Համաշխարհային պատերազմի հաղթանակից հետո՝ 1946 թվականի օգոստոսին Խորհրդային Միությունում ընդունվեց առաջիկա տարիների «ժողովրդական տնտեսության վերականգնման և զարգացման հնգամյա պլանը»։ Պատերազմի տարիներին կապիտալիստական երկրների՝ հատկապես Բրիտանիայի և Ամերիկայի հետ դաշնակցությունը, ընդհանուր թշնամու՝ ֆաշիզմի դեմ վերջին ուժերը լարելու մթնոլորտը գրականության, արվեստի և հրապարակախոսության մեջ երկրորդ պլան էր մղել գաղափարական այն անողոք պայքարը, որին շատերը զոհ գնացին նախապատերազմյան 1930-ականներին։ Նոր հնգամյակին ընդառաջ՝ «Արևմուտքի բուրժուական կուլտուրայի խնկարկման», «քաղքենիական տրամադրություններ» հարուցելու, «ապոլիտիկ» և «գաղափարազուրկ» լինելու մեղադրանքով փակվեցին Լենինգրադ քաղաքում լույս տեսնող «Զվեզդա» և «Լենինգրադ» ամսագրերը։ Մտավորականության համար այս որոշումն ազդարարում էր նոր՝ կեղեքիչ ինքնաքննադատության, սեփական բացթողնումները հրապարակայնորեն գտնելու և վերացնելու փուլ։
Այս առիթով Միության բոլոր ազգային հանրապետություններում հրավիրվում էին գրողների միության համագումարներ։ Սրանք որպես կանոն նախ միաձայն դատապարտում էին փակված ամսագրերի թույլ տված սխալները, այնուհետև նախորդ տարիների սեփական գործունեության մեջ մատնանշում նույնատիպ սխալներ ու վճռականություն հայտնում ուղղելու դրանք։ Ներկա վավերագիրը հատված է 1946 թվականին Հայաստանի սովետական գրողների միության երկրորդ համագումարում նախագահության անդամ Դերենիկ Դեմիրճյանի ընթերցած ճառից։ Գրողն այստեղ, խոր մեղքի զգացումով լցված, մի ընդհանուր հայացք է գցում հայ գրականության նախորդ տարիներին և արձանագրում, որ անպատրաստ լինելով պատերազմին՝ իրենց թերությունները կրում էին «նախկին օրերի մեղքերի պատիժը»։
Հատկանշականորեն, Դեմիրճյանը պատերազմի վտանգի հետ է կապում հայրենիքի հասկացության առաջ գալը. հասկացություն, ուր նույնանում են «ժողովրդի բնիկ հայրենիքն» ու Խորհրդային միությունն ընդհանրապես։ Այս հասկացությունն էր զբաղեցրել գրողին պատերազմի տարիների իր մոնումենտալ աշխատանքը՝ Վարդանանք երկհատոր վեպը գրելիս և հրապարակվող այս ելույթն է, որ կանխորոշում է վեպի՝ «վերից վար վերանայված» երկրորդ հրատարակությունը։ Այս նոր՝ վերանայված հրատարակությունն է, որ վերատպվելու և հասնելու էր Հայաստանի երրորդ հանրապետության ընթերցողին։
Հրապարակվում է կրճատումներով ըստ՝ Դերենիկ Դեմիրճյան, «Հայ գրականությունը Հայրենական պատերազմի օրերին», Գրական թերթ, 17 հոկտեմբերի 1946 թ.։
Հայ գրականությունը հայրենական պատերազմի օրերին
Համամիութենական կոմունիստական (բոլշևիկների) պարտիայի Կենտրոնական Կոմիտեի օգոստոսի 14-ի որոշումը «Զվեզդա» և «Լենինգրադ» ամսագրերի խմբագրությունների և մի շարք գրողների գործունեության մասին՝ պարտադրում է հանել համապատասխան եզրակացություն մեր գրականության վերաբերյալ։ Կենտրոնական Կոմիտեի որոշումը և՛ խիստ քննադատություն է սովետական գրականության ներկա վիճակի, և՛ միաժամանակ ծրագիր է և ուղեցույց այդ գրականության հետագա իդեոլոգիական ուղղության թեմատիկ պլանի և գեղարվեստական վերակառուցման համար։
Այս երեք գլխավոր սկզբունքների տեսանկյունից դիտելով՝ մենք կարող ենք ասել, որ մեր պատերազմյան գրականությունը թեև չներկայացրեց մի ներդաշնակ ամբողջություն, բայց և հիմնականում առողջ էր և ապա նաև այն, որ աճեց պատերազմյան տարիներին, բայց նախ՝ այս մակարդակում ևս նա ցուցաբերեց զայրացուցիչ սխաներ, աններելի ինքնահոս և այլանդակ թափթփվածություն, իսկ հայրենական պատերազմի առաջադրած գերագույն խնդիրների առաջ կանգնեց ոչ միշտ բարձր դիրքերում։ Այստեղ երևացին հետևանքներն այն խոշոր թերությունների, այն հետամնացության, որի մեջ եղել էր մեր գրականությունը մինչ պատերազմը, ինչպես և այն խիստ պատասխանատվությունը, որ կրում է մեզանից յուրաքանչյուրը պատրիայի, կառավարության և ժողովրդի առաջ։
Պետք է սկզբից ասել, որ մեր գրականությունը պատերազմ գնաց վատ զինված։ «Եղանակի գիրթ, արագ փոփոխությունը» ժամանակ չտվեց լավ դնել «ռազմական ռելսերի վրա գրականության խաղաղ արդյունաբերությունը»։ Մեր գրականությունը կանգնեց խոշոր դժվարությունների առաջ (դրանց մասին հետագայում)։ Պատերազմյան ալիքները շրջապատեցին մեր գրողներին բուռն թափով։ Պատերազմը իսկույն դառավ Հայրենական, երկիրը ցնցվեց իր հատակից ….
Անշուշտ ոչ ամենքը հաջող և յուրաքանչյուրը ոչ ամեն անգամ հավասար հաջողությամբ՝ երգեցին և պատկերացրին Հայրենական պատերազմն իր բարդ, բազմակողմանի և բազմանշանակ էությամբ։
Այս հաջողությունն ու անհաջողությունը միայն տաղանդով չէին պայմանավորված։ Տաղանդավորության հարցում մենք շատ ենք միակողմանի եղել, շատ ենք մշտական կնիքներ դրել սրա կամ նրա ընդունակությունների գնահատման մեջ …. Ապա նաև մենք հաշվի չենք առնում այն հանգամանքը, որ որոշ պոետներ ու գրողներ հենց միայն նրանով մեծ ծառայություն մատուցեցին մեր պատերազմյան գրականության, որ բարձր պահեցին իդեոլոգիական քաղաքական գիծը, որ մասսայական ընթերցողի ուշադրությունը միշտ լարված էր պահում իր անմիջական գործի, գերագույն նպատակի՝ հաղթության կողմը։ Թուլացնել այս գիծը անհաջող թեմատիկային կամ արվեստաբանության պրպտումներին զոհելով այն, նշանակում էր գրականությունը չծառայեցնել իր վերոհիշյալ գործին, և ահա, երբ մի այսպիսի օր, երբ Համ. Կոմպարտիայի Կենտրոնական Կոմիտեի սթափեցնող ձայնն է լսվում, տեսնում ես, որ իդեոլոգիական գծի բարձրություն պահող գրողներն ու բանաստեղծները մեծ նշանակություն են ստանում և երախտավոր են դառնում ժողովրդի առաջ։ Մենք թերագնահատեցինք այս պետքական, կարևոր հատկությունը։
Ապա նաև մենք չկարգավորեցինք թեմատիկայի խնդիրը։ Մեկ, երկու գրողի հետևեցինք բոլորս, որի կարիքը չկար և մեծ մասս հեռացանք արդիական կյանքից։ Ապա վերջապես գեղարվեստական պլանների մտահոգությամբ անտես առանք գրականության գլխավոր դերն ու նպատակը։ Եվ այս այն մեծ օրերին, երբ մեր անձնանվեր, հրաշալի բանակը արյուն էր թափում և գործում էր աշխարհիս ամենաշքեղ հրաշքը – մարդկության փրկությունը ֆաշիզմից։ Ամոթանքն է ներկում ճակատս, երբ մտածում եմ, թե որքա՜ն թերացանք մեր մեծ պարտականության առաջ, որքա՜ն մենք խաղ էինք անում գրականության մեջ ….
Մենք ասացինք, որ հայրենական պատերազմի հիմնական առարկան հայրենիքի պաշտպանությունն էր։ Պատերազմի վտանգն առաջ բերեց նաև մի ուշագրավ հանգամանք։ Դա հայրենիքի հասկացությունն էր։ Վտանգվում էր համայն Սովետական Միությունը՝ եղբայրակից ժողովուրդների արյան կապով անքակտելիորեն կապված ընդհանուր հայրենիքը, որ իրականում միաժամ նշանակում էր նաև ամեն ժողովրդի բնիկ հայրենիքը։ Վտանգվում էր լիովին իր անցյալով, իր կուլտուրայով, իր ինքնուրույնությամբ, վտանգվում էր իբրև ժողովուրդ։ Այս հանգամանքը դրդեց ավելի խորը ճանաչել և գիտակցել հայրենիքը, վերակոչել պատմությունը և իր նախնիների սխրագործությունների, ազատագրական պատերազմների օրինակներով քաջալերել նոր պատերազմ մղող ժողովրդին՝ հայրենիքի պաշտպանությունը նկատել տալ ոչ իբրև նոր գործ, այլ որպես տվյալ ժողովրդի պատմական տրադիցիա և հայրենասիրության աղբյուր։
….
Պատերազմյան օրերի մեր գրականության թերությունը շատ էր խոր, օրգանական շատ էր կրում իր նախկին օրերի մեղքերի պատիժը, շատ ցայտուն կերպով ցույց տվեց իր անպատրաստությունն այնպիսի մի լուրջ պատասխանատվության առաջ, ինչպես ժողովրդին ծառայելն էր հայրենիքի գերագույն օրերին։
….
ԿամԿ(բ)Պ Կենտրոնական Կոմիտեի որոշումը սթափեցուցիչ և շատ լուրջ շրջադարձի է հրավիրում գրողներին։ Նա մեզ առաջադրում է վերից վար վերանայել գործերը և ենթարկելով առողջ, սկզբունքային քննադատության՝ վճռականապես վերազինվել գրականության նոր վերելքի անցնելու համար։ Ո՞րն է այդ նորը։ Նախ՝ դա բարձր, կոմունիստական իդեականությունն է, մարտնչող իդեականությունը, որը իմաստավորում է իրականությունը լենինյան-ստալինյան փիլիսոփայությամբ, կյանքը պատմականորեն ըմբռնելու, սոցիալիստական ռեալիզմի մեթոդով լուսաբանելու և կյանքը փոխելու տենդենցն է։ Գրականությունը լուրջ գործ է, պատասխանատու, ինչպես սովետական ժողովրդի կյանքը և մենք գրողներս կանգնած ենք այդ խիստ պատասխանատվության առջև։ Մենք պարտավոր ենք այնպես աշխատել ժողովրդի և պետության համար, ինչպես աշխատեց պարտիան, կառավարությունը, Կարմիր Բանակը և մեծ Ստալինը։