Քաջ Վարդանի անեծքը Ռափայել Պատկանյանի պոեմում

 

Ռափայել Պատկանյանն՝ իբրև հայ ազգային-քաղաքական բանաստեղծության առաջնեկներից մեկը, աշխարհաբար լեզվի կայացման գործնական պաշտպան, ազգային կրթության ու լուսավորության ջատագով գործիչ, էական դեր ու ազդեցություն է ունեցել հայերի՝ որպես արդի ազգ կայացման 19-րդ դարի գործընթացներում։ Հայության շրջանում ազգային ինքնագիտակցություն սերմանելու Պատկանյանի անդուլ ջանքերը հաճախ են ուղղվել հայոց պատմության հերոսական դրվագների ոգեկոչմանը՝ քաջ նախնիներին ու նրանց սխրանքը ժողովրդին մատչելի լեզվով տագնապալի ներկայի համար կարևոր դարձնելով։

Ներկա վավերագիրը մի հատված է բանաստեղծի «Քաջ Վարդան Մամիկոնեանի մահը» պոեմից։ Պատկանյանն այս ստեղծագործության մեջ, կիրառելով դիմառնության մեթոդը, լուսնի բերանով հեռվից հայացք է գցում Ավարայրի դաշտին՝ պատմելու Վարդանի նահատակության պատմությունը։ Եղիշեի՝ հանուն հավատի գիտակցված մահն ընտրած հերոսը հայության համար դառը ժամանակներում արդի բանաստեղծի գրչի տակ դառնում է ազգի քաղաքական ինքնուրույնության՝ գահի ու թագի համար կռվող ու օտար լծի, ստրկացման հետ չհաշտվող զորավար. «Առանց հայրենեաց մեզ մութ է աշխարհ, / Հայաստանն էր մեր միակ մխիթար»։ Ներկայացվող հատվածը ազգի ու ազատ հայրենիքի համար մարտի ելած զորավարի նահատակության դրամատիկ պահն է, երբ Վարդանն իր վերջին շնչով տեսիլքի պես հայտնվում է զինակիցներին։ Պատկանյանը հավատի նահատակ զորավարին մահը հաղթահարած է ներկայացնում․ զորավար, որի միակ վախն այն է, թե ազգակիցներն իրենից հետո կխոնարհվեն օտարի լծի տակ։ Վարդանի այս տագնապը, որ թերևս հենց իր՝ բանաստեղծի ներկայից ելնող ցավն ու մտահոգությունն է, վերածվում է նախապապի դաժան անեծքի։ Զորավարն անիծում է այն «վատ հային», որը կհաշտվի պարսիկի հետ, ոխակալության փոխարեն սեր կցուցաբերի ու չի հավերժացնի երկու ժողովուրդների թշնամությունը։ Ազգային ինքնության կազմավորման արդի հանգրվանում, ուրեմն, Պատկանյանն այս դրվագում նահատակ հերոսի անեծք-պատգամով է սահմանում լավ հային՝ կրոնական պատերազմի պաթոսը վերափոխելով ազգային վրեժխնդրության։

Հրապարակվում է ըստ՝ ԳԱՄԱՌ–ՔԱԹԻՊԱ, «Քաջ Վարդան Մամիկոնեանի մահը», Կռունկ հայոց աշխարհին, 1861, թիվ 7, էջ 513-530։

 

 

Քաջ Վարդան Մամիկոնեանի մահը

 

13

Յանկարծ լըսեցին ձիան տրոփ հեռուանց,
«Այս ո՞վ է, տղե՛րք, ասին Հայք միմեանց,
Գիշերուայ ժամին ուզեց թըշնամին
Վրէժխնդիր լինել ցերեկուայ անցքին»։
Բայց չէ՛, վա՛յ նոցա, վատթար տեսարան
Ապշած աչքերնուն եկաւ յանդիման,
Չէ՛ր արթուն հայոց անկոչ այցելուն,
Սարսած թշնամին տարաժամ պահուն.
Վարդանն էր, որին յուսահատ, տրտում
Որբացած հայերն էին պըտրտում,
Վարդանն էր… բայց ի՞նչ վիճակի հասած,
Արիւնաթաթաւ, սրտին նետ ցըցուած,
Աչքերը մըթնած, երեսը դժգոյն,
Վէրքիցը ծործոր կաթում էր արիւն։
Երկու մանկլաւիկ բռնած ձեռներից՝
Կիսամահ քաջին իջուցին ձիից.
Բայց այն սուրբ աչերն, դէմքը հրաշալի,
Չէին կըրում հետք մահուն երկիւղի.
Նորա թուլացած բազկից այն ժամին
Չար մահ կըստանար նորա թըշնամին,
Թէ որ խիզախէր գալ նորա առաջ –
Այսպէս մօտ մահուն նա միշտ մընաց քաջ։
«Տղե՛րք, ասաց նա, ձայնով դողդոջուն,
Ուզացի ձեզ տալ իմ յետին ողջոյն,
Ձեզ հետ գրկախառն, ձեզ համբոյր տալիս,
Հանգիստ աւանդել այս շունչը վերջիս։
Ժա՛մ է ժամ թողնել Աւեր Հայաստան,
Ուր քար չի մնաց պինդ քարի վրան,
Մենք էլ հետևողք նախնեաց աւանդին,
Ստրուկ չենք լինել երբէք օտարին.
Լա՛ւ է մեր կեանքը կարճանայ սըրով,
Քանց հալուի, մաշուի թշնամու լըծով.
(Իմ հինգ տարեկան հասակէս ի վեր
Այսպէս տալիս էր ծնողն իմ պատուէրք)
Ցաւո՛ւմ է սիրտըս ոչ նետի խոցից,
Ցաւո՛ւմ է որ շուտ գնում եմ ձեզնից.
Որ չեմ կարենում ձեզ հետ միասին
Արեան դաշտի մէջ փըչել իմ հոգին.
Վա՛յ թէ դուք մենակ վըհատիք ահից,
Դողաք, սասափիք վերահաս մահից.
Թուրն ու ասպարը մի կողմը գլորէք,
Պարսկին կամաւոր ձեզ գերել թողնէք.
Ա՜խ, քա՛ջ իմացէ՛ք, ես թէև թաղած,
Պիտի վեր կենամ հողից կատաղած.
Նորից նոր առնում ձեռըս թուր ու տէգ
Ու ձեզ անողորմ խողխողեմ մէկ մէկ։
Անէծք եմ թողնում ես այն վատ Հային,
Որ ո՛չ ոխ, այլ սէր ցոյց տայ գոռ Պարսկին.
Այդ անհաշտ ոխը հիմկուց ցեղէ ցեղ
Պիտի տարածեն Հայքն ամէն տեղ։
Թո՛ղ կորչին ազգեր երկրի երեսից,
Հայը միշտ անհաշտ պիտ մնայ Պարսից.
Ստուերըս երբէք չի մնայ անդորր,
Այս թըշուառ դաշտում կըշրջի մոլոր.
Մինչև այն ժամը, ժա՛մ օրհասական,
Երբ Պարսիկն կամ Հայն կըլինի կործան,
Արեան դաշտի մէջ մորթելով իրար.
Լոկ այն ժամանակ կառնում ես դադար.
Դէ՛հ, մնա՛ք բարև։ Տէ՜ր, ա՛ռ իմ հոգին.
Կամ ազատ կեանք, կամ մահ ազնիւ տո՛ւր Հային»։
Լըռեց ու իսկոյն նետը մահաբեր
Հանեց աներկիւղ կողմից անվեհեր։