Արյան վերջին կաթիլը՝ հանուն բարոյական կյանքի. Մարկոս Աղաբեկյանի Ծիլն Ավարայրի ամսագիրը

 

Մարկոս Աղաբեկյանը 1860-ականների սկզբին Թիֆլիսում խմբագրում էր կովկասահայ ազգային պահպանողականության խոսափողներից մեկը՝ Կռունկ հայոց աշխարհի ամսագիրը։ Հասարակական այս հոսանքը, չնույնացնելով եկեղեցին ազգի հետ, այն միաժամանակ տեսնում էր իբրև ազգային կյանքը պահպանող առանցքային սյունը։ Սա է պատճառը, որ Աղաբեկյանի հրապարակախոսությունն անխնա քննադատում էր Ռուսահայաստանում ցարական իշխանության 1839 թվականին ներմուծած եկեղեցական կանոնադրությունը՝ «Պոլոժենիեն», որով սահմանափակվում էր հայ եկեղեցու ինքնուրույնությունը։ Սրան ի հակադրություն՝ Աղաբեկյանն այն գործիչներից էր, որ մեծ հույսեր էր կապում Պոլսում ընդունված ազգային սահմանադրության և հայերի հասարակական կյանքում դրա բերած հեռանկարների հետ։ Թիֆլիսից անցնելով Պոլիս՝ 1866-ին Աղաբեկյանը Պոլսում լույս է ընծայում Ծիլն Ավարայրի ամսագիրը. «Հանդէս ազգային, բարոյական և մտաւոր լուսավորութեան»։

Ներկա վավերագիրը նահատակության մեծ մարտը ոգեկոչող այս ամսագրի առաջնորդող հոդվածն է, ուր Աղաբեկյանը տագնապի ձայն է հնչեցնում «Հայոց բարոյական ընկերականութեան» առաջ ծառացած վտանգի մասին։ Խմբագրի խոսքում եկեղեցին է ամփոփում իր մեջ հայերի բարոյական կյանքի կենսականությունը՝ «մեր ազգային պատմութիւնը, մեր հոգևոր աւանդութիւնքը, մեր Եկեղեցւոյ կարգերն ու կանոնները, մեր պաշտամանց ծեսերն ու արարողութիւնքը, մեր սրբազան և աշխարհիկ լեզուները, դպրութիւնք և գրականութիւն»։ Ազգային բարոյական կյանքի այս ըմբռնման մեջ եկեղեցու ինքնուրույնությունը՝ կաթողիկոսական իշխանության անկախությունը վտանգող «հզօր տէրութեան»՝ ցարական Ռուսաստանի դեմ է Աղաբեկյանը պարզում Ավարայրի դրոշը՝ «մեր կեանքն ու հոգին մինչ մեր վերջին արեան կաթիլը» պաշտպանելու հաստատակամությամբ։ Ծիլն Ավարայրի ամսագրի հաջորդող համարները գրեթե բացառապես կենտրոնանում են «Պոլոժենիեի» դրույթների քննադատության և պատմականորեն հայոց եկեղեցու կաթողիկոսության իրավունքների քննարկման վրա։

Ազգի և եկեղեցու հատուկ՝ չնույնացված, սակայն անքակտելիորեն շաղկապված հարաբերությունը, որ երևում է Աղաբեկյանի առաջնորդողում, նախանշում է արդիացման գործընթացներում հանուն Քրիստոսի հավատի արնաքամ մարտի ելնելու հինգերորդ դարի ավանդույթի քաղաքական գործադրման հեռագնա մի ճանապարհ։

Հրապարակվում է ըստ՝ Մարկոս Աղաբեկյան, «Մի քանի խօսք Հայաստանեայց եկեղեցւոյ զաւակներուն», Ծիլն Ավարայրի, 1866, թիվ Ա, էջ Գ-Ը։

 

 

Մի քանի խօսք

Հայաստանեայց եկեղեցւոյ զաւակներուն

 

Սկիզբն ամենայն գոյութեանց՝ Աստուած. սկիզբն ամենայն
բարեաց՝ սէր. սկիզբն ամենայն շնորհաց՝ խոհականութիւն։

Ստեփաննոս Օրբէլեան

 

Հայաստանեայց Եկեղեցւոյ այն զաւակները, որոնց սրտերումն ազգային զգացմունքը սաստիկ ու սէրն էլ եռ է գալի, ի հարկէ հաւատ էլ ունին, որ հայոց այսօրուայ գոյութիւնն աշխարհիս վրայ պատմութեան մի սքանչելիքն է, այս զգացողութեամբ, այս սէրով և այս հաւատով է անշուշտ, որ իրանց ճիգն են թափում, ջանքն են անում ազգաշինութեան մեծ գործին մէջ։ Խնդրում եմ խոնարհութեամբ Հայաստանեայց Եկեղեցւոյ այս ազգաշէն զաւակներէն, որ Հայոց ազգայնութեան բարոյական և մտաւորական կազմութեան գործաւոր լինելէն յառաջ, Ստեփաննոս Օրբէլեան[1]Ստեփաննոս Օրբէլեան, Արքեպիսկոպոս Սիւնեաց. Պատմութիւն Սիւնեաց աշխարհին։ իմաստասէր պատմաբանի այս ուղիղ և ազդու խօսքերն իրանց սրտերումը դրօշմեն թէ «Սկիզբն ամենայն գոյութեանց՝ Աստուած. սկիզբն ամենայն բարեաց՝ սէր. սկիզբն ամենայն շնորհաց՝ խոհականութիւն»։ Մեր իմաստուն պատմաբանն այդ խօսքերէն աւելի զորաւօր, աւելի ներգործուն պատւիրանք չէր կարող մեզ աւանդել։ Հարիւրաւոր տարիներէն յետոյ թո՛ղ կենդանանան զգայուն ազգայնոց սրտերումն այս վսեմ խօսքերն և ահա այսօր էլ առիթը մեր յառաջ է գալի իրօրէն արդիւնաւորել մեր մէջ մեր նախնի իմաստունին խօսքերը։ Այսօր այն ժամանակին ենք հասել, որ Հայոց բարոյական ընկերականութիւնը վտանգի մէջ է գտնւում. թէ որ հաւատում ենք, որ Հայոց բարոյական ընկերականութիւնն իրանց համար մի ամենամեծ բարիք է, անպատճառ և մի ամենամեծ սէր պէտք է ունենանք մենք մեր այդ բարոյական ընկերականութեան վրայ. վասն զի ազգային բարոյական սէրով կարող ենք և վայելել ազգային բարոյական բարիք. ազգային բարոյական սէր զգալը մի առանձին շնորհք է Աստուծմէ մարդուս համար, ամեն շնորհք էլ թէ՛ բարոյական և թէ մտաւոր խոհականութեամբ կստացուի. ուրեմն ամենէն յառաջ խոհականութիւն պէտք է ունենանք ազգաշինութեան շնորհն էլ մեզ բնաւորելու համար։ Այո՛, մեր այսօրուայ ազգի գոյութեան պատճառ միմիայն ինքն Աստուածն է. թէ որ բարի կը կամենանք մենք մեր Հայոց ազգային և բարոյական ընկերականութեան համար, սէր՝ մեծ սէր պէտք է զգանք նրա վրայ։ Թէ որ մեր ազգային և բարոյական ընկերականութիւնն էլ վերակազմելու շնորհքն էլ կամենում ենք ունենալ։ Պէտք է որ խոհականութեամբ շարժինք. խոհականութիւնն էլ մարդս գիտակցութեամբ ձեռք կբերէ։ Առանց ուղիղ գիտութեան խոհականութիւն չկայ։

Դուրս առնելով Սկեպտիկեան, Գոզմոպօլիտ և օտարներու անունով սնուած ազգայինները, ուղղում եմ իմ խօսքը, բուն հայկական ժողովրդեան մէջ ծնած, հայկական կեանքով ապրած հայկական սնունդով սնուած Հայոց, կամ թէ մեր ազգային և բարոյական ընկերականութեան պատկանող Հայոց, թէ այսօր մեծ խնդիրը մեր Հայոց բարոյական ընկերականութեան վրայ է և ոչ մեր քաղաքային կամ ազգային ընկերականութեան։ Միտ դնելու է, որ այսօր Հայոց բարոյական, ազգային և քաղաքային կեանքը կամ ընկերականութիւնը շատ զգալի կերպով տարբերւում է իրարմէ այն ամեն տեղ ուր հայոց ժողովրդէն գտնւում է։ Ռուսիայում Հայոց ժողովուրդը մի միայն բարոյական կեանք կամ ընկերականութիւն ունի իրա համար առանձին. քաղաքայինն ու ազգայինը տեղական և տէրութենական օրէնքով ռուսականն է։ Թուրքիայում բարոյականին հետ ունի և ազգային, քաղաքայինը ծնում է կամ ծնուելու վրայ է, միւս բոլոր ազգերու քաղաքայինով։ Պարսկաստանում, ինչպէս նաև բուն Թուրքաստանումը, բարոյականն էլ է ճնշուած. միայն Հնդկաստանումն է, որ ամեն մասնով բարոյական ընկերականութիւն կվայելեն Հայք, որով գերազանցում են և ազգայինով, բայց քաղաքայինը տեղական է։

Մեր Հայոց ընկերականութեան այս այլևայլ կերպարանքները շատ ազգայնոց շփոթում են այսօր. չենք կարողանում որոշել իրարմէ մեր քաղաքային, ազգային և բարոյական կերպարանքները։ Օրինակի համար, այսօր Թուրքիայում Հայոցմէ ոմանց համար, Հայոց ընկերականութիւնը թէ՛ ազգային է և թէ բարոյական. ազգային է՝ պապական, բողոքական և յունական Հայոց հետ. ազգային և բարոյական միայն բուն Հայոց հետ։ Բայց այս ընկերականութեան կերպարանքն իրօրէն ընդունուած չէ Օսմանեան տէրութենէն, այլ ոմանց համար տեսական է՝ շփոթ դրութեանց վրայ հեմնուած։ Ռուսիայում Հայոց ընկերականութիւնը միայն բարոյական է, այս բարոյական ընկերականութիւնն էլ ճնշուած է ամեն կողմէն ռուսական ազգային, բարոյական և քաղաքային տարերքներէն։ Ինչպէս Թուրքիայում մի Հայ կամ ուրիշ քրիստոնեայ մարդ փոխում է իր բարոյական կեանքը իսլամութեան հետ, դադարում է պատկանելէ իր ընկերականութեան թէ՛ ազգայնօրէն և թէ բարոյապէս. նոյնպէս և Ռուսիայում մի Հայ կամ Թուրք մարդ, որ իր բարոյական կեանքը փոխեց ռուսականին հետ, էլ բոլորովին դադարեց պատկանելէ իր ազգային կամ բարոյական ընկերականութեան։ Պարսկաստանումը ոչ թէ միայն Հայ մարդ, այլ որ և է աշխարհի մարդ բոլորովին կորցնում է իր նախնական կերպարանքը։ Թէ եւրոպական տէրութեանց մէջ եղող Հայք ինչպէս են պահում իրանց ազգային բարոյական և քաղաքային ընկերականութեան կերպարանքներն՝ արդէն մերայնոց շատերուն յայտնի է։[2]Տես Կռունկ Հայոց աշխարհի հանդիսի 1861 թուի Ը. թուին մէջ «Մտածմունք Հայոց ազգային եւ բարոյական զարգացման վրայ» յօդուածը։

Ուրեմն այսօր մեր Հայոց ընկերականութիւնը ազգային լինելէ յառաջ է մի միայն բարոյական, որովհետև իր գլխաւոր տարերքն է հոգևոր բան. եկեղեցի, որ մեզ տալիս է Աւետարանի լոյսը, աստուածային օրէնքը. իր առաքելականութեամբը պահած է իր մէջ և մեր նախնական ազգայնութեան տարերքը, այն է մեր ազգային պատմութիւնը, մեր հոգևոր աւանդութիւնքը, մեր Եկեղեցւոյ կարգերն ու կանոնները, մեր պաշտամանց ծեսերն ու արարողութիւնքը, մեր սրբազան և աշխարհիկ լեզուները, դպրութիւնք և գրականութիւն, մի խօսքով Հայաստանեայց սուրբ և առաքելական Եկեղեցւոյ ինքնագոյութիւնը։

Ուստի, այսօր Հայոց ընկերականութեան հոգին ու կեանքն է իր Եկեղեցին իր կաթողիկոսական իշխանութեան անկախութեամբը. արդ՝ ո՛վ որ կդիպչի նրա կեանքին, ո՛վ որ կուզէ սպանանել նրա ոգին թէ և մեր արիւնէն լինի, մեր եղբայրը, ինչպէս են մեր պապական, բողոքական և ուրիշ այլադաւան ազգայինք, թէ և լինի այդ մեր կեանքը փչացնողն ու հոգին սպանողը, մի հզօր տէրութիւն, ինչպէս է Ռուսաց կայսրութիւնը, մեր ամենամեծ թշնամին կճանաչենք նրանց և կպաշտպանենք մենք մեր կեանքն ու հոգին մինչ մեր վերջին արեան կաթիլը։ Այս առաջին անգամ չէ, որ մեր բարոյական կեանքը տագնապումն է գտնւում, քանի անգամ որ սրա օրինակը մեր պատմութեան մէջ տեսել ենք, այնքան անգամ էլ երևել է զարթելը մեր պապերու սրտերումը Աստուածային ձայնի, որ նրանց հոգւոյն զօրութիւն և խելքին ուժ է տուել։ Երբ մեր պապերը քաղաքային ընկերականութեան գոյութիւնը կորցրել են, բարոյականին մէջն են եղել ապաստան, բայց երբ այդ բարոյական գոյութիւնն էլ եղել է վտանգումը, Աստուծոյ են միայն ապաւինել, Աստուած է եղել միայն մեր գոյութեան ազատիչը. ինչպէս կասէ մեր հայաստանեայց եկեղեցւոյ ամենամեծ սուրբ Կաթողիկոսներէն մէկը,[3]Ներսէս Շնորհալի «Այլ եմք իբրև զայծեամն յորսորդաց և ի շանց փախուցեալք ի քարանձաւս յայս բնակելով՝ յորում ոչ և մարմնական հարկաւոր պիտոյիւք շատացեալք ի գիւղից կամ յագարակաց, յորոց ունիմք և ո՛չ մի։ Նաև ո՛չ անդաստան հողոյ զի վաստակօք և աշխատութեամբ զպետս մեր լնուաք և ոչ օգնութիւն ուստէր, որպէս արժան էր ի թագաւորաց և յիշխանաց ի Քրիստոս հաւատացելոց. այլ միայն ի Տեառնէ Աստուծոյ, ևայլն…։»

Այս մեր պատմական հանգամանքը Հայաստանեայց եկեղեցւոյ ամեն զաւակներուն ծանօթ պէտք է լինի, որոնք իրանց և իրանց ազգին կճանաչեն։ Ասիայում քաղաքային կեանքը երբէք գերազանց չէ եղել բարոյական կեանքէն, հոգևոր կեանքը շատ տարբեր է եղել մարմնաւորէն քրիստոնէութեան ժամանակ, ինչպէս նաև մինչև այսօր։ Ասիոյ քրիստոնեայ ժողովուրդներէն ամենէն աւելի Հայոց ժողովուրդն է զգացել այս բանը, և քանի անգամ որ իր ջանքն արել է այս կեանքը վայելելու՝ յաջողել է. բայց ժամանակը նրա վրայ մարմնաւորն է բերել, հենց այս մարմնաւոր կեանքումն է որ շատ անգամ մոլորուել է կամ մոռացել է բարի բան գործելու. բարի բան գործելու ազգային կամ քաղաքային ընկերականութեան համար, Հայը սէր ունեցել է, բայց միջոցները միշտ իրան պակասել են։ Իր մարմնաւոր վայելմունքը հոգևոր շնորհքներէն յառաջ գալով[4]Առաջին եւ գլախւոր է հայոց ընտանեկան կեանքը, այս կեանքը վայելելու համար առաջին հարկաւորն է աշխատանք. ամենուն յայտնի է որ Հայք ինչ կերպով տուած են եղել իրանց երկրագործութեան եւ վաճառականութեան, որք են աղբիւր նիւթական հարստութեան. այս հանգամանքը ցոյց կտայ, որ ընտանեկան կեանքը Հայոց ազգային գոյութեան մի մեծ տարերքն է եղել. գիտենան ուրեմն լուսաւորութեան մեր նոր վարդապետները թէ ո՞րչափ պարտական ենք Հայաստանեայց եկեղեցւոյն ամուսնութիւն կամ պսակը իբրեւ խորհուրդ Եկեղեցւոյ պահպանելուն մեր մէջ։ իր քաղաքային ընկերականութիւնը բոլորովին տարբեր կերպարանքով է եղել իր բնական աշխարհին յարևան եղող ազգերու քաղաքային կեանքէն. այս մեծ պատճառ էր եղել միշտ որս լինելու մեր ազգն ու աշխարհը՝ նոյն շնորհքը չունեցող ազգերու ասպատակութեանց և աւազակութեանց։

Անց կացան գնացին ասպատակութեանց և աւազակութեանց ժամանակները. կողոպտեցին, թալանեցին մեզ ազգային և քաղաքային մարմնաւոր մեծութենէ և ճոխութենէ, բայց նրանց տեղ այսօր խղճի, հոգւոյ, կրօնի և մտքի ազատականութեան ժամանակ տակաւին ահեղ որկորներ են բաց արած կանգնած մեր գլխին վրայ կուլ տալու մեր ազգային բարոյական ազատութիւնը. ա՛յն է Հայաստանեայց եկեղեցին, պապական կլանող տարերքը Թուրքիայում, Ռուսական սպառնեցող զէնքը բուն Հայաստանում։ Որո՞ւ ապաւինինք, որո՞ւ դիմենք, միա՛յն Աստուծոյ, հաւատալով որ նա՛ է միայն մեր այսօրուայ գոյութեան պատճառ, միայն այն սիրոյն՝ գիտենալով որ մեզ բարի բան անել կտայ, միայն այն խոհականութեան՝ յուսալով որ մեզ շնորհք կտայ մեզ ճանաչելու, մեզ ճանաչելով՝ մեր թերութիւնը գիտենալու, մեր թերութիւնը գիտենալով՝ մեզ մի դարման անելու Օսմանեան բարեխնամ և բարեգութ Սուլթանի տէրութեան մէջ և հովանաւորութեան տակ։

Կ. Պօլիս 1865 հոկտ. 3

 

 

Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ
1 Ստեփաննոս Օրբէլեան, Արքեպիսկոպոս Սիւնեաց. Պատմութիւն Սիւնեաց աշխարհին։
2 Տես Կռունկ Հայոց աշխարհի հանդիսի 1861 թուի Ը. թուին մէջ «Մտածմունք Հայոց ազգային եւ բարոյական զարգացման վրայ» յօդուածը։
3 Ներսէս Շնորհալի
4 Առաջին եւ գլախւոր է հայոց ընտանեկան կեանքը, այս կեանքը վայելելու համար առաջին հարկաւորն է աշխատանք. ամենուն յայտնի է որ Հայք ինչ կերպով տուած են եղել իրանց երկրագործութեան եւ վաճառականութեան, որք են աղբիւր նիւթական հարստութեան. այս հանգամանքը ցոյց կտայ, որ ընտանեկան կեանքը Հայոց ազգային գոյութեան մի մեծ տարերքն է եղել. գիտենան ուրեմն լուսաւորութեան մեր նոր վարդապետները թէ ո՞րչափ պարտական ենք Հայաստանեայց եկեղեցւոյն ամուսնութիւն կամ պսակը իբրեւ խորհուրդ Եկեղեցւոյ պահպանելուն մեր մէջ։