Արվեստագետի «իդեոլոգիական դեմքը». Արա Սարգսյանը նոր արվեստի բնույթի մասին

 

1920-ականների երկրորդ կեսին՝ ստալինյան քաղաքականությունների հաստատման պայմաններում, նոր՝ խորհրդային արվեստի ստեղծման հրամայականը վերաձևակերպվում է: Դա էապես պայմանավորված էր այն գործուն դերակատարմամբ, որ խորհրդահայ գեղարվեստական դաշտում տասնամյակի երկրորդ կեսին ստաձնեցին երիտասարդ արվեստագետներն ու ճարտարապետները (Կարո Հալաբյան, Միքայել Մազմանյան, Գևորգ Քոչար, Միքայել Արուտչյան և այլք): Վերջիններս սուր կերպով քննադատեցին ավագ սերնդի արվեստագետներին (Մարտիրոս Սարյան, Հակոբ Կոջոյան, Ալեքսանդր Թամանյան և այլք), որոնք, երիտասարդների ըմբռնմամբ, արվեստի և ճարտարապետության ասպարեզում նորոգում էին արվեստի հին ձևերն ու վերստեղծում «հայկական ոճը»: Քննադատական այս դիրքորոշման կրող էր նաև 1925-ին Խորհրդային Հայաստան տեղափոխված քանդակագործ Արա Սարգսյանը: Վերջինիս «Քանդակագործության զարգացման ուղիները մեզանում» հոդվածը հստակորեն երևան է բերում երիտասարդ արվեստագետների նոր արվեստը «գաղափարախոսությամբ և դրսևորումով» հնին հակադրելու մտայնությունը:  

Հետաքրքրականորեն, լինելով քանդակագործ, որը համագործակցում էր երիտասարդ ճարտարապետների հետ՝ Սարգսյանը հաստատում է իր մոտեցումները նաև ճարտարապետության ասպարեզում: Վերջինս պաշտպանում է պարզ, հասարակ ձևերի ու զուտ երկրաչափական օրենքների վրա հիմնվող նոր ճարտարապետությունը: Այդ ճարտարապետական ոճն էր, որ, ըստ Սարգսյանի, կարիք չուներ քանդակազարդման: Սա մի դիրքորոշում էր, որով վերջինս միաժամանական քննադատում էր ավագ սերնդի արվեստագետների ստեղծագործությունը՝ իբրև փորձ շարունակելու հայ միջնադարյան ճարտարապետական ու քանդակագործական ավանդույթը:

Հրապարակվում է ըստ՝ Արա Սարգսյան, «Քանդակագործության զարգացման ուղիները մեզանում», Գրական դիրքերում, 1927, թիվ 2, էջ 10-12 (լույս է տեսել մտքերի փոխանակության կարգով): 

 

Քանդակագործության զարգացման ուղիները մեզանում

Անցյալում հայ քանդակագործի ստեղծագործական աշխատանքը սահմանափակվում եր յեկեղեցիների պատերի ներքին և արտաքին յերեսները զարդարելու մեջ: Նրա յերևակայությունն յերբեք չի անցել նեղ սահմանները, չի ունեցել կլոր քանդակի պլաստիկ ըմբռնումը: Դարեր շարունակ նա մի նպատակ և հետապնդել–զարդաքանդակել և վոճավորել: Խաչքարերից ծնունդ առած այդ արվեստն իր գծերով և ձևերով լավագույն արտահայտիչն ե իր ժամանակի: Գծերի կլոր և դարձդարձիկ մեղկությունը, ձևերի թանձրությունն ու բարդությունը դարձնում են հայ քանդակագործությունը միստիկ, մռայլ, կյանքից զրկված, մի խոսքով՝ քրիստոնյա:

Արտահայտության այդ ձևերի տակ, աշխատանքի պրոցեսում ստեղծվել ե և ինքնուրույն վոճ—հայկական վոճ:

Հեղափոխությունից հետո, յերբ կոփվում ե նոր արվեստը՝ հնին հակադիր գաղափարախոսությամբ և դրսևորումով, ավելորդ կը լինի ասել, վոր քրիստոնյա դարերի արտահայտիչ հայկական վոճն ինքնին վերանում ե և դառնում լոկ պատմական արժեք: Նրան նույնությամբ ոգտագործել և դարձնել ներկա կյանքի արտահայտություն՝ կը լիներ միանգամայն սխալ, բայց զարմանալին այն ե, վոր մինչև որս ել, մեր նոր կառուցվող շենքերի վրա, յերևում են հին վոճավորումները գրեթե անփոփոխ: Ծրագրվում են ելեքտրական տրանսֆորմատորներ հին հայկական վոճով, մատուռանման, 7–13 դարու զարդարանքներով: Հետ–հեղափոխության ճարտարապետությունը կարիք չունի քանդակագործության ոժանդակություն, նա ամենապարզ, հասարակ ձևերով, հիմնված զուտ յերկրաչափական որենքների վրա, պիտի ծառայի ամենանվազ վատնումով՝ մակսիմալ նպատակին: Մեզ մոտ պահանջվում ե դեռ հին հայկական վոճը պարզ այն պատճառով, վոր վոճի տրադիցիայի հասկացողությունը սխալ ե: Հին վոճը մասամբ նորոգել, չի նշանակում նորն ստեղծել: Նորաձևության վերածված արվեստի մեջ դարձյալ ապրում են հին գծերն ու ձևերը: Նոր ստեղծվող վոճը կարող ե ամբողջովին հակադիր լինել հնին, դրանով չի կորչում պատմական զարգացման կապը, այլ ընդհակառակը, շարունակվում ե: Այդպես ե յեղել միշտ և կը լինի մեզ մոտ ել:

Հայ արվեստի պատմության մեջ քանդակագործությունը լայն միջոցներ ունի առանձին զարգանալու. կլոր քանդակը նոր պիտի ասի իր խոսքը: Յերբևիցե քանդակագործի համար ավելի բովանդակալից և հարուստ շրջան գոյություն չի ունեցել: Արդի քանդակագործը, վորն ըմբռնում ե հեղափոխությունը և կրում իր մեջ դասակարգային պայքարի մասնիկը,— ունի իր առաջ ստեղծագործելու անսահման նյութ:

Ապրելով աշխատանքի ամենածանր տարիներում՝ նրա պարտքն ե հաղորդել իր մտքերը սեղմ, խտացրած և պարզ կերպով: Բովանդակության հարցն այդ քանդակագործի համար ինքնին լուծվում ե. նրա առաջ ավելի ծանր խնդիր ե դրված, դա իր արվեստի ձևական կողմն ե: Ձևի սպառումը պիտի համապատասխանի բովանդակության: Նոր վոտքի կանգնող մասսաների համար նա առաջին հերթին պիտի գտնի հասկանալի և ըմբռնելի ձևեր: Վերածնվող դասակարգի զարգացման սկզբնական շրջանում ռեալիստական ուղղությունը լուծում ե կերպարվեստագետի համար ամեն ձևական բարդություններ: Ռեալիզմն արվեստի գործի մեջ պարփակված միտքն իրական ձևերով դարձնում ե ըմբռնելի և դիտողին տպավորում, ազդում ե ուղղակի կերպով, առանց տեխնիկական խաղերի և ձևական բարդ խնդիրների: Բայց հեղափոխությունը լինելով ինքնին հերոսական մի ակտ՝ ռեալիզմը չի կարող նրա ընծայած պատկերները տալ առանց արվեստագետի յերևակայությունն իր գերագույն լարումին հասցնելու: Հարկավոր ե նրան տանել մի այլ գծով. հերոսական կամ՝ ավելի ճիշտ կը լինի ասել քանդակագործության մեջ՝ մոնումենտալ գծով:

Մոնումենտալ արվեստը, լինելով ստեղծագործող յերևակայության վերջին սահմանը, տալիս ե ամեն մի հեղաշրջում՝ իր պարզության և մեծության մեջ:

Յեթե ներկա քանդակագործն ուզում ե արտահայտիչը լինել իր ժամանակի, նա կը կարողանա միայն մոնումենտալ ռեալիզմի ձևական պարզությամբ հասնել իր նպատակին:

Կուլտուրաների բաղխման այս շրջանում ապրում են յերկու սերունդներ. առաջինը դեռևս կառչած ե հին ձևերին, ոգտագործում ե այն՝ աշխատելով դնել նոր բովանդակություն. յերկրորդը նոր աճող սերունդն ե, վորը հասկանում ե հին ձևերի արժեքը, գնահատում ե դեռ, բայց արտահայտության իբրև միջոց յերբեք չի ծառայեցնում: Պայքարն յերկու սերունդների մեջ պարզ յերևում ե, առաջինը՝ ձևական խնդիրների տիրապետումով՝ գտնվում ե ներկայումս առաջին պլանի վրա: Վերջ ի վերջո ձևական խնդիրների հաղթանակները ժամանակի և յերկար վորոնումների արդյունք են: Այստեղ գլխավոր նշանակություն ունեցողն արվեստագետի իդեոլոգիական դեմքն ե:

Ի վերջո կա քանդակագործների մի սերունդ ևս, վորն ապրելով յերկրից հեռու, կտրված միջավայրից և ժողովրդից, տատանվում ե զանազան ուղղությունների մեջ և ընկնում ազդեցությունների տակ:

Ոտարացած այդ սերնդից վոչինչ չունենք սպասելու:

Նոր կոփվող մոնումենտալ ռեալիստական քանդակագործության համար հարկավոր են յերկրումն աճող պատրաստվող ուժեր. նրանք միայն կարող են տանել այդ ուղղությունն իր առողջ գծով և ասել իրենց հարազատ խոսքը:

Մեր յերկրում չափազանց զգալի յե ֆիգուրալ արվեստի պակասը. մեր արվեստագետներն զբաղված են գունանկարչության զանազան ձևական խնդիրներով,— իմպրեսիոնիստական և եքսպրեսիոնիստական պեյզաժների տարափը խեղդում ե մեզ:

Աշխատանքային դարու արտահայտիչն առավել չափով պիտի ֆիգուրալ արվեստը լինի, քանդակագործությունը կը լրացնի այդ բացը: