Քաղաքական մտքի մեր լուսավորական ավանդույթի առանձնահատկություններից է այն, որ վերջինս չի ենթադրում տարբեր մարդկանց միջև զգայական մակարդակում հարաբերություն։ Որպես կանոն, կենտրոնում է հայտնվում վերզգայական բնույթ ունեցող այս կամ այն բարոյական իդեալի ջատագովությունը և դրանով առաջնորդվելու պահանջը։ Այս պայմաններում կարող է խոսք լինել այս կամ այն իդեալի համաձայն ապրելու հորդորը կիսելու կամ չկիսելու մասին։ Սակայն երկու դեպքում էլ հատկանշական է, որ մեր ավանդույթը չի ենթադրում մարդկանց միջև այնպիսի հարաբերություն, որն արժանին կմատուցի մեր զգայա-նյութական իրականությանը, մեր կյանքին ու առօրյային։ Մարդկանց միջև զգայական կապերի փոխարեն շեշտը դրվում է յուրաքանչյուր մարդու՝ իդեալի հետ ունեցած ներքին հարաբերության վրա. իդեալ համաձայն, որի մարդ պարտավորվում է իր կյանքը վարել։ Տարբեր մարդկանց միջև կապերն արդեն առաջանում են այս ընդհանուր հիմքի վրա՝ իբրև զգայության հակադրված իդեալի հանդեպ հանձնառությամբ հյուսված երկրորդական առնչություն։
Փիլիսոփայական մակարդակում այս մոտեցումը, կարելի է ասել, հետևում է ֆրանսիական լուսավորիչ Ժան-Ժակ Ռուսոյի և նրանից մեծապես ոգեշնչված գերմանական իդեալիստ Իմանուել Կանտի քաղաքականության և բարոյականության պատկերացումներին. հեղինակներ, որոնք վստահաբար հայ արդի մտավորականությանն ամենահոգեհարազատ փիլիսոփաներից են եղել։ Ռուսոյի և Կանտի մտքի շրջանակում քաղաքականության առանցքում է հայտնվում ինքնավար կերպով իրեն հաստատել ջանացող բանական սուբյեկտը, որը գիտակցաբար ստանձնում է համաձայն բարոյական իդեալի գործելու հանձնառությունը։ Քաղաքականության այս ըմբռնումն է մեծապես ոգեշնչել արդի քաղաքական մտածողներին և էապես պայմանավորել դրա զարգացումը։ Սակայն հարց է առաջանում․ արդյոք հնարավո՞ր է արդի քաղաքական այնպիսի փիլիսոփայություն, որը, փոխարենը, քաղաքական հարցերում տեղ կթողնի մարդկանց միջև զգայական հարաբերության համար։ Այս հարցը վերլուծական փիլիսոփայական ավանդույթի ներկայացուծիչ Աննեթ Բայերի «Հյումը՝ կանանց բարոյական տեսաբա՞ն» աշխատության առանցքում ընկած մտահոգություններից է։ Սույն վավերագիրը նշված հոդվածից մի հատված է, որտեղ Բայերը մտքի «Ռուսո-կանտական» ավանդույթին հակադրում է շոտլանդացի լուսավորիչ, Ռուսոյի ժամանակակից Դեյվիդ Հյումի բարոյափիլիսոփայական մոտեցումները։ Վերջինս բարոյականության հիմքում տեսնում է մարդու՝ այլ մարդկանց զգայապես համակրելու հակումը և հենց համակրանքին է հանգեցնում համայնական ու հասարակական կապերն ու փոխհարաբերությունները։
Հարապարակվում է առաջին անգամ, թարգմանությունը՝ Աշոտ Գրիգորյանի։ Թարգմանությունն ըստ՝ Annette Baier, «Hume, the Women’s Moral Theorist?», ըստ՝ Annette Baier, Moral Prejudices: Essays on Ethics (Cambridge, Massachusetts: Harvard University, 1994), 236-237։
Հատված «Հյումը՝ կանանց բարոյական տեսաբա՞ն» աշխատությունից
Վերջին կողմը, որի անկյան տակ կցանկանայի հակադրել Հյումի բարոյափիլիսոփայությունն իր առավել կանտական այլընտրանքին, այն է, թե, ըստ Հյումի՝ ինչ խնդիր լուծելու համար է բարոյականությունը, որն է դրա իմաստը։ Կանտի և կոնտրակտարիանների (contractarians)[1]Խոսքը քաղաքական այն փիլիսոփաների մասին է, որոնք պետության հիմքերը հանգեցնում են քաղաքացիների միջև կնքված հասարակական դաշինքին։ Վերջիններիս թվին են այլոց շարքում սովորաբար դասվում Ժան-Ժակ Ռուսոն, Թոմաս Հոբսը և Ջոն Լոքը։ (Ծնթ – Ա.Գ.) համար, խնդիրն ազատությունն է. հիմնական հարցն այն է, թե ինչպես հասնել դրան՝ հաշվի առնելով, որ գոյություն ունեն ազատատենչ այլ մարդիկ և որ նրանց միջև բախումը հավանական է։ Ռուսո-կանտական լուծումը հավաքականորեն պայմանավորված ընդհանուր օրենքին հպատակությունն է, երբ ազատություն փնտրող ամեն ոք կարող է իրեն սփոփել այն մտքով, որ օրենսդրական կամքը, որին նա պետք է հպատակվի նույնքան իրենն է, որքան որևէ ուրիշինը։ Հյումի համար, այն մարդկանց համակեցության հարցը, որոնք հավակնում են լինել անկաշկանդ ինքնահաստատվողներ, լուծվում է հասարակական ստեղծվածքը (artifice) հայտնագործելով և արդարության առաքինությունը ճանաչելով, այսինքն նման փոխշահավետ ստեղծվածքների կանոններին հարմարվելով։ Բայց խնդիրը, որը բարոյականությունը լուծում է ավելի խորն է. այն որքան ներանձնային է, նույնքան էլ միջանձնային է։ Դա ժամանակի ընթացքում յուրաքանչյուր անձի ցանկությունների հակասությունը, բախումն ու անկայունությունն է, ինչպես նաև անձերի միջև բախումները։ Բարոյականությունը տեսականորեն փրկում է մեզ ներքուստ ինքնավեր մղումներից, ինչպես նաև ինքնավեր միջանձնային բախումներից։…. Մեր զգացումների [Հյումի] ողջ քննարկումը դրանք դարձնում է ի բնե այլ անձերի զգացումներին հակազդող բաներ։ Համակրող և հավաստիացման կարոտ անձի ներքին բախումն իր զգացմունքային աշխարհում, անկախ չի լինի տարբեր անձանց միջև բախումներից։
Ծանոթագրություններ
↑1 | Խոսքը քաղաքական այն փիլիսոփաների մասին է, որոնք պետության հիմքերը հանգեցնում են քաղաքացիների միջև կնքված հասարակական դաշինքին։ Վերջիններիս թվին են այլոց շարքում սովորաբար դասվում Ժան-Ժակ Ռուսոն, Թոմաս Հոբսը և Ջոն Լոքը։ (Ծնթ – Ա.Գ.) |
---|