Երկրորդ համաշխարհային պատերազմը հաղթելուց հետո ստալինյան համակարգը նոր «պայքարի և հաղթանակի» ծրագիր էր առաջարկում՝ առաջ քաշելով չորրորդ հնգամյա պլանը։ Մշակույթի և արվեստի ոլորտում նոր հնգամյակի անելիքները 1946 թվականին ուղենշեց Անդրեյ Ժդանովը Լենինգրադի Զվեզդա և Լենինգրադ ամսագրերի մասին իր «պատմական» հռչակված ճառում, որը փաստում էր. պատերազմի տարիներին գաղափարական ճակատում երևան էին եկել «մեծ ճեղքվածքներ ու թերություններ»։ Ժդանովյան ճառը միտված էր խորհրդային արվեստի և գրականության ոլորտում նոր՝ թերություններն ինքնակեղեքող ջատագովությամբ շտկելու փուլի մեկնարկը տալ։ Պատմական ճառին հաջորդեց ՀամԿ(բ)Պ Կենտկոմի համապատասխան որոշումը, ըստ որի պետք է առաջնորդվեին Միության հանրապետությունների բոլոր ստեղծագործական միությունները։
Ներկա վավերագիրը հրապարակվել է Գրական թերթի 1947 թվականի օգոստոսի՝ այս որոշման տարելիցին նվիրված համարում։ Գրող Դերենիկ Դեմիրճյանը, ում Վարդանանք պատմավեպի երկրորդ հատորը 1946-ին նոր էր լույս տեսել, սուր ինքնաքննադատության հրամայականների ետնախորքին կանգնած էր ամբողջ պատմավեպը վերախմբագրելու խնդրի առաջ։ Ծավալուն աշխատանքը քննադատվել էր «եկեղեցին գովերգելու», դարաշրջանի պատկերն առավելապես ազգային և ոչ դասակարգային պայքարի անկյան տակ ներկայացնելու համար։ Տարեդարձի շուրջ իր մտորումներում գրողը կարծես անդրադառնում է վերախմբագրման այս գործում իրեն մտահոգող հիմնական հարցին։ Ըստ նրա՝ «ազգային սահմանափակությունը» միանշանակորեն դատապարտելի է, սակայն այս հարցի հետևից գնալիս կբախվենք «ազգային ձևի» խնդրին։ Գրողի դեղատոմսն այս հարցում «իդեոլոգիական բյուրեղային պարզությունն» է. պատասխան, որը ոգեշնչված է «համաշխարհային մեծ գոտեմարտի» մեջ լինելու, գրական զենքերը սրելու սառըպատերազմյան հռետորությամբ։
Հրապարակվում է կրճատումներով, ըստ՝ Դերենիկ Դեմիրճյան, «Դեպի մեծ գրական կուլտուրա», Գրական թերթ, 30 օգոստոսի 1947 թ.։
Դեպի մեծ գրական կուլտուրա
Դերենիկ Դեմիրճյան
Լրացավ մի տարին ՀամԿ(բ)Պ Կենտկոմի պատմական որոշումից և ընկ. Ժդանովի «Զվեզդա» և «Լենինգրադ» ամսագրերի մասին զեկուցումից հետո։
Ողջ սովետական գրականությունը միահամուռ, կենդանի արձագանք տվեց այս որոշումին։ Դա միանգամայն բնական էր և սովետական գրողների կոչման վայել։ Որոշումը հիշեցնում է գրողի պարտականությունը հանդեպ ժողովրդի, նշում էր մի շարք գրողների սխալներն ու շեղումները և առաջադրում էր հիմնովին վերակառուցվել ու ստեղծել նոր, դարաշրջանային, սովետական կուլտուրայի բարձրության արժանի գրականություն։
Այս րոպեիս տեղը չի կրկնելու այն բոլորը, ինչ որ մենք ասացինք մի տարի առաջ գրողների համագումարում։ Այժմ ժամանակ է միայն հաշիվ տալու, թե ինչ ենք արել մենք ի պատասխան պարտիայի առաջադրանքին, ինչո՛վ ենք զբաղված ներկայումս և որ գլխավորն է, ի՛նչ պետք է անենք հետագայում։
….
Սակայն կարո՞ղ ենք ասել, որ այս մի տարվա գրականությունը իր ընդհանուր արժանիքով նույնն է, ինչ որ տարիներ առաջ։ Որքան էլ փոքր լինեն, այնուամենայնիվ ընդնշմարելի են նոր հատկանիշներ այս մի տարվա գրականության մեջ, որով սա տարբերվում է մինչայժմյան գրականությունից։ …. Միայն պետք է նշել նաև այն, որ չնայած այս առաջին նշաններին, արդիական թեմատիկային նվիրված մեր մի տարվա գրականությունը դեռ վճռական նվաճումներ չունի։ Ճիշտ է, այս պահանջները ժամանակի և ջանքի հետ են կապված։ Բայց ո՛չ ժամանակը, և ո՛չ ջանքը գործ չեն տեսնի, մինչև որ չլուծվեն մի շարք խնդիրներ, որոնք արգելակում են մեր գրականության առաջընթացը։ Օրինակ՝ ազգային սահմանափակությունը, որի մասին նշվում է հաճախ՝ լուրջ արգելակ է գրականության ոչ միայն իդեական-քաղաքական զարգացման, որ իհարկե ամենագլխավոր խնդիրն է։ Ազգային սահմանափակությունը միաժամանակ և կուլտուրական հետամնացություն է, պրովինցիալիսմ և խեղճություն։ Երբեք և ոչ մի երկրում ազգային սահմանափակությունը չի ստեղծել մեծ գրականություն։ Նա չի տվել ոչ մի քիչ թե շատ նշանակալի գործ և բացի ազգային շատ նեղ շրջանակից՝ երբեք դուրս չի եկել լայն համամարդկային սահմանները։ Եվ միշտ ազգային սահմանափակության գրականությունը կապված է եղել հայտնի կամ թաքուն շովինիզմի հետ։ Սա լուրջ հարց է, որով մենք դեռ պիտի զբաղվենք։ Սակայն եթե մենք կամենանք կոնկրետացնել ազգային սահմանափակության հատկանիշները՝ կհանդիպենք շատ բարդ երևույթների, որ կապված են մի կողմից ազգային սահմանափակության և մյուս կողմից ազգային ձևի պրոբլեմի հետ։ Իդեոլոգիական բյուրեղային պարզությունը ամենից լավ կարող է ազատել այն թյուրըմբռնումներից, որ կարող է առաջանալ այս երկու տրամագծորեն հակառակ երևույթները իրար հետ շփոթելուց։ Սովետական հայրենասիրությունը, որ մեզ կապում է սովետական հայրենիքի հետ՝ ամենալուսավոր ջահն է մեր ճանապարհին։ Սովետական հայրենասիրությունը նույնպես շատ ազդու կոլեկտիվ է, որ ստուգում և վերջնականապես հաստատում է ճշմարիտ ուղին, ամեն մի սովետական գրողի առաջ։ Այս բոլորի հիմքում ճշմարիտ, առաջատար և բյուրեղի պես հստակ իդեոլոգիական հասկացությունները մեզ ամենից էֆեկտիվ կերպով կհանեն այն լաբյուրինթոսից, որ կարող են գցել մեզ մի կողմից պարզունակ, վուլգար և մյուս կողմից բարդ ու մանվածապատ վիճաբանական էքսկուրսիաները։ Մեր սովետական մեծ հայրենիքը մեկ է, մեկ է և սովետական բազմազգ ժողովուրդը, մեկ է նրա սոցիալիստական-քաղաքական կյանքն իր պաշտպանության և խաղաղ սոցիալիստական շինարարության մեջ։ Մեզ մնում է համարձակ դուրս գալ մեծ կյանք և ստեղծել ամեն ինչ այդ մեծ կյանքի և նրանով ապրող ժողովրդի համար։
….
ճիշտ է, գրական կուլտուրան, գրականություն գործը ունի իր առաջխաղացման օրինաչափություններն ու տեմպերը։ Մենք ՀամԿ(բ)Պ ԿԿ-ի որոշումներից հետո չկարողացանք ոչ միայն լիովին, այլև ավելի համեստ չափերով արդարացնել մեզ վրա դրված պարտականությունները։ Բայց մենք պետք է շտապենք և մեր տեմպերը հարմարեցնենք այն մեծ, քաղաքական իրադրության, որով ապրուըմ է ոչ միայն մեր սովետական ժողովուրդը, այլև ամբողջ աշխարհը։ Արևմտյան կուլտուրայի և գրականության հանդեպ ստորաքարշության փաստերը կամ տգիտություն են, կամ հակասովետական փորձեր։ Չի կարելի այլևս ներել, որ մի սովետական գրող գլուխ խոնարհի այն կուլտուրայի և գրականության առջև, որ ծառայում է ռեակցիային։ Այդ ռեակցիան այլանդակել, վաճառքի, անբարոյականության միջոց է դարձրել գրականությունը և արվեստը։ Այդ ռեակցիան լուտանքներ է շպրտում մեր սոցիալիստական երկրի վրա, ջանում է վարկաբեկել մեր կուլտուրան։ Նա բամբասում, չարախոսում է մեր բոլոր բարձր և ազնիվ ձեռնարկումները։ Մենք դրան հակադրում ենք և պիտի ջանանք ավելի վճռական թափով հակադրել այն բոլոր առավելությունները, որ ունենք այդ ռեակցիոն գրականության հանդեպ։ Եվ մենք հանդես ենք գալիս միասնական ճակատով և լավագույն զենքերով։ Սրել այդ զենքերը, դարձնել ամենակտրուկը բոլոր զենքերի մեջ – դա մեր այսօրվա խնդիրն է։
Պատվո՛վ դուրս գանք այս համաշխարհային մեծ գոտեմարտից։