէ սպասում, կամ համարում է պալլիատիւ: Եվ ամբողջութիւնը ձգտում է դէպի այդ ուղղութիւնը: Կարծիքների մէջ տարբերութիւն չը կայ. պահպանողական ու առաջադէմ այստեղ միասին են: Այդ ընդհանուր հոսանքին հարկաւոր է ղեկաւարող խօսք, հարկաւոր է գրագիր:

Ժամանակի այս մեծ պահանջի իրականացումն էլ վիճակւում է Րաֆֆիի տաղանդին: «Ջալալէդդինից» հետո հրատարակւում է նրա «Խենթը», որի գործած տպաւորութիւնը անհամեմատ աւելի մեծ է, աւելի դիւթիչ: Ընթերցող հասարակութիւնը հմայւած է: Շուշի քաղաքում, ձմեռային մի ցուրտ գիշեր, ես պատահել եմ շուկայի գիշերապահին, նստած մեծ խարոյկի առջև «Խենթը» կարդալիս: Նա գանգատւում էր ինձ, որ չէ կարողանում ընդհատել ընթերցանութիւնը և կատարել իր պաշտօնը: «Խենթը» առանձին գրքով տպագրւեց Շուշում և մի ամսւայ մէջ սպառւեց ամբողջովին: Առաջին ներգործութիւնը նա արաւ տպարանի գրաշարի վրայ, որ ուզում է թողնել ամեն ինչ և գնալ Թիւրքաց Հայաստանն ազատելու՝ չունենալով ձեռքին նոյնիսկ զէնք: Կարճ միջոցից յետոյ Հայաստան ճանապարհւեց տեղական րեալական դպրոցի աշակերտներից մէկը, բայց ճանապարհից յետ բերւեց: Այնուհետև այսպիսի դէպքեր շատ պատահեցին և ուրիշ տեղեր:

Երիտասարդութիւնը վարակւած էր միահամուռ տենդով. ամեն մէկն ուզում էր «Ջալալէդդինի» կամ «Խենթի» հերոսներից մէկը դառնալ: Եւ Վարդանը, Մելիք-Մանսուրը, Դուդուկչեանը գրքի էջերից դուրս էին գալիս՝ կեանքի մէջ մարմին և արիւն ստանալու համար:

«Խենթը»-ին միմեանց յետևից յաջորդեցին «Դավիթ-Բեկ», «Խամսայի մելիքութիւնները», «Կայծեր»: Այս հինգ գործերը, կենդանի միևնոյն գաղափարով, մեր պատմութեան մէջ մի ամբողջ դարագլուխ, մի ամբողջ էպօխա կազմեցին: Դրանով թիւրքահայկական յեղափոխութեան գաղափարը միանգամայն պատրաստւում էր գրական պրօպագանդի ձևով: «Կայծերը» ինքը Րաֆֆին անւանում էր ծրագիր-վեպ: Այդ ծրագիրը հայդուկային խմբերով գործելու ուղղութիւնն էր, մի ռազմական կազմակերպութիւն, որ, ի հարկէ, նոր չէր, ոչ էլ միանգամայն անծանօթ մեր անցեալ կեանքին, բայց մի կազմակերպութիւն, որ Բալկանեան քրիստոնեաների ազատագրական շարժումների հոգին է կազմել միշտ: Րաֆֆիի նշանակութիւնը այդպիսի մի ռազմական սիստեմ ստեղծելը չէ անշուշտ, այլ այդ սիստեմի լայն ժողովրդականացումը, նրան ոգևորիչ դարձնելը, նրանով մեր երիտասարդութիւնը վարակելը: Երբ Րաֆֆին վախճանւեց, նոր էր կազմվել մեր հեղափոխական կուսակցություններից առաջինը՝ «Հնչակեանը»: Կուսակցությունը իր օրգանի մեջ դառնապէս ապրում էր Րաֆֆիի մահը, անւանում էր նրան իր ուսուցիչը, իր ղեկավարողը: Այս կուսակցութեան յեղափոխական կեղծանուններից շատերը վերացւած են «Կայծերից»: