Եղբոր դիմանկարը՝ սրբերով շրջապատված. Ռափայել և Հովհաննես Պատկանյաններ

 

 

19-րդ դարի երկրորդ կեսին արևելահայ շրջաններում նկարիչն՝ իբրև մասնագետ դեռ չուներ սոցիալապես հաստատված իր տեղը։ Թերևս այդ է պատճառը, որ Մոսկվայի նկարչական ուսումնարանի և Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի միջոցով զարգացող հայ արդի, պրոֆեսիոնալ արվեստի այս վաղ շրջանի շատ ներկայացուցիչներից խիստ կցկտուր տեղեկություններ են պահպանվել։ Ներկա վավերագիրն այս երկու հաստատություններով անցած հայ այն նկարչի մասին է, ով հեղինակել է Վարդան Մամիկոնյանի՝ ամեն հային ճանաչելի պատկերը. Հովհաննես Պատկանյան (1826-1896)՝ գրող, բանաստեղծ Ռափայել Պատկանյանի եղբայրն ու քահանա, ուսուցիչ Գաբրիել Պատկանյանի տղան։

Պատկանյանների համաքաղաքացի Ռուբէն Բերբերյանի հուշագրության ներկայացվող այս հատվածն այն հազվագյուտ աղբյուներից է, որ թույլ է տալիս ուրվագծել Հովհաննեսի գործունեությունն ու բնավորությունը։ Չորս տարվա տարբերություն ունեցող եղբայրների մտավոր ճանապարհը դեռ մանկությունից հաճախ է խաչվել՝ սկսած լինելով հոր՝ Գաբրիել Պատկանյանի դաստիարակությամբ։ Այստեղ 1851 թվականին բանաստեղծ և նկարիչ եղբայրները որոշ դադարից հետո կրկին հանդիպում են Մոսկվայում։

Արդի հայության ինքնապատկերի մասը դարձած աշխատանքի հեղինակը հուշագրության մեջ հատկապես երևում է իբրև դիմապատկերի ժանրում աշխատող նկարիչ։ Ռափայելի՝ նկարագրվող երազկոտ պատկերը՝ համալրված նրա բանաստեղծական տողով, հուշում է եղբայրների սրտակից և գաղափարական կապի մասին։ Միաժամանակ պատկերի չորս կողմում նկարիչը կախել է իր արած սրբերի պատկերները՝ «սուրբ Սարգիս, Սուրբ Մինաս …»։ Դժբախտաբար, հիշատակվող այս աշխատանքներից ոչ մեկը չի պահպանվել։ Այդուհանդերձ, աշխարհիկ դիմանկարի և սրբապատկերի այս համատեղումը խիստ հատկանշական բանալի է՝ ոչ միայն նկատելու ժամանակի հայ կերպարվեստի բարդ անցումը կրոնական պատկերից դեպի աշխարհիկը, այլև այս նույն համատեղման անկյան տակ դիտելու սրանից հինգ տարի անց արված Վարդան Մամիկոնյանի ծանոթ պատկերը։

Հրապարակվում է ըստ՝ Ռուբէն Բերբերեան, «Գամառ Քաթիպա. նրա կեանքը եւ ապրումները», Հայրենիք, 1932, թիվ 3, էջ 150-151։ Բերբերեանն իր հուշն ավարտում է Ռափայալի՝ եղբորը նվիրված բանաստեղծությամբ, որը զետեղել ենք ամբողջությամբ, ըստ՝ «Նկարիչը», Գամառ Քաթիպա, 1856, թիվ 3, էջ 28։

 

 

***

 

Հասնելով Մոսկուա, Ռափայել Պատկանեան իջնում է իր Յովհաննէս եղբօր բնակարանը։ Առաջի բանը որ ընկնում է իրա աչքին, դա իր մեծ պատկերն էր, որ Յովհաննէսը նկարել էր եւ կախել պատից իր միւս նկարների հետ։ Դա Ռափայէլի ռոմանտիկական շրջանի միակ լաւ պատկերն էր, որ լիովին արտայայտում էր նրա երազկոտ ու տխուր հայեացքը ուղղուած հեռուն, կարճատես աչքերին՝ մշտական ակնոցները։ Յովհաննէսը նկարի տակ գրել էր Ռափայէլի ոտանաւորից վերցրած մի տող՝ «Սըրտումս ունիմ ազնիւ խորհուրդներ»

