Հայաստանի անկախությունն ունի ավելի քան երեսնամյա պատմություն։ Ի՞նչպիսին են այս պատմության ներսում ձևավորված անկախության ու պետության մեր ըմբռնումները։ Այս հարցը մեզ անխուսափելիորեն տանում է 1988 թվականին սկզբնավորված ղարաբաղյան շարժման պատմություն, քանի որ ինչպես Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադրումը, այնպես էլ վերջինիս երեսնամյա ողջ պատմությունը կապված, եթե չասենք, «կախված» է եղել ղարաբաղյան հիմնախնդրից։ Ուրեմն հասկանալ անկախության մեր ըմբռնումները՝ նշանակում է նախևառաջ հայացք ձգել հայոց պետականության կայացման համար վճռորոշ նշանակություն ունեցած այս շրջափուլի վրա։
Ղարաբաղյան շարժումը սկզբնավորվեց 1988 թվականի փետրվարին 20-ին՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ «վերամիավորելու» քաղաքական պահանջով։ Կորսված պատմական հայրենիքի մի հատվածի՝ ԼՂ-ի ազատագրման այս նպատակը 1960-ականների ազգային զարթոնքի բովով անցած ու գորբաչովյան «պերեստրոյկայով» իր գագաթնակետին հասած ուշխորհրդահայ կյանքի ազատականացման դրսևորում էր։ 1980-ականների կեսերին Խորհրդային Միությունում Գորբաչովի մեկնարկած Վերակառուցման քաղաքականություններն էին, որ Շարժման քաղաքական ղեկավարների աչքում երևան էին գալիս իբրև հայ ժողովրդի իրավազրկության հաղթահարման ու «պատմական արդարության» վերականգնման հնարավորություն։ 1989-ի վերջերին, սակայն, արդեն հստակ էր, որ ղարաբաղյան հարցը ձախողել էր ԽՍՀՄ կազմում լուծվելու հնարավորությունը։ Դեռևս 1988 թվականի հուլիսի 18-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության նիստում ընդունվեց որոշում, որով չեղարկվում էր ԼՂԻՄ-ի միացումը Հայաստանին։ Շարժման քաղաքական առաջնորդներից, ՀՍԽՀ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1989-ի նոյեմբերյան հանրահավաքներից մեկում արդեն հստակորեն նշում էր, որ պայքարի նախկին ձևերը՝ ցույցերը, միտինգները, երթերը, գործադուլները, հացադուլները, կորցրել են քաղաքական իրենց նշանակությունը, և այժմ պետք է հանդես գալ քաղաքական այնպիսի ձեռնարկումներով, որոնք առաջիկայում արմատական բեկում կմտցնեն ղարաբաղյան խնդրի լուծման հարցում՝ հնարավորություն տալով հասնելու «բաղձալի նպատակին»։ ԽՍՀՄ կազմում ԼՂ-ի և Հայաստանի միավորման ձախողման այս պայմաններում է, որ Հայաստանի անկախությունը դրվեց Շարժման քաղաքական օրակարգում։ Տեր-Պետրոսյանը հստակ է. «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն արդեն 1988-ի ամռանը եկավ այն եզրակացության, որ անհրաժեշտ է ընդլայնել Կոմիտեի ծրագիրը, Շարժման ծրագիրը, քանզի փետրվարյան իրադարձությունները ցույց տվեցին, որ Արցախի հարցը հնարավոր չէր լուծել, եթե Հայաստանը չստեղծեր ի՛ր քաղաքական գործոնը, չդառնար քաղաքական գործընկեր»։ Այսպես Ղարաբաղ կոմիտեից ելած հանրապետության առաջին ղեկավարների համար Հայաստանի անկախությունը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու՝ ընդհուպ մինչև ռազմական միջոց էր ըմբռնվում, «գործոն» ղարաբաղյան խնդրի լուծման հարցում։ Սա Հայաստանի անկախության հիմքում ընկած հիմնարար մի հակասություն է, որ մեր պետության գոյության օրից իսկ ծվատել է մեզ։
