Ամերիկյան «Հյուսիսափայլը». Ադո Ադոյանի և Մուրադ Մուրադյանի համագործակցությունը

 

Ներկա վավերագիրը կարևոր է մեր ուսումնասիրության համար այն տեսանկյունից, որ ցույց է տալիս 1933-34 թվականներին Խորհրդային Հայաստանում Աղասի Խանջյանի կառավարության և ԱՄՆ-ի հայ համայնքների համագործակցության սերտ կապը երկրի  արդիականացման և ամերիկահայերի վերաբնակեցման համատեքստում: 1933 թվականին սկսվեց երկրորդ հնգամյա պլանը, որի գլխավոր նպատակն էր ավարտել երկրի արդյունաբերականացումը` նորագույն տեխնիկայի ներմուծմամբ: Մեծ նշանակություն էր տրվում աշխատանքի արտադրողականության բարձրացմանը: Նպատակ էր դրված հասնել առաջատար կապիտալիստական երկրներին բոլոր կարևոր տնտեսական ցուցիչներով,  անցնել Արևմուտքի տեխնիկական նվաճումների յուրացման և կիրառման փուլը:

Խորհրդային Հայաստան օրաթերթի 1934 թվականի ապրիլյան համարում տպագրվում է Մուրադ Մուրադյանի հոդվածը «Արագած» արտելի մասին: Մուրադ Մուրադյանը Մանուկ Ադոյանի, ավելի հայտնի` Արշիլ Գորկու քրոջ ամուսինն էր: Արտելի ստեղծման նպատակն էր Դետրոյթից  մի քանի հարյուր հայ վերաբնակեցնելը Խորհրդային Հայաստանում: Այդ նախագծի զարգացման գործին իր անմիջական օժանդակությունն է ցուցաբերում ՀՍԽՀ  Ժողկոմխորհի նախագահ Սահակ Տեր-Գաբրիելյանը: Երևան են փոխադրվում բեռնատար մեքենաներ, մեքենայացված վուլկանիզացիայի արհեստանոց: Այդ տրանսպորտը ծառայում էր այնպիսի կառույցների շինարարությանը, ինչպիսիք էին Քանաքեռի հիդրոկայանը, Երևան-Արզնի երկաթգիծը և այլն: Արտելի աշխատողների համար ձեռնարկվում է 40 սենյակից բաղկացած բնակելի շենքի կառուցումը, ինչպես նաև 1935 թվականի համար նախատեսվում է այդ համալիրի մեջ ներառել լվացքատուն, կլիշե պատրաստող արտելներ, կոշիկի արհեստանոց և այլն: Արտելի ընդլայնման հիմնական նպատակն էր Ամերիկայից Երևան ներգաղթի կանոնավոր հոսք ստեղծելը: 

Ադո Ադոյանի արխիվային գործի մեջ նրան ուղղված մեղադրանքներից մեկն այն էր, որ նա, չարաշահելով իր ծառայողական դիրքը, կազմակերպում է իր բարեկամի` Մուրադ Մուրադյանի ուղևորությունը ԱՄՆ և անօրինաբար տալիս նրան մանդատներ, վկայականներ Ժողկոմխորհի, Հայաստանի օգնության կոմիտեի, Կարմիր խաչի անունից, ինչպես նաև հանձնարարում հող պատրաստել իրեն` Նյու-Յորքի Բանվոր թերթի խմբագրի պաշտոնում նշանակելու համար (տե՛ս ՀԱԱ, ֆ.1191, ց.1, գ.3, թ.11, 87 ): Իր պաշտպանական պաշտոնական խոսքում Ադոյանը հաստատում է իր կապը Բանվոր-ի խմբագրական կոլեգիայի հետ, որին խորհուրդ էր տալիս պայքարել  ազգայնական թեքման դեմ:

Լրտեսական ամփոփագրից վերցված Ադոյի խոսքերից մի հատված ենք մեջբերում. «Ես ո՛չ թերահավատ եմ, ո՛չ էլ գերլավատես, մտածեցի, մտածեցի և դադարեցի մտածելուց: Մոլորված եմ: Եթե արտասահմանում լինեի, այնտեղ Հյուսիսափայլ կհրատարակեի » (տե՛ս ՀԱԱ, ֆ.1191, ց.1, գ.3, թ.17 ): Արդեն Մոսկվայի Հայպետհրատի տնօրենի պաշտոնում ասված այս խոսքերը հնչում են այն պահին, երբ նա գիտեր, որ Երևան վերադառնալը այն ծուղակն է, որից հետո վերջանում է նրա նվիրական կապը կոմունիզմի հետ: Նրան հայտարարելու էին դասալիք, դավաճան,  նա կորցնելու էր իր ընտանիքը և կուսակցական մանդատը: Եվ հենց այդ պահին նա մտաբերում է մի ամսագիր, որը ստեղծվեց ազգության կորստի վտանգի լարումից: Մոսկվայում Ստեփանոս Նազարյանցի հիմնած այդ ամսագիրը բազմաթիվ երիտասարդ հայերի համար ապագայի կերտման մի հույս էր, որն արթնացրեց նրանց հասարակական գիտակցությունն առ ազգային լուսավորություն և  ազատագրում: Գուցե Նյու-Յորքում տպագրվող Բանվորն էր լինելու այն Հյուսիսափայլը, որն իբրև փարոս վառվելու էր թունելի վերջում:  Նազարյանցի համար այդ փարոսը համահայկական կրթամշակութային արդիականացումն էր, որը միաժամանակ  ազգային փրկության ձև էր: Աղասի Խանջյանի շուրջ հավաքված մի խումբ մտավորականներ իրապես զբաղվում էին աշխարհասփյուռ հայության հավաքման լուրջ խնդրով` սկսելով այդ գործընթացը ԱՄՆ-ից: Ադոյի շոշափելի կապերը Հայաստանի օգնության կոմիտեի և Նյու-Յորքի Բանվորի հետ այդ ծրագրի իրականացման սկիզբն էին և ավարտը միաժամանակ: Արդեն նույն թվականին  Ստալին-Բերիա համագործակցությունը սկսում է լծակներ կիրառել Աղասի Խանջյանի կառավարման ձևը սանձելու նպատակով:

Հրապարակվում է ըստ` Մուրադ Մուրադյան, ««Արագած» արտելը հարաճուն զարգացման ճանապարհին», Խորհրդային Հայաստան, 30 ապրիլ, 1934 թ.:

 

«Արագած» արտելը հարաճուն զարգացման ճանապարհին

Մուրադ Մուրադյան

ՀԱ Միացյալ Նահանգների Դիտրոյիթ քաղաքում վերաբնակություն հաստատած մի քանի հարյուր հայ աշխատավորներ ականատես լինելով Խորհրդային Հայաստանի սոցիալիստական շինարարությանը և բուռն ցանկություն ունենալով անմիջականորեն մասնակից լինելու խորհրդային հայրենիքում սոցիալիզմի կառուցման գործին, 1931 թ. կազմակերպում են «Արագած» արտելը։ ՀՍԽՀ Ժողկոմխորհի նախագահ ընկ. Ս. Տեր-Գաբրիելյանի անմիջական ոժանդակությամբ 1932 թ. հունիսին արտելի տասն անդամներով Յերևան են գալիս ու լծվում սոցիալիստական շինարարության գործին։ 1934 թվի սկզբին արտելն ընդարձակվեց, բեռնատար ավտոների թիվը հասավ 16-ի։ Վերջին ժամանակներս Ամերիկայից Յերևան փոխադրվեց նաև մեքենայացված վուլկանիզացիայի արհեստանոցն անհրաժեշտ սարքավորումներով։

Խ. Հայաստանում կատարվող հսկայական շինարարության համար զգալի նշանակություն ունի «Արագած» արտելի գոյությունը, վորն իր տրանսպորտով ակտիվ կերպով ոժանդակում ե սոցիալիստական շինարարության այնպիսի գիգանտների կառուցմանը, ինչպիսին ե Քանաքեռի հիդրոկայանը, Դավալվի ցեմենտի գործարանը, Յերևան-Արզնի յերկաթգիծը և այլն։

Սակայն «Արագած» արտելի ձեռք բերած խոշոր նվաճումներին զուգընթաց, պետք ե մատնանշել, վոր ԺԿԽ կողմից ձեռք առած համապատասխան միջոցառումներից հետո յել Հայտնարկոոպն  «Արագած» արտելի անդամների շրջանում դեռ լրիվ կերպով չի կարողացել ապահովել քաղաքական-դաստիարակչական աշխատանքների ծավալումը։

Վերջերս վերադաս կազմակերպությունների անմիջական միջամտությունից հետո, արտելը դրվեց իր հաստատ հիմքերի վրա։

1933 թ. հոկտեմբեր ամսին արտելին կից կազմակերպվեց կուսակցական բջիջ և նրա ձեռնարկած միջոցառումների շնորհիվ արտելի բոլոր անդամներն սկսեցին հետաքրքրվել մեր քաղաքական ու հասարակական խնդիրներով՝ սկսեցին ակտիվ կերպով մասնակցել մեր մեծ առօրյային։ Սկսած 1933 թ. վերջերից, արտելի անդամներն ունենում են կանոնավոր քաղպարապմունքներ, ձեռնարկել ենք պատի թերթի հրատարակմանը, վորի եջերում լուսաբանվում են մեր բացերն ու հաջողությունները։ Արտելում կազմակերպված ե տեխնիկայի տիրապետման խմբակ, վորին մասնակցում են արտելի բոլոր անդամներն ու աշխատակիցները։

Արտելում ծավալվել ե սոցմրցումն ու հարվածայնությունը։ Վորպես բարեխիղճ, գիտակից, կարգապահ և որինակելի աշխատակիցներ առանձնապես աչքի յեն ընկնում ընկերներ՝ Հարություն Մինասյանը, Միսակ Միրաքյանը, Դանիել Յայլյանը, Մաթեվոս Կարիկյանը և Առաքել Թաքլջյանը։

Մեզ մոտ մինչև վերջերս չեր վերացված աշխատավարձի «ձախ» հավասարեցումը և միայն 1934 թ. ապրիլի մեկից վերացվեց այդ։

Այժմ արտելի անդամներն աշխատավարձ են ստանում ըստ իրենց կատարած աշխատանքի, պլյուս դրան արտելի յեկամտի տասը տոկոսը, վորով արտելի անդամի միջին աշխատավարձը հավասար է 500 ռուբլու։

Ապահովված ե արտելի անդամների մատակարարման գործը, ունենք փակ խանութ և ճաշարան։

Բնակարանային հարցը, վորը մեր նեղ տեղերից ե համարվում, զգալի չափով լուծված ե։ 1933 թվի հոկտեմբեր ամսին արտելի վարչությունը ձեռնարկեց 40 սենյակից բաղկացած բնակելի շենքի կառուցմանը, վորը մեկ ու կես ամսից պատրաստ կլինի։ Այդ կառուցման վրա ներդրված ե 148.000 ռուբլի։ Նորակառույց բնակելի շենքը, բացի բնակարաններից, ունենալու յե նաև մեկ դահլիճ, կարմիր և ռազմական անկյուններ, վորը հնարավորություն կտա արտելի անդամների մեջ ավելի ուժեղացնել կուլտուրական աշխատանքները։

Արտելի վարչությունը նախատեսել ե 1934 թվին Ամերիկայից ընդունել 18-20 նոր ընտանիքներ, վորոնց միջոցով ընդարձակել փոխադրական միջոցները (հիմնական ներդրումներ) և մինչև 1935 թվի վերջին ավտոների թիվը հասցնել հարյուրի. նոր մեքենայական սարքավորումով ընդարձակել ու կանոնավորել վուլկանիզացիայի ցեխը։ Նախատեսված ե կազմակերպել մեխանիզացված ավտովերանորոգման արհեստանոց՝ համապատասխան սարքավորումներով։

1935 թվին արտելը կազմակերպելու յե արտադրության նոր ճյուղեր, ինչպիսին ե լվացքատան, կոշիկի արհեստանոց, հագուստ մաքրելու (քիմիական միջոցներով) և կլիշե պատրաստող արտելներ։ Նախատեսված ե այս տարի կառուցել նաև նոր ավտոգարաժ՝ 50 մեքենայի համար, վորի կառուցման վրա ներդրվելու յե 350.000 ռուբլի։ Ամենախոշոր շինարարությունը, վորը մենք ընձեռնել ենք, դա Ժողկոմխորհի կողմից «Արագած» արտելին նվիրված մեծ բնակելի շենքի ավարտումն ե, վորի համար նախատեսված ե մեկ ու կես միլիոն ռուբլի, վորից 200.000 ռուբլին հատկացնելու յե Ժողկոմխորհը և 200 հազար ռուբլին՝ Հայտնարկոոպը, իսկ մնացած գումարը՝ «Արագած» արտելը ծախսելու յե իր միջոցներից։

Վերջերս Ամերիկայից ստացված նամակներն ապացուցում են, վոր բանվորական լայն խավերում բուռն ձգտում ե նկատվում սոցիալիստական հայրենիք վերադառնալու համար։ Սակայն այնտեղ մեր ընկերները այդ աշխատանքը կազմակերպում են անպլանայնորեն և հապճեպությամբ։ Այդ անկասկած բացասաբար ե անդրադառնում մեր աշխատանքների վրա։ Պետք ե աշխատել Խորհրդային Հայաստան ուղարկել վոչ թե պատահական և հաճախ քաղաքականապես խորթ ու բախտախնդիր տարրերի (ինչպես մի քանի դեպքեր յեղել են մինչև այժմ), այլ իսկական պրոլետարներ և ազնիվ ու կենսունակ աշխատողներ, վորոնք անձնվիրաբար կլծվեն սոցիալիզմի կառուցման գործին։

Այն հոգատար և իրոք բոլշևիկյան վերաբերմունքը, վոր ցույց են տալիս ընկ. Ա. Խանջյանն ու ընկ. Ս. Տեր-Գաբրիելյանը դեպի ներգաղթի գործը, մեզ հնարավորություն ե տալիս ամենակարճ ժամանակամիջոցում ուժերի լարումով վերացնել մեր թերություններն ու բացերը։

«Արագած» արտելի զարգացումն ու բարգավաճումը, ինչպես և ներգաղթող աշխատավորների կողմից ներկայումս կատարվող ժրաջան աշխատանքն ու նրանց կյանքի կուլտուրական մակարդակի արագ բարձրացումը շառաչուն ապտակ ե իր հոգևարքն ապրող հակահեղափոխական դաշնակցության համար։

Թող վայրահաջեն պարոնայք դաշնակները, ինչքան կամենում են։

«Արագածի» ընկերները խորհրդային Արագածի լանջին քրտնաջան կերպով լծվել են սոցիալիզմի կառուցման մեծ գործին։