Ավարայրի ճակատամարտը՝ պետության հիմքում. հայ գրագետի սուրբն ու ժողովրդի դյուցազունը

 

 

Ներածություն

2001 թվականին՝ Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադրման տասներորդ տարում, պետական բարձր մակարդակով նշվում էր Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակը։ Նույն այս տարում էր լրանում նաև Ավարայրի ճակատամարտի 1550-ամյակը, որի ոգեկոչման արարողությունները ներառված էին ընդհանուր տոնակատարությունների շրջանակում։ Այս առիթով անցկացված «Ավարայր-1550» գիտաժողովի նյութերն ամփոփվեցին Ավարայրի խորհուրդը հատորով, որի ընդհանուր խմբագիր Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանն այսպես է ձևակերպում տարելիցի կարևորությունը.

Վարդանանց պատերազմը մեզի համար եղաւ բարոյական յաղթանակի, կեանքէն վեր արժէքներու համար մղած ճակատամարտ, եւ Եղիշէի պատմումով, դարձաւ մեր ժողովուրդի ամենէն շքեղ, փառայեղ պատմութիւնը, պատկերը, երազը։ Եւ մենք այսօր ալ այդ պատկերին մէջ կը տեսնենք մենք զմեզ, եւ անոր ոգիով ալ կը գծենք մեր լինելութեան ճամբան։[1]Մեսրոպ արք. Աշճեան (խմբ.), Ավարայրի խորհուրդը (Երևան։ Մուղնի հրատ., 2003), էջ 5։

Նույն 2000-ականների սկզբին հանրության լայն շրջանակներում ամենաշատ տարածում ունեցող հումորային հաղորդումներից մեկն էկրանավորել էր Վարդան Մամիկոնյանի մասին այսօր թերևս ամենից հաճախ հիշվող մանրապատումը։ Գյուղացի հովիվին կախարդը հնարավորություն է տալիս սրտի ուզած երեք բանը խնդրել։ Հովիվը սկզբում խնդրում է, որ Վարդան Մամիկոնյանը դիմացի հեռու սարերով անցնի, ինքը տեսնի ու «էդ հերոսական շունչը, ոգին զգա»։ Առաջին երազանքը կատարվելուց հետո երկրորդ ու երրորդ անգամ էլ է նույն բանը խնդրում, բայց արդեն ավելի մոտիկից, «որ էդ հերոսական ոգին, թե ոնց ա ինքը ջարդել պարսիկներին, փղերին», ավելի լավ զգա։ Վերջին անգամ դիմացի ամբողջ սարը կտրել անցնելուց հետո հովիվի երազանքի հերոս Վարդանն էլ չի դիմանում՝ «այ ոչխար, էլ ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս, հերիք ա»։[2]Մանրապատումը տե՛ս https://bit.ly/3S6HOWR, այց՝ 1 դեկտեմբերի 2023թ.։ «Մեր ժողովուրդի ամենէն շքեղ, փառայեղ պատմութիւնը, պատկերը, երազը» ժողովրդի իսկ երևակայության մեջ մի կողմից երևում է իրոք իբրև պանծալի մի դրվագ. դրա շունչը զգալը հովիվի երազանքն է, որն «էլ ուրիշ հերոսի անուն չգիտի»։ Մյուս կողմից էլ սրբացված Վարդանն ի զարմանս երկրպագու հովիվի՝ իր նման հայ մարդ է, ով իրեն ծանոթ ձևով կհոգնի, կբարկանա ու կհայհոյի։ Հումորը սուրբ հերոսին հողկացում է ու խնդմնդում նրան աստվածացրած գյուղացու տաք ջերմեռանդության վրա։ Եվ կարծես հավաստելով Աշճյանի խոսքի ճշմարտացիությունը՝ այն միաժամանակ կյանքի հյուսվածքի մեջ է դնում «կեանքէն վեր արժէքներու համար մղած ճակատամարտի» հերոսին։ Սրբազան պատերազմի հերոս, դյուցազուն նահատակ Վարդան Մամիկոնյանի ժողովրդական ու մտավորական ընկալումների այս ներհակ դինամիկան է հենց ընկած ներկա հետազոտության առանցքում։

Հայ գրականության ոսկեդարը համարվող հինգերորդ դարի մատենագիրների շարքում Եղիշեն իր առանձնահատուկ տեղն ունի։ Նրա Վասն Վարդանայ և հայոց պատերազմին երկի աշխարհաբար թարգմանիչ Երվանդ Տեր-Մինասյանն այսպես է բացատրում Եղիշեի հատուկ հմայքը. «Այն իսկապես ասած մի սովորական պատմություն չէ, այլ վկայաբանական գունավորում ստացած մի պատմական դյուցազներգություն, պատմությունն իրեն նյութ վերցրած մի բանաստեղծական քերթված, ո՛չ թե սոսկ պատմաբանի, այլ հոգով բանաստեղծի գործ»։[3]Տեր-Մինասյանի թարգմանությունն իր ծավալուն առաջաբանով առաջին անգամ լույս է տեսել 1946-ին, տե՛ս Երվանդ Տեր-Մինասյան (թրգմ.), Եղիշեի Վարդանանց պատմությունը (Երևան։ Հայպետհրատ, 1946)։ Իբրև այս հրատարակության առաջաբան գրված հետազոտությունը, որ Եղիշեի երկի հետագա հրատարակություններում ներառված չէ, լույս է տեսել նաև Տեր-Մինասյանի աշխատությունների առանձին հատորում, որից և կտրվեն հետագա հղումները։ Մեջբերումն ըստ՝ «Եղիշեի «Վարդանանց պատմությունը» և նրա քննադատները», ըստ՝ Երվանդ Տեր-Մինասյան, Պատմա-բանասիրական ուսումնասիրություններ (Երևան։ Հայկական … կարդալ ավելին Բանաստեղծ-պատմիչն ինքը երկի ընծայականում կարծես կանխորոշում է իր գործի այս հեռագնա ազդեցությունը՝ այսպես ձևակերպելով իր նպատակը. «զի հանապազորդ ընթեռնուցուս, լսելով զառաքինացն զքաջութիւն, և զյետս կացելոցն զվատթարութիւն»։[4]Եղիշէ, Վասն Վարդանայ եւ հայոց պատերազմին (Երևան։ ԵՊՀ հրատ., 1989), էջ 8։ Գրված լինելով իբրև «մխիթարութիւն սիրելեաց և յոյս յուսացելոց, քաջալերութիւն քաջաց…»՝[5]Եղիշէ, Վասն Վարդանայ եւ հայոց պատերազմին, էջ 10։ Վասն Վարդանայ և հայոց պատերազմին երկի պատմությունն, ըստ Մանուկ Աբեղյանի, դառնում է մի «բարոյական ուսում»։[6]Մանուկ Աբեղյան, Հայոց հին գրականության պատմություն, գիրք Ա. (Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1944), էջ 304։ Իր «քաղցրախոսիկ» լեզվով, արթնացրած վառ պատկերներով, քարոզիչի կրակոտ խոսքով Եղիշեն տպավորել է հետնորդներին ու մտել ժողովրդի երևակայության մեջ։

Եղիշեի այս հմայքը ճամփորդել ու հասել է Հայաստանի երրորդ հանրապետություն։ Հայերի «լինելության» համար սահմանադիր համարվող պատերազմին նվիրված Ավարայրի խորհուրդը հոբելյանական հատորում կարմիր թելով անցնում է տասնամյա անկախություն ունեցող պետության համար Վարդանանց սխրանքի հատուկ նշանակությունը։ Հայերի պետության ու կրոնական պատերազմի այս առանձնահատուկ կապն առավել ակնառու է երևում մեկ այլ պատմական զուգահեռով։ Ժողովածուն, պատմական հետագծի մեջ դնելով Ավարայրի նշանակությունը, «20-րդ դարի նոր Ավարայր» անունն է տալիս Հայաստանի առաջին հանրապետության հռչակման գործում հիմնադիր նշանակություն ստացած Սարդարապատի ճակատամարտին։ Այսպես անկախ պետականության տասնամյա ներկայում հառնում է Ավարայրից Սարդարապատ հարատևած ոգին. «Հիմա, անկախ Հայաստանի մէջ, մենք տէրն ենք Աւարայրին, տէրն ենք Աւարայրի ոգիին, որովհետև նոյն այդ ոգին էր, որ ի վերջոյ, թռիչք եւ կորով տուած էր Հայոց բանակին, որ 1918 թ. Մայիսին աւարայրեան ոգիով յառաջ ընթացաւ….»։[7]Աշճեան, Ավարայրի խորհուրդը, էջ 6։ «20-րդ դարի Ավարայր» ձևակերպումը գտնում ենք Սվետլանա Պողոսյանի զեկույցում, տե՛ս Սվետլան Պողոսյան, «Վարդանանց տոն. ավանդույթներ և հեռանկարներ», ըստ՝ Ավարայրի խորհուրդը, էջ 247։ Արդի շրջանում հայերի առաջին անկախ պետականության՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմքը համարվող պատերազմն, ուրեմն, զուգահեռվում է կրոնական այն ճակատամարտի հետ, որ մղել են հայերը դեռևս հինգերորդ դարում։[8]Սարդարապատի ճակատամարտը՝ իբրև Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր պատերազմ դիտարկելն ինքնին վիճարկված մոտեցում է։ 1918 թվականի մայիսին հայերի՝ օսմանյան բանակի դեմ մղած կենաց-մահու կռիվը խորհրդահայ պատմագրությունն, օրինակ, կարևորում էր՝ նախ և առաջ դիտարկելով այն իբրև ժողովրդի աշխատավոր ներքնախավերի ինքնաբուխ գոյապայքար, որը մեծապես պայմանավորեց կովկասյան ճակատում պատերազմի ելքն ու ապահովեց հայերի՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքն առհասարակ։ Տե՛ս, օրինակ, Հարություն Թուրշյան, Սարդարապատի հերոսամարտը (Երևան։ Հայաստան, 1969)։ … կարդալ ավելին Այս զուգահեռին հատորում միանում է նաև Արցախյան առաջին պատերազմի պատկերը՝ իբրև անկախացած երրորդ հանրապետության նոր Ավարայր։[9]Արցախյան պատերազմի՝ իբրև ՀՀ նոր Ավարայրի այս պատկերը տե՛ս, օրինակ, խմբագրի առաջաբանում. «Աւարայրի յաջորդող մռայլ օրերը անցած ենք հիմա։ Արցախը արդէն իրականութիւն է», Աշճեան, Ավարայրի խորհուրդը, էջ 15-16։ Ավարայր-Սարդարապատ-Շուշի եռամիասնությունը փառաբանելու մասին է խոսում նաև Սվետլանա Պողոսյանը, տե՛ս «Վարդանանց տոն. ավանդություններ և հեռանկարներ», էջ 248։

Սա հայերի ազգային պետություն կառուցելու երկու փորձերի հիմքում դնում է սրբազան պատերազմի մի ըմբռնում, որի տրամաբանությունը սահմանադրել է Եղիշեն իր Վասն Վարդանայ և հայոց պատերազմին երկով։ Նոր հավատով վերածնված հայությունը պատմիչի ներկայացրած պատկերում կտրուկ շրջադարձով մերժում է կյանքի հիմքը կազմող կապերն ու միաբանվում գաղափարով։ Իրենց շրջապատող կյանքից՝ տարածաշրջանի ժողովուրդներից հոգով ու մտքով պոկվել ցանկացող, նոր հավատով միաբանված ժողովուրդը գնում է նահատակության՝ հանուն Քրիստոսի հավատի ուրախությամբ ընդառաջելով մահվանը՝ իբրև «հավաստի կյանք»։ Հողեղեն իրականությունից վեր գաղափարին անվերապահորեն նվիրվելու և հակառակ տարածաշրջանի իրականության դեպի մահը մղվելու այս տրամաբանությունը հայերի արդիացման 19-րդ դարի հանգրվանում թարմացվում է և դառնում արդի ազգի ինքնության առանցքներից մեկը։ Այս վերափոխված ու արդիացված եղիշեականության ներսում ազգն ու հայրենիքն են դառնում այն բարձր գաղափարները, հանուն որոնց «քրիստոնեության զինվոր» հայը պետք է նահատակության գնա՝ ընդդեմ տարածաշրջանի կյանքի։ Արդեն արդի ազգային պետությա՛ն համար մղվող երկու պատերազմներն այսպես հայելայնորեն անդրադարձնում են նահատակությամբ երկնային արքայություն հասնելու սրբազան պատերազմի տրամաբանությունը։

Սա վառ երևում է Ավարայրի 1550-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակից Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի խոսքում, որն ընդհանրացնում է Ավարայրի ոգին ու բերում այն ներկա՝ կորսված ավետյաց երկրի խոստումով.

Ավարայրը հայի արդար և անլռելի պահանջատիրության դրսևորումն է այսօր։ Այդ ոգին թելադրում է, որ մղենք մեր արդար պայքարը՝ պահելու համար մեր հայեցիությունն ու ինքնությունը, չկորցնելու համար այն մեծ հույսը, որ մի օր գտնելու ենք հայրենի հողը՝ ավետյաց երկիրը, այն սրբազան հողը, որ լի է անմահության հիշատակումներով։[10]Նավասարդ եպս. Կճոյան, «Ավարայրի խորհուրդը», ըստ՝ Ավարայրի խորհուրդը, էջ 250։

Արդեն տասնամյա պետականության պայմաններում՝ 2001-ին, հայի ինքնության պահպանման գրավականը, փաստորեն, ոչ թե ինքնուրույն պետականությունն է, այլ դեպի ավետյաց երկիր ձգվող հոգևոր անդադրում կռիվը, որն իբրև «անլռելի պահանջատիրություն» կենդանի է անկախ պետականության իրականության մեջ։ Պետությունն այստեղ երևում է իբրև ազգային մեծ պահանջներ դնող հոգևոր այս կռվի սոսկ հենակետ։[11]Հոգևոր հավերժ պայքարի բարձր չափանիշի տակ պետականության՝ իբրև ինքնին արժեքի այս հետմղման պարագայում թերևս պատահական չէ, որ Նավասարդ Կճոյանի անունը՝ հենց իբրև հոգևորականի ժողովրդի մեջ ամենաշատն է կապվում պետության օրենքը զանցելով ապօրինի գործարքների գնալու, անօրեն ճանապարհով հարստություն կուտակելու հետ։ Կճոյանը 2010-ականներին ներգրավված էր հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացված «Կիպրոսի օֆշորային սկանդալի» մեջ։ 2023-ին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը հրավիրվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով … կարդալ ավելին

Եպիսկոպոսի խոսքում ավետյաց երկիր հասնելու այս՝ կրոնաեկեղեցական բարոյականությամբ տոգորված ձգտումն արձագանքն է 19-րդ դարի կեսից հայերի՝ արդիացման բովում ձևակերպվող ազգային ազատագրական այն պայքարի, որ կրկին արթնացավ Արցախյան առաջին պատերազմով և դրվեց Հայաստանի երրորդ հանրապետության սրտում։[12]Հատկանշական է, որ 2000-ականներին հրապարակված հայոց պատմության ձեռնարկներում Արցախյան պատերազմն անվանվում է ազգային-ազատագրական շարժում՝ իր ուղիղ զուգահեռներն ունենալով 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի շարժումների հետ։ Տե՛ս, օրինակ, Հրաչիկ Սիմոնյան, Հայոց պատմության հիմնահարցեր (Երևան։ ԵՊՀ հրատ., 2000); Աշոտ Սարգսյան, Արարատ Հակոբյան, Հայոց պատմություն (Երևան։ Ճարտարագետ, 2004)։ «Համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման» խնդիրը դրված էր դեռևս 1991 թվականին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի հիմքում։[13]ՀՀ անկախության հռչակագիրը տե՛ս https://bit.ly/3S7af6W այց՝ 1 դեկտեմբերի 2023 թ.։ Կճոյանի ձևակերպած «անլռելի պահանջատիրությունը», փաստորեն, Հայաստանի անկախությունը հռչակող առաջին պաշտոնական փաստաթղթի մեջ իբրև պետության առաջնահերթություն է ամրագրված։ Ավետյաց երկիր հասնելու հոգևոր այս կռվի մարմնացումն ինքնին Արցախյան շարժումն էր, որն էլ իր հերթին հատուկ տեղ ունի անկախության հռչակագրում. Հայաստանն անկախ հռչակելու գործընթացը հիմնվում է «1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»։[14]Տե՛ս ՀՀ անկախության հռչակագիրը։ Պետականությունն այս կերպ անքակտելիորեն կապվում է հայերի «անլռելի պահանջատիրության» նոր այս դրվագի՝ Արցախյան պատերազմի հետ։ Սա մի իրադրություն է, որը Հայաստանի Հանրապետության հիմքերում շոշափելի է դարձնում հինգերորդ դարից մեզ ավանդված սրբազան պատերազմի՝ տարբեր պատմական հանգրվաններով, արդիացման և աշխարհիկացման գործընթացների բովով անցած ու նոր՝ միջազգային իրավական պատմուճան հագած գաղափարը։

Ներկա հետազոտությունը ելակետ է ընդունում սրբազան պատերազմի և պետության՝ մեզանում իր հաստատված տեղն ունեցող այս զուգահեռը։ Հայերի՝ արդի աշխարհիկ պետության ըմբռնման մեջ առանցքային այս զուգահեռն իր հերթին ի հայտ է բերում արդի ազգային կյանքում հայ եկեղեցու ավանդույթի կայուն ու հիմնավոր այն ներկայությունը, որը հնարավոր չէ շրջանցել։ Մեր թվարկության 4-րդ դարում քրիստոնեության ընդունումը Հայաստանում այն շրջադարձային պահն է, որն ըստ էության կանխորոշել է հայերի ինքնությունը մինչև այսօր։ Այս շրջադարձն է պայմանավորել հայերեն գրերի գյուտն ու առհասարակ հինգերորդ դարում Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի գործունեությամբ սկսված թարգմանչական, ուսուցչական ու մատենագրական այն բուռն ալիքը, որ 19-րդ դարում պետք է դրվեր հայերի՝ իբրև ազգ արդիանալու հիմքում։ Արշակունիների անկումից հետո պետականությունը կորցրած երկրում նոր կրոնով առթված այս մտավորական հեղաշրջումը գրին ու գիտությանը տվեց հատուկ փրկչական նշանակություն։ Սրանով սահմանադրվեց հայերի՝ իբրև նախևառաջ քրիստոնյա՛ ժողովրդի ինքնությունը՝ ի հակադրություն հարևան երկրների հավատալիքների, ժողովրդի արմատացած կենցաղի ու դրանից ելնող ուժերի։ Այս հարացույցի սյուներից մեկն էլ Եղիշեի Վասն Վարդանայ և հայոց պատերազմի «վկայաբանական դյուցազներգությունն» է՝ իբրև հայերի համար սրբազան պատերազմի և հավաքական նահատակության սահմանադիր պատմություն։ Բանաստեղծ պատմիչն այստեղ փառաբանված դյուցազունին՝ Վարդան Մամիկոնյանին, ի հայտ է բերում իբրև այս նոր՝ զգայական կյանքից վեր արժեքների համար նահատակության պատրաստ հերոս։

Մեր հետազոտությունը, մեկնելով արդիացման՝ 19-րդ դարից սկիզբ առած գործընթացներից, մի մասով գնում է հայերի կյանքն արմատապես փոխած եկեղեցական-մտավորական այս ընդլայն նախագծի հետքերով։ Այս հեռապատկերում է, որ 19-րդ դարում արդի գիտության ջատագով, կղերականության դեմ մարտի ելած ու աշխարհիկացման կողմնակից գործիչները միաժամանակ երևում են որպես Սահակ-Մեսրոպյան դպրոցների ժառանգներ։ Սա թույլ է տալիս մեզ ընդհանուր գծերով առանձնացնել հայության շրջանում մտավորական վերնախավերի մոտեցումը, որոնց ընդհանրականորեն կանվանենք հայ գրագետներ։ Նման ընդհանրացումը լի է պատմականորեն էական նրբությունները զանց առնելու վտանգով, բայց միաժամանակ խորքում ի հայտ է բերում հայերի՝ արդի շրջանում ձևակերպված ազգասիրության կրոնաեկեղեցական երեսակը։ Այսպիսի ընդհանրացում մեզ թույլ ենք տալիս, քանի որ հետազոտության նպատակը 19-րդ դարում Եղիշեի ընդունելության պատմությունը գրելը չէ։ Փոխարենը սա փորձ է վերհանելու մտավորական այս նախագծի ներսում սրբազան պատերազմի հարացույցի այն նշանակությունը, որն ընդհանուր է երևում 19-րդ դարում գաղափարական-քաղաքական ասպարեզի տարբեր ծայրերում կանգնած գործիչների համար։ Հայերի արդիացման համար վճռական է Եղիշեի առաջադրած հերոսականության այս տիպը, որն իր հերթին ամրանում է գաղափարական ու բարոյական միաբանության և հանուն գաղափարի միաբան նահատակության գնալու իդեալներով։

Հետազոտությունը միաժամանակ ցույց է տալիս, որ հենց Եղիշեի մոտ բարդ ու իրարամերժ ներհյուսմամբ են ի հայտ են գալիս մի կողմից հայերի կյանքում արմատացած համայնական հին ըմբռնումները, մյուս կողմից նահատակության քրիստոնեական գաղափարը։ Այս հյուսվածքն է, որ թույլ է տալիս հայերի՝ 19-րդ դարի արդիացման գործընթացներում իբրև արդի իմաստով ազգ կայանալու գործին լծված տարբեր գործիչների՝ սրբացնելու ազգի գաղափարն ու աշխարհիկացնելով շարունակելու Եղիշեի սահմանած սրբազան պատերազմի հարացույցը։ Ավարայրի պատումից ծնունդ առած նահատակության կրոնաեկեղեցական իդեալն ուրեմն, 19-րդ դարից սկսած այս կամ այն կերպ թարմացվել ու հայերի՝ որպես արդի ազգի ինքնաընկալման հիմքում է դրվել իրարից նույնիսկ տրամագծորեն տարբեր գաղափարական հոսանքների ներկայացուցիչների կողմից։ Այս նույն իդեալն է, որ հարատևում է Ավարայր-Սարդարապատ-Արցախ շղթայի միջով՝ իր առանձնահատուկ տեղը բռնելով արդի ազգային պետության մեր ընկալումներում։

Այս պատկերը պարզելը մեզ հնարավորություն կտա այդուհետ անդրադառնալու հայ գրագետի փառաբանած նահատակ հերոս սուրբ Վարդանի ժողովրդական կրկնակին։ Այստեղ արդեն մեր իսկ մտավորական փորձը բախվում է առավել մեծ անորոշությունների։ Դարադարձին հայերի շրջանում ազգագրական նյութեր հավաքելու, դրանք դեռևս ձևակերպվող ազգային ինքնության համար հիմնանյութ դարձնելու հայագետների ջանքն է, որ թույլ է տալիս շոշափել ժողովրդական ավանդությունների մեջ ցոլարձակող Կարմիր Վարդանին։ Սա բերնեբերան փոխանցվող մի նյութ է, որն ըստ սահմանման պետք է փոխակերպված լինի, երբ մտնում է գիտության ոլորտ. ուրեմն կանխավ արդեն չպետք է ենթադրենք, որ հնարավոր է պեղել ժողովրդական հերոսի «զուտ» ու «մաքուր» կերպարը։ Այսուհանդերձ, ակնհայտ է, որ ժողովուրդն իր հերոսին՝ Կարմիր Վարդանին, տալիս է մարմնական աշխարհում իրեն պաշտպանելու, մահից փրկելու, ողջ-առողջ պահելու՝ հին կրոնի դյուցազունին հատուկ գերբնական որակներ։ Սրանք ժողովրդի իրական կյանքի կարիքներից մարմին առած պատումներ են, որոնք ի հայտ են բերում հայերի պետականության հիմքերում կանգնած հերոս նահատակի բավական տարբեր մի ըմբռնում։ Եկեղեցու սահմանած հերոսականության հարացույցը, փաստորեն, ժողովրդի կյանքում հաստատվել է, սակայն փոխակերպվել ու ըստ նրա կյանքից ելնող իրական կարիքների իր առանձնահատուկ տեսքը ստացել։ Սա է պատճառը, որ Կարմիր Վարդանի պատումներից և ոչ մեկում հերոսը չի կռվում կանխավ արդեն նահատակվելու մղումով։

Սուրբ Վարդանի և Կարմիր Վարդանի այս բաժանումը հետազոտության մեջ իհարկե պայմանական պետք է նկատել, քանի որ հայ գրագետի հերոսի և ժողովրդական դյուցազունի կերպարներն անընդհատ փոխներթափանցել են ու սնել միմյանց։ Եղիշեի պատումից ծնված ու քարերի հին պաշտամունքի հետ իր կապերն ունեցող, ժողովրդական համարվող «Կարմիր» պատվանունն արդեն 19-րդ դարում գործադրվում է հայ գրագետների կողմից՝ ժողովրդի մեջ ազգային ոգին արթնացնելու, ազգասիրության կրակը վառելու միտումով։ Հակադարձաբար նաև ժողովրդի մեջ Վարդանի մասին տարածված դյուցազնական պատմություններում միշտ չէ, որ հերոսին անվանում են Կարմիր Վարդան՝ պահպանելով նրան սրբացնելու եղիշեական թելերը։ Հետազոտությունն, ուրեմն, նախ պայմանականորեն առանձնացնում է սուրբ հերոս Կարմիր Վարդանի կերպարի ներսում տրոփող երկու իրար հակառակ հերոսականության իդեալներ՝ միաժամանակ փորձ անելով ցույց տալ դրանց փոխներհյուսված կապերն իրենց կոնկրետության մեջ։

Սուրբ հերոս Վարդանի այս ներքին երկփեղկումը մեզ հուշում է, որ հայերի շրջանում պայմանականորեն առանձնացված մտավորական վերնախավերի և ժողովրդական ներքնախավերի պետության ընկալումները խորքում տարբեր են ու նույնիսկ հակառակ։ Սրանցից մեկն ի հայտ է բերում ժողովրդի ողջ-առողջ լինելու ցանկությունը, կենսական ու ընտանեկան կապերը, համայնական կյանքը, դրա մեջ ցոլարձակող հաճույքները և դրանք պաշտպանելու քաջությունն ու ուժը։ Մյուսի խորքում ամրացած է այդ նույն կյանքից վեր, սրբազան գաղափարի համար սիրահոժար նահատակվելու գնալը, գիտակցված ու միաբան նահատակությունն ինքնին իբրև մահը հաղթահարելու ճանապարհ տեսնելը։ Ինքնուրույն հանրային կյանքը հնարավոր դարձնելու, ժողովրդի համար բարեկեցություն ապահովելու արդի գործիքը՝ ազգային պետությունն, ուրեմն, մեզանում միաժամանակ երևում է որպես նահատակների արյամբ սրբագործված, կյանքից վեր գաղափար։ Սա մի տրոփող լարում է, որն իրեն զգացնել է տալիս հատկապես այսօր՝ պետականության և պատերազմի շուրջ ծանր հանգամանքների դրդմամբ կրկին բացված խոսակցությունների ետնաբեմին։ Ներկա հետազոտությունը փորձ է բացահայտելու սրբազան պատերազմով պետություն հիմնադրելու հայերի՝ արդեն երկրորդ փորձի ներքին հակասությունը և ի հայտ բերելու դրա տակ ծավալվող ժողովրդական կյանքի իդեալները։

Ամբողջական հետազոտությունը՝ այստեղ

 


Ներկա ուսումնասիրությունն իրականացնելու համար էական են եղել Բարք և քաղաքականություն նախագծի մյուս հետազոտողների՝ Աշոտ Գրիգորյանի, Իրինա Շախնազարյանի, Սիրանուշ Դվոյանի և Լուսին Շաբոյանի աշխատանքներն ու նախագծի ղեկավար Վարդան Ազատյանի ուղղորդող խորհուրդները. առանց այս մարդկանց գիտական բարեկամության հետազոտությունը մեծապես կտուժեր։ Այն առավել ևս անհնար կլիներ առանց ծրագրի համակարգող Լիաննա Աղամյանի անգնահատելի ջանքերի և Հովհաննիսյան ինստիտուտի մեր մյուս ընկերների ամենօրյա աշխատանքի, որոնց հայտնում ենք մեր ջերմ շնորհակալությունը։ Աշխատանքում օգտագարծված որոշ նյութերի հայթայթմանն օգնելու համար շնորհակալ ենք արվեստագետ Մերի Կարապետյանին, ազգագրագետ Գայանե Շագոյանին։ Հետազոտությունն անելու ընթացքում զգայականության, կյանքի և հաճույքի հետ կապը չկորցնեու համար երախտապարտ ենք մեր արվեստագետ ընկերներ Միքայել Մարտիրոսյանին, Արմենակ Գրիգորյանին, Լուսինե Նավասարդյանին և Գոռ Ենգոյանին։

Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ
1 Մեսրոպ արք. Աշճեան (խմբ.), Ավարայրի խորհուրդը (Երևան։ Մուղնի հրատ., 2003), էջ 5։
2 Մանրապատումը տե՛ս https://bit.ly/3S6HOWR, այց՝ 1 դեկտեմբերի 2023թ.։
3 Տեր-Մինասյանի թարգմանությունն իր ծավալուն առաջաբանով առաջին անգամ լույս է տեսել 1946-ին, տե՛ս Երվանդ Տեր-Մինասյան (թրգմ.), Եղիշեի Վարդանանց պատմությունը (Երևան։ Հայպետհրատ, 1946)։ Իբրև այս հրատարակության առաջաբան գրված հետազոտությունը, որ Եղիշեի երկի հետագա հրատարակություններում ներառված չէ, լույս է տեսել նաև Տեր-Մինասյանի աշխատությունների առանձին հատորում, որից և կտրվեն հետագա հղումները։ Մեջբերումն ըստ՝ «Եղիշեի «Վարդանանց պատմությունը» և նրա քննադատները», ըստ՝ Երվանդ Տեր-Մինասյան, Պատմա-բանասիրական ուսումնասիրություններ (Երևան։ Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., 1971), էջ 127։
4 Եղիշէ, Վասն Վարդանայ եւ հայոց պատերազմին (Երևան։ ԵՊՀ հրատ., 1989), էջ 8։
5 Եղիշէ, Վասն Վարդանայ եւ հայոց պատերազմին, էջ 10։
6 Մանուկ Աբեղյան, Հայոց հին գրականության պատմություն, գիրք Ա. (Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1944), էջ 304։
7 Աշճեան, Ավարայրի խորհուրդը, էջ 6։ «20-րդ դարի Ավարայր» ձևակերպումը գտնում ենք Սվետլանա Պողոսյանի զեկույցում, տե՛ս Սվետլան Պողոսյան, «Վարդանանց տոն. ավանդույթներ և հեռանկարներ», ըստ՝ Ավարայրի խորհուրդը, էջ 247։
8 Սարդարապատի ճակատամարտը՝ իբրև Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր պատերազմ դիտարկելն ինքնին վիճարկված մոտեցում է։ 1918 թվականի մայիսին հայերի՝ օսմանյան բանակի դեմ մղած կենաց-մահու կռիվը խորհրդահայ պատմագրությունն, օրինակ, կարևորում էր՝ նախ և առաջ դիտարկելով այն իբրև ժողովրդի աշխատավոր ներքնախավերի ինքնաբուխ գոյապայքար, որը մեծապես պայմանավորեց կովկասյան ճակատում պատերազմի ելքն ու ապահովեց հայերի՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքն առհասարակ։ Տե՛ս, օրինակ, Հարություն Թուրշյան, Սարդարապատի հերոսամարտը (Երևան։ Հայաստան, 1969)։ Հայաստանի երրորդ հանրապետության պատմաբաններն արդեն վերանայեցին Սարդարապատի ճակատամարտի արժեքը. ժողովրդական ինքնաբուխ գոյամարտը վերարժևորվելով դարձավ Հայաստանի առաջին հանրապետության՝ իբրև հայոց պետականության ժամանակակից իրավահաջորդի հիմնադրման համար մղվող պայքար։ Սարդարապատի այս վերանայված ըմբռնումն է, որ զուգահեռվում է Ավարայրի ճակատամարտի հետ։ Տե՛ս, օրինակ, Արարատ Հակոբյան, Հայաստանի հանրապետություն (Երևան։ Հայաստան, 1992)։
9 Արցախյան պատերազմի՝ իբրև ՀՀ նոր Ավարայրի այս պատկերը տե՛ս, օրինակ, խմբագրի առաջաբանում. «Աւարայրի յաջորդող մռայլ օրերը անցած ենք հիմա։ Արցախը արդէն իրականութիւն է», Աշճեան, Ավարայրի խորհուրդը, էջ 15-16։ Ավարայր-Սարդարապատ-Շուշի եռամիասնությունը փառաբանելու մասին է խոսում նաև Սվետլանա Պողոսյանը, տե՛ս «Վարդանանց տոն. ավանդություններ և հեռանկարներ», էջ 248։
10 Նավասարդ եպս. Կճոյան, «Ավարայրի խորհուրդը», ըստ՝ Ավարայրի խորհուրդը, էջ 250։
11 Հոգևոր հավերժ պայքարի բարձր չափանիշի տակ պետականության՝ իբրև ինքնին արժեքի այս հետմղման պարագայում թերևս պատահական չէ, որ Նավասարդ Կճոյանի անունը՝ հենց իբրև հոգևորականի ժողովրդի մեջ ամենաշատն է կապվում պետության օրենքը զանցելով ապօրինի գործարքների գնալու, անօրեն ճանապարհով հարստություն կուտակելու հետ։ Կճոյանը 2010-ականներին ներգրավված էր հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացված «Կիպրոսի օֆշորային սկանդալի» մեջ։ 2023-ին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը հրավիրվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Սա մեզանում հատկանշական մի օրինակ է՝ նկատելու պետության ներսում կյանքից բարձր հոգևոր արժեքներ դավանելու՝ գրեթե անհրաժեշտաբար ի հայտ եկող ստվերոտ կողմը։
12 Հատկանշական է, որ 2000-ականներին հրապարակված հայոց պատմության ձեռնարկներում Արցախյան պատերազմն անվանվում է ազգային-ազատագրական շարժում՝ իր ուղիղ զուգահեռներն ունենալով 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի շարժումների հետ։ Տե՛ս, օրինակ, Հրաչիկ Սիմոնյան, Հայոց պատմության հիմնահարցեր (Երևան։ ԵՊՀ հրատ., 2000); Աշոտ Սարգսյան, Արարատ Հակոբյան, Հայոց պատմություն (Երևան։ Ճարտարագետ, 2004)։
13 ՀՀ անկախության հռչակագիրը տե՛ս https://bit.ly/3S7af6W այց՝ 1 դեկտեմբերի 2023 թ.։
14 Տե՛ս ՀՀ անկախության հռչակագիրը։