Եթե ԽՍՀՄ Վերակառուցման քաղաքականությունների համատեքստում Հայաստանի և Ղարաբաղի վերամիավորման պահանջը մեծապես դիտարկվել է իբրև Խորհրդային Միության ներքին քաղաքականության հարց, ապա Հայաստանի անկախությունից հետո այս պահանջը ոչ թե հանվել է Շարժման քաղաքական օրակարգից, այլ վերաձևակերպվել իբրև միջազգային իրավունքի հարց՝ հիմնված ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա։ Հարկ է նկատել, որ քաղաքական այս երկու համատեքստում էլ Շարժման առաջնորդները իրենց ռազմավարությունը բնորոշել են իբրև «իրատեսական», «ռացիոնալ» քաղաքականություն։ Այդուհանդերձ, պետք է նկատել, որ այս «իրատեսությունը» իրատեսություն էր ընկալվում ուշխորհրդահայ մարդու քաղաքական հայացքում, որը կտրված էր արտաքին քաղաքական աշխարհից և ինչպես ժողովրդավարությունը, այնպես էլ ազգային ինքնորոշման միջազգային իրավունքը ընկալում էր ստալինյան քաղաքականությունների արդյունքում մեծապես վարկաբեկված ուշխորհրդահայ համակարգի ներսից։ Այս «իրատեսության» բովանդակությունն ինքը հետագայում դեռ բազմիցս պետք է փոփոխվեր ու հետահայաց խմբագրվեր Շարժման ղեկավարների կողմից։
Հայաստանի անկախ պետականության կայացմանը զուգորդվող ղարաբաղյան պատերազմի ընթացքին, Հայաստանի՝ իբրև ղարաբաղյան հարցի լուծման «գործոնի» այս ռազմավարությունն ինքը հիմքում ի ցույց էր դնում արդեն իր խնդրականությունը՝ երևան հանելով ազգային պետության կայացման ու ղարաբաղյան հարցի լուծման միջև ի հայտ եկած հակասությունը։ Այսպես 1988-ի ազգային-ազատագրական պայքարի ուղին բախվում էր այն իրականությանը, որը թելադրում էր միջազգային քաղաքական իրադրությունը։ Դա մասնավորապես պետությունների տարածքային ամբողջականության անխախտելիության սկզբունքն էր, ինչն էլ ուղենշում էր Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման՝ արտաքին աշխարհի համար անիրատեսական ու անթույլատրելի լինելու իրողությունը։ Այս խնդիրը դեռևս 1990-ականների սկզբին ամենաանկեղծ և ուղիղ ձևակերպողներից մեկը ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Աշոտ Բլեյանն էր։ 1992-ին տպագրված իր հոդվածներից մեկում երբեմնի «մոլի» ՀՀՇ-ական Բլեյանը ղարաբաղյան հարցը ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքի վրա հիմնելով լուծելու ՀՀ իշխանությունների վարած «առճակատման քաղաքականությունը» բացահայտ կերպով բնորոշում էր իբրև հողային պահանջատիրություն ու զգուշացնում նոր-նոր ձևավորվող հայոց պետականության գոյության ու վերջինիս զարգացման համար դրա հեռագնա վտանգների մասին. «Հայաստանի իշխանությունները վարում են ազգային-ազատագրական պայքարին յուրահատուկ ավանդական պատրանքային քաղաքականություն։ Ակնհայտ է, որ այդ քաղաքականությունը կործանելու է Ղարաբաղը և վտանգի տակ է դնելու հայոց պետականության գոյությունը»։ Հարկ է նկատել, որ այս քննադատությունը երևան է գալիս Հայաստանի անկախության հռչակումից հետո միայն, երբ վերջինիս քաղաքական ղեկավարությունը յոթանասնամյա քաղաքական ընդմիջումից հետո նոր-նոր սկսում էր հանդես գալ միջազգային քաղաքական հարթակներում. հարթակներ, որոնք Հայաստանի հանրապետությանը այս «պահանջատիրության» պատճառով, Բլեյանի խոսքով, այլևս դնում էին «խաղից դուրս» վիճակում։
Այսպես «Հայաստան պետության ու նրա ժողովրդի համար պատասխանատվություն կրելու» նպատակով Բլեյանը 1992-ի նոյեմբերին նախաձեռնում է «Նոր ուղի» քաղաքական կազմակերպության հիմնադրումը, որի նպատակն էր Ադրբեջանի հետ առանց միջնորդների, երկկողմ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը։ Սա ենթադրում էր նախևառաջ ԼՂ ժողովրդի՝ իր հողում ապրելու իրավունքի ապահովում ու Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում ճանաչում։ Բլեյանի այս դիրքորոշումը 1990-ականների սկզբին ղարաբաղյան հարցի լուծման առնչությամբ ի հայտ եկած ամենաարմատական դրսևորումներից պետք է նկատել։ Այսքանով հանդերձ այս դիրքորոշումն է, որ ճանապարհ կարող է բացել այս վաղ շրջանում մեզանում անկախության այնպիսի ավանդույթի շոշափման համար, որը անկախությունը կապում է ոչ թե հողային պահանջատիրության նպատակի, այլ նախևառաջ Հայաստան պետության կայացման հետ։
Վերը հիշատակված խնդիրների իրականացմանը միտված «Նոր ուղի» կազմակերպության հիմնադրման պատճառը արցախյան հակամարտության հետևանքով Հայաստանի հանրապետությունում ստեղծված ճգնաժամն էր՝ արտաքին աշխարհից ու անմիջական հարևաններից Հայաստանի քաղաքական մեկուսացումը, տնտեսության քայքայումը, մարդկային բազմահազար կորուստներն ու հայ ժողովրդի սոցիալական ծանր դրությունը։ Այս իրողությունները, Բլեյանի համոզմամբ, Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության արդյունք ու հետևանք էին. իշխանություններ, որոնք «ՀՀՇ կազմակերպության լուռ համաձայնությամբ շեղվեցին նրա իսկ քաղաքական սկզբունքներից»։ Սա ասելով Բլեյանը նկատի է առնում 1988 թվականին սկզբնավորված Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ) նպատակը, որը, Բլեյանի խոսքով, ի սկզբանե Հայաստանի անկախության վերականգնումն էր։ Մինչդեռ 1988 թվականի օգոստոսի 19-ին հրապարակված Շարժման քաղաքական դրույթները ամրագրող ՀՀՇ առաջին ծրագրում նշվում էր. «Մեր շարժման առաջնահերթ նպատակը եղել և մնում է Արցախի և Հայաստանի վերամիավորումը»։ Հարկ է նկատել, որ ծրագրի ոչ մի կետում որևէ խոսք չկար անկախության մասին։ Ծրագրի առաջին կետը թեև վերաբերում էր հանրապետության «սուվերենության ընդլայնմանը», այդուհանդերձ՝ Խորհրդային Միության կազմում։ Հստակորեն զգուշացնելով ղարաբաղյան հակամարտության շարունակման պարագայում ՀՀ պետականությանը սպառնացող վտանգը՝ Բլեյանն այլևս զանց էր առնում այն, որ Հայաստանի անկախության նպատակն ինքը Շարժման քաղաքական ղեկավարների աչքում ղարաբաղյան խնդրի լուծման միջոց էր։ Այսպես միմյանցից հետահայաց տարանջատելով Հայաստանի անկախության ու ղարաբաղյան հարցի հիմնախնդիրները՝ Բլեյանը ՀՀՇ-ի ասպարեզ գալը կապում էր Հայաստանի անկախության վերականգնման նպատակի հետ։ 1990-ականների սկզբին Բլեյանի այս դիրքավորումը կարելի է բնորոշել իբրև «դիմաշրջված հհշականություն», քանի որ Բլեյանն ինքն էլ նախկինում կողմ էր 1988-ի «հին ուղուն», որը քննադատում է արդեն 1990-ականների սկզբին։ Այս «դիմաշրջված հհշականությունն» էլ հետագայում դարձավ տիրապետող այն հայացքը, որով Շարժման քաղաքական ղեկավարները մինչ օրս նայում են Հայաստանի հիմնադրմանը, անկախությանն ու ղարաբաղյան խնդրին, մասնավորապես որ ՀՀՇ-ի սկզբնական նպատակը Հայաստանի անկախության վերականգնումն էր, որ վերջիններս միշտ էլ «իրատես» ու «ռացիոնալ» քաղաքականություն են վարել, որ ազգային-ազատագրական պայքար չեն մղել, որ Ղարաբաղի հարցը տարածքային հարց չէր, այլ ազգային ինքնորոշման և որ այդ ծայրահեղական մոտեցումները պաշտպանել են ոչ թե ՀՀՇ ղեկավարները, այլ ղարաբաղյան թևը, Դաշնակցությունը կամ «հայդատականները»։
Այսպիսով երկամյա հետազոտական մեր աշխատանքի նպատակն է բացահայտել մի կողմից Ղարաբաղ կոմիտեից ու ՀՀՇ-ից ելած Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադիր ղեկավարների՝ անկախության ու պետականության ըմբռնումերը։ Մյուս կողմից կփորձենք երևան հանել 1990-ականների սկզբից արդեն ղարաբաղյան հարցի առնչությամբ հայ հասարակական-քաղաքական դաշտում ի հայտ եկած բեկումները, որը թերևս իր ամենաարմատական մարմնացումն էր ստանում «Նոր ուղի» կազմակերպության նախաձեռնությամբ։ Այդպիսով կփորձենք պարզել, թե արդյոք ի դեմս քաղաքական այս բեկման ու «դիմաշրջության» հնարավոր է խոսել մեզանում պետականության ու անկախության այնպիսի ավանդույթի գոյության մասին, որը անկախությունը զուգորդել է նյութական կոնկրետ տարածքում՝ Հայաստանի 29․743 ք. կմ տարածքում նյութական կյանք ապրելու ու դրա համար պայմաններ ստեղծելու հանգամանքի հետ։