— Պրավօ, — բացականչում է Ռափայէլը, — բայց ինչու՞ չորս կողմս սուրբեր ես կախել՝ սուրբ Սարգիս, Սուրբ Մինաս …

Յովհաննէսը նկարչական դպրոցը աւարտել էր, իբրեւ ամենատաղանդաւորը, բայց հայկական կեանքի պայմանները այնպէս էին, որ դիմանկարիչը կարող էր իր վրձինը օգտագործել միայն եկեղեցիների պատեր նկարելով։ Հայ ընտանիքների մէջ ոչ գեղարուեստական նկարչութեան պահանջ կար, ոչ էլ հասկացողութիւն։ Մնում էին միայն հայ, ռուս կամ յոյն եկեղեցիների համար պատուէրներ, որ Յովհաննէս ստանում էր՝ դիմելով իր ոգեւորութեան համար Աստուածաշնչի պատմութիւններին ու դէմքերին։ Մոսկուայի, Նոր Նախիջեւանի եւ Հաշտարխանի հայ եկեղեցիներում հետագայում կախուած էին նկարիչ Յովհաննէս Պատկանեանի իւղաներկ նկարները։ Ըստ բոլոր վկայութիւնների՝ Յովհաննէսը տաղանդաւոր նկարիչ էր։ Մարդկանց երեսին նայելով՝ աշխատում էր կարդալ նրանց ներքին դէմքը։ Համեստ եւ անպահանջ՝ նա չունէր իր հօր կամ եղբօր աղմկոտ բնոյթը։ Միշտ տխուր էր, որովհետև իր շուրջը չէր տեսնում բարեկամներ, որ ըմբռնէին նրա նկարները։

Հետագայում Ռափայէլը՝ յիշելով Յովհաննէսի հետ ունեցած խօսակցութիւնը նկարչութեան մասին ու նկարչի տրտունջները՝ գրեց իր գեղեցիկ բանաստեղծութիւնը՝ «Նկարիչը», նուիրուած Յովհաննէս Պատկանեանին։

 

 

Նկարիչ

 (նւեր եղբայրական Յ. Պատկանեանին)

 

 Անկապիշ, անձայն, խորհուրդ ճակատիդ,
Պատանի ո՞ւր ես մըտքով մոլորված,
Ներկ ու վրձիններ ցիր-ցան առաջիդ,
Վըշեայ կըտաւը քու հանդէպ փըռած.

Շուռ-տուր աչքերըդ, նայէ՛ դէս ու դէն,
Տե՛ս, քեզ ծաղրում է անմիտ ամբոխը,
Զարթի՛ր, սիրելի, այդ անուշ քընէն,
Գոնէ մի անգամ հանէ՛ քու ոխը,

 Բայց դու ներում ես նոցա վեհ հոգւով,
Խուլ ես աշխարհի ունայն շըշուկին…
Յանկարծ աչերըդ փայլեց սուրբ շնորքով,
Հըսկայի սիրտըդ թընդաց խիստ ուժգին:

 Առիր վրձինը, թաց-արիր ներկով,
Շունչ տուիր անշունչ կոպիտ կըտաւին,
Երկնից խորհուրդը մեկնեցաւ քեզմով.
Քեզ անկարելին անյայտ է բնաւին.

 Սէր, ատելութիւն, հանճար, բարկութիւն
Տուիր պատկերին մատիդ շարժուածով,
Ինչ-որ չի յայտնեց ճարտարի լեզուն՝
Դու պարզ յայտնեցիր անձայն խօսուածով:

 Ապշեց ամբոխը. վազեց յառաջեց
Քու կենդանագիր պատկերի դիմաց,
Ծնկաչոք զըմուռս ու հալուէ խընկեց,
Գոչեց մեծաձայն՝ «Դա է իմ Աստուած»:

 Բայց, ա՜խ, քու անքուն ժամերու ճիգը
Քանի մի արծաթ հազիւ գին դըրին,
Ստեղծօղըդ դարձար քու խեղճ խրճիթը,
Ակեր շարեցին շուրջ քու պատկերին: