20-րդ դարասկզբին արևմտահայության ազատագրության հարցը գործնական հողի վրա դնելու նպատակով դաշնակցական գործիչները մեկնում էին Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներ` ժողովրդական լայն խավերին տեղում նախապատրաստելու ապագա քաղաքական ազատագրությանը: Նրանցից շատերն իրենց այս շրջանի գործունեությանն անդրադարձել են հետագայում գրված հուշերում: Վերջիններս, պատմական ու վկայագրական հարուստ նյութ տրամադրելով դարասկզբի ազատագրական շարժումների վերաբերյալ, միևնույն ժամանակ անգնահատելի աղբյուր են հասկանալու, թե ազատագրական ինչ իդեալներ են փայփայել այս գործիչները և թե ինչպես էին դրանք տեղ գտնում ազատագրվողների իսկ կյանքում:
Ներկայացվող նյութը մի հատված է դաշնակցական անվանի գործիչ Վահան Փափազյանի Անցած օրերից հուշագրությունից, որտեղ նա անդրադառնում է 1903 թ. Վանում իր ծավալած գործունեությանը: Ըստ նրա, Վանում ազատագրության գաղափարները փայփայող երկու թև կար` եվրոպական ազատագրության, մասնավորապես ֆրանսիական հեղափոխության գաղափարների ջատագով Մկրտիչ Փորթուգալյանի և այս գաղափարներից սերող նրա համակիրների շրջանակը, որը Վան քաղաքից դուրս մեծ տարածում չուներ գավառներում, և ժողովրդական կյանքի խորագիտությամբ տոգորվելու Մկրտիչ Խրիմյանի, որի համարումը մեծ էր հատկապես գավառներում: Այս երկու թևերի գաղափարները սերմանվում էին նրանց հիմնած դպրոցներում և խուլ հակամարտության մեջ էին միմյանց հետ: Փորթուգալյանական թևը համարելով բուրժուա-մտավորական գաղափարներ սնող և ըստ այդմ` քննադատելով նրանց ժողովրդական կյանքից կտրվածության համար, Փափազյանը միևնույն ժամանակ քննադատում է խրիմյանական թևին` կոչելով նրանց չեզոք մտավորականներ, որոնք իրենց այդպիսին լինելով չէին ներկայացնում Վանի «կուսակցական հանրային կարծիքը»: (Խրիմյանական թևին ուղղված քննադատության իր հակակշիռն ունի Երամեան Որբանոցի տնօրեն Համբարձում Երամեանը, որին կարելի է ծանոթանալ այստեղ)
Փափազյանը Դաշնակցական կուսակցությունը տեղակայում է ժողովրդական լուսավորության իդեալները փայփայող և դրանով ազատագրության հասնելու բաղձանքները սնող Վանի մտավորական այս երկու հոսանքների միջակայքում: Ըստ այդմ` եթե Դաշնակցական կուսակցությունը հակվում է դեպի խրիմյանական թևը, որովհետև Դաշնակցության «պատմա-փիլիսոփայական դաւանանքը եւ ձգտումները շատ մօտ պիտի լինէին հողի հետ կապուած այս զանգուածին», ապա իբրև քաղաքական կուսակցություն նա ողջունում էր «դեմոկրատիկ» գաղափարների հենքի վրա ձևավորված և «հասարակական-կրթական բոլոր ասպարեզները» գրաված փորթուգալյանական թևին: Մի կողմից` ժողովրդական ձգտումների, մյուս կողմից` դրանց քաղաքական նպատակադիր գործադրման միջև ձևավորված այս յուրօրինակ կապն է, որ Փափազյանին հիմք է տալիս այս երկու թևերի միջև ձևավորված արմատական և անլուծելի հակասությունները լուծել` երկու թևերին հարող կրթօջախների սաների հայացքը դարձնելով դեպի օսմանյան լծի տակ հածող ժողովրդի անմխիթար սոցիալական կացությունը:
Վահան Փափազյանի Անցած օրերից հուշագրությունը հրատարակվել է Հայրենիք ամսագրի 1924 թ. ապրիլ-սեպտեմբեր համարներում, ներկայացվող հատվածը` օգոստոսի համարում, էջ 103-105: Վանի գործունեության շրջանի մասին այս հատվածը որոշ փոփոխություններով տեղ է գտել նաև նրա Իմ յուշերրը գրքի առաջին հատորում (Բոստոն: Հայրենիք տպ., 1950):
Կոմս, Անցած օրերից
XII
Յեղափոխական գաղափարները եւ գործունէութիւնը նոր չէին Վասպուրականի համար։ Հնուց ի վեր, մի շարք կուլտուրական հիմնարկութիւններ եւ «աշխարհ տեսած» գործիչներ թափանցել էին երկրի անկիւններ եւ հող պատրաստել։ Դեռ 70-ական թուականներից Միացեալ Ընկերութիւնը, Խրիմեանը, ապա Փորթուգալեանը եւ նմանները տարիների աշխատանքով սերունդներ էին կրթել, հրաւիրելով ազատական գաղափարների ամենընտիր ներկայացուցիչներին. նոյնիսկ Կովկասի մտաւորականներից պաշտօնավարել են այդ դպրոցներում (Գօլոշեան, Փիրումեան)։
Վասպուրականի հասարակական կեանքում շատ խոշոր դեր են խաղացել Փորթուգալեանի միջնակարգ դպրոցը քաղաքում եւ Խրիմեանի «Ժառանգաւորաց» դպրոցը՝ Վարագայ Վանքում։ Այս երկու դպրոցները ապագայում ծնունդ տուին ազատական-յեղափոխական երկու տարբեր հոսանքների։
Փորթուգալեանի դպրոցը, մեր ժամանակի լեզուով ասած, բուրժուական դպրոց էր՝ կրթական տեսակէտից նորագոյն շատ բաւարար հիմերի վրայ դրուած. նա գլխաւորապէս, եթէ չասեմ բացառապէս, իր մէջն էր գրաւել քաղաքի ունեւոր դասի զաւակներին, որովհետեւ գիտելիքները, որ աւանդւում էին այնտեղ, նորոյթ էին եւ գործնական շատ տեղ էր տրուած ֆրանսերէն լեզուին, պատմութեան, գրականութեան, թուաբանական առարկաներին եւայլն։ Ֆրանսական մշակույթը այդ թուականներին յափշտակել էր նախ Պօլսահայ մտաւորականութիւնը, ապա՝ նրա միջոցով ե՛ւ գաւառի հայութիւնը. Փորթուգալեանը մէկն էր այդ առաքեալներից։
Խրիմեանի «Ժառանգաւորացը» շինական դպրոց էր իր բաղկացուցիչ տարրերով։ Աշակերտութիւնը վերցուած էր Վանքի թեմ կազմող գիւղերից. ուսուցիչներից շատերը «Միացեալ Ընկերութեան» սաներից էին եւ միայն համալսարանական (գերմանական) մէկ ուսուցիչ կար, որ տնօրէնն էր, դա Խորէն Խրիմեանն էր։ Դպրոցում լայն տեղ էր տրուած հայերենագիտութեան, բնագիտական առարկաների, հայ մատենագրութեան եւ հայ հնագիտութեան ուսումնասիրութեան։
Խրիմեանի շունչն էր տարածուած դպրոցական մթնոլորտում. հայրենիքի եւ հողի պաշտամունքն էր ուսուցւում։ Դպրոցն ունէր նաեւ գիւղատնտեսական գործնական պարապմունքների ժամեր եւ դեռ այդ թուականներին փորձնական դասեր էին տրւում եւրոպական հնձող, կալսող եւ այլ մեքենաների վրայ… Խորէն Խրիմեանի ղեկավարութեամբ ամառնային ճամբորդութիւններ էին կազմակերպւում Վասպուրականի աշխարհագրութիւնը, ազգագրութիւնը, հնագիտութիւնը, հանքերը, բոյսերը ուսումնասիրելու նպատակով։ Աշակերտների ձեռքով հաւաքուած այդ նիւթերը յետագային ամփոփուեցին երեք փոքրիկ հատորիկների մէջ «Հայրենագիտութիւն» ընդհանուր անուան տակ, որ իբր դասագիրք գործածւում էր դպրոցներում։
Փորթուգալեանի պատրաստած սերունդը հասունացաւ ազատութեան տենչանքի եւ քաղաքական իմաստով, հայրենասիրական ոգով. ֆրանսական յեղափոխութեան թոռներն էին նրանք։ Ապագային, դպրոցի հիմնադրի ղեկավարութեամբ, հիմք դրուեց «Հայրենասիրաց Ընկերութեան» որը, հետզհետէ ուռճանալով եւ ձեւափոխուելով դարձաւ Արմենական Կուսակցութիւն։ Արմենական կուսակցութիւնը Վան քաղաքի ծնունդն էր եւ գրեթէ մինչեւ վերջն ալ այդպէս մնաց, շատ քիչ հող գտնելով Վանի շրջակայքում, իսկ Վասպուրականից դուրս բոլորովին հող չը գտաւ:
Խրիմեանի «Ժառանգաւորացի» շուրջը խմբուած սաները թէեւ չփորձեցին կուսակցութիւն կազմել, բայց երկրի խոր ծանօթութիւնը եւ օրգանական կապը շինական ժողովրդի հետ, գիտակցական այնպիսի զորեղ սաղմեր էին ձգել նրանց հոգում, որ տարիների ըմթացքում աճեցին, խորացան եւ վստահելի հենարան դարձան իրական յեղափոխական կուսակցութիւններին: Այդ սերունդը կամ նրանցից կրթուած նորագոյն սերունդներն էին , որ մեր կուսակցութեան կռուանը դարձան: Բնականաբար Հ.Յ. Դաշնակցութեան պատմա-փիլիսոփայական դաւանանքը եւ ձգտումները շատ մօտ պիտի լինէին հողի հետ կապուած այս զանգուածին:
Մինչեւ 1906-907-ը, երբ մենք դեռ մեր դռները այնքան լայն չէինք բացել անհարազատ տարրերի առաջ, գոնէ երկրի կազմակերպութիւնը հիմնուած էր բացառապէս գիւղացիութեան եւ արհեստաւորութեան վրայ։ Քաղաքում ամփոփուած մտաւորականութիւնը դեռ ապրում էր Արմենականութեան հովերի եւ հոգեբանութեան մէջ լէգալ, խաղաղ եւ աստիճանական գործունէութեան նշանաբանով. նա խրտչում էր մեր, ըստ երեւոյթին, «յախուռն եւ ցուցական» աշխատանքներից։ Սա անշուշտ մեր թոյլ կողմն էր։ Մեր կազմակերպութիւնը չունէր իր մէջ ինտիլիգենտ, ղեկավար ուժեր եւ այդ պատճառով մեր մասսան փարած էր դրսից եկած անհատներին. մեր որակը խիստ թոյլ էր այս տեսակէտից։
Խրիմեանի եւ Փորթուգալեանի դպրոցական սերունդները, իմ ժամանակս յարութիւն էին առել յանձին երկու նոր դպրոցների – Երամեան «Որբանոցը» եւ Կեդրոնական Դպրոցը։ Երկուքումն էլ, խառն, սովորում էին քաղաքացիներ թէ գիւղացիներ, խոնարհ թէ ունեւոր խաւերի զաւակներ. բայց խոր տարբերութիւն կար նրանց կրթական եւ մանաւանդ դաստիարակչական մեթոտների միջեւ։
Երամեանը իր զօրեղ անհատականութեան էր ենթարկել դպրոցը. սկզբից մինչեւ վերջ, քիչ բացառութեամբ, ուսուցչական կազմը իր նախկին աշակերտներից էր բաղկացած, բնականաբար ընտրուած այն աշակերտներից, որոնք ամբողջովին կը լրացնէին Երամեանի պահանջները եւ որոնք բարձր կը գնահատէին հիմնադիր-տեսչի հեղինակութիւնը։ Դպրոցը, կրթական տեսակէտից, դրուած էր լուրջ հիմերի վրայ։ Եւ պէտք է ասել, որ ամէն ջանք գործ էր դրւում յետ չմնալու կրթութեան նորոյթներից. բայց գլխաւոր թերին «որբանոցի» դաստիարակութեան մէջ էր։
Աշակերտութիւնը հեռու էր պահւում հասարակական շարժումներից եւ «վտանգաւոր» հոսանքներից։ Լաւ վաճառականներ, նեղ մտքով պատրաստուած ուսուցիչներ և գործնական մարդիկ է տուել նա, բայց չի տուել հասարակական ոգի ու ջիղ ունեցող կենսունակ երիտասարդութիւն, որին յատուկ է թռիչքը, գեղեցիկ յափշտակութիւնը մանաւանդ ժողովրդի հետ մօտ շփում ունենալու բաղձանքը եւ նրա վիշտն ու ուրախութիւնը բաժանելու հոգի. մի խօսքով, այդ դպրոցը պատնէշել էր նրանց ուղեղները։ Դաստիարակչական այդ բացասական սիսդէմը ի հարկէ գլխաւորապէս արդիւնք էր Երամեանի մէկ ծանր մտահոգութեան – կառավարութեան կասկածներից ու հալածանքից զերծ պահել դպրոցը։ Նոյնը չէ՞ր Սանասարեանը։
Այս երկու մասնաւոր դպրոցներն ալ թէեւ տուել են հասարակական գործիչներ, բայց դժբախտաբար նրանք եղել են անարիւն, անգոյն եւ անոգի գործիչներ։
