Ստալինյան բռնաճնշումներն ու աքսորը վերապրած Աշոտ Հովհանիսյանը 1950-ականների կեսերից՝ Խրուշչովյան Ձնհալի պայմաններում, քաղաքական ու գիտական տարբեր ամբիոններից հանդես էր գալիս ստալինիզմի ու անհատի պաշտամունքի քննադատությամբ: Հետաքսորական շրջանում 1920-ականների իր գործուն պատմագիտությունը շարունակող Հովհաննիսյանը ոչ միայն անձնապես փորձառել էր ստալինյան քաղաքականությունների հաստատումը, այլև առերեսել 1920-ականների վերջին պատմագիտության ստալինացումը: Հովհաննիսյանն ու իր պատմագիտությունը պատկանում էին նախաստալինյան այն քաղաքական ու պատմագիտական ավանդույթին, որի վերացմամբ ու ջնջմամբ էր հաստատվել ստալինիզմը:
Ստորև ներկայացող վավերագիրը 1956 թվականին Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի կուսակցական կազմակերպության ժողովում Հովհաննիսյանի ընթերցած ելույթից մի հատված է: Սուր բնորոշումներ ու ակնհայտորեն զգայական լիցք ունեցող Հովհաննիսյանի այս ելույթը երևան է բերում «պողպատե կուռքին» փառաբանող ստալինյան քաղաքականացված պատմագիտության խնդրականությունը: Քաղաքական հրահանգով «պատմական փաստերի նենգափոխմամբ» գրված Անդրկովկասի ու ողջ Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության պատմության մեջ այլևս տեղ չուներ քաղաքական ու պատմագիտական մտքի նախաստալինյան ավանդույթը: 1956-ի 20-րդ համագումարով մեկնարկած ապաստալինացման քաղաքականությունների համատեքստում ընթերցած ելույթն ի վերջո Հովհաննիսյանի մարտահրավերն էր նետված ստալինյան պատմագիտությանը: Ստալինիզմի հաստատմամբ, Հովհաննիսյանի խոսքով, «երես շուռ տալով անցյալից պատմությունը դարձել [էր] քաղաքականություն»: Հովհաննիսյանն իր հերթին հետաքսորական իր կյանքով ու գործով զինվորագրվել էր կրկին քաղաքականությունը շրջելու դեպի անցյալ: Այդ կերպ ստալինիզմով ջնջված պատմությունը կրկին պետք է վերադարձվեր պատմագիտությանը:
Արխիվային փաստաթուղթը մեքենագիր է, որի վրա Հովհաննիսյանը մատիտով ու գրիչով միջամտություններ և խմբագրումներ է կատարել: Այն բառերը կամ հատվածները, որոնք Հովհաննիսյանը ջնջել է, վերցրել ենք փակ փակագծերի մեջ: Ավելացված բառերը կամ հատվածներն առել ենք սուր չակերտների մեջ: Շեղատառ ընդգծումները Հովհաննիսյանինն են:
Հրապարակվում է հատվածաբար ըստ՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Աշոտ Հովհաննիսյանի ֆոնդ, թղթ. 2447, վավ. 35ա, թ. 1-6:
Հայ ժողովրդի պատմության մի քանի խնդիրների մասին
<վերախմբագրած>
I
Անկասկած է շրջադարձային այն նշանակությունը, որ ունի մեր պատմագիտության համար Սովետական Միության Կոմունիստական պարտիայի 20-րդ համագումարը: Համագումարում մերկացվեցին բացասական այն հետևանքները, որ ունեցել է անհատի պաշտամունքի պրակտիկան ինչպես սովետական հասարակագիտության բազմաթիվ այլ բնագավառների, այնպես և սովետական պատմագիտության համար:….
Մարքսիստական–լենինյան պատմագիտությունը հարկավ չի ժխտում պատմության մեջ անհատի կատարած դերը: Նա ոչ միայն չի ժխտում այդ դերը, այլև մարքսիստական, լենինյան պատմագիտությունն է հենց, որ առաջին անգամ լինելով կարողացել է վեր հանել ու լուսաբանել դրա կոնկրետ պայմաններում դրսևորված հասարակական օրինաչափությունը: Խնդիրն այն է սակայն, որ անհատի պաշտամունքի քուրմերը ոչ թե լուսաբանում, այլ փառաբանում էին իրենց ստեղծած պողպատե կուռքի չկատարած հրաշքներն ու չգործած սխրագործությունները:….
<Պաշտամունքի առարկա դարձած անհատի նկատմամբ> հաճոյակատարությամբ զբաղված [այս կարգի] «պատմաբանները» իրենց ստեղծագործությունները հաճախ վահանավորում էին ժամանակակիցների «հիշողություններով»: Այս մի երևույթ է, որի զավեշտական նախանշանները Անդրկովկասում առկա էին տակավին քսանական թվականների կեսերին, բայց այլանդակ ու ոճրապարտ կերպարանք ստացան երեսնական թվականներից Բերիայի հուշարկումով հորինված «հիշողությունների» մրցավազքով:….
Ինչ խոսք, որ թխված «հիշողությունների» և պատմական փաստերի նենգափոխման ճանապարհով հերյուրված Բերիայի գիրքը, իսկ հետագայում Բագիրովի կամ Հարենցի ծնած դրա օրապակաս երկվորյակները կեղծում էին ոչ միայն Ստալինի կենսագրությունը, այլև Անդրկովկասի բոլշևիկյան կազմակերպությունների ու վերջին հաշվով Սովետական Միության Կոմպարտիայի պատմությունը:
Ավելի ուշ պատմագրական ուսումնասիրությունների մեջ Բերիան և բերիականներն օգտագործում էին համատարած ահաբեկման, վայրագ ծեծի ու խոշտանգումների միջոցով հոգեպես նվաղած իրենց զոհերի «անձնական սրտաբաց խոստովանությունները», նյութեր, որոնք փաստապես կազմվում կամ թելադրվում էին այսպես կոչված «ժողովրդի թշնամիների» անգո գործերի քննիչները՝ հասարակական կեղծված ու բարոյալքված կարծիքի մեջ ստանալով «անդրդվելի վկայությունների» զորություն:
Պատմագրական այս կարգի հնարաստեղծությունների մասին կարելի է ասել նույնը, ինչ ասում էր երիտասարդ Էնգելսը բուրժուական էկոնոմիստների գիտական հերյուրանքների մասին. որքան ավելի էին դրանք մոտենում արդիականությանը, նույնքան ավելի էին հեռանում ազնվությունից: Այնտեղ, ուր բացակայում էին իրական կամ մտացածին փաստերը՝ այդ կարգի գրվածքների էջերում հեղեղվում էին պաշտամունքի առարկա դարձած անհատի երկերի էջերից և շրջուն մանրադրամի արժեք ստացած ցիտատներով: Պատմագրական հոդվածներ, բրոշյուրներ, դիսերտացիաներ շարադրող հեղինակները, շատ անգամ խուսափում էին ուսումնասիրել [պատմական] սկզբնաղբյուրները, քննաբար ստուգել դրանց մեջ եղած փաստերը և անել դրանց հիման վրա [գիտական արժեք ներկայացնող] <համապատասխան> ընդհանրացումներ և եզրակացություններ: Նոր պատմական փաստերը հաճախ մոբիլիզացվում էին ոչ թե [կատարված] իրողություններ նշելու ու արժեքավորելու կամ պատմության օբյեկտիվ օրինաչափություններ հայտնաբերելու, այլ մեծարված անհատի հոգնեցնելու չափ կրկնված և ձանձրույթի չափ հանրածանոթ այս կամ այն միտքն ու գործողությունը նորանոր առիթներով վերահավաստելու նպատակով:…. Մեզանում անհատի նորահայտ պաշտամունքի ժամանակ ամեն մի գիտություն և առաջին հերթին Կոմունիստական պարտիայի և սովետական պետության պատմությունն ուսումնասիրող գիտությունը պարտավոր էր [ծառայել] <ծառայեցվում էր> պողպատյա կուռքի ուրույն կամ մուրացո հայտնությունների մեկնաբանման:
1925 թվականին ընկեր Մերտին ուղղած իր նամակում Ի. Վ. Ստալինը գրում էր, թե. «Պարտիայի առաջնորդները կարող են իսկապես առաջնորդներ լինել միայն այն դեպքում, եթե պարտիայի մեջ նրանցից ոչ միայն վախենում են, այլև հարգում ու ճանաչում նրանց հեղինակությունը» <(И. В. Сталин. Сочинения, VII, 47)>: Ուշագրավ այս հայտնության մեջ [Ստալինն ինքը] պարտիական առաջնորդի վայելած հեղինակության անհրաժեշտ կոմպոնենտ է համարվում ոչ միայն նրա հանդեպ եղած հարգանքը, այլև նրա ներշնչած սարսափը: Հասկանալի է, որ այնտեղ, ուր պարտիական ղեկավարության մասին արմատանում է այսպիսի հայացք, այնտեղ անխուսափելի պիտի դառնա գիտական սխոլաստիկայի ազդեցությունը: Ուր բացակայում է հեղինակության հանդեպ եղած սրտաբուխ հարգանքը, պիտի իշխեր նրանից պատուհասվելու անասնական վախը, որ չի կարող լավ խորհրդատու դառնալ գիտնականի մտավոր ստեղծագործության համար: Վախն ու ակնածանքը այս տիպի գիտության միակ ստիմուլները չէին, անշուշտ: Նվազ զորեղ չէր ղեկավարության բյուրոկրատական խեղաթյուրումների մթնոլորտը հատկանշող բացահայտ կարյերիզմն ու դրա հետ լծորդված մոլեգին ստրկահաճությունը: Բոլոր պարագաներում ստացվում էր այն, որ գիտական եզրակացությունները հետևցնում էին ոչ թե փաստերի ուսումնասիրությունից, այլ քաղաքական կոնյուկտուրային պահանջից: Եթե մի ժամանակ կային ասողներ, թե պատմությունն այլ ինչ չէ, քան դեպի անցյալը շրջված քաղաքականություն, հետագայում ստացվեց այնպես, որ երես շուռ տալով անցյալից, պատմությունը դարձավ քաղաքականություն՝ շրջված դեպի կոնյուկտուրայի ընթացիկ առաջադրանքը՝ անհատի պաշտամունքը: Անգիտացվում էր, որ ոչ թե այն, որ գիտական եզրակացությունները պիտի բխեն քաղաքական ընթացիկ կոնյուկտուրայի պահանջից, այլ այս վերջինը փաստերի ուսումնասիրությունից հետևող եզրակացություններից: Այլ կերպ գիտությունը չէր լինի գիտություն, այլ կոնյուկտուրային աճպարարություն: