Միապետի ինչպիսի՞ պատկեր է տալիս 19-րդ դարասկզբի հայ կերպարվեստը: 1800-ականների սկզբներին ռուս-թուրքական պատերազմում Ռուսական կայսրության հաղթանակն ուղենշում էր նրա տիրապետությունը Վրաստանի տարածքում, որտեղ գործում էր Հովնաթանյան նկարիչների ընտանիքը: Մասնավորապես ուշագրավ են թիֆլիսաբնակ Մկրտում Հովնաթանյանի՝ յուղաներկով կտավի վրա արված հայ նահապետների ու արքաների շարքերը, որոնցից մի քանիսը ներկայումս ցուցադրված են Հայաստանի ազգային պատկերասրահում: Ստորև ներկայացված Հայկ նահապետի և Տրդատ մեծի պատկերներն արված են, ըստ երևույթին, 1830-ականների կեսերին, և, չնայած արժանացել են բազմաթիվ արվեստաբանների ուշադրությանը, այնուամենայնիվ պատկերագրական որոշ դրվագներ մնացել են չբացահայտված: Ողջ հասակով մեկ կանգնած պատմական կերպարները ներկայանում են իրենց դրոշներով, որոնցից մեկի՝ Տրդատի դրոշի վրա զետեղված է Աստծու գառան պատկերը, իսկ Հայկի դրոշը զարդարում է յոթգլխանի հիդրան: Որքանո՞վ են այս խորհրդանշանները բնորոշում նահապետի ու Արշակունի թագավորի տոհմն ու իշխանությունը: Հարց, որի քննությունը մեզ թույլ կտա մոտենալ 19-րդ դարի հայ մտավորականների շրջանում ձևավորվող միապետականության ըմբռնումներին:
Վենետիկի Մխիթարյան միաբանության հայր Վարդան Հացունու՝ 1919 թվականին գրված Հայ դրօշները պատմութեան մէջ գրքից ներկայացվող հատվածները որոշակիորեն լույս են սփռում վերոհիշյալ հարցի վրա: Աստծու գառան պատկերը, որ հռոմեական կաթոլիկ եկեղեցական ավանդույթի խորհրդանշան էր դեռևս սկսած 5-րդ դարից, ըստ նրա, չի հանդիպում ոչ միայն հայ պատմագիրների վկայություններում, ոչ էլ նշանային պատկերագրության որևէ հին հայկական աղբյուրում: Հեղինակը հետևողականորեն քննում է այն աղբյուրները, որտեղից սկսվում է Աստծու գառան պատկերը հայ թագավորական զինանշանային համակարգում՝ տեսնելով դրանք 18-րդ դարի պատկերագրության մեջ: Այս առումով Հացունու քննադատությանն է արժանանում Մխիթարյան միաբանության հայր Ղևոնդ Ալիշանի և մյուս կողմից՝ 1790 թվին ռուսահայ համայնքի հոգևոր առաջնորդ Հովսեփ Արղությանի այն մեկնաբանությունը, թե քրիստոնեության ընդունումից հետո Արշակունիները, հրաժարվելով արծվի խորհրդանշանից, վերցրել են Աստծու գառան պատկերը: Այնուամենայնիվ վերջինս՝ որպես Տրդատի թագավորության խորհրդանիշ, հանդիպում ենք ավելի վաղ՝ 1778 թվականին հնդկահայ վաճառական Շահամիր Շահամիրյանի՝ Հայաստանի քարտեզի պատկերներում. քարտեզ, որը կարևոր նշանակություն էր ստացել հնդկահայ գործիչների՝ Ցարական Ռուսաստանի միջոցով այլադավան տիրապետողներից հայերի ազատագրության նախագծի շրջանակում: Այս պատկերագրական կապն է ցույց տալիս նաև Հայկի խորհրդանշան հիդրան, որի հետ նահապետի առնչությունն առհասարակ հիմնավորված չէ: Արղությանի հետ Շահամիրյանի համագործակցության արդյունքում էին, ըստ երևույթին, սույն խորհրդանշանները տեղ գտել 18-րդ դարավերջի Ռուսահայաստանում՝ ազատագրվելու և պետություն ունենալու բաղձանքի համատեքստում՝ հասնելով արդեն ռուսաստանահպատակ նկարչին: Այս կապերն են, այսպիսով, մեզ հնարավորություն տալիս շոշափելու 19-րդ դարի սկզբի քաղաքական նոր դրության պայմաններում միապետի տեսողական ընկալումներն ու դրանց հիմքում ընկած ավանդույթները:
Հրապարակվում է ըստ՝ Վարդան Հացունի, Հայ դրօշները պատմութեան մէջ (Վենետիկ: Ս. Ղազար, 1919), էջ 199-201:
Պատկերները՝ Մկրտում Հովնաթանյանի (1836-1837?):
…
[էջ 18-19]
Հ. Ալիշան կը յարէ նոյն տեղ («Այրարատ»)՝ թէ Արշակունեացը «համարի յոմանց արծուի, և առ քրիստոնէութեամբ՝ գառն Աստուծոյ»: Նոյնպէս անծանօթին տենչացող, և ենթադրութեան սահմանաց մէջ թափառողներ էին այդ ոմանք. և նոյն ինքն Յով. Արքեպ. Արղութեան, որ վերոյիշեալ Դաշնադրութեան մէջ կը գրէր. «13. Յարմարեսցի կնքին թագաւորական ըստ սովորութեան առաջնոց թագաւորացն մերոց. Արշակունեաց արծիւն միագլխանի՝ որ նախ քան զքրիստոնէութիւն, գառն՝ ի ժամանակի քրիստոնէութեան, և երկու առիւծն ի Փոքր Հայաստան, և սոքօք զարդարեսցին հանդերձքն թագաւորաց մերոց, դրօշակքն և դրամք»:
…
[31-32]
Ոչ մէկ ակնարկութիւն, և ոչ հաւանականութիւն կայ՝ թէ Արշակունիք քրիստոնէութեան շրջանին փոխեցին իրենց աւանդական նշանը Գառին: Յիշեցինք վերեւ՝ որ արքունի գահուն դատարկութեան պահուն՝ անոր խնամակալը Մանուէլ՝ Պարսից արքայէն ստացաւ «թագաւորական» նուէրներ, որոց մէջ նաև «շիկակարմիր խորան, և ի վերայ խորանին արծուի նշան» (Փաւս. Ե, ԼԸ). ապացոյց՝ թէ ինչպես շիկակարմիրը, արծիւն ալ յետ քրիստոնէութեան դեռ ևս սեպհական կը մնար այն գահուն՝ որուն կը խնամարկէր և որոյ նշանակներով կը մեծարուէր Մամիկոնեան սպարապետը: Եւ Խորենացին Արշակունեաց արծուենշանն աւելի կենդանի սովորութենէն կը ճանաչէր քան հինէն: Կարծեցեալ Գառն՝ արևմտեայց քաղաքակն հին դրօշուց վրայ ևս անծանօթ է: Նաև Օբեր՝ որ գառին զանազան խորհրդաւոր գործածութիւնքը կը յիշատակէ, մինչև եպիսկոպոսական գաւազանին ծայրը, չի ճանաչեր զայն դրօշուց վրայ:[1]Auber, Hist. du Symbolisme religieux. Paris. 1870. Որով Արղութեանի յիշեալ կարծիքը չունի որ և է պատմական հիմք:
Ծանոթագրություններ
↑1 | Auber, Hist. du Symbolisme religieux. Paris. 1870. |
---|