19-րդ դարի առաջին կեսին ռուս-պարսկական պատերազմներում հաղթանակած Ռուսական կայսրությունն իր տիրապետությունն էր հաստատել թե՛ վրացաբնակ, թե՛ հայաբնակ տարածքներում: Քաղաքական այս նոր դրությունը, որ կարծես հանգուցալուծել էր հայերի՝ այլադավան տիրապետողներից ազատագրվելու բաղձանքը, գալիս էր մշակութային կյանքի խոստումներով: Հայ ազգին կրթելու ու լուսավորելու գաղափարով էին տոգորված Մոսկվայի Լազարյան ճեմարանում, ապա Կայսերական համալսարանում կրթություն ստացած Հակոբ և Դավիթ Արզանով եղբայրները: Լուսավորության իրենց պատկերացումներն արդեն իսկ մարմին էին առել 1827 թվականին Մոսկվայում հրատարակված Հայոց թագավորության պատմության ուրվագծման փորձ ռուսալեզու գրքում, հատուկենտ հոդվածներում: Երիտասարդ հեղինակների այս աշխատանքները փորձեր էին արդի պատմագիտության քննադատական-համեմատական մեթոդով ուսումնասիրելու հայկական պատմական աղբյուրները և վերջիններս ի ցույց դնելով լուսավորյալ աշխարհին՝ նշանավորել հայ ազգի տեղը դրանում: Արզանովների լուսավորական օրակարգը, գիտական գործունեությունից զատ, շոշափում էր նաև հանրային-կրթամշակութային ասպարեզը: Այս մասին տեղեկություններ է հաղորդում ներկայացված վավերագիրը, որը Ռուսաստանի պետական պատմական արխիվում պահվող եզակի փաստաթուղթ է:
N 399 փաստաթղթային փաթեթը, որում գտնում ենք սույն տեղեկանքը, կնքված է «1840 թվականի մարտի 14» ամսաթվով:[1]Փաստաթղթի վրա ձեռագիր ավելացված է մեկ այլ ամսաթիվ ու համար՝ 1840 թվականի ապրիլի 1, N 3551 և N 147: Տեղեկանքը քննում է Արզանովներին Սուրբ Աննայի շքանշանով պարգևատրելու հարցը: Վերջինս հատկացվում էր այն անձին, որը, առանց պետական աջակցության, հիմնել էր դպրոց և տասը տարի շարունակ պատշաճ հսկողությամբ «բարի անուն» հանել իր աշակերտների համար ու պատրաստել նրանց ապագա ծառայության: Այսպիսի նպատակ էին ստանձնառել թեկնածու Հակոբ Արզանովը և իր եղբայր՝ Թիֆլիսի գիմնազիայի ուսուցիչ Դավիթը՝ 1829 թվականին արական գիշերօթիկ դպրոց հիմնելով Կիզլյարում, ապա 1831 թվականին տեղափոխելով այն Թիֆլիս:[2]Դպրոցն ըստ երևույթին գործել է ամենաքիչը մինչև 1840 թվականը, հետագա ճակատագիրը, սակայն, մեզ հայտնի չէ: Դպրոցն ապահովված էր եղել հագեցած առարկայական ծրագրով, շենքային բավարար պայմաններով, հաստատված կարգապահությամբ: Դրանք, ինչպես երևում է տեղեկանքից, մեծապես համապատասխանում էին պետական պարգևատրման արժանանալու համար Ցարական Ռուսաստանի՝ մասնավոր դպրոցների առաջ դրված պահանջներին: Արզանովները պատրաստակամ էին նաև առավելագույն ջանքեր ներդնել ստուգումների արդյունքում ի հայտ եկած թերությունները շտկելու և պահանջներին համապատասխանելու համար: Ռուսահայ երիտասարդ մտավորականների կրթական ու մշակութային գործն, այսպիսով, անհնար էր առանց Ցարական Ռուսաստանի Ազգային լուսավորության նախարարության հաստատման: Վերջինս ճանապարհ էր հարթում՝ Արզանովների լուսավորական գործը կյանքի կոչելու. գործ, որն, իբրև «սխրանք», կարժանանար պարգևատրման միայն ռուսական օրենքին ու պահանջին արժան լինելու պարագայում:
Հրապարակվում է ըստ՝ Ռուսաստանի պետական պատմական արխիվ, ֆոնդ 733, ցուցակ 7, գործ 581, թերթ 15-16, թարգմանությունը ռուսերենից՝ Աննա Համբարձումյանի՝ Մարիամ Դանիելյանի աջակցությամբ:
Տեղեկանք գիշերօթիկ դպրոցի հոգաբարձու Արզանովներին շքանշանով պարգևատրման ներկայացնելու վերաբերյալ
Ազգային լուսավորության դեպարտամենտի գործերից երևում է, որ Արազանով եղբայրները՝ Թիֆլիսի գիմնազիայի ավագ ուսուցիչ և բանասիրական գիտությունների թեկնածու, տնօրինում են տղաների մասնավոր գիշերօթիկ դպրոց՝ Խարկովի համալսարանի ուսումնական կոմիտեի թույլտվությամբ՝ տրված 1829 թվականի հունիսի 12-ին։ Այս դպրոցը սկզբում գտնվել է Կիզլյարում՝ գործելով մինչև 1831 թվականի նոյեմբերի 1-ը։ Այդ ժամանակ Կազի-Մուլլայի գլխավորությամբ լեռնական ավազակների անսպասելի հարձակման պատճառով Արազանով եղբայրները տեղափոխվել են Թիֆլիս՝ բնակության, որտեղ ուսումնարանների նախկին տնօրեն Գրուբերի թույլատրությամբ և հիմք ընդունելով Խարկովյան համալսարանի կողմից տրված վերոհիշյալ թույլտվությունը՝ նրանք վերաբացել են դպրոցը, որի գործունեությանն իր համաձայնությունն է տվել Ազգային լուսավորության պ. նախարարը (1836 թ. ապրիլի 24, № 4319)։
Ըստ Կովկասյան ուսումնարանների վարչության՝ մասնավոր ուսումնական հաստատություններին վերաբերող տեղեկագիր պահպանվել է միայն 1835 թվականից։ Դրանցից մեկից երևում է, որ Արազանով եղբայրների հովանու ներքո գտնվող դպրոցում դասավանդվել են հետևյալ առարկաները՝ Աստծու օրենք և սրբազան պատմություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն և վիճակագրություն, մաթեմատիկա, լեզուներ՝ ֆրանսերեն, լատիներեն, վրացերեն և հայերեն, նկարչություն, վայելչագրություն՝ հատկապես մաթեմատիկայի, ֆրանսերեն և ռուսերեն լեզուների պարագայում։ 1835 թվականի վերջերին աշակերտների թիվը եղել է 18, այդ թվում՝ 8-ը՝ գիշերօթիկ աշակերտ, և 10-ը՝ մասնակի գիշերօթիկ աշակերտ, նրանցից Թիֆլիսի ազնվականների և պաշտոնյաների որդիները՝ 12, քաղաքացիականներինը՝ 6։ Վճարը սահմանված է եղել տարեկան 200 ռուբլի գիշերօթիկ և 150 ռուբլի՝ մասնակի գիշերօթիկ սաների համար՝ արծաթով։ Բոլոր կրոնական դավանանքների պահանջները, որոնց պատկանում էին սաները, կատարվել են դպրոցի հոգաբարձուների և որդեգիրների ծնողների հսկողությամբ։ Դպրոցը հաստատվել է վարձու տանը՝ պատշաճ բոլոր առումներով, նկատվել է մաքրության և կարգուկանոնի պահպանություն։ Երեխաների խնամքից ծնողները գոհ են եղել, իսկ հաստատությունը հագեցված է եղել լավագույն ուսումնական ձեռնարկներով։ Այս հաշվետվության մեջ ատեստացիայի մասին չի նշվում, իսկ ըստ տնօրենի զեկուցման, որի օրոք ներկայացվել է հաշվետվությունը, հիշատակվում է, որ այս դպրոցը, որ աչքի է ընկել սաների հաջողություններով, լիովին արդարացրել է դպրոցի հիմնադիրների առաջադրած նպատակը՝ կարճ ժամանակում լավ աշակերտներ պատրաստել գիմնազիայի բարձր դասարանների համար։
1839 թվականին թիֆլիսյան ուսումնական հաստատությունների ստուգումների կապակցությամբ Ազգային լուսավորության դեպարտամենտի փոխտնօրենի կողմից Ազգային լուսավորության նախարարին ներկայացված հաշվետվության մեջ, իմիջիայլոց, ասվում է, որ «Արազանով եղբայրների հիմնադրած տղաների դպրոցը նախ Կիզլյարում էր (1829 թվականից), իսկ 1831 թվականից տեղափոխվել է Թիֆլիս։ Դասավանդման մակարդակով կարող է սովորական գավառական դպրոցից փոքր-ինչ բարձր դասվել: Այնտեղ դասավանդվում են՝ Աստծու օրենք, պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա, լեզուներ՝ ռուսերեն, հայերեն, լատիներեն, ֆրանսերեն և գերմաներեն, վայելչագրություն, նկարչություն և պար առարկաները։ Հիանալի է, որ այստեղ Հայոց թագավորության պատմությունն առանձին է դասավանդվում։ Առարկաների այս բազմաքանակությունն առաջին հայացքից խոսում է հաստատության օգտին, սակայն ուշադիր դիտելիս կարելի է տեսնել, որ սա ex omnibus aliquid, ex toto nihil («Ամեն ինչից՝ մի քիչ, ամբողջից՝ ոչինչ», թարգմանությունը՝ Ա.Հ.)[3]Տեքստում արված ընդգծումները նույնությամբ տրված են այնպես, ինչպես փաստաթղթում:։ Դպրոցում ուսանում են 16 տղաներ, վճարը՝ 150-200 ռուբլի՝ արծաթով։ Շենքը բավարար է աշակերտների այս քանակի համար, սակայն ոչ բավականաչափ խնամքով հարդարված, ինչը հատկանշական է ասիացիների տներին։ Արազանովները, լսելով դպրոցի մասին դիտողությունները, խոստացան գործի դնել բոլոր հնարավոր ջանքերը՝ այն բարելավելու համար»։
«Պետական հաստատությունների մասին» օրենքների ժողովածուի հատոր 1-ի 2521-րդ հոդվածում ասվում է․
«Քաղաքացիական իրավունքի համաձայն՝ Սուրբ Աննայի շքանշանով պարգևատրվելու բացառիկ իրավունք ունի (հ. 11) միայն այն անձը, որը, առանց պետական գանձարանի օժանդակության, հիմնում է դպրոց՝ երիտասարդներին կրթելու նպատակով և տասը տարվա ընթացքում ազդեցիկ հսկողություն իրականացնելով՝ նրա համար բարի անուն հանում ու պատշաճ կերպով պատրաստում երիտասարդներին ծառայության՝ ինչպես բարոյականության, այնպես էլ գիտությունների տեսակետից»։
Նույն ժողովածուի 2525-րդ հոդվածում նկարագրված է․
«Սուրբ Աննայի շքանշանով պարգևատրումները, դրա ստատուտի հիման վրա, կատարվում են նույն ձևով, ինչ Սուրբ Վլադիմիրի շքանշանի դեպքում․ ներկայացվում են սկզբում Սենատին՝ առաջին դեպարտամենտին, Ռազմական նախարարության տեսչական ու Ծովային շտաբի գլխավոր դեպարտամենտներին և Սինոդին, ապա դրանցից և Արտաքին գործերի նախարարությունից, Բարձրագույն բարեհաճ թույլտվությամբ, ստորագրություններով հանձնվում են շքանշաններով պարգևատրող Կապիտուլին ամեն տարվա հոկտեմբերի 1-ին՝ ժամանակին քննելու և Շքանշանակիրների խորհրդին փոխանցելու համար։ Նախարարներն ու գլխավոր ղեկավար անձինք խստագույնս հետևում են շքանշանի արժանացման կանոններին»։
Կապիտուլում ստորագրությունները քննարկելիս, համաձայն օրենսգրքի 2531-րդ հոդվածի առաջին հատորի, դիտարկվում է, թե 1) մանրամասն է արդյոք բացատրված այն սխրանքը, որն առիթ է դարձել տվյալ անձին ցուցակում ներկայացնելու համար, 2) հավաքված են արդյոք բավարար ապացույցներ՝ այդ սխրանքը հաստատելու համար, 3) կան արդյոք թերություններ ներկայացված ապացույցներում։
Ազգային Լուսավորության պ. նախարարի՝ 1834 թվականի հուլիսի 12-ի շրջաբերական առաջարկով Սուրբ Աննայի շքանշանով պարգևատրոման ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է ոչ ուշ, քան սեպտեմբերի 1-ը։
Պ. նախարարի՝ 1835 թվականի մարտի 27-ի շրջաբերական առաջարկով մասնավոր ուսումնական հաստատությունների վիճակի մասին ամփոփագրերը, Ազգային լուսավորության նախարարության գիտությամբ, պետք է ներկայացվեն ամեն տարվա հունվարի 1-ին և հուլիսի 1-ին ։
Բաժնի պետ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ստորագրություն
Ծանոթագրություններ
| ↑1 | Փաստաթղթի վրա ձեռագիր ավելացված է մեկ այլ ամսաթիվ ու համար՝ 1840 թվականի ապրիլի 1, N 3551 և N 147: |
|---|---|
| ↑2 | Դպրոցն ըստ երևույթին գործել է ամենաքիչը մինչև 1840 թվականը, հետագա ճակատագիրը, սակայն, մեզ հայտնի չէ: |
| ↑3 | Տեքստում արված ընդգծումները նույնությամբ տրված են այնպես, ինչպես փաստաթղթում: |