1920-ականների երկրորդ կեսը ողջ Խորհրդային Միության համար մեկնարկեց երկրի տնտեսական հետագա զարգացումը որոշարկելու շուրջ ընթացող ներկուսակցական պայքարով: Կենտրոնական՝ «լենինյան» գծի պաշտպանի դիրքում իրեն տեղակայելով՝ Ստալինը կարողացավ քաղաքականապես չեզոքացնել թե´ ՆԷՊ-ի (Նոր տնտեսական քաղաքականության) մեղմ քաղաքականությունները մերժողներին («ձախ» թեքում), թե´ հաջորդիվ արդեն հենց սոցիալիստական շինարարությունը զարգացնելու հարցում ՆԷՊ-ը շարունակելու գաղափարը պաշտպանողներին («աջ» թեքում): 1928-ին արդեն ստալինյան առաջին հնգամյա պլանի հաստատումը նշում էր երկրում Ստալինի միանձնյա ղեկավարության վերջնական հաստատումը: 1920-ականների երկրորդ կեսին Միության կենտրոնում կատարվող քաղաքական այս վերադիրքավորումներն իրենց անմիջական արձագանքն էին գտնում նաև երկրի մյուս հանրապետություններում: Հայաստանում մասնավորապես «աջ» թեքման մեջ մեղադրվեցին 1920-ականների սկզբին Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը ստանձնած կոմունիստ գործիչները (Սարգիս Լուկաշինը, Սահակ Տեր-Գաբրիելյանը, Աշոտ Հովհաննիսյանը և այլք): ՆԷՊ-ի պայմաններում վերջիններիս որդեգրած մեղմ ու տեղական կարիքները հաշվի առնող մոտեցումները 1920-ականների երկրորդ կեսին որակվեցին իբրև «ազգայնական թեքումի տենդենցներ»:
Ստորև ներկայացվող բնագիրը 1928-ին Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի չորրորդ պլենումի արդյունքներն ամփոփող մի հոդված է: Իր բովանդակությամբ և հռետորաբանությամբ այն պարզորոշ ցույց է տալիս ստալինյան «ամենաանողոք ինքնաքննադատության» նշանաբանի տակ 1920-ականների երկրորդ կեսին գործարկված քաղաքական հաշվեհարդարների տրամաբանությունը: Միաժամանակ ուշագրավ կերպով հոդվածը երևան է բերում 1920-ականների սկզբին ներդրված կենցաղի վերափոխման ծրագրի ուղղակի շաղկապվածությունը նախընթաց քաղաքական կուրսի քննադատության հետ: Պատահական չէ, որ «ազգայնական թեքման» մեջ մեղադրվող հին ղեկավարությունը միաժամանակ մեղադրվում է նաև նոր պրոլետարական կենցաղի պահանջների իրագործման խնդրում «ազգային ռոմանտիզմին» և «միջնադարյան կոնսերվատիզմին» տեղ տալու մեջ:
Հրապարակվում է ըստ՝ «ՀԿ(բ.)Կ Կենտկոմի չորրորդ պլենումի արդյունքները», Խորհրդային Հայաստան, 5 հուլիս 1928 թ.:
ՀԿ(բ.)Կ Կենտկոմի չորրորդ պլենումի արդյունքները
Կենտկոմի չորրորդ պլենումն սկզբից մինչև վերջն անցավ ամենաանողոք ինքնաքննադատության նշանաբանի տակ: Նախագահության զեկուցման շուրջն արտահայտվող բոլոր ընկերները, մանրամասն քննության առնելով ներկուսակցական անցյալ և ներկա վիճակը, իրենց վերջին ու վճռական գնահատականը տվին անցյալում բոլոր աշխատանքների բնագավառներում նկատվող թերություններին, իդեոլոգիական ֆրոնտում նկատվող ամեն տեսակի խեղաթյուրումներին ու սայթաքումներին:
Պլենումն, արձանագրելով արդյունաբերության և գյուղատնտեսության ասպարիզում կուսակցության ունեցած հաջողությունները, միաժամանակ ամենախիստ կերպով դատապարտեց տնտեսավարական հիմնարկների կողմից տարվող վոչ ծրագրային, պարտիզանական շինարարությունը: Յելնելով բանվոր դասակարգի և մեր Միության ընդհանուր սոցիալիստական շինարարության շահերից, պլենումն անհրաժեշտ համարեց պայքարել ունիվերսալ և փակ տնտեսություն ստեղծելու նկատելի կամ քողարկված բոլոր տեսակի տրամադրությունների դեմ:
Իդեոլոգիական աշխատանքներում նկատվող ազգայնական սայթաքումները չեյին կարող չանդրադառնալ մեր շինարարության վրա, այդ նկատելի յե նամանավանդ մեր բնակարանային շինարարության մեջ, վորտեղ նոր պրոլետարական կենցաղի ներկա պահանջները տեղի յեն տվել ազգային ռոմանտիզմին և միջնադարյան կոնսերվատիզմին:
Գյուղի կուլակների և քաղաքի նեպական բուրժուազիայի պայքարը սոցիալիզմի, սոցիալիստական շինարարության դեմ իր անմիջական արտահայտությունն ե գտնում նաև մեր իդեոլոգիական ֆրոնտում: Գյուղում և քաղաքում նկատվող դասակարգային կռիվն անխուսափելիորեն առաջ ե բերում նաև բուրժուական մարտնչող նացիոնալիզմի և լենինյան, բայլշևիկյան ինտերնացիոնալիզմի անհաշտ պայքարը:
Մեր կազմակերպության նախկին ղեկավարության ամենահիմնական սխալը յեղել ե այն, վոր նա թերագնահատել ե ազգայնական տրամադրությունների աճման վտանգը մեր յերկրում: Մի շարք քաղաքական և սկզբունքային հարցերի շուրջը յեղած մտքերի և կարծիքների կատարյալ խառնաշփոթությունը և ազգայնական տենդենցները, վոր տիրում եյին Կենտկոմի նախկին ղեկավարության մեջ, ամենալուրջ կերպով խանգարում եյին կուսկազմակերպությանը, Կոմյերիտմիությանը և աշխատավորական մասսաների ինտերնացիոնալ դաստիարակության կարևորագույն ու դժվարին խնդրին:
Կենտկոմի վերջին պլենումն արձանագրելով նախկին ղեկավարության մեջ նկատվող ազգայնական թեքումի տենդենցները, վորոնք հետագայում կարող եյին խորտակել Կենտկոմի բայլշևիկյան, լենինյան գիծը, մատնանշեց նացիոնալիստական տենդենցների և բուրժուական դաշնակցական ազգայնականության դեմ անխնա հետեվողական բայլշևիկյան պայքար մղելու անհրաժեշտությունը:
Ներկուսակցական և պրոֆմիութենական դեմոկրատիայի անշեղ կիրառումը, անդադրում ու հեղափոխական ինքնաքննադատությունը մեզ հնարավորություն կտան բանվոր դասակարգի և աշխատավորական մասսաների աչալուրջ հսկողությամբ ե՛լ ավելի արագությամբ և հաջողությամբ առաջ տանել մեր սոցիալիստական շինարարությունը:
Կենտկոմի նախագահության զեկուցման առթիվ միաձայն (մեկ ձեռնպ.) ընդունված բանաձևը Հայաստանի Կոմկուսակցության կուռ միասնականության այն յերաշխիքն ե, վոր հետագայում հաղթահարելու յե սոցիալիզմը կառուցելու բոլոր դժվարությունները: