Աբովյանի Վերք Հայաստանին և ռուսոյական ռոմանտիզմը

 

Կրթական և մանկավարժական նախագծերը կենտրոնական նշանակություն են ունեցել արդի եվրոպական մտքի համար՝ իբրև արդի սուբյեկտ ձևավորելու հնարավորություն և միջոց։ Կրթության արդի պատկերացումները պատմականորեն սերտորեն կապված են ֆրանսիական լուսավորիչ Ժան-Ժակ Ռուսոյի մանկավարժական տեսությունների ժառանգության հետ։ Այս լույսի ներքո ամենևին պատահական չէ, որ արևելահայ իրականության մեջ արդի մանկավարժության հիմնադիր համարվող Խաչատուր Աբովյանի կրթական հայացքները հաճախ դիտարկվում են Ռուսոյի փիլիսոփայության հետ կապի մեջ։ 

Աբովյանի մանկավարժական պատկերացումներին անդրադարձած գրեթե բոլոր հեղինակներն ընդգծում են դրանցում Ռուսոյի և ռոմանտիզմի կարևորությունը։ Հատկանշական է, որ այս ազդեցության մասին գրում են ոչ միայն խորհրդային ու հետխորհրդային շրջանի հայ մանկավարժության պատմաբանները, այլև՝ հենց 19-րդ դարի մտածողները։ Այսպիսի մի օրինակ կարելի է գտնել մանկավարժ Իսահակ Հարությունյանի՝ Վերք Հայաստանիին նվիրված «Զգացմունքների աշխարհ» վերնագրով հոդվածաշարում, որտեղ Հարությունյանն շեշտում է Աբովյանի մոտ, Ռուսոյին վերագրվող, բնության ռոմանտիկ ընկալման կարևորությունը։ Ուշագրավ է, որ ինքը` Իսահակ Հարությունյանն այս առումով պատահական մարդ չէ, այլ Ռուսոյի գլխավոր մանկավարժական երկի՝ էմիլի առաջին հայերեն թարգմանիչը։

Վավերագիրն ըստ՝ Իսահակ Յարութիւնեան, «Զգացմունքների Աշխարհ», Լումայ, 1898, թիվ Ա, էջ 296-299։

 

Սէր դէպի բնութիւնը 

Ինչպէս մի փոքր առաջ նկատեցինք, Աբովեանը Ռուսոյի սկզբունքներին ենթարկուելով՝ չափազանցութեան է հասցնում բնութեան դաստիարակութեան և զօրութեան ազդեցութիւնը. հեղինակն ինքը բնութեամբ հրճուելով՝ իր հերոսին էլ այդպիսի զգացմունքներ է ներշնչում. «…Հանդն էր դուս գալիս իր մասիլն ու պտուղը, դաշտերի ծառն ու ծաղիկը, երկնքի պայծառ արեգակի, լուսնի, աստղերի լիսը տեսնելիս, նրա հոգին վերանում էր, խելքը թռչում, շատ անգամ աչքերը ծով դառած՝ տեղն ու տեղը մնում կանգնած. հէնց իմանում էր՝ թէ իրան դրախտը տարան… թէ ասեմ երկիրն ա մէնակ գեղեցիկ, հազար ծաղիկներով, բուսով զարդարած, բաս երկինքը ո՞ւր թողամ, որ ցերեկը ինձ լիս ա տալիս, հանդիս պտուղը հասցնում. գիշերը մութն իմ աչքիցս հեռացնում ու էնպես չադրի պէս գլխիս վրայ կանգնած անձրև, արև տալիս, որ ես ապրեմ, որդիքս պահպանեմ, աշխարքի պէտքը գամ՝ որ մեռնէլիս էլ գան հողիս վրայ, ինձ մէկ դարդակ ողորմի ասեն… Աչքս մոլորուած էս թփից էն թուփ, էս սարից էն սարն ա ընկնում՝ ծառի տակին ասես, սարի գլխին ասես՝ մտիկ անելով աչքս շաղւում, ջուր ա կտրում: Հէնց գիտես մէկ ձէն, մէկ թև, մէկ աներևոյթ հոգի, տերևները խշշալիս, ղուշը թռչելիս, աղբիւրը քչքչալիս, բլբիւլը երգելիս, հովը փչելիս, շաղը երեսիս թափելիս, ամպը գոռալիս, անձրևը գալիս, ինձ ձէն ըլի տալիս, ինձ ձեռով ըլի անում, ինձ վրայ խնդում, թէ վայելիր էստոնք՝ հողածին մարդ, բարի կա՛ց, բարութիւն արա՛, Արարչիդ մեծութիւնն ու խնամքը ճանաչիր, ծառի պէս պտուղ տուր, ծաղկի պէս հոտ, սարի պէս աղբիւր, դաշտի պէս մասիլ, երկրի պէս հաց, երկնքի պէս լիս…»:

Նոյն իսկ դերի տարուած հայ աղջիկներն ու պատանիները չեն մոռանում իրենց սիրելի հայրենիքի բնութիւնը և իրենց աղէկտուր ողբին կցում են նաև հետևեալ խոսքերը. «Բարո՛վ մնաք դուք լերինք, հող, աշխարհ, բարով կացէք դուք՝ ծառք, ու ձորը, անտառ: Մենք չէինք արժան ձեր սուրբ երեսին, մեր սան անիրաւ դիպաւ ձեր դօշին: Քանի՞ցս ձեր պտուղն, ձեր համն ու հոտը, ձեր շվաքի տակին՝ ձեր ծաղիկն, խոտը մենք հարամ ձեռով քաղեցինք, առանք: Կոխեցինք ձեր սուրբ երեսն ու դօշը. ձեր ղադրն ու խաթրը մենք բնաւ չիմացանք: Աղբրի գլխին, առվի ղրաղին, սիրելեաց միջին, ծնողաց գոգին՝ սէր վայելեցինք, մեր օրն անց կացրինք: Աստղերն մեր գլխին քաղցր ծիծաղեցին, լուսին, արեգակ իրանց լիսը տվին, թռչունք երգելով, ծաղիկք հոտ տալով՝ մեզ քնացրին, զարթեցրին. բայց ա՜խ՝ անիրաւ մեր ձեռն, երեսը քնով ծածկեցինք, ձեզ մտիկ չարինք: Քո սուրբ հողին՝ մեր քա՛ղցր հայրենիք՝ ծունր չդրինք մենք. չպաշտեցինք, սիրուն վաթանին մենք կեանք չտվինք, մեզ մատաղ չարինք, մենք չսիրեցինք… Մնացէք բարով՝ հողեր ու դաշտեր. ա՜խ, թող վայելեն ձեր սէրն ուրիշներ. Վարդանի աչքը, էս մանկանց ոտքը էլ ձեզ չեն տեսնիլ, ձեր վրէն շրջիլ, ձեր հոտովն զմայլիլ, ձեր գրկովն փարվիլ… կըլի՝ որ դուք մէկ էլ եդ հոտ տալիս, գարունքը գալիս, դաշտերն ծաղկելիս՝ մեր երեսին էլ ծաղկիք, կանաչիք, մեր հողիցն էլ դուք դուրս գաք, զարդարվիք, ձեր ցօղն մեզ վրայ թափէք, հովացնէք, ձեր հովն մեր դօշին փչէք, զօվացնէք, ձեր պարզ ջրի հետ մեր արինը խառնէք. մեր տված շունչը առնիք ու պահէք, ձեր քաղցր հոտի հետ երկինքն ուղարկէք: Ա՜խ՝ թէ մէկ ճամփորթ էս կողմովն անցնի, ձեր միջին վեր գայ ու էս տեղ քնի, ձեր հոտն առնելիս, ձեր ջուրը խմելիս՝ բալքի թէ հոգին իմանայ, ասի, միտքը բերի, թէ էս էն դաշտերն են, որ էս օր մեր չար թշնամու ծառէն ուզում ա, որ մեզ խաչին մատաղ տայ, մեր ջանը խլի, մեզ անի ղիմայ: Ի՞նչ կըլէր, ա՜խ, որ մէկ օրհնած հողում, մեր ազգ ու տակի, սիրելեաց միջումն մեր հոգին տայինք, նրանց խառնվէինք»:

Հայ գիւղացոց «օբէքը» կամ եայլաները նկարագրելով հեղինակը դարձեալ հիանում է սքանչելի բնութեամբ. «Աղբիւրների գլխին, ծաղիկների վրայ օբէքը իրանց չադրները տվին ու մալն արին էն անմահական դրախտը: Առաւօտը որ տեղիցդ վեր էիր կէնում, հազար սարի ծէրից ամպն ու ծուխը իրար հետ խառը երկինքն էին վերանում և շաղն ու ցողը անձրևի հետ նրանց շորերի, երեսների վրայ գնում… Մէկ տան պէս, ում օբէն մտնէիր, թուշ էր որ վարդի պէս փայլում էր, աչք էր որ մարդի խելք տանում էր: Էն օդի ու ջրի, էն ծաղկի ու կանաչի հոտն ու համն առնողի հոգին ու ռանգն ի՞նչ կըլէր բաս… աղբրների քչքչոցը, ջրերի խշշոցը, ծառերի սլսլոցը, ղշերի ծլվլոցը, չօբանի թութակը, գառան, ոչխարի ու տաւարի ձէնն ու բառանչը, ամէն մարդի ուզում էին ասեն. թէ դրախտ ես կամենում, էս տեղ կաց, է՛սպէս կաց, սիրտդ անմեղ, միտքդ յիստակ…»:

Աբովեանն ինքը բնութեան ազատ ծոցում ծնուելով և ապա երկար ժամանակ հեռանալով իր ծննդավայրից, բնական է, որ վառ պահէր իր սրտում գեղատեսիլ բնութեան յիշատակները և այն, ինչ որ սկզբում վայելել էր անգիտակցաբար, յետոյ գիտութեանց և գեղարուեստի ճաշակն առնելով աւելի ևս պիտի հրճուէր և բանաստեղծօրէն արտայայտէր.

«Բարով մնաք, բարո՛վ, սա՛րեր ու ձորեր,
«Ալվան ծաղկներ, սիրուն աղբրներ,
«Որ ինձ պահեցիք դուք էսքան օրեր,
«Ա՜յ անմեղ Հայեր՝ սիրուն աղջկներ:

«Աղասին բալքի ձեզ էլ չի՛ տեսնի,
«Աղասին ձեր վրայ կըլի էլ չքնի,
«Ձեր հոտը չառնի, ձեր կշտովն չանցնի,
«Ձեր ձէնը չլսի, ձեզ կարօտ մեռնի:

«… Սիրո՛ւն աղբրներ, լաջվարդ ծաղկըներ…
«… Մնաք բարո՛վ սարեր, էլ ձեզ տեսնիլ չե՛մ:»: