1967-ին տպագրության հանձնված Ուրվագծեր 19-րդ դարի երկրորդ կեսի արևելահայ հասարակական հոսանքների և հայ քաղաքական կուսակցությունների պատմության գրքում Հովհաննիսյանն առաջադրում էր արևելահայ ազգային-քաղաքական կուսակցությունների սկզբնավորման տեսությունը: Հովհաննիսյանի գրքում հայ կուսակցությունների ծագման պատմությունը բացահայտվում էր իբրև հայաստանյան իրականությունից ու դրան բնորոշ սոցիալ-տնտեսական պայմաններից ծնունդ առած քաղաքական մտքի բարդ ու հակասալից զարգացման պատմություն։ Այդ պատմությունը, ըստ Հովհաննիսյանի, նաև ազգային կուսակցությունների և ազգային կոմունիստների միջև առկա ներակա կապերի պատմությունն էր: Հովհաննիսյանի ըմբռնմամբ դրանք պատկանում էին միևնույն իրականությանն ու միևնույն քաղաքական մտքի զարգացման տարբեր օղակներն էին: 1920-ականների երկրորդ կեսին հաստատվող ստալինյան քաղաքականությունների հրամայականով հայաստանյան քաղաղաքական մտքի պատմությունը հետահայաց վերանայվել ու աղճատվել էր: Ստալինիզմը խզել էր այդ ավանդույթին հատուկ կապերը՝ այդ թվում ջնջելով ու մոռացության տալով Դաշնակցության ու մեծամասնականների ներհակ կապվածությունը: Ուրեմն, 1960-ականներին՝ բրեժնևյան լճացման տարիներին բարձրացած ստալինիզմի նոր ալիքին հանդիման, Հովհաննիսյանի գիրքը փորձ էր կրկին վերականգնելու հետահայաց այլափոխված հայ քաղաքական մտքի պատմությունը:
Ստորև ներկայացվող վավերագիրրը 1969 թվականին Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի բյուրոյին ուղղված Հովհաննիսյանի դիմումն է: Վավերագիրը բացահայտում է, թե 1960-ականների վերջից սկսած ինչ փաստարկներով ու ինչ ձևերով էր խոչընդոտվում Հովհաննիսյանի գրքի տպագրությունը: Հայ քաղաքական մտքի պատմությունը նորից գրելու, հայ քաղաքական մտքի խզված կապերը կրկին վերականգնելու Հովհաննիսյանի հավակնությունը որակվեց իբրև «դաշնակցության ռեաբիլիտացիայի փորձ»: Նախաստալինյան պատմաքաղաքական ավանդույթը շարունակող իր գրքում Հովհաննիսյանը վերականգնում էր Դաշնակցությանը տրված լենինյան և մեծամասնական գնահատականները: Այդ կերպ վերականգնվում էր նաև ստալինիզմով խեղված հենց մարքսիստական քաղաքական մտքի պատմությունը: 1960-ականներին, սակայն, ստալինիզմից քաղաքական «մաքուր» ավանդույթ ու «մաքուր» պատմություն ժառանգած խորհրդային երկրում ի վերջո պիտի արգելվեր Դաշնակցության պատմության, ուրեմն և հենց իրենց՝ մեծամասնականների պատմության վերանայումը:
Հրապարակվում է ըստ՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Աշոտ Հովհաննիսյանի ֆոնդ, թղթ. 24416, 501 բ, թթ. 1-2:
Հայաստանի կոմունիստական կուսացության Կենտկոմի բյուրոյին
Աշոտ Գարեգինի Հովհաննիսյանից
Դիմում
Սույն դիմումիս կցելով իմ «Ուրվագծեր 19-րդ դարի երկրորդ կեսի արևելահայ հասարակական հոսանքների և հայ քաղաքական կուսակցությունների պատմության» ուսումնասիրության մասին Հայկ. Գիտ. ակադեմիայի պատմության ինստիտուտի գիտխորհրդի, նոր պատմության բաժնի որոշման, և պատմական գիտությունների դոկտոր Խ. Բարսեղյանի ու պատմ. գիտությունների թեկնածու Դ. Մուրադյանի գնահատականների պատճենները՝ խնդրում եմ Ձեր որոշումը աշխատությունս տպագրելու մասին, որը մինչև հիմա ձգձգվում է՝ Կենտկոմի գաղափարական ճակատի ղեկավարության պատճառով՝ չնայած որ գոյություն ունի նաև Կենտկոմի աշխատակից, պատմական գիտությունների թեկնածու ընկ. Հ. Սիմոնյանի դրական կարծիքը:
Ինչպես 1968թ. մայիսին ինձ հայտնեց Կենտկոմի քարտուղար ընկ. Ռ. Խաչատրյանը, Կենտկոմի աշխատակիցներից ոմանք այն կարծիքին են, որ իբր ուսումնասիրությունս տպագրվելու դեպքում, այն ընթերցողների կողմից կարող է ընկալվել որպես «դաշնակցության ռեաբիլիտացիայի փորձ»:
Ի գիտություն բյուրոյի, ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ աշխատությունս ոչ միայն չի հանդիսանում «դաշնակցության ռեաբիլիտացիայի փորձ», այլև, ընդհակառակը, միակ հետազոտությունն է, ուր տրված է ոչ միայն 1890-1905թթ. մարքսիստական–լենինյան դիրքերից գրված դաշնակցության հիմնավորված պատմությունը, այլև նրա թեորիայի ու պրակտիկայի գիտական քննադատությունը: Նյութերին իրազեկ որևէ մեկը շատ կդժվարանա հիշատակել համապատասխան մակարդակով գրված այլ աշխատություն, որը հնարավոր լիներ հակադրել ուսումնասիրությանս: Եթե Կենտկոմում կան կոմունիստներ, որոնք ազնվորեն մտածում են, որ 60 տարի դաշնակցության դեմ գաղափարական անհաշտ պայքար մղելուց հետո, ներկայիս հանգել եմ իրոք այն համոզման, որ դաշնակցությունը արժանի է ռեաբիլիտացման, այդպիսինների վրա բարոյական պարտք է ընկնում հարց դնել ինձ կուսակցությունից վտարելու մասին: Հակառակ պարագային այդպիսինների վարմունքը իրավունք ունեմ դիտելու միայն որպես չարամիտ զրպարտանք:
Իմ հասցեին ուղղված նման կարգի «մեղադրանքները» համարում եմ իմ կուսակցական ու գիտական գործունեությունը վարկաբեկելու անազնիվ փորձ: Որչափ աշխատությանս մեջ դաշնակցության հարցում ես ելնում եմ ոչ թե սոսկ իմ անձնական կարծիքներից, այլ Վ. Ի. Լենինի և հայ ականավոր բոլշևիկների քանիցս ձևակերպած գնահատականներից՝ մնում է միայն զարմանալ, որ կան կոմունիստներ, որոնք այդ տեսակետների պաշտպանության մեջ նշմարում են «դաշնակցության ռեաբիլիտացիայի փորձ»:
Դիմելով Կենտկոմի բյուրոյին խնդրում եմ ըստ էության քննել հարցը, վերացնել գրքիս տպագրության դեմ հարուցվող անհարկի խոչընդոտները:
Աշոտ Հովհաննիսյան
1906 թվականից ՍՄԿԿ անդամ,
կուստոմս նո. 09503198
Երևան, 1969, փետրվարի 26-ին
Հասցե – Երևան, Թամանյանի փող. նո. 2, բնակ. 40:
Հեռախոս – 2-77-16: