Երկիր Նայիրին կենցաղի ու քաղաքականության միջև

 

 

Մուտք

Խորհրդայնացող ազգային աշխարհի ներքին լարումներից ծնված Եղիշե Չարենցի Երկիր Նայիրի վեպն ուշագրավ է նրանով, որ գտնում է ազգային կյանքն իր կենցաղային-առօրյա և գաղափարական-քաղաքական մակարդակներում տիպականացնելու մի լեզու, որը միաժամանակ նոր ժամանակների նայիրյան աշխարհն ի հայտ է բերում ինչպես իր բարդությամբ, այնպես էլ անկատարությամբ: Վեպն առաջին անգամ լույս է տեսել Նորք հանդեսում, 1922-1925 թթ. հաջորդական երեք համարներում` արձագանքելով մտավորականության` խորհրդային նոր կյանքի շինարարությանը լծվելու և նախընթաց շրջանի «մանր-բուրժուական գյուղացիական մութուբութ աշխարհի մտայնությունը» հաղթանակած նոր` «հեղափոխական մարքսիզմի աշխարհայացքի» լույսի ներքո վերանայելու հանդեսի հրավերին:[1]«Խմբագրության կողմից», Նորք, 1922, թիվ 1, էջ 5-6: Վեպը լույս է տեսել Նորք, 1922, թիվ 1, էջ 7-49; 1923, թիվ 2, էջ 1-62; 1925, թիվ 5-6, էջ 5-66:

Չարենցի ստեղծագործական ամենաբարդ ու ամենահակասական շրջանին կապված լինելով` ազգային կյանքին նվիրված վեպն ինչ-որ առումով հեղինակի նախընթաց կյանքից զատվելու դինամիկ ընթացքի մարմնավորումն է դառնում: Սա այն շրջանն էր, երբ նախընթաց կյանքի շրջանակներում ձևավորված ու հոկտեմբերյան հեղափոխությամբ ոգևորված երիտասարդ բանաստեղծը ստեղծագործական շրջադարձ էր ապրում` խորհրդային հեղափոխությունն իբրև ազգային ներփակ ըմբռնումների շրջանակից դուրս գալու և համաշխարհային մեծ ընթացքներին միանալու հնարավորություն նկատելով: Կասկածից վեր է, որ գրականության արդիացման խնդիրներն աչքի առաջ ունեցող Չարենցը, վեպի գրությամբ արձագանքելով անցյալը հեղափոխական մարքսիզմի լույսի ներքո վերանայելու Նորքի առաջադրույթին, փորձ էր անում վեր հանել ազգային կյանքի ներսում գործող այն լարումները, որոնք որպես նրանց հատկանշող վարքուբարք արտահայտված լինելով նայիրցիների առօրյա կենցաղում` միևնույն ժամանակ իրենց արտահայտությունն էին գտնում ազգային հեղափոխական ըմբռնումներում:

Վեպի տարբեր ընթերցումներ ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ Չարենցն առաջինն էր, որ լայնակտավ այս գործում պատկերելով ազգային կյանքը և նրանում ձևավորված ազատագրության իդեալները` բեկել է դրանք հասարակության ներքնախավերի հայացքում: Այսքանով հանդերձ, նույն ուսումնասիրությունները, տարբեր դիտանկյուններից կարևորելով խորհրդահայ վիպագրության անդրանիկ այս երկի նշանակությունը, քննության չեն առել այն յուրահատուկ պայմանները, որոնք պատկերված են վեպում և որոնց մեջ էին ձևավորվում նաև ազատագրության ձգտումներն ու դրանք կյանքի կոչող սուբյեկտները: Վեպի ներկա ընթերցումն ա՛յս է մեկնակետ ընդունում` երկի ստեղծման պատմական համատեքստն ու գաղափարական հետնաշխարհը ուշադրության կենտրոնում պահելով փորձում լույս սփռել այն պայմանների վրա, որոնք հեղափոխական լիցքեր էին արթնացնում` ծնունդ տալով ինչպես ազգային ազատագրության գաղափարներին, այնպես էլ դրանք կյանքի կոչող սուբյեկտներին: Այս է պատճառը, որ հիշյալ հարցերը քննության են առնվել ոչ միայն վեպում ծավալվող իրադարձությունների համատեքստում: Ուսումնասիրության մեջ լայնորեն տեղ է տրվել հեղինակի` Չարենցի գրական և ստեղծագործական ըմբռնումների ձևավորման որոշակի հետագծին, քանի որ եթե ընդունում ենք, որ Երկիր Նայիրին հեղինակի ծավալուն ինքնագրության մի և այն էլ ուշագրավ մասն է, իսկ դա այդպես է, ապա անհնարին է վերոնշյալ հարցերը քննարկել` առանց ուշադրություն դարձնելու գրողի փորձառության այն կողմերին, որոնք մի կողմից պայմանավորել, մյուս կողմից արտահայտվել են վեպում: Խոսքը մասնավորապես նրա ստեղծագործական աշխարհում երևան եկած այն երկատվածության մասին է, որի ավելի վաղ ձևավորման նախադրյալներն արտահայտված էին կարսյան կյանքում:

Ներկա ընթերցումը չէր կարող և չի շրջանցել երկի ուսումնասիրության բնագավառում մինչ այժմ արված մեծածավալ և իսկապես շնորհակալ աշխատանքը: Ավելին, այդ ուսումնասիրությունների հետնախորքին է միսուարյուն ստացել այս հետազոտությունը: Նրանք են հաճախ ուղղորդել ուշադրության կենտրոնում պահել գործի ստեղծման հանգամանքները, մեկ անգամ ևս տեքստաքննական մանրազնին աշխատանքով մոտենալ գրական երկի ու նրա ստեղծման հանգամանքների միջև գոյություն ունեցող կապերին: Կապեր, որոնք անկարևոր կարող են թվալ երկի հետահայաց արժևորման ճանապարհին, եթե խնդիրն իհարկե երկը պատմական իր ժամանակի լարումների հետ և մեջ ըմբռնելը չէ: Այս է պատճառը, որ ուսումնասիրության մեջ զգալի տեղ է տրվել բանասիրական աշխատանքին, որը կոչված լինելով նախևառաջ երկի մտահղացման ու դրա իրականացման ճանապարհին ի հայտ եկած բարդությունները քննարկման դաշտ բերելուն` փորձում է գրական երկը կարդալ իր ստեղծման ինչպես պատմական, այնպես էլ անհատական առումով բավականին բարդ հանգամանքների մեջ:

Մյուս կողմից, թեև հետազոտության մեջ ուղղակի քննարկման առարկա չեն դարձել տեսական այն մոտեցումները, հեղինակներն ու գործերը, որոնք այս կամ այն կերպ պայմանավորել են ուսումնասիրության տեսական շրջանակը, անհերքելի է դրանց դերակատարությունը աշխատանքի տարբեր մակարդակներում: Նրանց զգալի մասի մեր վաղ ընթերցումները կազմավորիչ նշանակություն են ունեցել գեղարվեստական մտածողության ու պատմական ժամանակի փոխհարաբերությունները, ինչպես նաև քաղաքականությունների ու երևակայության կապը հասկանալու և տեսական մեր ըմբռնումների շրջանակը ձևավորելու գործում: Աշխատանքի ընթացքում, սակայն, դրանք մոռացության էին մատնվում հաճախ` երբեմն միայն հիշեցնելով իրենց մասին, երբ երևակվում էին կոնկրետ խնդիրների դեպքում: Որքան էլ տեսական այդ ուսումնասիրություններն ուղիղ չեն կապվում բուն նյութին, հետազոտության մակարդակում նրանք անտես գործող այն ուժերն են, որոնք առաջ են տանում 20-րդ դարասկզբի հայկական իրականությունը պատկերող գործի ծալքերը բացելուն միտված ներկա աշխատանքը: Տեսական այդ շրջանակում են ինչպես 20-րդ դարասկզբի մարքսիստ տեսաբան փիլիսոփաներ Գեորգ Լուկաչի և Միխայիլ Բախտինի վեպի տեսությանը նվիրված, այնպես էլ 20-րդ դարավերջին քաղաքականությունների ու երևակայության կապը քննարկող Բենեդիկտ Անդերսոնի, Թերրի Իգլթոնի և Ռեյմոն Գոսի աշխատությունները:[2]Georg Lukács, The Theory of the Novel. A Historico-philosophical Essay on the Forms of Great Epic Literature, թրգմ. Anna Bostock (London: Merlin Press, 1971); Михаил Бахтин, Эпос и роман (Санкт-Петербург: Азбука, 2000); Михаил Бахтин, Творчество Франсуа Рабле и народная культура средневековья и ренессанса (Москва: Художественная литература, 1965); Benedict Anderson, Imagined Communities: Reflections on the Origin and Spread of Nationalism (London, New York: Verso, 2006); Terry Eagleton, Literary Theory: An Introduction (Oxford: University of Minessota Press, 2005); Terry Eagleton, Marxism and Literary Criticism (London: Routledge, 2002); Raymond Geuss, Politics and the Imagination (Princeton University Prees, 2010):

Եվ այսպես` ներկա ուսումնասիրությունը քննության է առնում խորհրդահայ վիպագրության անդրանիկ այս գործը` նրան ծնունդ տված պայմանների հետ սերտ առնչության մեջ` բացահայտելով գործում պատկերված առօրյա կյանքի ու այդ շրջանակներում ձևավորված ազատագրության ձգտումների միջև ի հայտ եկած լարումները, լարումներ, որոնք ոչ պակաս չափով իրենց զգացնել էին տալիս նաև վաղխորհրդային շրջանում, երբ մտավորականությունն առերեսվում էր սեփական կյանքի պայմանների միջով արվեստ ու գրականություն անելու բարդություններին:

Ամբողջական հետազոտությունը՝ այստեղ

Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ
1 «Խմբագրության կողմից», Նորք, 1922, թիվ 1, էջ 5-6: Վեպը լույս է տեսել Նորք, 1922, թիվ 1, էջ 7-49; 1923, թիվ 2, էջ 1-62; 1925, թիվ 5-6, էջ 5-66:
2 Georg Lukács, The Theory of the Novel. A Historico-philosophical Essay on the Forms of Great Epic Literature, թրգմ. Anna Bostock (London: Merlin Press, 1971); Михаил Бахтин, Эпос и роман (Санкт-Петербург: Азбука, 2000); Михаил Бахтин, Творчество Франсуа Рабле и народная культура средневековья и ренессанса (Москва: Художественная литература, 1965); Benedict Anderson, Imagined Communities: Reflections on the Origin and Spread of Nationalism (London, New York: Verso, 2006); Terry Eagleton, Literary Theory: An Introduction (Oxford: University of Minessota Press, 2005); Terry Eagleton, Marxism and Literary Criticism (London: Routledge, 2002); Raymond Geuss, Politics and the Imagination (Princeton University Prees, 2010):