Ստալինյան աքսորից հետո՝ 1950-ականների խռուշչովյան Ձնհալի չափավոր ապաստալինացման քաղաքականության պայմաններում Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեն վերականգնեց Աշոտ Հովհաննիսյանին կուսակցության շարքերում: Չնայած այդ հանգամանքին՝ կուսակցական ղեկավար մարմինները թույլ չէին տալիս Հովհաննիսյանին հանրայնորեն ելույթ ունենալ: Արգելվում էին մասնավորապես այն ելույթները, որտեղ Հովհաննիսյանը պետք է անդրադառնար Կոմունիստական կուսակցության պատմության կամ Հայաստանի խորհրդայնացման հարցերին: Իսկ ինչպես նույն կուսակցական ղեկավարությունն էր փաստարկում, տվյալ հարցերի շուրջ միասնական, պարզորոշ տեսակետ չկար և «պատմությունը դեռ նոր պետք է գրվեր»:
Ստորև ներկայացվող վավերագիրը 1950-ականներին քաղաքական ամբիոնից Աշոտ Հովհաննիսյանի ընթերցած առաջին ելույթներից է: 1956-ին Երևանի կազմակերպության Կիրովյան շրջանի պարտիական ակտիվի նիստի իր այս զեկույցով Հովհաննիսյանն ըստ էության քննության առարկա էր դարձնում խորհրդային երկրի չգրված պատմությունը՝ հանդես գալով այդ պատմությունն աղճատած ստալինիզմի քննադատությամբ: Հովհաննիսյանի ելույթն արձագանքում էր նույն թվականին կայացած Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարին, որտեղ քննադատության առարկա էր դարձել անհատի պաշտամունքը: Հովհաննիսյանն իր հերթին ելույթում հետևողականորեն պարզում է Ստալինի իշխանության տարիներին տեղի ունեցած իրադարձություններն ու հաստատված ղեկավարման համակարգի խնդիրը: Հարցը քննելիս, սակայն, Հովհաննիսյանը հրաժարվում է թիրախ դարձնել Ստալինի արատները: Ըստ նրա՝ դժբախտությունը միայն Ստալինը չէր, այլ այն համակարգը, որը նա գլխավորել էր: Հովհաննիսյանի գնահատմամբ, խնդիրն այն երևույթն էր, որ «մենք իրավունք ունենք որակել «ստալինիզմ» տերմինով»: Պատահական չէ, որ 1920-ականներին ստալինյան քաղաքականությունների հաստատումն անձնապես փորձառած և 1956-ին ստալինիզմը քննադատող Հովհաննիսյանի համար առանձնակի նշանակություն չուներ Ստալինի արձանների կամ նկարների ոչնչացումը: Իր զեկույցում բարձրաձայնելով ստալինիզմի մասին՝ Հովհաննիսյանը բարձրաձայնում էր մի համակարգի մասին, որը, հաստատվելով Ստալինի օրոք, չէր անհետացել նրա մահից հետո, այլ ներկա էր իր հետևանքներով:
Վավերագրի ընթերցումն ավելի սահուն դարձնելու համար կատարել ենք մանր սրբագրական և քերականական միջամտություններ: Վավերագիրը հրապարակվում է հատվածաբար ըստ՝ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 88, ց. 17, գ. 67, թթ. 105-110:
ՀԿՊ Երևանի կազմակերպության Կիրովյան շրջանի պարտիական ակտիվի սղագրական հաշվետվություն
/կայացած 1956 թվի մարտի 15-ին/
Պարտիայի 20-րդ համագումարը անցավ պարտիական ղեկավարության լենինյան սիստեմը վերականգնելու նշանաբանի տակ: Ինքստինքյան հասկանալի է, որ հարց դնել 20-րդ համագումարում լենինյան պարտիական ղեկավարության սիստեմի վերականգնման մասին, դա նշանակում է քննադատել, նշանակում է հարվածել պարտիական ղեկավարության այն սիստեմը, որը մինչև 20-րդ համագումարը երկար տարիների ընթացքում, կարող ենք ասել առնվազն 1934 թվից հետո իշխել է: Ստալինը անձնավորում էր այդ սիստեմը, խտացնում իր անձնավորության մեջ այդ սիստեմի բոլոր բացասական հատկանիշները: Այստեղ ելույթ ունեցող ընկերները կանգ առան այդ սիստեմի հատկանիշների բնութագրմանը, սակայն բնութագրման մեջ կար մի նոտկա, կարծես թե Ստալինի անձնավորությունն է այն գլխավորը, ինչ մենք պետք է հաղթահարենք: Ես հասկանում եմ ընկերների զայրույթը, ընկերները առաջարկում են ոնչնչացնել նրա անվան հետ կապված արձանները, նրա նկարները, վերջապես առաջարկում են նույնիսկ դիակը դուրս հանել Լենինի դամբարանից: Կարծում եմ, որ դրանք գուցե և կլինեն մոտ ապագայում, բայց խնդիրը դրանում չէ, ցավը Ստալինի անձնավորության մեջ չէ, այլ նրա սահմանած ղեկավարության մեթոդների ու սիստեմի մեջ է: Շատերը որոնում են չարիքի արմատները Ստալինի մտածելակերպի մեջ, նրա կարերիզմի մեջ, նրա կասկածամտության մեջ, նրա բնավորության արմատների մեջ: Այդ բոլորը իհարկե իրենց դերը կատարել են այն չափով, ինչ չափով անհատի արատները կարող են պատմության մեջ դեր կատարել, բայց եթե կանգնենք այն տեսակետի վրա, որ 20-30 տարիների ընթացքում մեր երկրում տեղի ունեցած անցքերը կամ ղեկավարության այն սիստեմը, որն իշխել է այդ տարիների ընթացքում, ամբողջովին բացատրենք Ստալինի հոռի բացասական հատկություններով, ապա մենք ինքներս կանգնած կլինենք ակամայից պատմության ընկալման սուբեկտիվիստական այն տեսակետի վրա, որ դատապարտվեց 20-րդ համագումարի կողմից:
Ինձ թվում է, որ խնդիրը Ստալինի անձնավորությունը չէ, այլ պարտիական ղեկավարության այն հոռի սիստեմը, որ դատապարտում էր Լենինը, սիստեմ որ Լենինի մահից հետո և առանձնապես 1934 թվից հետո տիրող դարձավ պարտիայի ղեկավարության մեջ:
Ընկերներից շատերը արդեն գիտեն Լենինի թելադրած այն գրության մասին, որը հայտնի է պարտիական լայն շրջաններին, որպես «լենինյան կտակ»: Այդ լենինյան կտակից առաջ դեռևս 1921 թվականին, երբ պայքար էինք մղում վրացական ուկլոնիստների դեմ, լենինյան մի շարք դրույթներում, ասույթներում բնորոշ, հանճարեղ կերպով ուրվագծվում էին ղեկավարության այդ սիստեմի հատկանիշները, հատկանիշներ, որոնք դրսևորվում էին Ստալինի գործողությունների մեջ և որոնց արմատացումը պարտիայի մեջ կարող էր պարտիային կանգնեցնել խոշոր խեղաթյուրումների, խոշոր դժբախտությունների առաջ, նույնիսկ կարող էր սպառնալ պարտիական շարքերի պառակտմանը: Իր «կտակի» մեջ խոսելով Ստալինի կոպտության մասին Լենինն անում էր նաև մի ակնարկ, որն իմ կարծիքով բովանդակում էր իր մեջ ավելի խոշոր մեղադրանք, քան կոպտությունը: Լենինն ասում էր,- պետք է ընտրել Կենտրոնական Կոմիտեի քարտուղար այնպիսինին, որը լինի ավելի լոյալ անձնավորություն, քան Ստալինը: Այն գրության մեջ, որը վերաբերում է վրացական ուկլոնիստներին, Լենինը Ստալինին մեղադրում էր դարձյալ անլոյալության մեջ: Լինել «անլոյալ» նշանակում է կանգ չառնել պարտիական որևէ նորմայի առաջ, խախտել ամեն մի պարտիական օրինականություն: Պարտիական մորալը կարող է խախտել նա, ով լոյալ վերաբերմունք չունի դեպի պարտիական խնդիրները: Եվ իրոք Ստալինի գործունեության անձնական արատներից խոշորագույնը ոչ թե նրան հատուկ կոպտությունն էր, այլ ոչ լոյալ վերաբերմունքը դեպի պարտիական խնդիրները, պարտիական գործիչներն ու ղեկավարները: Եթե կային պարտիական գործիչներ, որոնք թույլ էին տալիս այս կամ այն սխալը կամ հենց անհամաձայն էին Ստալինի հայացքներին, նա ոչ թե ջանում էր վերահամոզել նրանց, ուղղել նրանց, այլ ուղղակի ոչնչացնել նրանց խախտելով ոչ միայն պարտիական դեմոկրատիայի սկզբունքները, այլև սովետական օրինականությունը: Այս բանը վաղուց արդեն Լենինը կանխագուշակում էր: Նույն նամակում ուղղված պարտիայի ղեկավարներից մեկին վրացական ուկլոնիսների վերաբերյալ Լենինը նշում էր Ստալինի «վարչարարության» մասին, որից հետո նա սովորաբար դիմում էր «նեխված կոմպրոմիսի», ի վերջո «խաբում»:
Եթե հիշենք այն, ինչ եղավ 1927 թվականին կոլեկտիվացման ժամանակ, կտեսնենք, որ ստալինյան քաղաքականությունը կոլեկտիվացման հարցում ամբողջովին արդարացնում էր Լենինի այդ նախազգուշացումը: Իրոք Ստալինի ղեկավարությամբ տեղի ունեցան կոպիտ խախտումներ, տեղի ունեցան գյուղացիների բռնի կերպով կոլեկտիվացնելու շատ դեպքեր: Այդ այն է, ինչ որ Լենինը որակում էր որպես «վարչարարություն»: Հետագայում դիմելով «նեխված կոմպրոմիսի» պրիյոմին «Головокружение от успехов» հոդվածում Ստալինը իր թույլ տված «վարչարարությունը» վերագրեց պարտիական ապարատին: Եթե կա մեկը, որը կոլեկտիվացման շրջանում գլխապտույտ էր ունեցել, դա հենց ինքը Ստալինն էր: Փոխանակ իրեն մեղադրելու, նա մեղադրեց պարտիական կազմակերպություններին, որոնք իբր թե խախտել էին այն ցուցումները, որ տված է եղել Կենտրոնական Կոմիտեն կոլեկտիվացման հարցի վերաբերյալ: Այնուհետև գիտենք նաև այն, որ «նեխված այդ կոմպրոմիսից» հետո իսկ նա փաստորեն անցկացրեց կոլեկտիվացում արագ տեմպերով:
Եթե չլիներ Ստալինի թույլ տված վարչարարական պրակտիկան, կոլեկտիվացումը գլուխ կգար ավելի քիչ զոհերով, կունենայինք ավելի քիչ նյութական վնասներ և հիմա կունենայինք ավելի ծաղկուն կոլխոզներ: Կարելի էր ավելի հանգիստ, ավելի դանդաղ կատարել, կոլեկտիվացման պրոցեսը շատ ավելի մեծ հաջողությամբ կգնար:
Այնուամենայնիվ ինձ թվում է խոսելով Ստալինի թույլ տված սխալ քաղաքականության մասին չի կարելի կենտրոնացնել կրակը Ստալինի անձնավորության դեմ: Դժբախտությունը միայն Ստալինը չէ, այլ այն սիստեմը, որը գլխավորել էր Ստալինը: Ոչ թե մեզ Ստալինի անձնավորությունն է, որ պետք է զբաղեցնի, այլ այն երևույթը, որ մենք իրավունք ունենք որակել «ստալինիզմ» տերմինով: Այդ ստալինիզմը մի երևույթ է, որը մեր պարտիական ղեկավարության մեջ վերևից վար շատ անգամ առատ աղբյուր էր դառնում խոշոր խեղաթյուրումների: Ստալինիզմի էական կողմն այն է, որ պարտիական դեմոկրատական սկզբունքը փոխարինում է պարտիական բյուրոկրատական ցենտրալիզմի սկզբունքով, խախտելով դեմոկրատական ցենտրալիզմի հիմունքները: Բյուրոկրատիզմի սիստեմը գլուխ էր բարձրացնում նույնիսկ սովետական իշխանության ղեկավար օրգանների ներսում: Ստալինը առիթ չէր փախցնում ասելու, թե ինքը ժողովրդի ծառան է /հայտնի է նրա հայտարարությունը իր ընտրողների առաջ/, բայց եթե դատելու լինենք ոչ թե Ստալինի խոսքով, այլ գործունեությամբ, ապա փաստորեն նա ժողովրդին էր ծառայեցնում իրեն և ոչ թե ինքն էր հանդիսանում ժողովրդի խոնարհ ծառան: Վերցնենք մեր ընտրական սիստեմը: Մեզանից ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այդ ընտրական սիստեմը շատ հեռու է ընտրական դեմոկրատական սիստեմ լինելուց: Ճիշտ է ընտրելի թեկնածուներին առաջարկում են կազմակերպությունները, բայց վերջի վերջո ընտրողը կանգնում է տարօրինակ ընտրության առաջ: Փաստորեն ձեռքին տալիս են մի բյուլետեն, որտեղ գրված է թեկնածուների անունը և ինքը ոչ մի ընտրություն անելու հնարավորություն չունի, ուզի չուզի պետք է ձայն տա, կամ եթե մեկին ջնջի, մի ուրիշին ավելացնի, միևնույն է դա նշանակություն չի կարող ունենալ, որովհետև չի կարող պատահել, որ հազարավոր մարդիկ ջնջեն միևնույն թեկնածուի անունը: Այդպիսով եթե կա վերանայումի խնդիր, ապա դա այդ խնդիրն է: Սխալ կլիներ կարծել թե Ստալինի հանցագործությունների տարեթիվը սկսվում է 1934 թվից, ընկ. Խրուշչևն իր զեկուցման մեջ այդ մասին չի էլ ասում, նա ասում է, որ հիմնականում այդ ժամանակից է սկսվում:
ՏԵՂԻՑ − Ավելի սուր բնույթ է ստանում 1934 թվից:
− Իհարկե 1934 թվից սկսում է ավելի սուր բնույթ կրել, սակայն պետք է ասեմ, որ Ստալինը 1934 թվականին գործի անցնելուց առաջ նախապատրաստական խոշոր աշխատանք էր կատարել: Նա զինաթափում էր և պարտիական, և սովետական դեմոկրատիայի օրգանները, նա մի շարք կազմակերպություններ, որոնք իրենց ձգտումներով կապված էին ռևոլյուցիայի հետ, լիկվիդացրեց. օրինակ «Общество ссыльных и политкаторжан» կոչված կազմակերպությունները, որոնց մասնակցում էին բոլշևիկները կամ այնպիսի նորոդնիկներ, որոնք Հոկտեմբերյան ռևոլյուցիային ոչ միայն դեմ չէին եղել սովետական իշխանությանը, այլև ամեն կերպ աջակցել նրա հաստատելու գործին: Բավական է հիշել նաև «Общество Красных партизан» ընկերությունը: Դա խոշոր և լայն կազմակերպություն էր, որին մասնակցում էին նրանք, ովքեր ակտիվ կերպով իրենց զենքով մասնակցել էին Հոկտեմբերյան ռևոլյուցիային: Այդ ընկերությունը վերացնելուց հետո լիկվիդացվեց հին բոլշևիկների ընկերությունը: Այդ ամենից հետո նախքան 1934 թվականն էր, որ զինաթափ արվեցին զենք կրող կոմունիստներին և նույնիսկ բանակի հրամանատարական ամբողջ կազմը: Այն կոմունիստները, այն քաղաքացիները, որոնք մասնակցել էին քաղաքացիական պատերազմին, բոլորն էլ զենքեր ունեին, այդ զենքերը սկզբում ցուցակագրվեցին, իսկ կարճ ժամանակից հետո այդ ցուցակի հիման վրա պահանջեցին զենքերը և այլևս չվերադարձրեցին:
Այս ամենից հետո Ստալինը անցավ ակտիվ գործողությունների: 1934 թվին տեղի ունեցավ Կիրովի սպանությունը, որ առիթ դարձավ Ստալինի ակտիվ հակառակորդներին ոչ «լոյալ» մեթոդներով լիկվիդացնելու խնդրում: Բռնի միջոցներով հարկադրեցին մարդկանց տալ խոստովանություն այն մասին, որ իրենք եղել են շպիոններ, դիվերսանտներ և այլն: Դրանց մեջ եղել են շատերը, որոնք այս կամ այն չափով խոտորել են պարտիական ուղիղ գծից, բայց բոլոր իրենց սխալներով հանդերձ պարտիային մատուցել են խոշոր ծառայություններ, չնայած մարդիկ, ինչպես Ռիկովը, «խոստովանում էր» այն մասին, որ ինքը հանդիսացել է օտար պետության ագենտը, ես այդ բանին հավատացած չեմ եղել և այժմ էլ չեմ հավատում և գտնում եմ, որ հեռու չէ ժամանակը, երբ այդպիսի հին կոմունիստների գործերը ևս պիտի վերանայվեն և նրանց ռեաբիլիտացիայի ենթարկեն:
Ես չեմ ուզում երկարացնել: Ուզում եմ ասել միայն, որ լենինյան կադրերին ոչնչացնելը իր լուրջ հետևանքներն ունեցավ: Մեր երկիրը զրկվեց զինվորական ահագին կադրերից, պատերազմի ժամանակ ունեցանք մեծ զոհեր, մասնավորապես ունեցանք շատ մտավոր կորուստներ: Պարտիական ղեկավար կադրերից մի քանի սերունդներ ոչնչացվեցին, ոչնչացվում էր ոչ միայն միջին այլ նաև կոմերիտական սերունդը, գիտական կադրերին և մասնավորապես հասարակական գիտությունների բազմաթիվ մասնագետներին ոչնչացնելուց հետո, պարզ է ասպարեզը բացվել էր: Անհրաժեշտ էր համալսարանում ունենալ դասախոսներ, շուտափույտ կերպով առաջ են քաշում քիչ պատրաստականություն ունեցող անձնավորությունների, և պարտադրում նրանց դիսերտացիաներ պաշտպանել: Ես չեմ բաժանում այն կարծիքը, երբ ընդհանրացնում են գիտնականների երիտասարդ կադրերի թերությունները: Մեր երիտասարդների մեջ կան իսկական գիտնականներ, երիտասարդ մարդիկ, որոնք գրում են մարքսիստական սկզբունքով հագեցած դիսերտացիաներ: Ակադեմիայում բազմաթիվ երիտասարդներ կան, որոնք մի քանի լեզու գիտեն, տիրապետում են հին և ժամանակակից լեզուների: Բայց դրանց կողքին կան և այնպիսիները, որոնք գիտական խալտուրայով են զբաղված: Այդպիսիների թեժաթուխ գիտական արտադրությունները նույնպես կապված են ստալինյան ղեկավարության հետ: Այս մասին կարելի էր երկար խոսել, բայց որովհետև կարծեմ ժամանակս արդեն վերջացել է կարող եմ սրանով վերջացնել /ծափահարություններ/: