Քաղաքական հարցերի պատմական դրվածքը. Հայկազ Կոստանյանի ելույթը  

 

1928 թվականը վճական տարի պետք է համարել ողջ Խորհրդային Միության պատմության համար: 1928-ին մեկնարկած ստալինյան առաջին հնգամյակը երկրի քաղաքական կուրսի այն մեծ բեկումն էր, որն ազդարարում էր ստալինիզմի հաղթարշավը: Երկրի տնտեսությունը քաղաքական ուղիղ հրահանգավորմամբ ու կոպիտ միջամտությամբ սոցիալիստական հիմքերի վրա դնելու ստալինյան հավակնությունը, միաժամանակ իր հետ բերում էր նախընթաց քաղաքականությունների քննադատության ու դրանց դեմ ուղղված մեղադրանքների ալիքը: Աննախադեպ բռնություններով իրագործվող ստալինյան քաղաքականությունների ինքնարդարացումը կատարվում էր ի հաշիվ սեփական քաղաքական պատմության վարկաբեկման ու դրանից հրաժարման: 

1927-ին Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնից Աշոտ Հովհաննիսյանի հեռացումը Հայաստանում ստալինիզմի հաստատման վճռական դրվագներից է: Ստորև ներկայացվող վավերագիրը հատված է 1928-ին կոմունիստական կուսակցության 4-րդ պլենումի ժամանակ Կենտրոնական կոմիտեի նորանշանակ քարտուղար Հայկազ Կոստանյանի ելույթից: «Իդեոլոգիական ճակատի» խնդիրներին այս անդրադարձը վեր է հանում քաղաքականապես պատմությունից հրաժարման ստալինյան մոտեցումը: Հենց Աշոտ Հովհաննիսյանին էր ուղղված քաղաքական հարցերի «պատմական» դրվածքով տարվելու Կոստանյանի քննադատությունը: Հովհաննիսյանի Հայ Հեղափոխական Դաշնակցության սոցիալական ծագման խնդրի շուրջ ուսումնասիրությունները Կոստանյանն ակնհայտորեն գնահատում է իբրև զուտ պատմաբանական, այլ ոչ քաղաքական: Այնինչ պետք էր հետևել երկրի ներկա սոցիալ-տնտեսական գործընթացներին, որպեսզի հնարավոր լիներ քաղաքականապես որոշել «թշնամի» կուսակցությունների դերը: Ներկայում Դաշնակցությանը քաղաքական գնահատական տալու հարցում պատմությունն, ուրեմն, անօգուտ էր: Դաշնակցությունն «ամենաթշնամական» կուսակցություն հայտարարելը քաղաքական պահանջ էր, որը պատմական հիմնավորումների կարիք այլևս չուներ, իսկ պատմական հարցերով զբաղվելը քաղաքականապես այլևս անպատեհ էր: Այդ անպատեհությունն էր մարմնավորում Հովհաննիսյանի գործունեությունը, որը պաշտոնապես քննադատվում էր հենց այն պատճառով, որ ներկայի քաղաքականությունը դիտում էր պատմական բարդ փոխակերպումներում, այլ ոչ թե համահարթեցնում քաղաքական հրամայականներով:

Հրապարակվում է հատվածաբար ըստ՝ «Ընկեր Հայկազ Կոստանյանի զեկուցումը ՀԿ(բ)ԿԿ 4-րդ պլենումում. իդեոլոգիական ճակատի խնդիրներ», Խորհրդային Հայաստան, 19 հուլիսի 1928 թ.:   

 


Իդեոլոգիական ճակատի խնդիրներ

 

Անցնում եմ իդեոլոգիական ճակատի խնդիրներին: Յես պետք ե մի վերապահություն անեմ, վոր ի նկատի չունեյի իմ զեկուցման մեջ մանրամասնաբար կանգ առնել մեր աշխատանքի այդ բնագավառի վրա, վորովհետև այդ խնդիրը պլենումում առանձին զեկուցման նյութ պետք ե դառնար: Սակայն յես կամենում եմ այնուամենայնիվ մի քանի մոմենտներ նշել, վորոնք վերաբերում են այդ բնագավառում նախագահության կատարած աշխատանքին:

Դուք գիտեք, վոր վերջին ժամանակ գաղափարախոսական ճակատի խնդիրները Հայաստանում բացառիկ նշանակություն են ստացել: Իրավացի չեն այն ընկերները, վորոնք ասում են, թե հին ղեկավարության հետ ունեցած մեր տարաձայնությունների մեջ միակ վիճելի խնդիրն իդեոլոգիական ճակատն եր: Ի հարկե, մեր վեճերը շատ ու շատ ընդարձակ եյին, սակայն ճիշտ ե այն, վոր ներկուսակցական կռվի ժամանակ կենտրոնական կետը կազմում եյին իդեոլոգիական ճակատի խնդիրները:

Վո՞րն ե հին ղեկավարության հիմնական սխալն այս խնդրում: Ըստ իս, այդ սխալն այն ե, վոր բացակայում եր խիստ հաստատուն հիմնավորված և վերջնական հայացք՝ մեզ թշնամի կուսակցությունների սոցիալական եյության վերաբերյալ և, առաջին հերթին, նրանցից ամենագլխավորի «Դաշնակցություն» անունը կրող կուսակցության: Յերկրորդ սխալն այն ե, վոր այդ խնդրում քաղաքական դրույթը խարդախված ե՝ հիշյալ կուսակցությունների ակադեմիական ուսումնասիրությամբ և, այն ել, այնպիսի մարդկանց ձեռքերով, վորոնք կամ բոլորովին չեյին տիրապետում մարքսիզմի զենքերին, կամ մարքսիստական դիալեկտիկային չափազանց թույլ եյին տիրապետում: Այդ մարդկանց հաջող կերպով ծաղրել ե ընկ. Կասյանն իր «Սպեցիֆիկները և սպեցիֆիզմը» գրքում:

Ընկերնե՛ր, դժբախտությունն այն չե, վոր մարդիկ պատմությամբ եյին զբաղվում և չափազանց փութաջանությամբ մեր հանդեսների եջերը լցնում այդ խնդրի առթիվ յեղած վեճերով: Այդ դժբախտություն չե, վորովհետև բայլշևիկները պատմությամբ ել պիտի զբաղվեն: Դժբախտությունն այն ե, վոր մարդիկ այնքան հրապուրվեցին հարցի այդորինակ «պատմական» դրվածքով, վոր դրանով են լցրել Կենտկոմի և թե այլ կուսակցական մարմինների քաղաքական բովանդակ աշխատանքը, մինչդեռ գյուղի սոցիալ–դասակարգային պրոցեսները, մեր յերկրի բովանդակ սոցիալ–տնտեսական կառուցվածքը՝ տվյալ պատմական ետապում — թույլ ե ուշադրության առնվել:

Մեզ թշնամի կուսակցությունների պատմությունն ուսումնասիրելով պետք ե նրանց սոցիալական եյության լիակատար գնահատումը տանք, սակայն, ընկերնե՛ր, վոչ մի ակնթարթ չպետք ե դադարենք արթուն կերպով հսկել սոցիալ–տնտեսական կարգի այն պրոցեսներին, վորոնք տեղի յեն ունենում յերկրում, վորպեսզի վորոշենք մեզ թշնամի կուսակցությունների դերը, այն կուսակցությունների, վորոնք զանազան ձևերով պայքար են մղում մեր դեմ: Այդ տեսակ մոտեցումը դրական ե, նա կապահովի հարցի անսխալ լուծումը. թե ինչ տեղ և նշանակություն ունեն այդ կուսակցությունները մեր յերկրի սոցիալ–տնտեսական կառուցվածքում:

Բոլորի համար պարզ ե, վոր մեզ համար ամենավտանգավոր կուսակցությունը, ամենաթշնամականը՝ Դաշնակցություն կուսակցությունն ե, «վորը բուրժուական կուսակցություն ե վոչ միայն այսոր, այլ և վերջին 15 տարիների ընթացքում», ինչպես այդ նկատել ե տակավին ընկ. Շահումյանը: Մենք պետք ե մեր գործունեյության կրակը կենտրոնացնենք բոլոր բնագավառներում այդ կուսակցության վրա: Այդ բանը չնկատել այժմ՝ նշանակում ե ճիշտ այնպիսի սխալներ գործել, ինչպիսին գործվում եր առաջներում: Յես կարծում եմ, վոր Կենտրոնական Կոմիտեն իր հիմնական ուշադրությունը պետք ե նվիրի այն իրական պրոցեսներին, վորոնք այս րոպեյիս տեղի յեն ունենում մեր յերկրում, մանավանդ գյուղում: Զբաղվել պատմական հարցերով՝ հարկավոր ե՝ սակայն սահմանափակվել դրանով և հրապուրվել դրանով չի կարելի: Կարե՞լի յե հրապուրվել հարցի ուսումնասիրական ակադեմիական կողմով և աչքաթող անել մեր յերկրի իրական գործնական պայմանները ու մտածել, վոր Դաշնակցության դեմ պետք չե պայքար մղել. վորովհետև նա չարժե այդ բանին, կամ թե՝ միևնույնն ե, առանց այդ պայքարի յել նա դատապարտված ե բնական մահվան: Դուք զարմանո՞ւմ եք, ահա ձեզ և փաստեր: Մի քանի տող Հայաստանի Կոմկուսի Կենտրոնական Կոմիտեյի մի շրջաբերականից՝ այդ առթիվ:

«Դաշնակիզմը ինչպես և ամեն մի հակահեղափոխական իդեոլոգիա, կարող ե վերջնականապես հաղթահարվել միայն դասակարգերի վոչնչացման պրոցեսում, հասարակական հարաբերությունների արմատական փոփոխությունների դեպքում» (ծիծաղ, աղմուկ):

Յես համարում եմ այդ տեսակետը բացարձակապես սխալ, վորովհետև չի կարելի մի յերկրում, ուր պայքարի հիմնական խնդիրներից մեկը հանդիսանում ե կռիվ դաշնակիզմի դեմ, ուր, յես կասեյի, ամեն մի բայլշևիկի հաջողություն, նույնպես և ամբողջ կազմակերպության, պետք ե չափել դաշնակիզմի մնացորդների դեմ ուղղված հաջող պայքարի աստիճանով, դաշնակիզմի, վոր հանդիսանում ե համաշխարհային իմպերիալիզմի գործակալ, համաշխարհային ֆաշիզմի ամենալկտիացած ջոկատ:

Այստեղից դուրս ե գալիս, վոր Կուսակցության Կենտրոնական Կոմիտեն Դաշնակցության գոյության մանդատ ե տալիս մինչև սոցիալիզմ, մինչև կոմունիզմ (ծիծաղ): Այդ վոչ միայն կոպիտ սխալ ե, այլ և հանցանք: Վոչ վոք դրանց այդ իրավունքը չի տա, յես համարում եմ, վոր Դաշնակցությանը մենք կարող ենք և անպայման պետք ե վոչնչացնենք մինչև սոցիալիզմը: (Ծափահարություններ): Սակայն այդ բոլորը չե դեռ. ահա և մի ուրիշ ցիտատ «Խ. Հ.»–ի № 218, «Իդեոլոգիական ճակատի մի քանի ընդհանուր խնդիրները» հոդվածից: Այնտեղ կարդում ենք՝ «դաշնակների դեմ իդեոլոգիական պայքար մենք չենք տարել և չպետք ե տանենք. նրանք այնպիսի վողորմելի և ըստ եյության այնքան անուժ են, վոր զբաղվել նրանցով՝ նշանակում ե ժամանակ կորցնել»:

Այս տողերը գրում ե շատ պատասխանատու աշխատող. այդ նշանակում ե՝ զինաթափ անել մեր կուսակցությունը թշնամու առջև:

Պայքար նացիոնիալիզմի դեմ

Ընկերնե¢ր, մենք անհերքելի փաստեր ունենք, վորոնք վկայում են, վոր այժմ կուլակի ու նեպմանի աշխուժացմամբ նկատվում ե հակառակորդների վորոշ քաղաքական աշխուժություն, ինչպես բովանդակ Միության մեջ, այնպես ել մեզ մոտ: Ուստի մենք պետք ե առանձնապես սուր կերպով դնենք այն պրոցեսներին ուսումնասիրելու հարցը, վորոնք տեղի ունեն այս րոպեյիս մեզ թշնամի բանակում: Բուրժուական նացիոնալիստական իդեոլոգիայի աշխուժացման և ուժեղացման այդ հողի վրա մենք նկատում ենք վոչ միայն մեզ թշնամի կուսակցությունների (դաշնակների, մուսավաթիստների, մենշեվիկների) ակտիվացումն, այլ և վաղուց ի վեր ջախջախված, հնացած հոսանքների վերածնությունը (սպեցիֆիկներ, սմենովեխականներ, տրոցկիստներ և այլն): Այդ բովանդակ բորբոսը մեծ մասամբ ազգային զգեստ ե հագնում:

Ուստի, ընկերներ, մենք պետք ե պայքար մղենք նացիոնալիզմի և նացիոնալիստական տենդենցների դեմ: Մենք պետք ե պայքարենք մեր կուսակցության ինտերնացիոնալ շաղախման՝ ցեմենտավորման համար, ինտերնացիոնալ դաստիարակության համար:

Մենք պետք ե անկեղծորեն հայտարարենք, վոր այս րոպեյիս ել մեր կուսակցության վորոշ անդամներ արտահայտում են նացիոնալիստական տենդենցներ: Դուք կհարցնեք, վորտե՞ղ ե նկատվում այդ յերեվույթը: Այդ հարցում առավել ևս պետք ե անկեղծ լինել: Յեթե սմենովեխականները հաճախ գրում են Ախալցխայի, Կարսի, Ղարաբաղի մասին, մենք, ի հարկե, հանդես ենք գալիս նրանց դեմ և ասում ենք, թե այդ դաշնակների գաղափարախոսությունն ե: Սակայն նման մտայնություն յերբեմն արտահայտում են և մեր ընկերներից վոմանք: Այսպիսի մտածողությունը պետք ե համարել վտանգավոր և անողոք կերպով հարվածել, մերկացնել և արմատախիլ անել:

Մեզ մոտ յերբեմն շատերը հոխորտում են թե՝ «յես Անդրկովկասյան Ֆեդերացիայի կողմնակից եմ: Մոսկվայի կողմն եմ, մենք այդպիսի ուկլոնիստական տենդենց չունենք, ինչպիսի տենցդենց կար մի ժամանակ Վրաստանում, հետևաբար մենք 100 տոկոսանոց ինտերնացիոնալիստներ ենք»:

Թույլ տվեք ձեզ ասելու, ընկերներ, վոր Վրաստանում մի մոմենտ կար, յերբ յուրաքանչյուր վրացի կոմունիստ պետք ե քննություն բռներ ինտերնացիոնալիստի կոչում ձեռք բերելու համար: Վրաստանի մի շարք կոմունիստներ չկարողացան այդ քննությունը բռնել, սայթաքեցին և մերկացրին իրենց նացիոնալիստական թեքումը:

Ի՞նչ եր վրացական ուկլոնիզմը: Չե՞ վոր ըստ եյության վրացական հանրապետության տնտեսական առանձնաշնորհումների վերաբերյալ հարցն եր: Այդ քննության ժամանակ շատ վրացի բայլշեվիկներ սայթաքեցին:

Այդ տեսակ քննություն հայ կոմունիստների կողմից դեռ ևս չի յեղել, և գուցե դեռ լինի: Չպետք ե փքվել նրանով, թե մենք զտարյուն հարյուր տոկոսի ինտերնացիոնալիստներ ենք: Յես համարձակություն եմ ստանձնում ավելին ասել Անդրկովկասյան Ֆեդերացիայի գաղափարի պաշտպանությունը կարող ե յերբեմն մասամբ բղխել նացիոնալիստական տենդենցներից: Մենք պետք ե դնենք վոչ միայն մեր կոմունիստական գործունեության հարցն՝ իր բովանդակ եյությամբ, այլ և բոլոր աշխատավորների դաստիարակության հարցը մեր գործնական առորյա աշխատանքներում:

Անդրկովկասյան Ֆեդերացիայի գաղափարն այն ձեվով, ինչ ձեվով մենք առաջադրում ենք, անհրաժեշտ ե գործնական, իրական ձեվով ավելի ժողովրդականացնել:

Պետք ե այնպես անել, վորպեսզի մեր գյուղացիք և բանվորներն անպատճառ հասականան այդ ֆեդերացիայի բովանդակ եյությունը: Մյուս կողմից մեր մասսաների շփումը մյուս հանրապետությունների հետ պետք ե ուժեղացնել: Այդ տեսակետից մենք վերջերս վորոշեցինք այստեղից բանվորական պատգամավորություններ ուղարկել և եքսկուրսիաներ կազմակերպել Բագու և Վրաստան, ինչպես նաև այնտեղից բանվորական պատգամավորություններ ընդունել մեզ մոտ, վորպեսզի ուժեղացնենք այդ ազգամիջյան շփումը: Մեզ համար այդ հանգամանքն առանձնապես կարևոր ե, վորովհետև աշխարհագրապես մենք մի քիչ մի կողմ ենք ընկած: Մենք պետք ե անպայման բոլոր հնարավոր միջոցներով ավելի իրական դարձնենք այդ շփումը Վրաստանի և Ադրբեջանի հետ: Պայքար նացիոնալիզմի դեմ և հենց դրանով պայքար ինտերնացիոնալիզմի ոգտին ահա այսպես պետք ե լինի մեր աշխատանքը բոլոր բնագավառներում՝ հասարակական, և յես կասեյի առորյա կյանքի բոլոր շրջաններում: