Արևելահայ քաղաքական միտքը մեծապես պարտաբանական է. այն կանխադրում է բարոյական գաղափարի հանդեպ մարդու պարտականությունը և պահանջում, որ քաղաքական գործունեությունը առաջնորդվի ըստ այդ պարտքի։ Մեզանում այս ըմբռնումը մեծապես ազդված է ֆրանսիական հեղափոխության և դրա հիմքում ընկած ֆրանսիական լուսավորության մտավոր ավանդույթի տարատեսակ վերընթերցումներից։ Այս ավանդույթի ոգեշնչմամբ, բարոյական գաղափարի հանդեպ ի սկզբանե կանխադրված պարտքն է դարձյալ, որ սահմանում է մտավոր այն շրջանակը, որի ներսում է ձևակերպվում պետության մեր ըմբռնումը։
Գաղափարական այս շրջանակի սահմանները շոշափել է թույլ տալիս եվրոպական մտքի մեկ այլ՝ բրիտանական ավանդույթի շրջանակում ձևավորված մտավոր մի ուղղություն։ Վերջինիս առանցքում է «բարոյական զգայարանի» կանխադրումն իբրև բարոյականության և քաղաքականության հիմք, ի պատիվ որի էլ դպրոցի միտքը հաճախ բնորոշվում է իբրև բարոյական զգայարանի տեսություն (moral sense theory)։ Ի տարբերություն քաղաքականության պարտաբանական ըմբռնման՝ այս տեսությունը, բարոյականության հիմքում տեսնում է մարդկային կրքերն ու ազդումները (affections)։ Փիլիսոփայական այս դպրոցի հիմնադիր է համարվում Էնթոնի Էշլի Քուպերը՝ Շեֆթսբերիի կոմսը, ում ուրվագծած ուղղության ծիրում էին հետագայում ձևավորվելու շոտլանդական լուսավորիչներ Ֆրենսիս Հաչիսոնի, Դեյվիդ Հյումի և Ադամ Սմիթի բարոյական ըմբռնումները։
Ստորև ներկայացնում ենք Լորդ Շեֆթսբերիի բարոյականության շուրջ գրված առանցքային երկի՝ Առաքինության և արժանիքի վերաբերյալ հետազոտության վերջաբանից մի փոքրիկ հատված։ Հատկանշական է, որ Քեմբրիջի պլատոնականների ուսմունքի խոր դրոշմը կրող այս երկում, Շեֆտսբերին բարոյականությունը չի հանգեցնում լոկ վերզգայական գաղափարներին և դրանց հանդեպ բանական մարդու պարտքին, ինչը բնորոշ կլիներ նոր-պլատոնական հայացքին։ Ըստ հեղինակի՝ մարդկային ազդումներն ու կրքերն են մարդուն դարձնում երջանիկ կամ դժբախտ և նրա համար բարոյական սկզբունքներ սահմանում։ Ուշագրավ է, որ ազդումների փորձառումն է ընկած առաքինության հանդեպ բանական մարդու պարտավորության հիմքում։ Իսկ սա նշանակում է, որ առաքինության հանդեպ պարտքն ու պարտականությունը բարոյափիլիսոփայական այս մտածողության ներսում ոչ թե կանխադրույթ է, ինչպես պարտաբանական հայացքի հետևորդների համար, այլ՝ հետևանք։
Հրապարակվում է առաջին անգամ, թարգմանությունը՝ Աշոտ Գրիգորյանի։ Թարգմանությունն ըստ՝ Anthony Ashley Cooper, Third Earl of Shaftesbury, Characteristics of Men, Manners, Opinions, Times (Cambridge, New York, Cambridge University, 2000), էջ 229-230։
Հատված Հետազոտություն առաքինության և արժանիքի վերաբերյալ աշխատությունից
….Մենք հաշվի առանք բոլոր այն մասնավոր պարագաները, որոնց գումարմամբ կամ հանմամբ երջանկության հիմնական գումարը կամ ընդհանուր հաշիվն ավելանում կամ պակասում է։ Եվ եթե բարոյական թվաբանության այս կաղապարում չկա որևէ առարկելի կետ, քննարկված թեման, կարելի է ասել, ունի նույնքան մեծ ակնհայտություն, որքան թվերին և մաթեմատիկային վերբերող քննարկումները։ Քանզի անգամ եթե սկեպտիցիզմն այնքան հեռուն տանենք, որ կասկածենք (եթե կարող ենք) մեզ շրջապատող ամենի վրա, մենք չենք կարող կասկածել նրա վրա, ինչ կատարվում է մեր մեջ։ Մեր կրքերն ու մեր ազդումները հայտնի են մեզ։ Ինչպիսին էլ լինեն այն առարկաները, որոնց վրա դրանք կիրառվում են, դրանք հավաստի են։ Նույն կերպ, մեր փաստարկի համար որևէ նշանակություն չունի այս արտաքին առարկաների դրությունը. լինեն դրանք իրողություններ թե պատրանքներ, լինենք մենք արթուն թե քնած։ Չէ՞ որ վատ երազները հավասարապես կանհանգստացնեն, իսկ լավ երազը, թե կյանքն այլ բան չլիներ, հեշտությամբ ու երջանիկ կանցնի։ Կյանքի այս երազում, ուրեմն, մեր ապացույցներն ունեն նույն ուժը, մեր հավասարակշռությունն ու բարեկարգությունը պահպանվում է և առաքինության հանդեպ մեր պարտավորությունը բոլոր առումներով նույնն է մնում։