Դեյվիդ Հյումի առաքինության ըմբռնումն ու հայ լուսավորական մտքի սահմանները

 

Երբ 19-րդ դարի արևելահայ լուսավորիչներն ուրվագծում են հայերի՝ որպես քաղաքական միավոր արդիանալու իրենց ծրագրերը, դրանցում գրեթե համատարած նկատվում է  միևնույն տրամաբանությունը։ Հայերը պետք է քաղաքակրթվեն՝ որդեգրելով եվրոպական բարոյական գաղափարներ, որոնք կազատեն մեզ մեր մարմնի ու սովորությունների հետ ամուր կապված ասիական առօրյա իրականությունից։ Եվրոպական լուսավորիչների՝ օրինակ, Ժան-Ժակ Ռուսոյի, ուսմունքներն իրենց հերթին օգնել են հայ լուսավորական մտքին ձևակերպել իրենց նախագծերը՝ համաձայն որոնց, մարդը, բարոյական գաղափարներին նվիրվելով, կազատվի իր զգայական աշխարհից։

Մեր լուսավորիչների ծրագրերը կողքից տեսնելու համար օգտակար է հայացք ձգել եվրոպական այն լուսավորիչների ուսմունքների վրա, որոնք թույլ չեն տալիս բարոյափիլիսոփայությունը նույնացնել վերզգայական սկզբունքների վրա հիմնված էթիկական տեսության հետ։ Նշանակալի է մասնավորապես շոտլանդական լուսավորության ներկայացուցիչ և Ռուսոյի ժամանակակից Դեյվիդ Հյումի բարոյականության ըմբռնումը։ Առանցքային լուսավորիչ և հաճախ անգլիալեզու ամենակարևոր փիլիսոփան համարվող Հյումի բարոյականության ըմբռնումները տրամագծորեն հակադիր են բարոյականության այն ըմբռնմանը, որը հայ լուսավորչները համարում են եվրոպական։ 

Ստորև հրապարակում ենք Հյումի կարևորագույն երկի՝ Մարդկային բնության վերաբերյալ տրակտատի երրորդ գրքից փորքրիկ մի հատված։ Այստեղ տեսնում ենք, որ բարոյական դրվատանքն ու պարսավանքն ըմբռնվում է բացառապես մարդկային կրքերի, ու կյանքի սովորական ընթացքի հետ կապի մեջ, այլ ոչ թե վերջիններիս բացառման անկյան տակ։ Հեղինակի դատողությունները հատկապես ուշագրավ են մեզ համար նրանով, որ բարոյական ու առաքաինի լինելու չափանիշն իր համար նույնական է մարդկային կրքերի սովորական ընթացքին մոտ լինելու հետ։ Իսկ բարոյական պարտականությունը, որը հայ լուսավորիչների համար սահմանվում էր իբրև մարմնական, զգայական աշխարհը մերժելու գաղափարական կանխադրույթ, Հյումի փիլիսոփայության ներսում հանգեցվում է նույն կրքերի սովորական ընթացքից բխող ուժին։ 

Հրապարակվում է առաջին անգամ, թարգմանությունը՝ Աշոտ Գրիգորյանի։ Թարգմանությունն ըստ՝ David Hume, A Treatise of Human Nature, հ. 1, խմբ. David Fate Norton, Mary J. Norton (Oxford: Clarendon, 2007), էջ 311։

 

 Հատված «Արդյո՞ք արդարությունը բնական թե արհեստական առաքինություն է» բաժնից

 ….հավելեմ, որ քանզի որևէ գործողություն առանց բարքերի զգացումից զատորոշ (distinct) որևէ շարժառիթի կամ դրդող կրքի չի կարող լինել դրավատելի կամ պարսավելի, այս զատորոշ կրքերը պետք է մեծ ներգործություն ունենան այդ զգայության վրա։ Մենք մեղադրում կամ գովում ենք մարդկային բնության մեջ այդ կրքերի ունեցած ընդհանուր ուժի համաձայն։ Կենդանի մարմինների գեղեցկությունը դատելիս մենք միշտ աչքի առաջ ունենք որոշակի տեսակների կարգավորությունը (economy), և երբ վերջույթներն ու բնորոշ գծերը հետևում են այն համամասնություններին, որոնք ընդհանուր են այդ տեսակին, մենք հայտարարում ենք (pronounce), որ դրանք գեղեցիկ են։ Նույն կերպ, մենք միշտ դիտարկում ենք կրքերի բնական և սովորական ուժը, երբ որոշում ենք (determine) արատն ու առաքինությունը։ Եվ եթե կրքերը սովորական չափերից շատ են շեղվում այս կամ այն կողմ, ապա դրանք՝ իբրև արատավոր կրքեր միշտ չեն արժանանում հավանության։ Մարդ բնականորեն իր երեխաներին ավելի է սիրում, քան իր եղբորորդիներին, իր եղբորորդիներին ավելի, քան իր հորեղբոր որդիներին և իր հորեղբոր որդիներին ավելի, քան անծանոթներին, երբ մնացած ամեն բան հավասար է։ Այսպես ի հայտ են գալիս մեկը մյուսին գերադասելու պարտքի (duty) մեր սովորական չափերը։ Պարտքի մեր զգացումը միշտ հետևում է մեր կրքերի սովորական և բնական ընթացքին։