Աշոտ Հովհաննիսյանի «գիտական որոնումների հանրագումարը». Ուրվագծերի առթիվ գրված Դերենիկ Մուրադյանի գրախոսականը

 

1967-ին գրված Աշոտ Հովհաննիսյանի Ուրվագծեր 19-րդ դարի երկրորդ կեսի արևելահայ հասարակական հոսանքների և ազգային քաղաքական կուսակցությունների պատմության հատորը Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտին հրատարակման ներկայացվելուց հետո դարձավ քաղաքական ու գիտական բանավեճի առարկա: Թեև 1971 թվականի դրությամբ գրքի վերաբերյալ կար 22 դրական կարծիք, գիրքն այդպես էլ լույս չտեսավ՝ փակված մնալով արխիվում:

Ստորև ներկայացվող վավերագիրը 1968-ին Դերենիկ Մուրադյանի՝ Ուրվագծերը հրատարակման երաշխավորող գրախոսականն է: Մուրադյանը հատուկ ուշադրություն է դարձնում գրքի առաջաբանում Հովհաննիսյանի այն դիտարկմանը, թե աշխատությունը ոչ թե արևելահայ հասարակական հոսանքների ու ազգային քաղաքական կուսակցությունների պատմությունն է, այլ պատմության տեսությունը: Հովհաննիսյանի գրքում առանքային նշանակություն ուներ գաղափարական այն շրջափոխությունը, որ հայ իրականության մեջ կատարել էր հեղափոխական նարոդնիկությունը՝ վերածվելով դեպի արևմտահայ ազգային-ազատագրական շարժումը կողմնորոշված յուրատեսակ ազգային-նարոդնիկական գաղափարախոսության: Այդ գաղափախոսությունն էր ուղենշում 19-րդ դարի վերջին արևմտահայ ազգային-ազատագրական շարժումը ղեկաված Հնչակյան և Դաշնակցական կուսակցությունների ծնունդը: Այս կերպ գրքում Հովհաննիսյանը ցույց էր տալիս հայաստանյան հասարակական-քաղաքական մտքի զարգացման ուղեգիծը: Հայաստանյան քաղաքական մտքի զարգացմանը հատուկ բարդ ու ներհակ կապերը բացահայտող, հայաստանյան իրականությունից ծնված քաղաքական մտքի ներքին ժառանգորդական կապերը երևան բերող այս մոտեցումը վկայում էր Հովհաննիսյանի՝ 1920-ականների պատմագիտության գոյությունը 1960-ականներին: Այդ մոտեցումը վերացնելով էր, որ ստալինիզմը միաժամանակ վերացրել էր հայաստանյան քաղաքական մտքի հակասալից զարգացման պատմությունը: Պատահական չէ Մուրադյանի դիտարկումը, թե Հովհաննիսյանի Ուրվագծերը ոչ միայն հետաքսորական շրջանի Միքայել Նալբանդյանը և նրա ժամանակը երկհատորյակի ու գիտական որոնումների արդյունքն էր, այլև դեռևս 1920-ական թվականներին գրված հոդվածների ու ուսումնասիրությունների հանրագումարը: Հետստալինյան 1960-ականների ո՛չ պատմագիտական, ո՛չ քաղաքական միտքը, սակայն, ի զորու չէին առերեսելու հայ քաղաքական մտքի զարգացման բարդությանը արժանին մատուցող 1920-ականների պատմագիտական ավանդույթը՝ ժառանգը մնալով բարդ կապերը պարզ հակադրությունների վերածած ստալինյան տրամաբանության:

Հրապարակվում է ըստ՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Աշոտ Հովհաննիսյանի ֆոնդ, ցուցակ 144¹⁹, վավերագիր 52 ա:

 

ԿԱՐԾԻՔ

Ա. Հովհաննիսյանի «Ուրվագծեր 19-րդ դարի երկրորդ կեսի արևելահայ հասարակական հոսանքների և հայ ազգային-քաղաքական կուսակցությունների պատմության» աշխատության մասին:

Ա. Գ. Հովհաննիսյանի սույն աշխատությունը ոչ թե արևելահայ հասարակական հոսանքների ու ազգային-քաղաքական կուսակցությունների պատմությունն է, այլ, ինչպես իրավացիորեն նկատել է հեղինակը գրքի առաջաբանում, պատմության տեսությունը, հոսանքների և ազգային կուսակցությունների պատմա-փիլիսոփայությունը: Սույն «Ուրվագծերը» իրենց մեջ ամփոփում են երկու բաժին. մեկը՝ դա 19-րդ դարի 50-60-ական թվականների հեղափոխական-դեմոկրատական հոսանքից սերված հեղափոխական-նարոդնիկական հոսանքի համառոտ պատմությունն ու տեսությունն է, մյուսը՝ համառուսաստանյան նարոդնիկական բազայի վրա բարձրացող և ազգային-նարոդնիկական գունավորում ստացած քաղաքական անլեգալ կազմակերպություններից առաջացած հայ ազգայնական կուսակցությունների տեսությունը:

Առաջին բաժնում հեղինակը ցույց է տալիս, թե ինչպես ամբողջ Ռուսաստանում, այնպես էլ արևելահայ իրականության մեջ 50-60-ական թվականների հեղափոխական-դեմոկրատական հոսանքը հաջորդ տասնամյակներում՝ 19-րդ դարի 70-80-ական թվականներին իր արտահայտությունն է գտնում հեղափոխական նարոդինիկների ուղեգծում և նարոդնիկական զանազան կազմակերպություններում ընդգրկված անդամների գործունեության մեջ: Հարկավ, հեղինակը չի անտեսում հեղափոխական դեմոկրատների և հեղափոխական նարոդնիկների միջև եղած տարբերությունները, կամ սքողում վերջիններիս պատմաաշխարհայեցողության զուտ իդեալիստական կողմերը, այլ դիալեկտիկական մերձեցում ցուցաբերելով մակաբերում այն ընդհանրությունը, որ միացնում է այդ երկու սերնդին՝ Ռուսաստանի աշխատավոր զանգվածների ազատագրության համար մղած նրանց անձնազոհ պայքարում:

Պրոբլեմների մյուս խումբը, որ արծարծվում ու լուսաբանվում է աշխատության երկրորդ բաժնում, վերաբերում է 1880-ական թվականներին ծայր առած ցարական ռեակցիայի տարիներին նարոդնիկական շարժումների տեղատվության հարցերին և այդ պայմաններում հայ նարոդնիկների դիմաշրջմանը՝ դեպի «հայկական հեղափոխությունը» դեպի հայկական հարցը: 1887 թվականին Ժնևում հնչակյան և 1890 թվականին Թիֆլիսում ստեղծված դաշնակցություն կուսակցությունները, որոնք 19-րդ դարի վերջին տասնամյակից իրենց ձեռքը վերցրին արևմտահայ ազգային-ազատագրական շարժումները՝ ծագումով և որդեգրած տակտիկական եղանակներով՝ առավելապես ազգային-նարոդնիկական էին: Ցույց տալով սուլթանական բիրտ տիրապետության տակ գտնվող ազգությունների, այդ թվում և հայ ժողովրդի, անելանելի վիճակը, հեղինակը արևմտահայերի ընդվզումն ամենայն իրավացիությամբ համարում է հակաֆեոդալական, ըստ էության բուրժուա-դեմոկրատական շարժումներ: Եվ հետագայում էլ անդրադառնալով ժողովրդական շարժումների բնույթի հարցի կապակցությամբ ազգային կուսակցությունների դիրքորոշմանը, Ա. Գ. Հովհաննիսյանը այս վերջինների, մանավանդ դաշնակցականների, գործունեությունը համարում է ռեֆորմիստական և նրանց ցուցարարությունը, ռմբաձգությունն ու զինված ելույթները միայն միջոց՝ արևմտաեվրոպական երկրների, այդ թվում և Ռուսաստանի, ուշադրությունը հայկական հարցի վրա սևեռելու համար: Այսպիսով, հեղինակը արևմտահայ ազգային-ազատագրական ինքնաբուխ շարժումների և դրանք ղեկավարող կուսակցությունների քաղաքականության միջև որոշակի խզում է նկատում: Հեղինակը հնչակյանների և դաշնակցականների արկածախնդրական վարքագծի մեջ իրենց մեղսակցության բաժինն առանձնացնելով, միաժամանակ այդ կուսակցությունների պատմական դժբախտությունն է համարում նրանց ազգային-սահմանափակ ելույթները և այդ երևույթի պատճառը որոնում Օսմանյան կայսրության մեջ բնակվող ժողովուրդների միասնական պայքարի օբյեկտիվ պայմանների բացակայության մեջ:

Մենագրության երկրորդ բաժնի վերջին գլուխները նվիրված են ազգային-քաղաքական կուսակցությունների՝ հնչակյանների և դաշնակցականների միջև առաջացած ներկուսակցական երկպառակությունների լուսաբանությանը: Հեղինակը դրանք պայմանավորում է արևմտահայ ազգային-ազատագրական շարժման ալիքի անկման և սուլթանական կառավարության հայաջինջ քաղաքականության սաստկացման հետ: Ճգնաժամային իրադրությունը, որ ստեղծվել է այդ զույգ կուսակցությունների մեջ հնչակյաններին երկփեղկում է աջ ու ահյակ թևերի՝ արևմտահայ (թուրքահայ) գործիչներին համախմբելով ավելի չափավոր վերակազմյալ հնչակյան կենտրոնի շուրջը, կուսակցության նախկին առաջնորդ Նազարբեկի ենթակայությանը թողնելով հին գծին հավատարիմ ռուսահայ և պարսկահայ գործիչներին, իսկ դաշնակցությունը այդ ճգնաժամից դուրս գալու և իր շարքերի միասնությունը անխախտ պահելու համար նետվում է նոր արկածախնդրության՝ կազմակերպում Խանասորի անմիտ արշավանքը և նախապատրաստում սուլթան Աբդուլ Համիդի մահափորձը, որն, ինչպես հայտնի է, վերջանում է անհաջողությամբ:

Աշխատության վերջում հեղինակը տալիս է 20-րդ դարի արշալույսին՝ Ռուսաստանում հասունացող առաջին բուրժուական հեղափոխության նախօրյակին հայ կուսակցությունների դիմաշրջման համառոտ տեսությունը նաև «ռուսահայոց հարցի»՝ Անդրկովկասում և Հայաստանում ծայր առած ազգային սոցիալական շարժումների նկատմամբ:

Վերջացնենք:

Ա. Գ. Հովհաննիսյանի «Ուրվագծերը» հայ հասարակական մտքի պատմությանը նվիրված աշխատությունների շարքում փայլուն երևույթ է, հեղինակի՝ շուրջ 4-5 տասնամյակների մտորումների արգասիք: Մենագրությունը հանդիսանում է դեռևս 1920-ական թվականներին գրված հոդվածների և ուսումնասիրությունների, «Միքայել Նալբանդյանը և նրա ժամանակը» երկհատոր ծանրակշիռ աշխատության և վերջին տասնամյակում կատարված գիտական որոնումների հանրագումարը:

Կարծում ենք, որ նորություն չի լինի, եթե ասենք, որ աշխատությունը գրված է կուռ տրամաբանությամբ, գերազանց լեզվով և Աշոտ Հովհաննիսյանին հատուկ աշոտ-հովանիսյանական ոճով:

Ա. Գ. Հովհաննիսյանի սույն մենագրության հրատարակությունը պատիվ կբերի Ակադեմիային և պատմության ինստիտուտին, իսկ նրա ռուսերեն թարգմանությունն ու շուտափույթ լույս ընծայումը՝ մեր հանրապետությանը:

 

Դ. ՄՈՒՐԱԴՅԱՆ
20-ին դեկտեմբերի 1968 թվականի: