Աշոտ Հովհաննիսյանի դիմումը Շմավոն Առուշանյանի տված «անվերապահ գնահատականի» առիթով

 

Ստալինյան աքսորից վերադառնալով՝ 1950-ականների խրուշչովյան Ձնհալի տարիներին Աշոտ Հովհաննիսյանն արդարացվեց և վերականգնվեց Կոմունիստական կուսակցության շարքերում: Նույն շրջանում Հովհաննիսյանը գիտական ու քաղաքական ամբիոններից սկսեց հանդես գալ իր առաջին ելույթներով: Սակայն 1920-ականների պատմաբանական ու քաղաքական մտքի ավանդույթը վերհառնեցնող Հովհաննիսյանի այդ ելույթները հանդիպում էին առճակատման ու քննադատվում էին: Չնայած խռուշովյան Ձնհալի շրջանում անձի պաշտամունքի քննադատությանն ու չափավոր ապաստալինացման քաղաքականություններին՝ Ստալինի մահից հետո իսկ շարունակվող ստալինիզմը 1950-ականներին ակտիվորեն ի հայտ էր գալիս Հովհաննիսյանի` դեռևս 1920-ականներին ձևակերպված պատմաքաղաքական օրակարգի դեմ:

Ստորև ներկայացվող վավերագիրը 1956 թվականին Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի բյուրոյին ուղղված Հովհաննիսյանի դիմումն է: Հովհաննիսյանը դիմումը գրել է նույն թվականին կայացած Կենտրոնական կոմիտեի պլենումի ժամանակ կուսակցական գործիչ Շմավոն Առուշանյանի հնչեցրած ելույթի առթիվ: Ելույթում, ինչպես Հովհաննիսյանն է պարզաբանում, Առուշանյանն անդրադարձել էր իր անցյալ ու ներկա գործունեությանը և դրա մասին «անվերապահ գնահատական» տվել: 1956-ին Հովհաննիսյանի դեմ ուղղված Առուշանյանի քննադատությունն ինքնին ներկայում էր ստալինյան քաղաքականությունը: 1920-ականների քաղաքական ու պատմագիտական մտքի ջնջմամբ ու աղճատմամբ հաստատված ստալինիզմի արդյունքում 1920-ականների իրականությունը 1950-ականներին այլևս հասու էր միայն ստալինյան վերընթերցմամբ: Արդյունքում 1950-ականներին Հովհաննիսյանի դեմ հնչեցրած Առուշանյանի քննադատությունը զուգահեռվում էր 1920-ականների երկրորդ կեսին Հովհաննիսյանի դեմ ուղղված ստալինյան քննադատությանը: Պատահական չէ, որ Առուշանյանի ելույթին անդրադարձող Հովհաննիսյանի քննադատության առանցքային կետն այն է, որ 1950-ականներին սկսված անցյալի վերագնահատումներից հետո անգամ Առուշանյանը 1920-ականների պատմությունը շարունակում է մեկնաբանել ստալինյան դիրքերից: Այս կերպ, Հովհաննիսյանի դիմումը հրապարակ է բերում 1950-ականների այն իրականությունը, որի պայմաններում 1920-ականների պատմական իրողությունը վերականգնել փորձող Հովհաննիսյանը պայքարի մեջ էր մտնում պատմության ստալինյան մեկնաբանության դեմ: 

Վավերագիրը հրապարակվում է մանր սրբագրական և քերականական միջամտություններով ըստ՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Աշոտ Հովհաննիսյանի ֆոնդ, թղթ. 24416, վավ. 492 ա, թթ. 1-7:

 

Հայաստանի Կոմունիստական պարտիայի Կենտկոմի բյուրոյին

ՀԿՊ Կենտկոմի վերջերս տեղի ունեցած պլենումի նիստին ընկ. Շ. Առուշանյանը իր ունեցած ելույթում հարկ է համարել ծանրանալու անցյալ և ներկա իմ գործունեության վրա և տալու իմ մասին իր անվերապահ գնահատականը: Ծանոթանալով նրա ելույթի բնագրին դիմում եմ Ձեզ՝ խնդրելով կցել պլենումի արձանագրություններին ներկա իմ էջերը:

Տակավին երկրորդ պլենումի նախօրեին լսել էի, որ Երևանի համալսարանի պարտկոմիտեի գործի քննարկման ժամանակ ընկ. Առուշանյանը առիթ էր գտել հայտարարելու, որ իրեն համար ես «մեծություն» չեմ: Ըստ երևույթին պլենումում ունեցած նրա ելույթի նպատակն է եղել հենց դոկումենտալ կերպով ապացուցելու իմ «փոքրությունը»:

Մի կողմ թողնելով ընկ. Առուշանյանի հետապնդած նպատակը, պիտի այնուամենայնիվ շնորհակալ լինեմ, որ իր ելույթի ընթացքում նա հարկ է համարել ծանոթանալու պլենումի 1927 թ. իմ այն դիմումի բնագրին, որով ՀԿՊ Կենտկոմին խնդրել էի ինձ ազատել Կենտկոմի քարտուղարի պարտականություններից: Պլենումին մասնակցողները չէին կարող չնկատել, որ այդ դիմումը վկայում է այլ բան, քան կամեցել է դրանով ապացուցած լինել ընկ. Առուշանյանը:

Դիմումիս դրդապատճառը ընկ. Առուշանյանը որոնել է ոչ թե այն իրադրության մեջ, որ 1920-ական թվականների կեսերից ի վեր և մինչև 1930-ական թվականների կեսերը ստեղծված է եղել Հայաստանի Կոմպարտիայի համար, այլ պարզապես նրանում, որ Աշոտ Հովհաննիսյանը «շատ անտաղանդ քարտուղար է եղել և ըստ էության թողել է Կենտրոնական Կոմիտեի քարտուղարի պոստը, կամ որ նա ժամանակին չի կարողացել գլխավորել ՀԿ/բ/Պ-ին և թողել գնացել է»:

Սահելով գրածիս սկզբունքային բովանդակության վրայով և զանց առնելով դիմումիս բուն դրդապատճառը, ընկ. Առուշանյանը անգիտացել է, որ մի անգամ գրաված բարձր պաշտոնին համառորեն կառչելը միշտ չէ, որ պիտի համարվի քաղաքական իմաստության նշան կամ տաղանդավոր ղեկավար լինելու ապացույց: Հայտնի է, որ միայն անտաղանդ ղեկավարների մեջ չէ, որ կարող է հասունանալ ու ծլել գրաված պաշտոնից հրաժարվելու խոհեմությունը: Համոզված եմ, որ հակառակ կարծիքը կլիներ սխալ մի մտայնություն, որը պարտիական պաշտոնատերերի գիտակցության մեջ արմատանալու դեպքում կարող էր պատճառ դառնալ պարտիական ղեկավարության և ի վերջո նաև պարտիական կյանքի լճացման:

Ընկ. Առուշանյանի ելույթից ակներև է, որ վերջին երեք տարվա ընթացքում կատարված մերկացումներից ու վերագնահատումներից հետո իսկ նա շարունակում է մոտենալ Հայաստանի Կոմպարտիայի անցյալին տրորված ու մաշված այն հայացքների տեսանկյունից, որոնք տարիներ շարունակ – մանավանդ՝ 1936-37 թվականներին ու հաջորդ մեկ ու կես տասնամյակների ընթացքում – արհեստականորեն պատվաստվում էին մեզանում և հրամցվում որպես անտարակուսելի ճշմարտություններ:

Առանց անձնական իմ կարողությունները գերագնահատելու մտադրության, պատմական իրողությունը վերականգնելու համար ստիպված եմ հիշեցնելու, որ 1926-1927 թվականներին Հայաստանի Կենտկոմում ստեղծված էր մի իրադրություն, որ ես հարկադրված էի կամ հրաժարվել պատասխանատու քարտուղարի պաշտոնից կամ ջնջելով ներքին իմ համոզումները համակերպվել քաղաքական մի ուղեգծի, որի կողմը սկսում էին թեքվել Հայաստանի ԿՊ Կենտկոմի և Վերստուգիչ Հանձնաժողովի դյուրաթեք անդամներից ոմանք: Հակադրվելով Հայաստանի ԿՊ Կենտկոմի ղեկավար գծին այդ ընկերները սկսում էին կողմնորոշվել դեպի այն ցուցումները, որ տարբեր ուղիներով ստացվում էին Ս. Օրջոնիկիձեի և Մ. Օրախելաշվիլիի լենինյան գծի դեմ՝ Անդրկովկասյան երկրային կոմիտեի ներսում հետզհետե ազդեցություն նվաճող Հ. Նազարեթյանից, Շ. Էլիավայից, Լ. Բերիայից, Ռուբենից և անգամ սրանց գրական ձայնափող հանդիսացած Ս. Երզնկյանից:

Սխալ է այնպես պատկերացնել իմ վիճակը, թե ես նահանջել եմ սրանց գրոհների առաջ՝ առանց որևէ դիմադրության: Ով ծանոթ է 1923-1928 թվականների ընթացքում պարտիական ընդհանուր գծի կամ ՀԿՊ քաղաքական դիրքերի պաշտպանության համար իմ ունեցած ելույթներին և մասնավորապես իմ գրած բրոշյուրներին ու հոդվածներին, չի կարող անգիտանալ այդ տարիների ընթացքում տարած իմ պայքարը: Այդ պայքարի տրամաբանությունից ելնելով՝ 1927 թ. իմ հրաժարականը ինձ ու իմ համախոհների համար նպատակահարմար միջոց էր միայն պարտիական ղեկավարության միասնությունը կազմակերպչորեն ամրապնդելու և տարված պայքարը շարունակելու համար:

Դժբախտաբար, 1926-27 թթ. առկա կրիտիկական դրությունը իմ հրաժարականից հետո գնալով խորացավ: Իմ հրաժարականից մի տարի անց հաջորդեց «շատ անտաղանդ» մի այլ քարտուղարի՝ Հ. Հովսեփյանի հրաժարականը, իսկ ՀԿՊ-ի ղեկավարության համար ստեղծված անհամեմատ ավելի ծանր կացության մեջ, 1936 թվականին «շատ անտաղանդ» մի երրորդ քարտուղար կնքեց իր հրաժանականը ատրճանակի գնդակով: «Անտաղանդ» քարտուղարներին Հայաստանի Կենտկոմում հաջորդում էին Բերիային ու յուրայիններին համակերպվելու հնարների մեջ վարժված «շատ տաղանդավոր» կարյերիստները՝ Հ. Կոստանյանը և ապա՝ Հ. Ամատունին: Թե ի՞նչ շահեց Հայաստանի Կոմպարտիան սրանց «տաղանդից» այդ հարցին պատասխանելու համար ներկայիս հարկ չկա վատնելու թուղթ ու մելան:

Չգիտեմ, ո՞վ և ի՞նչ կապակցությամբ է հարց դրել այն մասին, որ ես գլխավորեմ նորից Հայաստանի Կոմպարտիան կամ Հայաստանի սովետական ռեսպուբլիկան: Սա մի նորություն է, որ ինձ հայտնի դարձավ միայն ընկ. Առուշանյանի ելույթից: Բոլոր պարագաներում՝ կարող եմ այդ առիթով խիստ անհանգստացած ընկ. Առուշանյանին անկեղծաբար հավաստիացնել, որ այդ մտքի հեղինակները չեն արտահայտել ոչ իմ տրամադրությունը, ոչ իմ ցանկությունը:

Ինձ մոտիկից ճանաչողները գիտեն, որ կյանքումս երբեք աչք չեմ տնկել իմ ուժերից վեր որևէ պաշտոնի և ոչ էլ նախանձել իր ուժերից վեր պաշտոնների կառչած որևէ մեկի վիճակին: Մասնավորապես ոչ մի բան այնքան հեռու չէ եղել իմ մտքից, քան ընկ. Առուշանյանի հաջորդը դառնալու փառասիրությունը: 

Անձնապես հույժ բավարարված եմ և շնորհապարտ մեր մեծ պարտիային՝ ինձ իմ պարտտոմսը վերադարձնելու համար և միանգամայն գոհ համեստ գիտաշխատավորի կամ թեկուզ, ինչպես ընկ. Առուշանյանն է ասում, «միայն գրականագետի» իմ աշխատանքով: Նկատեմ, ի դեպ, որ բնավ խոցված չեմ «միայն գրականագետ» համարվելու պատվից: Գիտեմ, որ ժամանակին ոմանք Մամիա Օրախելաշվիլիին ևս մշակում էին՝ համարելով նրան՝ «միայն գրականագետ»:

Թվում է սակայն, որ եթե գտնվել են անտակտ մարդիկ, որոնք այս կամ այն բարձրադիր պաշտոնի համար տվել են նվաստիս անունը և դրանով վիրավորել ոմանց ինքնասիրությունը, հարկ էր որոնել երևույթի շարժառիթը: Խնդիրն այն չէ, անշուշտ, որ ոմանց մոտ խիստ սխալ կարծիք կա իմ կարողությունների ու ցանկությունների մասին, ինչպես ենթադրել է ընկ. Առուշանյանը, այլ պարզապես այն, որ ղեկավար ընկերների կողմից իմ նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքը ոմանց մեջ առաջ է բերել որոշ երկմտանք: Ես ինքս դեգերում եմ մինչև հիմա այդ երկմտանքի մեջ և Կիրովյան ռայպարտակտիվում ունեցածս ելույթի մեջ բերել էի այդ մասին բնորոշ փաստեր: Նման փաստերը /որոնց թիվը կարող էի բազմապատկել/ ստուգելու կամ դրանք հերքելու փոխարեն, ընկ. Առուշանյանը նպատակահարմար է համարել ասպարեզ գալ պլենումում ինձ վար զառնելու համար:

Ընկ. Առուշանյանը մեղադրում է ինձ այն առթիվ, որ Կիրովյան պարտակտիվում ունեցածս ելույթի ժամանակ չեմ ասել, թե «ի՞նչ է պետք 20-րդ համագումարի որոշումները կատարելու համար»: Դրա փոխարեն, ասում է նա, Հովհաննիսյանը արհամարհանքով քննադատել է Երևանի քաղաքային կոմիտեին և նրա ղեկավարներին, զբաղվել սովետական քաղաքականության կամ դեռ ավելին՝ սովետական իշխանության «սիստեմը» քննադատելով: Վերջին մեղադրանքը ապացուցելու համար ընկ. Առուշանյանը հարկ է համարել պլենումի առաջ վկայակոչելու իմ ելույթից այսպիսի մի տող. «Այնուամենայնիվ ինձ թվում է խոսելով Ստալինի թույլ տված սխալ քաղաքականության մասին, չի կարելի կենտրոնացնել կրակը Ստալինի անձնավորության դեմ: Դժբախտությունը միայն Ստալինը չէ, այլ այն սիստեմը, որ գլխավորում էր Ստալինը»: Ինչ խոսք, որ այսքան կարկառուն մեջբերումից հետո ընկ. Առուշանյանը ջանում է նշավակել ինձ սովետական և պարտիական մեր ամբողջ սիստեմը քննափետողի դերում:

Որևէ հարցի լուրջ քննարկումը կարող է օգտաբեր լինել, եթե քննարկման ընթացքում չի աղճատվում քննադատության ենթակա հարցը: Նման աղճատման դիմում են սովորաբար հարցի դժվարությունից խուսափելուն կամ հակառակորդի նկատմամբ դյուրին հաղթանակ որսալուն հետամուտ ընդդիմախոսները:

Կիրովյան պարտակտիվում ունեցած իմ ելույթը ուղղված էր այն ընկերների դեմ, որոնք 20-րդ պարտհամագումարի որոշումների կատարման մասին խոսելով ասում էին թե պետք է հրաժարվել պաշտամունքի առարկա դարձած անհատի անվան ու երկերի հիշատակումից, իջեցնել մեր հիմնարկների պատերից նրա պատկերը, վայր գլորել նրա արձանները կամ դուրս նետել դամբարանից նրա դին: Ես առարկում էի նրանց, ովքեր փորձում էին մշակել պաշտամունքի առարկա դարձած անհատին նույն եղանակով, որով ինքը՝ պաշտամունքի առարկա դարձած անհատը, սովոր էր քննադատել ու անվանարկել քաղաքական իր հակառակորդներին: Քաղաքական պայքարի նման մեթոդները ընդհանուր քիչ բան ունեն մարքսիզմ-լենինիզմի մարտական պրակտիկայի հետ:

Առարկելով պարտհամագումարի որոշումների կատարման նման մեթոդների դեմ, ես մատնանշում էի, որ նման ճանապարհով չէ, որ պիտի կատարվեն 20-րդ պարտհամագումարի որոշուները: «Ինքըստինքյան հասկանալի է, ասել եմ ես իմ ելույթի մեջ – որ հարց դնել 20-րդ համագումարին լենինյան պարտիական ղեկավարության սիստեմի վերականգնելու մասին, դա նշանակում է քննադատել, նշանակում է հարվածել պարտիական ղեկավարության այն սիստեմը, որը մինչև 20-րդ համագումարը երկար տարիների ընթացքում, կարող ենք ասել, առնվազն 1934 թ. հետո իշխել է: Ստալինը անձնավորում էր այդ սիստեմը, խտացնում իր անձնավորության մեջ այս սիստեմի բոլոր բացասական հատկանիշները… Ինձ թվում է, որ խնդիրը Ստալինի անձնավորությունը չէ, այլ պարտիական ղեկավարության այն հոռի սիստեմը, որ դատապարտում էր Լենինը, սիստեմ, որ Լենինի մահից հետո և առանձնապես 1934 թ. հետո տիրող դարձավ պարտիայի ղեկավարության մեջ»:

Հիրավի: 20-րդ պարտհամագումարը նախագծել է կոմունիստական շինարարության հսկայական ծրագիր: Դրա իրագործումը կարող է դյուրանալ, եթե ապահովվի պարտիայի, սովետների, պրոֆմիությունների և բոլոր մեր հիմնարկների ու ձեռնարկությունների մեջ ներգրավված մասսաների ակտիվ նախաձեռնությունն ու ստեղծարար մասնակցությունը, եթե կարողանանք մասսաների պարտիական ղեկավարման նեխված, հակալենինյան, բյուրոկրատական ցենտրալիզմի սիստեմը փոխարինել Լենինի հանձնարարած դեմոկրատական ցենտրալիզմի սիստեմով: Առանց դրան անհնարին կլինի վերականգնել լենինյան սկզբունքների և նորմերի այն սիստեմը, որի պաշտպանությանը նվիրված էր 20-րդ պարտհամագումարը: 

Ամեն մեկը, որ լսել է Կիրովյան պարտակտիվի իմ ելույթը կամ կարդացել այդ ելույթի արձանագրությունը, չի կարող չիմանալ, որ այս է եղել իմ ելույթի հիմնական միտքը: Նկատեմ, որ նույն այդ միտքը ևս պաշտպանել եմ նաև այն խորհրդակցության ժամանակ, որ Կիրովյան պարտակտիվից առաջ տեղի ունեցավ Կենտկոմում, ընկ. Ս. Թովմասյանի նախագահությամբ:

Իմ ելույթից պոկելով իր արած մեջբերումը՝ ընկ. Առուշանյանը ջանացել է ներկայացնել ինձ պարտիայի և սովետական իշխանության հակառակորդի դերում՝ հետապնդելով դրանով մի նպատակ, որ ավելի շուտ հիշեցնում է ՀԿՊ 11-րդ համագումարին նրա ունեցած այն ելույթը, ուր հիշատակություն կա նաև իմ մասին, քան այն, ինչ տեղին կլիներ ասել, աչքի առաջ ունենալով վերջին երեք տարիների ընթացքում տեղի ունեցած վերագնահատումները և մասնավորապես 20-րդ համագումարի որոշումները, որոնց կատարման մասին այնքան մտահոգված է նա:

Երևան,

25 հունիսի, 1956 թ.