«Ամենայն հայոց որբերի հայրիկ» Հովհաննես Թումանյանը. Ադոյանի «որբական» ամուսնությունը

 

Ադո Ադոյանի բանաստեղծության հերոսուհին` Ամալյան, եղել է  Հովհաննես Թումանյանի կրտսեր որդու՝ Արեգ Թումանյանի կինը: Երևանում գլխավորել է ՀԿԿ ագիտացիայի և պրոպագանդայի բաժինը: Մի բնագավառ, որը հետո կղեկավարի նաև Ադո Ադոյանը 1930-ականների սկզբին: Արեգն է գողանում հոր սիրտը Մոսկվայի բժշկական կլինիկայից, որտեղ  բուժվում էր բանաստեղծը: Արեգը նույնպես ենթարկվում է ստալինյան բռնաճնշումներին և 1938 թվականին նրան գնդակահարում են Մոսկվայում: Արեգին ձերբակալելուց 4 ամիս անց ձերբակալում են նաև կնոջը՝ Ամալյային, և աքսորում  ԱԼԺԻՐ՝ հայրենիքի դավաճանների կանանց Աքմոլայի ճամբար Ղազախստանում, որտեղ և նա հանդիպում է Ադոյին: 1946 թվականին նա, Ադոյի հետ միասին վերադառնում է Կիրովական և վերամիավորվում միակ աղջկա՝ Սուրմայի հետ, որին այդքան ժամանակ խնամում և դաստիարակում էր հոգատար Օլգա տատիկը՝ Արեգի մայրիկը:

Գուցե և մենք չանդրադառնայինք այս բանաստեղծությանը և հատկապես այս հերոսուհուն, եթե չիմանայինք, որ Ադոյանը փաստացի ամուսնացած էր Ռուզան Դիվանյանի հետ: Նրանց երկար ընկերության, փոխադարձ հարգանքի և սիրո մասին կարելի է իմանալ միմյանց ուղղված անձնական նամակներից, ինչպես նաև Ադոյի` կնոջը նվիրված ինտիմ բանաստեղծություններից` գրված անազատության տարիներին: Նրանց ամուսնությունից ծնվեց Ադոյանի միակ զավակը` Հենրիկը: Մյուս կարևոր հանգամանքը այս պատմության մեջ այն է, որ Ամալյան եղել է Թումանյանի հարսը:

Ադոյանի  քայլը հասկանալու համար բավական է  դիմել սույն բնագրի տողերին, որտեղ նա  դիմում է Ամալյային որպես քրոջ` նկատի ունենալով իրենց դժբախտ ճակատագրերի նմանությունը: Իսկ մեկ այլ տողում գրում է, թե Թումանյանի հարսն է նա, իսկ ինքն էլ` նրա ընթերցող: Թումանյանն է հենց պատճառը, որ Ադոյանը Ամալյային դիմում է որպես քույր: Իսկ ո՞վ էր նրանց «ընդհանուր» հայրիկը: Հենց Թումանյանը` «ամենայն հայոց որբերի հայրիկը», որովհետև բացի սեփական երեխաներից, Թումանյանին հայրիկ էին ասում նաև Էջմիածնի այն բոլոր որբերը, որոնց նա օրուգիշեր խնամում էր իր դստեր` Նվարդի հետ:

Թումանյանը որպես Ազգային բյուրոյի կենտկոմի անդամ 1914-1915 թվականներին երկու անգամ մեկնում է Վան: Իր աչքով տեսնում է գաղթը ու գրում մի քանի բանաստեղծություններ, որտեղ կարմիր թելով անցնում է որբության թեման: Մեծ էր Թումանյանի նվիրվածությունը գաղթական երեխաներին, ընդհուպ մինչև նրանց որդեգրելը: Նույնպիսի մի քայլ չկատարե՞ց արդյոք Ադոյանը Ամալյայի հանդեպ`վստահություն և ապահովություն հաղորդելով նրանց հարաբերություններին: Ամուսնությունը այստեղ վեր է ֆիզիկական ըմբռնումից, բայց այն նաև միակ ձևն էր վստահության և խորին շնորհակալության ու հարգանքի տուրք մատուցելու մի մարդու հարսին, որը կյանք չի խնայել որբերին ջերմությամբ շրջապատելու համար:

Որբության իրողությունը ջարդում է սահմանները ու նույնիսկ նահապետական բարքերը: Ամուսնացած տղամարդը կրկին ամուսնանում է, բայց հանուն թումանյանական սիրո, որն, ըստ Ադոյանի, նույնպես հալածական է, ավանդույթներ կոտրող ու, հետևաբար նաև, որբ:  

Բնագիրը հրատարակվում է առաջին անգամ ըստ՝ ՀԱԱ, ֆ. 1304, ց. 89, գ. 3, թ. 7-8:

 

Աքսորյալ հայուհուն

Ադո Ադոյան

 

Պատմության հորձանքում հույժ վարար,
Ստէպներում ձնապատ ու տխուր,
Պատահմամբ, ո՛հ, գտանք մենք իրար,
Ո՛վ դժբաղդ Ամալիա, ով իմ քույր:

Ներքնաշխարհն հասկացանք հայացքով,
Մեր վիշտը իրարու պատմեցինք,
Կտրում ենք միևնույն գնացքով,
Պատմության ուղիներն մութ ու ձիգ:

Հիշում ես հայացքն քո անհայտ
Երբ մեղմիվ խոսում ես դու ինձ հետ,
ՈՒ նրա աչքերը հրացայտ,
Խրված են քո սրտում ինչպէս նետ:

Մխում է քո հոգին կարոտից,
Այս մռայլ ստէպում ցրտաշունչ
Թոշնում է …վարդերտ՝ խորշակից,
Քո հոգին հոտավետ ծաղկեփունջ:

Յես ունեմ մի ազնիվ հաստատ հույս,
Որ ես դու և արևն միասին,
Կխմենք հին գինին մինչև լույս՝
Զարկելով Սուրմիկի շքեղ թասին:

Կհիշենք այն օրերն տրտմաշուք,
Ինչ անցած փոթորիկ ցանկալի,
Եվ ինչպէս այս մաքուր լյառն մաշուկ
Կողջունինք Արևը բերկրալի:

……………………………….|
…………………………………
…………………………………
…………………………………..

Մենք վաղուց ծանոթ ենք իրարու
Ո՛վ իմ քույր տարագիր, հարազատ:
Մենք անմեղ զոհերն ենք մեր դարու,
Կգա օր երբ կլինենք մենք ազատ:
Սպասինք համառ մինչև արշալույս