Ավանդաբար հայ քաղաքական միտքը ոգեշնչված է եղել ֆրանսիական լուսավորական իդեալներով և դրանց հետագա գերմանական ու ռուսական վերամեկնաբանություններով։ Պետությունն ու քաղաքականությունն ընկալելու մեր լուսավորիչների եղանակը փիլիսոփայորեն բնորոշելու տեսանկյունից առանցքային է Ժան-Ժակ Ռուսոյի քաղաքական փիլիսոփայությունը։ Վերջինիս ոգով՝ հայ քաղաքական միտքը պետությունն առաջին հերթին հակադրում է մեր կյանքի զգայա-նյութական պայմաններին, այս կերպ է այն նախատեսում կենսագործել վերզգայական բարոյական իդեալները (մարդու իրավունքներից մինչև ազգային իղձեր)։
Այս իմաստով, սակայն, եթե փորձում ենք ոչ միայն փիլիսոփայորեն բնորոշել, այլև փիլիսոփայորեն վերամտածել ու քննադատել հայ քաղաքական մտքի, ապա բախվում ենք ֆրանսիական լուսավորական փիլիսոփայության շրջանակի քննադատություն խնդրին։ Նման քննադատության կառուցման հնարավորություն է տալիս նույն այդ փիլիսոփայական ավանդույթի հիմքում ընկած, բայց և բարոյականության վերզգայական բնույթը հարցադրող բրիտանական վաղարդի բարոյափիլիսոփայությունը։ Մասնավորապես արժեքավոր է բարոյականության ու զգայա-նյութական իրականության կապի՝ շոտլանդացի լուսավորիչ Դեյվիդ Հյումի ըմբռնումը։ Վերջինս հարցականի տակ է դնում քաղաքականության և մարդու կյանքում բնականորեն առաջ եկող զգայական ու նյությական կարիքներին սուր հակադրությունը և դրանով իսկ հանավորություն ստեղծում այդ հակադրության վրա խարսխված հայ քաղաքական մտքի վերամտածման համար։
Ստորև ընթեցրողին ենք ներկայացնում Հյումի քաղաքական փիլիսոփայության կարևոր ուսումնասիրողներից մեկի՝ Դունքան Ֆորբսի Հյումի փիլիսոփայական քաղաքականությունը աշխատությունից մի հատված։ Այստեղ հեղինակն ուրվագծում է Հյումի բարոյափիլիսոփայության համար ոգեշնչման աղբյուր հանդիսացած իր ավագ ընկերոջ՝ Ֆրենսիս Հաչիսոնի ըմբռնումների բնագիտական հենքը։ Այս հենքը հատկապես էական է նրանով, որ բնագիտական-փորձառական մոտեցումն է քաղաքականության հիմքերը որոնելիս Հյումին և Հաչիսոնին թույլ տալիս տեսնել վերզգայական իդեալներից անդին։ Բնագիտական հայացք ունեցող այս մտածողների տեսանկյունից կենտրոնում է հայտնվում, վերզգայական իդալների փոխարեն, մարդու բնական հակումների ու զգայա-կրական կյանքի ուսումնասիրությունը։
Հարապարակվում է առաջին անգամ, թարգմանությունը՝ Աշոտ Գրիգորյանի։ Թարգմանությունն ըստ՝ Duncan Forbes, Hume’s Philosophical Politics (Cambridge, London, New York: Cambridge University, 1975), էջ 32-33։
Հաչիսոնի բնափիլիսոփայական մոտեցումը
Տրակտատի հրատարակության ժամանակ[1]Դեյվիդ Հյումի գլխավոր փիլիսոփայական երկը՝ Տրակտատ մարդկային բնության վերաբերյալ աշխատությունը լույս է տեսել 1739-1740 թվականներին` Լոնդոնում։ Հյումին իմացականորեն ամենամոտ փիլիսոփան, հատկապես բարքերին վերաբերող հարցերում, հավանաբար Ֆրենսիս Հաչիսոնն էր։ Վերջինս Շոտլանդիայի իր օրերի ամենաառաջադեմ մտածողն էր, ով թե՛ այդպիսին լինելու բերումով, թե՛ Շեֆթսբերիի[2]Խոսքը բարոյական սենտիմենտալիզմի դպրոցի հիմնադիր համարվող՝ անգլիացի վաղարդի բարոյափիլիսոփա Լորդ Շեֆթսբերիի մասին է։ (Ծնթ. – Ա.Գ.) ու անտիկ աշխարհի բարոյախոսների ուսմունքների վրա հիմնված դասական հումանիզմի ընդհանուր իր ջատագովության համար անկասկած շոտլանդական համալսարանների երիտասարդների հերոսն էր։ Իր երիտասարդ լսարանի առաջ նա վկայակոչում էր այս բարոյախոսներին ինչպես նաև Քամբերլանդին «բարքերի ընդհանուր ուսմունքի և հիմքերի» վերաբերյալ հարցերում, իսկ ինչ վերաբերում է բնության օրենքներին, նա հղում էր Գրոտիոսին,Պուֆենդորֆին,[3]Խոսքը վաղարդի շրջանի հոլանդացի և գերմանացի քաղաքական փիլիսոփաներ Հուգո Գրոտիուսի և Սամուել Պուֆենդորֆի մասին է, որոնք առանցքային նշանակություն են ունեցել բնական օրենքի միջնադարյան ըմբռնումն արդի քաղաքական միտք ներմուծելու գործում։ (Ծնթ. – Ա.Գ.) Բարբերակին[4]Խոսքը Պուֆենդորֆի երկերի թարգմանիչ ֆրանսիացի իրավագետ Ժան Բարբերակի մասին է։ (Ծնթ. – Ա.Գ.) , Հարինգթոնին,[5]Խոսքը անգլիացի քաղաքական տեսաբան Ջեյմս Հարինգթոնի մասին է, ում երկերն առանցքային նշանակություն են ունեցել Անգլիայում Չարլզ երկրորդի գլխատումից հետո հանրապետական մտքի ձևավորման գործում։ (Ծնթ. – Ա.Գ.) Լոքին և Բինկերսխուկին։[6]Խոսքը վաղարդի շրջանի հոլանդացի քաղաքագետ Կորնելիուս վան Բինկերսխուկի մասին է, ում աշխատությունները կարևոր նշանակություն են ունեցել միջազգային օրենքի ձևավորման գործում։ (Ծնթ. – Ա.Գ.) [1] Բարոյական տեսության պատմության ոլորտում Հաչիսոնը հայտնի է բարքերի քննարկման մեջ ինդուկտիվ մեթոդի ներմուծմամբ։[2] Ինչպես Լիչմանն է գրել Հաչիսոնի Բարոյափիլիսոփայության համակարգի իր նախաբանում.[3] «Նա արդեն նկատել էր, որ ներկա դարի երջանկությունն ու փառքն է, որ նրանք թոթափել են բնափիլիսոփայության մեջ վարկածներ ու ենթադրություններ կազմելու մեթոդը և ձեռնամուխ են եղել ինքնին նյութական աշխարհի կառուցվածքի վերաբերյալ դիտումներ ու փորձեր անելուն։ Նա հավատացած էր, որ նման կերպ բարքերի ճշմարիտ կաղապարը պետք է կառուցվի մարդկային բնության կարողությունների ու սկզբունքների պատշաճ դիտմամբ։ Համապատասխանաբար մենք պետք է հետազոտենք մեր ներքին կառուցվածքն իբրև տարբեր մասերից բաղկացած կազմություն կամ համակարգ, որպեսզի դիտենք ամեն մասի պաշտոնն ու նպատակը։…. Ըստ նրա՝ հիմք կա հուսալու, որ մարդկության տարբեր բնական սկզբունքների ու բնական խառնվածքների առավել խիստ փիլիսոփայական հետազոտման հիման վրա (այնպիսին, ինչպիսինն է մոլորակի կամ արեգակնային համակարգի կառուցվածքի հետազոտումը) կարելի կլինի կազմել բարքերի առավել ճշգրիտ տեսություն»։[4] Ինչպես երևաց, այս ծրագիրն այն ավանդույթի մի կատարելագործում է, որի գիտակից ժառանգն է Հաչիսոնը. ծրագիր, որն ընդգծվում է իր փիլիսոփայական հակառակորդների՝ էթիկական ռացիոնալիստների հետ հակադրության մեջ, և որն առավել ինքնագիտակից ու զգաստ է դառնում Նյուտոնի ձեռքբերումներով ու մեթոդով։
[1] Francis Hutcheson, A Short Introduction to Moral Philosophy, (Glasgow: Robert & Andrew Foulis, 1753), էջ vii-viii։
[2] Daiches Raphael, The Moral Sense (Oxford: Oxford University, 1947), էջ 15; William Blackstone, Francis Hutcheson and Contemporary Ethical Theory (Athens: University of Georgia, 1965), էջ vii։
[3] Լիչմանը Հաչիսոնի սանն էր, նրա հաջորդը Գլազգոում և նրա [գործի] «շարունակողը»։ Հավանաբար Հյումի ամենամտերիմ ընկերներից մեկի մասնավոր ուսուցիչ Լիչմանի միջոցով էր Հյումը կապ հաստատել Հաչիսոնի հետ։
[4] Francis Hutcheson, A System of Moral Philosophy, հ. 1 (London: Robert & Andrew Foulis, 1755), էջ xiv-xv։
Ծանոթագրություններ
↑1 | Դեյվիդ Հյումի գլխավոր փիլիսոփայական երկը՝ Տրակտատ մարդկային բնության վերաբերյալ աշխատությունը լույս է տեսել 1739-1740 թվականներին` Լոնդոնում։ |
---|---|
↑2 | Խոսքը բարոյական սենտիմենտալիզմի դպրոցի հիմնադիր համարվող՝ անգլիացի վաղարդի բարոյափիլիսոփա Լորդ Շեֆթսբերիի մասին է։ (Ծնթ. – Ա.Գ.) |
↑3 | Խոսքը վաղարդի շրջանի հոլանդացի և գերմանացի քաղաքական փիլիսոփաներ Հուգո Գրոտիուսի և Սամուել Պուֆենդորֆի մասին է, որոնք առանցքային նշանակություն են ունեցել բնական օրենքի միջնադարյան ըմբռնումն արդի քաղաքական միտք ներմուծելու գործում։ (Ծնթ. – Ա.Գ.) |
↑4 | Խոսքը Պուֆենդորֆի երկերի թարգմանիչ ֆրանսիացի իրավագետ Ժան Բարբերակի մասին է։ (Ծնթ. – Ա.Գ.) |
↑5 | Խոսքը անգլիացի քաղաքական տեսաբան Ջեյմս Հարինգթոնի մասին է, ում երկերն առանցքային նշանակություն են ունեցել Անգլիայում Չարլզ երկրորդի գլխատումից հետո հանրապետական մտքի ձևավորման գործում։ (Ծնթ. – Ա.Գ.) |
↑6 | Խոսքը վաղարդի շրջանի հոլանդացի քաղաքագետ Կորնելիուս վան Բինկերսխուկի մասին է, ում աշխատությունները կարևոր նշանակություն են ունեցել միջազգային օրենքի ձևավորման գործում։ (Ծնթ. – Ա.Գ.) |