Արևելահայաստանում արդի նկարչության ի հայտ գալու և հայերի արդիացման ընդլայն գործընթացների ուսումնասիրության մեջ հաճախ հանդիպող կերպար է Հովհաննես Քաթանյանը։ 1840-ականներին Պետերբուրգի արվեստի ակադեմիայում իր ուսումը ստացած այս նկարչը Րաֆֆու և Նալբանդյանի մտերիմ գործակիցն էր և համարվում էր «Անդրկովկասում «Հյուսիսափայլ» ամսագրի պրոպագանդիստը»։ Արդիամիտ ու գործունյա Քաթանյանի մտերմությունը հայ արդի նկարչության հիմնադիրներից Ստեփանոս Ներսիսյանի հետ, օրինակ, փաստում է իր փեսան՝ Գևորգ Բաշինջաղյանը։ Խնամի-բարեկամական, ընկերական կապերով ամուր կապված 19-րդ դարի մտավորական լայն շրջանակների, հայ պրոֆեսիոնալ նկարչության՝ իր պես նորելուկ առաջնեկների հետ՝ Քաթանյանի ստեղծագործությունն ու մտահորիզոնը նույնպես ելնում էր այս շրջանակներից։
1863 թվականին Մոսկվայի Լազարյան ճեմարանի տպարանում լույս է տեսնում Եղիշէ վարդապետի պատմութիւնը Վարդանի և հայոց պատերազմի համար հատորը՝ Մարտիրոս Սիմէօնեանցի աշխարհաբար թարգմանությամբ։ Գրքի տիտղոսաթերթին կարդում ենք. «Շքէղարուեստ Յովհաննէս Բ. Քաթանեանցի ծախքով»։ Բացի նկարչի՝ գրքի տպագրությունը հովանավորելու անսովոր փաստն ինքնին, հատորի սկզբում գտնում ենք երկու պատկեր, որոնց հեղինակը նշված չէ։ Դատելով թե՛ տիտղոսաթերթի նշումից և թե՛ Քաթանյանի փորագրական այլ փորձերից, մեծ է հավանականությունը, որ Քաթանյանն ինքն է պատկերների հեղինակը։ Օֆորտի տեխնիկայով արված գրաֆիկական այս գործերից մեկը ենթադրաբար պատկերում է Եղիշե վարդապետին՝ զինական առարկաներով ծանրաբեռնված քարե պատվանդանին արձանագրություն անելիս։ Մյուս պատկերը երկու ֆիգուրով հորինվածք է։ Վարդան Մամիկոնյանն այստեղ պատկերված է մակերեսի աջ վերևի անկյունից դեպի վար՝ դիմացի ֆիգուրն իջնելիս, որը հագուստով խիստ տարբերվելով սպարապետի զինավառ տեսքից, հոգևորական է հիշեցնում։ Կարծես ամպերից իջնող սրբի այսպիսի տեղակայումն ու մարմնի դիրքն անսովոր են սուրբ հերոսի պատկերագրության մեզ ծանոթ տիպի համեմատ։ Պատկերը մի կողմից ի հայտ է բերում այն փաստը, որ 1860-ականների սկզբին այսօր արդեն լայնորեն տարածված տարբերակը դեռևս իր կայուն տեղը չուներ արևելահայ հասարակայնության մեջ։ Մյուս կողմից, սակայն, հերոս սրբի հռոմեական հագուստն ու ցենտուրիոնի ծանոթ սաղավարտը հուշում են դրա խմորումների հիմնական ուղղությունը։
Հրապարակվում է ըստ՝ Եղիշէ վարդապետի պատմութիւնը Վարդանի և հայոց պատերազմի համար (Մոսկվա։ Տպարան Լազարեանց ճեմարանի, 1863)։

