1960-ականների վերջին Աշոտ Հովհաննիսյանը հրատարակության է պատրաստում Ուրվագծեր 19-րդ դարի երկրորդ կեսի արևելահայ հասարակական-քաղաքական մտքի պատմության աշխատությունը, որը սակայն այդպես էլ լույս չի տեսնում: 1960-ականների վերջից ընդհուպ մինչև Հովհաննիսյանի մահը` 1972-ը, թե′ Գիտությունների ակադեմիայի, թե′ կոմունիստական կուսակցության ներսում գրքի հրատարակությունը վիժեցնելուն միտված քայլերը երևան են բերում բրեժնևյան կառավարման տարիներին պատմագիտության և քաղաքականության ստալինացման նոր ալիքը:
1960-70-ականներին Հովհաննիսյանի գրքի շուրջ քննարկումների ու դրա հրատարակության կասեցման առանցքում Հովհաննիսյանի՝ դեռ 1920-ականներին Դաշնակցությանը տված գնահատականն էր: Ըստ սոցիալական ծագման Դաշնակցությունը մանր-բուրժուական՝ հայ դեմոկրատիայի կուսակցություն գնահատող Հովհաննիսյանի դեմ 1920-ականների երկրորդ կեսին սկսված քաղաքական արշավն ըստ էության բյուրեղացնում էր հայ քաղաքական մտքի զարգացման բարդ ընթացքը հետահայաց մաքրել-զտելու ստալինյան հավակնությունը: Դաշնակցությունն առևտրա-արդյունաբերական բուրժուազիայի կուսակցություն ճանաչելու ստալինյան հրամայականի կենսագործումը նշանակում էր դիվացնել Դաշնակցությունը, դարձնել այն մեծամասնականների քաղաքական ամենամեծ թշնամին, հետևաբար և չեզոքացնել երկու կուսակցությունների միջև որևէ կապ անցկացնելու հնարավորությունը: 1920-30-ական թվականներին Դաշնակցության պատմության ու հենց իր պատմաբանության ստալինյան վերաքննումից հետո հետստալինյան շրջանում ոչ միայն 19-րդ դարի հասարակական-քաղաքական հոսանքների քննական պատմությունը, այլև իր՝ Հովհաննիսյանի 1920-ականների քաղաքական ու պատմագիտական ժառանգությունը ստալինյան մաքումների ենթարկված պատմություն էր, որը քաղաքականապես այլևս ժամանակավրեպ էր:
Ստորև ներկայացվող արխիվային նյութերը բազմաթիվ այն վավերագրերից են, որոնք բացահայտում են տարիներ շարունակ Հովհաննիսյանի գրքի հրատարակման կասեցման, Հովհաննիսյանի դեմ հնչող քաղաքական մեղադրանքների ու Հովհաննիսյանի՝ հայ քաղաքական մտքի պատմությունը հետահայաց մաքրումների ենթարկելու դեմ շարունակվող կռիվը: 1969-ին անձամբ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին ուղղված նամակում Հովհաննիսյանն արձագանքում է գրքի հրատարակման շուրջ քննարկումներում ««դաշնակցության ռեաբիլիտացիայի» փորձ» ձեռնարկելու իր դեմ հնչող մեղադրանքին: Այս մեղադրանքի անհեթեթությունը, բայց և ընդգծված քաղաքական ենթատեքստն է ակնարկում Հովհաննիսյանը, երբ նշում է, թե «դյուրին չէ «դաշնակցականների ռեաբիլիտացման» մեջ կասկածել մեկին, որի ամբողջ գիտակցական կյանքը ուղղված է եղել և հիմա իսկ ուղղված է այդ կուսակցության դեմ լենինյան դիրքերից մղվելիք գաղափարական պայքարի խնդիրներին»: Հովհաննիսյանի դիրքն այս բանավեճերում սակայն միանշանակ չէր: Ի վերջո, ոչ այլ ում, քան Դաշնակցության նախկին համակիրին էին ուղղված այս մեղադրանքները, որի գիտակցական կյանքը լենինյան հայացքներին հասել էր դաշնակցական ու սպեցիֆիկյան հայացքների յուրացման բովով անցնելուց հետո միայն: Մյուս կողմից սակայն նույն այդ անցյալի հակասալից ընթացքն է բացահայտվում Հովհաննիսյանի՝ իրեն մեղադրողների հասցեին հնչող քննադատության մեջ, որոնք «իրենց կյանքում կենդանի «դաշնակի» երես չէին տես[ել]»: Այնինչ Հովհաննիսյանն այն քաղաքական գործիչների սերնդից էր, ովքեր ներակա կերպով կապված էին իրենց կողմից քննադատվող Դաշնակցություն կուսակցության հետ, ուրեմն և դրա հետ միասին պատկանում էին հայ քաղաքական մտքի կայացման միևնույն պատմությանը:
Հովհաննիսյանի համար իր աշխատությունը «գիտական բացճակատ քննադատության ենթակա նյութ» էր: Սակայն 1970-ին Հովհաննիսյանի գրքի հրատարակության հարցը կրկին քննող Գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների բաժանմունքի բյուրոյի նիստի արձանագրությունը վեր է հանում գրքի շուրջ հնարավոր քննարկումը փակուղի բերած քաղաքական ասպեկտը: Ստալինիզմը վճռապես չեզոքացրել էր հայ քաղաքական միտքն իր բարդությամբ հասկանալու հնարավորությունը: Հայ պատմաբանական ու քաղաքական միտքն այլևս ստալինյան մաքրումների ենթարկված պատմության ժառանգն էր, որ սեփական բարդ անցյալի հետ կարող էր հարաբերվել միայն պարզ հակադրությունների վերածված ստալինյան եղանակների հիման վրա:
Հովհաննիսյանի գրքի հրատարակման շուրջ 1960-70-ականներին ընթացած քննարկումն, ուրեմն, այն թելն է, որով բացահայտվում է ոչ միայն արդեն անաքրոնիստական դարձած հայ քաղաքական մտքի կայացման պատմությունը, այլև նույն այդ քաղաքական մտքի ու դրա պատմության հետահայաց մաքրման ստալինյան փորձը:
Հրապարակվում են ըստ՝ Մատենադարան, Աշոտ Հովհաննիսյանի ֆոնդ, թղթապանակ 24413, վավերագիր 302 և թղթապանակ 24419, վավերագիր 86: Բնագրերում կատարվել են մասնակի միջամտություններ: Հովհաննիսյանի ձեռքով գրիչով կատարված հավելումները ներառնվել են տեքստի մեջ փակ փակագծերում: Իսկ տեքստի մեջ սպրդած վրիպակները շտկվել են:
[Բանբեր Հայաստանի արխիվներում իմ զետեղած հոդվածի ռեզյումեն]
ՄԵԾԱՐԳՈ ԱՆՏՈՆ ԵՐՎԱՆԴՈՎԻՉ
Անցած մայիս ամսին ընկ. Ռ. Խաչատրյանը ինձ հուսադրել էր Ձեզ հետ հանդիպում ունենալու և գրքիս վերջաբանի վերաշարադրման մասին Ձեր արած առաջարկության մասին բացատրություն տալու համար: Նույն նպատակով Ձեզ հետ հանդիպում ունենալու մասին ցանկություն էի հայտնել նաեւ ընկ. Դալլաքյանի միջոցով:
Սակայն, ինչպես երևում է, Ձեր բազմազբաղվածությունը դժվարացնում է անձնական հանդիպումը: Ուստի նպատակահարմար գտա պարզաբանել Ձեր առաջարկի իրագործման դժվարությունը սույն նամակով:
Ինչպես ինձ բացատրեց ընկ. Խաչատրյանը՝ Դուք անհրաժեշտ եք համարում, որ գրքիս վերջաբանում, շուրջ մի մամուլի սահմաններում, արծարծեմ այն միտքը, որ 1905թ. հեղափոխությունից հետո դաշնակցությունը մտել է իր զարգացման նոր այն էպատը, որը գրքիս առաջաբանում բնորոշում եմ որպես այդ կուսակցության բուրժուական վերասերման էտապ:
Տեղեկանալով այդ առաջարկության մասին՝ ես տեղն ու տեղը հայտնեցի ընկ. Ռ. Խաչատրյանին, որ աննպատակահարմար է վերջաբանիս նման ընդարձակումը:
Ո՞րն է այս առարկության հիմքը:
