Գիտակցված և ընկերովի մահվան արանքում. Սմբատ Շահազիզի «Յիշողությունները»

 

Հյուսիսափայլի հետևորդ, Ստեփանոս Նազարյանցի աշակերտ, գրող-հրապարակախոս Սմբատ Շահազիզը 1901 թվականին հրապարակում է Յիշողութիւններ Վարդանանց տօնի առիթով գրքույկը։ Եկեղեցական տոնի «ներքին իմաստն ու բովանդակութիւնը» հիշեցնելու նպատակով գրված այս հրապարակախոսական ակնարկը հյուսում է վարդանանց պատմությունը գործչին անհանգստացնող ժամանակակից դրվագների հետ ու միաժամանակ վառ գույներով պատկերում Ավարայրի անցուդարձը։ Գրագետը, կարծես ականատես, «հիշում է» եկեղեցու սրբին՝ հինգերորդ դարից նրա կենդանի պատկերը նեցուկ դարձնելով հայերի արդիացման գործին։

Ներկա վավերագիրը գրքույկում Ավարայրի ճակատամարտի սկիզբն ազդարարող հատվածն է։ Այստեղ, հետաքրքրականորեն, Եղիշեի «Մահ իմացեալ անմահութիւն» արդեն լայնորեն հայտնի խոսքը Շահազիզի մոտ իր տեղը զիջում է դրա ժողովրդական զույգին՝ «ընկերովի մահը հարսանիք է»։ Սա մի տարբերություն է, որն ի հայտ է բերում հայ եկեղեցու սահմանած բարձր իդեալների և դրա ներսում բաբախող ժողովրդական կյանքից ծնված իմաստության ներհակությունը։ «Իմացյալ մահի»՝ գիտակցական այն բարձր չափանիշը, որ դնում է Եղիշեն հոգևոր կյանքի սրբազան գաղափարով միաբանված ժողովրդի վրա, փոխատեղվում է համայնական կյանքի ժողովրդական իդեալի հետ, անմահությունն էլ իր տեղը զիջում է քեֆ-ուրախությանը։ Պարզ չէ՝ Շահազիզը միտումնավո՞ր, Վարդանանց պատմությանը ժողովրդական լիցք տալու համա՞ր է անում այս փոխատեղումը, թե՞ իր մեջ էլ ինքնահոսի կերպով արձագանք է գտնում է նահատակության այս ժողովրդական ըմբռնումը։ Այնուամենայնիվ սրանք երկու՝ իրարից բավական տարբեր նահատակության մղումներ են։ Մեկը տոգորված է հանուն կյանքից բարձր գաղափարի կյանքից հրաժարվելու ջերմեռանդ ձգտմամբ, մյուսի տակ բաբախում է համայնական հաճույքների կենսասեր ոգին, որի մի մասն է նաև մահն ինքը։  

Հրապարակվում է ըստ՝ Սմբատ Շահազիզեան, Յիշողութիւններ Վարդանանց տօնի առիթով (Մոսկուա։ Տպարան Ք. Բարխուդարեանի, 1901), էջ 1, 42-44։

 

 

Յիշողութիւններ Վարդանանց տօնի առիթով

 

I.

Ամէն տարի, Բարեկենդանի հինգշաբթի օրը, հայաստանեայց եկեղեցին իւր ժողովրդի հետ միասին կատարում է Վարդանանց յայտնի տօնը, նրանց գլխաւորներին էլ մի-մի յիշում իւր սքանչելի «Նորահրաշ» շարականի մէջ։ Բայց գործողութիւնը, մեզանից ամբողջ դարերով հեռու լինելով, շատերս մոռացել ենք այն տօնի ներքին իմաստը ու բովանդակութիւնը։ Այս պատճառով ես իմ ընթերցողներին առաջարկում եմ ուշադրութեամբ հետևել ներկայ «Յիշողութիւններիս» ….

 

IX.

Մոգերը, ինչպէս ասում են, իրանց «ջուլ ու փալասը» հաւաքած ճանապարհ ընկան։ Ճանապարհորդութիւնը դէպի Հայաստան մի կատարեան տօնահանդէս էր մոգերի համար։ Նոքա, դեռ ևս Հայոց աշխարհը չհասած, ճանապարհին փայտեր էին ձգում, վիճակ էին հանում, թէ ով ի՛նչ նահանգ պիտի ստանայ ուսուցանելու համար։ Յայտնի բան է, որ մոգերի գլխաւոր դարդը այնքան էլ ուսուցանելը չէր, քան թէ իրանց լայն գրպանները խճողելու։ Բոլորն էլ շտապում էին «տաք տեղեր» գրաւել, որովհետև «ով չուշտ – նա կուշտ»։ Քսան ու չորս օրում մոգերը նախարարների հետ միասին մտան Հայաստան և կանգ առան Անգղ գիւղում։ Ապա նրանք, օգնութիւն կանչելով իրանց սուրբերին, – Հօրդատին և Ամուրդատին, փորձեցին գիւղի եկեղեցին քանդել։ բայց ինչպէս կարող էին քանդել, քանի որ պատրաստ կանգնած էր այդտեղ բազմաչեայ Ղևոնդ երէցը! Սա, մատեմատիկաբար ճիշդ հաշուելով մոգերի գալու և դադարելու կէտը, իսկոյն իւր ընկերակիցների հետ վրահասաւ և պատեց եկեղեցին։ Եւ որովհետև այդպիսի դէպքերում մարդկութեան ձեռին մի ուրիշ հնար չկայ պաշտպանուելու, քան թէ գործ դնել «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման», – Ղևոնդեանք էլ, զինւորուած քարերով ու գաւազաններով, մոգերի կառափները (քեալլա) ջարդեցին և մնացածներին ցանուցիր յետ քշեցին)։[1]Այստեղ Ղազար Փարպեցին մի շատ բնորոշ բան է պատմում. նա ասում է. «հայոց կանայքը, որոնց մոգերը եկել էին կրթելու, այնպիսի զզուանքով էին նայում նրանց վերայ, որ պատահելիս շուռ էին գալիս, որ մոգերի երեսը անգամ չտեսնեն։ Նոքա իրանց դաստիարակներին էլ խստիւ պատուիրել էին, որ երեխաներին երբէք չանցկացնեն մոգերի մօտից»։ Այսպէս էին հինգերորդ դարի կրթուած կանայքը… մաքրափայլ, ինչպէս հայրենի հովիտների մանուշակն ու շուշանը։ 

Անտարակոյս, հաւատափոխ նախարարներն էլ միացան Ղևոնդի խմբի հետ և այնուհետև սկսուեց ընդհանուր տագնապ։

Այս բոլորը շուտով հասաւ թագաւորի ականջին. – «Խռովեցաւ Հերովդէս և ամենայն Երուսաղէմ ընդ նմա»։

Ուղիղ 451 թւականն էր Քրիստոսից յետոյ։ Տիզբոն, Պարսից մայրաքաղաքը, միանգամայն փոխել է իւր սովորական կերպարանքը. թագաւորական պալատն էլ խորասուզուել մի անփարատելի տրտմութեան մէջ։ Միհրներսէհ, Մովպետան Մովպետ միւս մեծամեծների հետ, ձեռները ծալած, չեն համարձակվում նայել թագաւորի երեսին, որովհետև հայերը, «երկչոտ ու ստրուկ հայերը», շատ և շատ գերազանցեցին թագաւորից իրանց մարդկային արժանաւորութեամբ։ Ուրեմն հարկաւոր է պատժել այդ ստրուկներին։ Ամէն կողմից զօրքեր են որ թափւում են Տիզբոն, կազմակերպվում են գնդեր ու վաշտեր ու սպառազէն փղերի երամակներ։ – Եւ շողաց բախտավճիռ սուսերը։ – Չու! դեպի պատերազմի դաշտը։

Արտաշատն էլ պակաս հոգսի մէջ չէր. միայն այստեղ ոչ մի տրտմութեան ստուեր չէր երևում, ինչպէս Պարսից բանակում։ Բոլորն էլ պայծառ և զուարթ տրամադրութեան մէջ էին։

Ահա վրանից դուրս է ցայտում և Վարդանանց ոգին,- ինքը Վարդան Մամիկոնյան, որ երիտասարդական աշխոյժը երեսին, դառնալով դէպի զօրքը, ասում է. «Տղէք, «Մահը ընկերով հարսանիք է». թող ձեր գործերը վկայեն յետագայ սերունդներին, որ դուք ձեր արիւնը ջրի պէս էք թափել հայրենիքի պատուի համար։ Ես զգում եմ, ես հաւատում եմ, որ այսօր Միածին Որդին է մեզ առաջնորդում։ Տէրն օգնական ձեզ, քաջեր»։ Իսկ զօրքը ներդաշնակ եղանակելով «Դատեա՛, Տէր, զայնոսիկ, ոյք դատին զմեզ. զինու և ասպարաւ օգնեա մեզ» – տեղից շարժուեցին դէպի Աւարայր։

Թնդաց հայկական բամբիռը. ժողովուրդն էլ, որ խռնուած էր այնտեղ ահագին բազմութեամբ, ցնծալից աղաղակեց. Լուսաւորչու աջը ձեզ օգնական, սուրբ մարտիրոսներ!

 

Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ
1 Այստեղ Ղազար Փարպեցին մի շատ բնորոշ բան է պատմում. նա ասում է. «հայոց կանայքը, որոնց մոգերը եկել էին կրթելու, այնպիսի զզուանքով էին նայում նրանց վերայ, որ պատահելիս շուռ էին գալիս, որ մոգերի երեսը անգամ չտեսնեն։ Նոքա իրանց դաստիարակներին էլ խստիւ պատուիրել էին, որ երեխաներին երբէք չանցկացնեն մոգերի մօտից»։ Այսպէս էին հինգերորդ դարի կրթուած կանայքը… մաքրափայլ, ինչպէս հայրենի հովիտների մանուշակն ու շուշանը։