«Կեդրոնականը» հանրութեան դպրոց էր, աւելի դեմոկրատիկ եւ անկաշկանդ հիմերի վրայ դրուած։ Իր կրթական որակով (սկզբի շրջանում) թէեւ աւելի թոյլ, բայց աւելի կենդանի էր եւ անկաշկանդ, աւելի հաղորդակից դրսի աշխարհին, ժողովուրդին ու նրա շարժումներին։ Նրա կրթականը եւ մանաւանդ դեմոկրատիկ դաստիարակութիւնը շատ լաւ հիմերի վրայ դրուեց մանաւանդ 1907-908 թւերին։
Ահա, այս երկու դպրոցների շուրջ համախմբուած նորահաս սերունդի եւ մտաւորական տարրերի մէջ եղել է շարունակ խուլ պայքար. դա, եթե կուզէք, պայքարն էր Խրիմեանական դեմոկրատիզմի եւ Փորթուգալեանական բուրժուական մտաւորականութեան, որ արտայայտւում էր Վասպուրականի հասարակական-մշակոյթային եւ նոյնիսկ յեղափոխական գործունէութեան ընթացքում։ Այս պայքարի մէջ – որ յաճախ Վանեցիին յատուկ զօրեղ կրքով լեցուն էր – վերջ ի վերջոյ յաղթեց ի հարկէ դեմոկրատական սերունդը եւ գրաւեց հասարակա-կրթական բոլոր ասպարէզները։ Հ. Յ. Դաշնակցութիւնը վերջինիս հետ էր անշուշտ։
Սկիզբէն իսկ ինձ հանգիստ չէր տալիս որբանոցի շուրջ խմբուած համեմատաբար լաւ պատրաստուած մտաւորականութեան անտարբերութիւնը եւ նոյն իսկ ոչ բարեկամական վերաբերմունքը դէպի յեղափոխական աշխատանքները։ Յամառ ցանկութիւն ունէի քանդել նրանց կաշկանդող պատնէշը, ցրել հեռուից-հեռու մեր մասին նրանց սնուցած թիւր կարծիքները եւ լծել աշխատանքի։ Պէտք էր մօտենալ Երամեանին. եթէ գոնէ անձնապէս լաւ տպաւորութիւն թողնէի, գուցէ հնարաւորութիւն ստեղծուէր այնուհետեւ շփում ունենալ նրա շրջապատողների հետ։ Ինձ յաջողուեց գայթակղեցնել պ. Երամեանին, որ յանդգնութիւնը ունեցաւ ընդունել ինձ իր տանը մէջ… Աղաւաղուած հասկացողութիւններ ունէր Դաշնակցութեան մասին ընդհանրապէս եւ երկրում նրա նահատակների մասին մասնաւորապէս։
Նրա կարծիքով Դաշնակցութիւնը միայն ռումբի եւ տերրօրների կուսակցութիւն է, որ վարում են հայդուկ-ֆէտայիները. նա միայն քանդելու պաշտօն ունի. ի նկատի չի առնում ժողովուրդի գոյութեան սպառնացող վտանգները. երկրի գործիչները հլու կամակատարներ են արտասահմանի կեդրոնի. նա հալածում է ունեւոր դասակարգին եւ խլում նրանց ինչքը։
Յանձին պ. Երամեանի խօսում էր Վանի չէզոք մտաւորականութիւնը եւ ոչ կուսակցական հանրային կարծիքը։ Այդ պատճառով յարմար առիթ էր հանգամանօրէն պարզելու մեր սկզբունքները եւ տեսակէտները։ Խիստ ուշադիր լսում էր ինձ՝ իր լուսազուրկ հայացքը դէմքիս բեւեռած։ Իր ակնարկներից նկատեցի, որ իմ ինքնութիւնս անծանօթ չէ իրեն. դա մի կողմից անշուշտ նպաստաւոր հանգամանք էր գործի յաջողութեան համար. նա աւելի վստահութեամբ էր վերաբերւում եւ հաւատում ինձ։
Այդ տեսակցութիւնից յետոյ, փոքր առ փոքր մօտենում էին մեզ նրա նախկին աշակերտները եւ ուսուցչութիւնը, որոնցից մի քանիսը մեր օգտակար ընկերներից դարձան։
Աւելի դիւրին, գրեթէ ինքնաբերաբար մեզ շրջապատեցին Կեդրոնականի շուրջ համախմբուած երիտասարդները։ Մենք օտար չէինք միմեանց։ Շուտով փոխադարձ վստահութիւն ստեղծուեց մեր եւ նրանց միջեւ եւ սերտ ընկերական կապ։ Այս կապը աւելի ամրացաւ եւ տարածուեց մանաւանդ այն ժամանակ, երբ Ճեմարանը աւարտելով Կեդրոնականի ուսուցիչ հրաւիրուեցին Համբարձում Հացագործեանը (դժբախտ երիտասարդը, որ շատ քիչ ապրեց, թոքախտից մեռաւ), Համազասպ Բաղէշցեանը, Ղեւոնդ Մելօյեանը եւ յետագայում Միհրան Թէրլէմէզեանը, որ աւարտել էր նաեւ գերմանական համալսարանը։