Ինչպես գիտական ամեն մի աշխատության վերջաբան՝ գրքիս վերջաբանը ևս պիտի ամփոփի միայն նրա բովանդակությունից բխող եզրահանգումները: Քանի որ գիրքս ընդգրկում է միայն դաշնակցության մինչև 1903-1905թթ. նախակովկասյան գործունեությունը, անհնարին է գրքի վերջաբանում անդրադառնալ այդ կուսակցության 1905-1920թթ. բուրժուական վերասերման շրջանին, առանց վելուծելու այդ շրջանի նրա ընթացքը և հատուկ վկայակոչումներով ցույց տալու նրա բուրժուական վերասերման պրոցեսը: Բայց անել այդ՝ կնշանակեր դուրս գալ գրածի սահմաններից, այսինքն փոխելով գրքիս բովանդակությունը, այն ծանրաբեռնել դաշնակցության գործունեության նոր էտապի տեսությամբ ու այդ էտապը բնութագրող վկայակոչումներով: Իհարկե, կարելի է գուցե և խուսափել նման վկայակոչումներից, բայց դա կնշանակեր գրքի վերջաբանը հանգեցնել ընթեցրողին ոչինչ չասող վայրախոսության: Ակներև է, որ հնարավոր չէ Ձեր առաջարկած ուղղությամբ ընդարձակել գրքիս վերջաբանը, առանց խախտելու ամբողջ աշխատության կոմպոզիցիան կամ իջեցնելու նրա գիտական մակարդակը:
Այլ բան կլիներ, եթե առանց արգելափակելու գրքիս տպագրությունը, Կենտկոմն ինձ առաջարկելու լիներ գրել նոր գիրք դաշնակցության 1905-1920թթ. գործունեության մասին, պատմական կոնկրետ փաստագրությամբ ու վկայակոչումներով ցույց տալ նրա դասակարգային վերասերման պրոցեսը: Նման առաջարկի կատարումից ես ոչ միայն չէի հրաժարվի, այլև պատրաստ կլինեի հենց այս տարվանից ձեռնարկելու դրան, մի-երկու տարիների ընթացքում ավարտելով այդ աշխատությունը՝ առանց բարձիթող անելու իմ մյուս պարտականությունների կատարումը:
2․ Օգտվում եմ առիթից անդրադառնալու այն պատճառաբանությանը, որ Ձեր առաջարկը հիմնավորելու մտայնությաամբ, ինձ հաղորդեց ընկ. Ռ. Խաչատրյանը: Նա հարկ տեսավ մատնանշելու, թե քանի որ գիրքս գրված է ՀԿԿ Կենկտոմի 1928թ. նոյեմբերյան պլենումի կողմից դաշնակցությունը իսկզբանե անտի բուրժուական կուսակցություն լինելու մասին ընդունված որոշումից տարբերվող կոնցեպցիայով, առանց Ձեր առաջարկած վերջաբանի, ընթերցողը կարող է ընկալել գիրքս որպես «դաշնակցության ռեաբիլիտացիայի» փորձ: Այդ տպավորությունը վանելու համար է հենց, ասաց ընկ. Ռ. Խաչատրյանը, որ առաջին քարտուղարը նպատակահարմար է տեսնում վերջաբանիս վերաշարադրումը:
Դժվարանում եմ հավատալ, թե ընկ. Խաչատրյանի թափանցիկ ակնարկը հարազատորեն է արտացոլում Ձեր կարծիքը նվաստիս գիտական նպատակամղման մասին: Թվում է, որ գեթ Ձեզ անհայտ չպիտի լինի, որ իրենց կյանքում կենդանի «դաշնակի» երես չտեսած եւ «դաշնակների» հետ գաղափարաբանական բացճակատ բախում ունենալուց խուսափող մեր գաղափարական ճակատի ղեկավարներից ոմանք, ըստ երևույթին, գլխի չեն ընկնում, որ դյուրին չէ «դաշնակցականների ռեաբիլիտացման» մեջ կասկածել մեկին, որի ամբողջ գիտակցական կյանքը ուղղված է եղել և հիմա իսկ ուղղված է այդ կուսակցության դեմ լենինյան դիրքերից մղվելիք գաղափարական պայքարի խնդիրներին: Պիտի կարծել, որ արտասահմանյան մեր աշխատավորության գիտակցությունը թունավորող դաշնակցական գրականությունը միայն հարևանացիորեն թերթող որոշ ընկերների ուշադրությունից համառորեն վրիպել է այն իրողությունը, որ Հայաստանի սահմաններից քշվելուց հետո, մեզ դեմ պայքարող դաշնակցական առավել կատաղի ղեկավարները – Դարբինյանը, Նավասարդյանը և Վրացյանը իրենց «տեսական» գլխավոր հարվածները վերապահում են միայն նվաստիս, կարծես միայն իմ մեջ նշմարելով իրենց դիրքերի գլխավոր քողազերծողին… Արդյոք այս իրողության առջև զավեշտաբար չէ՞ հնչում «դաշնակցության ռեաբիլիտացիայի» մտացածին վերսիան…
3․ Ուզում եմ հավատալ, թե այս պարզաբանումներից հետո Ձեզ համար հասկանալի կլինի, թե ինչու հնարավոր չեմ համարում վերջաբանիս ընդարձակումը և, սպառված համարելով հարցը, խնդրում եմ, որ գիրքս տպագրվի այնպես, ինչպես այն գրված է:
Առ այս պիտի հաշվի առնել նաև այն, որ, ինչպես ինձ հետ ունեցած իր մայիսյան զրույցի ժամանակ իր իսկ աշխատակիցների ներկայությամբ չզլացավ խոստովանել ընկ. Ռ. Խաչատրյանը, գիրքս գրված է «գիտական բարձր մակարդակով, և որ մասնավորապես իրեն, ընկ. Խաչատրյանին, իմ լուսաբանումները «համոզիչ են թվում»:
Ուզում եմ հավաստիացնել Ձեզ, մեծարգո Անտոն Երվանդովիչ, որ թեև չեմ բաժանում 1928թ. ՀԿԿ Կենտկոմի ընդունած լենինիզմի բառին և ոգուն հակասող բանաձևը, այդ բանաձևը քննադատելու համար չէ, որ գրել եմ գիրքս և նրա մասին հեռավոր ակնարկ իսկ չկա իմ գրքում: Աշխատությունս դիտում եմ որպես գիտական բացճակատ քննադատության ենթակա նյութ, որ անհրաժեշտ էր Հայկ. գիտ. ակադեմիայի ձեռնարկած «Հայ ժողովրդի պատմության» ութհատորյակի խմբագրումը դյուրացնելու նպատակով: Արտոնելով գրքիս տպագրությունը, Կենտկոմը միայն նպաստած կլիներ ութհատորյակի մշակման ու խմբագրման դժվարին գործին: Մի կողմ եմ թողնում այն, որ ներկա իմ աշխատությունը պատահական մտահղացում չէ, այլ նախընթաց իմ աշխատությունների հետ գաղափարապես սերտորեն շաղկապված ուսումնասիրություն: Չտպագրել գիրքս, միևնույն է թե դատապարտել իմ նախընթաց գործունեությունը կամ ուղղակի դադարեցնել նրա շարունակումը: Ինչ խոսք, որ դա կլիներ չափազանց ուշացած, ուստի և անիմաստ վերաբերմունք:
Նամակս գոցելուց առաջ, խնդրում եմ հաշվի առնել, որ, հարկ լինելու դեպքում, պատրաստ եմ, ինչպես անձամբ Ձեզ, այնպես և Կենտկոմի բյուրոյին լրացուցիչ բացատրություններ տալ սկզբունքային այն դրույթների մասին, որոնցով ղեկավարվել եմ, գրքիս տեսությունը շարադրելու համար:
[Ջերմ ողջույններով՝
Աշոտ Հովհաննիսյան
1968․ հոկտ. 8-ին
Հեռախոս N2, 77, 16]
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ Նո.10
ՀՍՍՀ ԳԱ Հաս. գիտ. բաժանմունքի բյուրոյի նիստի
17-ը սեպտեմբերի 1970թ.
Ներկա էին՝ Ծ. Պ. Աղայանը, Ա. Ս. Ղարիբյանը, Ա. Ա. Առաքելյանը, Վ. Կ. Չալոյանը, Ա. Տ. Ղանալանյանը, Մ. Ս. Հասրաթյանը, Գ. Բ. Ջահուկյանը, Ս. Տ. Երեմյանը
Հրավիրված էին՝ Ս. Ս. Թովմասյանը
Օրակարգ
….
3․ Ակադ. Ա. Գ. Հովհաննիսյանի «Ուրվագծեր 19-րդ դ. 2-րդ կեսի Արևելահայ քաղաքական-հասարակական մտքի պատմության» աշխատության հրատարակման մասին.
….
3․ ԼՍԵՑԻՆ. – Ակադեմիկոս Ա. Գ. Հովհաննիսյանի «Ուրվագծեր 19-րդ դ. 2-րդ կեսի Արևելահայ քաղաքական-հասարակական մտքի պատմության» աշխատության հրատարակման մասին.
ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑԻՆ. – Ծ. Պ. Աղայանը՝ ծանոթացրեց ակադ. Ա. Գ. Հովհաննիսյանի աշխատության հրատարակման պատմության և աշխատության վերաբերյալ կարծիքների հետ: Խնդրում է բաժանմունքի բյուրոյի անդամների առաջարկություններ աշխատության քննարկման ձեւի մասին: Ասում է, որ ինքը չի կարդացել Ա. Գ. Հովհաննիսյանի աշխատությունը, քանի որ Ա. Գ. Հովհաննիսյանը հիվանդագին է ընդունում Ծ. Պ. Աղայանի կարծիքները: Ես – ասաց Ծ. Պ. Աղայանը – չեմ ուզում թելադրել բաժանմունքին իմ անհատական կարծիքը: Ես համաձայն եմ կարդալ, եթե ինձ հատուկ կհանձնարարվի, որպես մասնագետին: Բայց որպես ակադեմիկոս-քարտուղար ես համարում եմ, որ մենք ի վիճակի չենք քննարկել նման աշխատությունը: Ես խնդրում եմ բաժանմունքի անդամներից խորհուրդ:
Ս. Տ. ԵՐԵՄՅԱՆ. – Ա. Գ. Հովհաննիսյանը հասարակական մտքի պատմության խոշոր մասնագետ է: Պետք է նկատի ունենալ, գրքի բովանդակությունը համապատասխանում է կուսակցության տեսակետին թե ոչ: Եթե լուրջ քաղաքական սխալներ կան, հրատարակել չի կարելի, իսկ եթե առանձնապես բան չկա, հնարավոր է հրատարակել:
Ա. Ս. ՂԱՐԻԲՅԱՆ. – Մեր բյուրոն նման տիպի աշխատություններ չպետք է քննարկի: Բյուրոն բաղկացած է տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներից: Մենք չպետք է քննեինք և չենք կարող այդ ուղղությամբ խոսել: Դա մեր իրավասությունից դուրս է: Եթե գրքում կան քաղաքական սխալներ, այդ հարցը պետք է քննեն հեղինակավոր մարմինները:
Ծ. Պ. Աղայան. – 1927 թ. Ա. Գ. Հովհաննիսյանը մեղադրվել է ՀԿՊ 6-րդ համագումարում դաշնակցության վերաբերյալ սխալ գնահատակի համար: Այս գրքում հեղինակը ուզում է վերականգնել այդ տեսակետները:
Վ. Կ. ՉԱԼՈՅԱՆ. – Մեզ ուղարկված է ոչ թե քննարկման, այլ քննարկում կազմակեպելու համար: Բայց նույնը կարող է և հրատ. խմբ. խորհուրդը կազմակերպել:
Ծ. Պ. ԱՂԱՅԱՆ. – Կենտկոմի քարտուղար Ռ. Հ. Խաչատրյանը ասաց, որ դա քաղաքական հարց է, և մենք չենք կարող դրսից ուրիշ մարդ հրավիրել: Մենք կարող ենք դատել միայն եղած կարծիքների վրա:
Մ. Ս. ՀԱՍՐԱԹՅԱՆ. – Մենք չենք կարող որոշում հանել, մենք մասնագետ չենք, դա ՌԻՍՕ-ի գործն է: Ես ճանաչում եմ Ա. Հովհաննիսյանին, որպես դաշնակցության նո.1 թշնամին: Նա չէր կարող գրել դաշնակցությանը օգուտ բերելու համար: Ուրիշ բան է, որ ամեն ճշմարտություն չի, որ հնարավոր է հրատարակել: Նման դեպքում կարելի է ասել՝ գործը շատ լավ է, շատ հետաքրքիր է, բայց այժմ հրատարակել չի կարելի: ՌԻՍՕ-ն կարող որոշի նման դեպքում, ինստիտուտն է ճիշտ, թե դիրեկտորը, իսկ ոչ թե մեզ վրա գցել:
Ա. Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ. – Ճիշտ չէ, երբ որ գիտական աշխատության հրատարակումը ձգձգվում է երկու տարի՝ պետք է միանգամից ասել, հնարավոր է տպել, թե ոչ: ՌԻՍՈ-ն պետք է կանչեր հեղինակին, խմբագիրներին, մասնագետներին և փակ նիստում քննարկեր աշխատությունը: Իսկ ձգձգել, հանձնարարել մեկին, ուրիշին, դա միայն նշանակում է սրել կրքոտությունը:
Գ. Բ. ՋԱՀՈՒԿՅԱՆ. – Պարզ է, որ գիտական կողմը վեճի առարկա չէ: Մնում է քաղաքական կողմը: Նման դեպքում կենտկոմը պետք է նշի, թե ինչ դրույթներ պետք է հանել կամ փոխել: Առաջարկում եմ գործը վերադարձնել Հրատ. խմբ. խորհրդին: Իսկ ինչպե՞ս է գնահատված գրքում դաշնակցական կուսակցությունը:
Ծ. Պ. ԱՂԱՅԱՆ. – Որպես մանր բուրժուական: Սակայն կուսակցության մասսայականությունը նշան չէ նրա ժողովրդականության: Հիտլերյան կուսակցությունը մեծ մասամբ աշխատավորներից էր, բայց նա ամենառեակցիոնն էր: Կուսակցությունը գնահատվում է նրա գործունեության, ոչ թե ծագման համար: Գուցե Մ. Ս. Հասրաթյանը կամ Ա. Գ. Հովհաննիսյանը ուրիշ կարծիքի են, բայց հիմա ժամանակ չէ դա քննարկել:
Ա. Տ. ՂԱՆԱԼԱՆՅԱՆ. – Ա. Գ. Հովհաննիսյանի կողմից բարձրացված հարցը շատ կարևոր է, մինչայժմ շրջանցված: Հարցի էությանը ես ծանոթ եմ, որովհետև աշխատության երեք գլուխը տպագրել է մեր «Հանդեսը»: Խմբագիրը համաձայնվել է դրա հետ, երեք բաժին տպագրել է արխիվների «Բանբերը» մնում է առաջին և եզրափակիչ գլուխների հարցը: Հնարավոր է դրանց քննարկել նույն ձևով, ինչպես դա եղել է ամսագրերում տպագրության ժամանակ, երբ բոլոր դժվարությունները հաղթահարվել են և գլավլիտն էլ դեմ չէր: Պետք է ուշադրություն դարձնել նաև գրքի խմբագիրների վրա՝ Գ. Բ. Ղարիբջանյանի եւ Ջ. Ս. Կիրակոսյանի: Կարծիքների մեծ մասը դրական է: Իմ կարծիքով կարելի է հրատարակել, պարզ է, որ առանձնապես այդտեղ սխալ չկա: Երևում է, որ այս գործի մեջ մեծ դեր են խաղում ոչ թե քաղաքական և սկզբունքային, այլ անձնական մոմենտներ: Բայց բաժանմունքը այս շրջանակում չի կարող այդ հարցը որոշել: Դա ՌԻՍՈ-ի գործն է, և պետք է վերադարձնել աշխատությունը ՌԻՍՈ-ին:
Ա. Ս ԹՈՎՄԱՍՅԱՆ. – Ես կարդացել եմ աշխատությունը և բաժանում եմ հեղինակի կոնցեպցիան, բայց համարում եմ որ ներկա ժամանակ քաղաքական պատճառներով գործը հրատարակել նպատակահարմար չէ: Համարում եմ, որ բաժանմունքը իրավասու չէ քննարկել այդ հարցը:
ՈՐՈՇԵՑԻՆ. – Բաժանմունքի բյուրոն միացյալ որոշում է՝ Հաշվի առնելով, որ ակադ. Ա. Գ. Հովհաննիսյանի «Ուրվագծեր 19-րվ դարի 2-րդ կեսի արեւելահայ հասարակական-քաղաքական մտքի պատմության» աշխատության մեջ շոշափված են այնպիսի հարցեր, որոնց վերջնական լուծումը տալու համար բաժանմունքի բյուրոն իրավասու չէ, և որոնց լայն քննարկումը նպատակահարմար չի համարում, հիշյալ աշխատությունը վերադարձնել ՀՍՍՀ ԳԱ հրատարակչական-խմաբագրական խորհրդին:
ՀՍՍՀ ԳԱ ՀԱՍ.ԳԻՏ.ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ
ԱԿԱԴԵՄԻԿՈՍ-ՔԱՐՏՈՒՂԱՐ՝ /Ծ. Պ. ԱՂԱՅԱՆ/
ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԳԻՏ.ՔԱՐՏՈՒՂԱՐ՝ /Վ. Ա. Խաչատրյան/