19-րդ դարի երկրորդ կեսի հայ մտավորականների մտահոգությունների կենտրոնում էր հայերի՝ որպես ազգի արդիանալու հիմնահարցը, և իբրև այդ գործընթացի երաշխիք ու վերջնանպատակ՝ սեփական պետության կառուցումը։ Դժվար չէ համոզվել, թե ինչ ահռելի նշանակություն ուներ այս մտորումների մեջ եվրոպական քաղաքական և փիլիսոփայական միտքն ու եվրոպական վարքուբարքի կարևորումը։ Մեր մտածողները ջանում էին արդի հայկական պետություն կառուցել, արդիականացնել հայի կյանքը և հայ իրականությունը՝ հենվելով նախևառաջ եվրոպական ակունքներ ունեցող գաղափարների վրա և ընդօրինակելով եվրոպական կենցաղը։ Հատկապես մեծ էր Ֆրանսիական հեղափոխության գաղափարներով և վերջինիս ակունքներում կանգնած փիլիսոփաներով հայերի ոգևորությունը։ Մասնավորապես, Ժան-Ժակ Ռուսոյի և նրա կրթական ու քաղաքական մտքի ազդեցությունը հեշտ է նկատել հենց միայն մեր պարբերական մամուլի էջերն աչքի անցկացնելով։ Հատկանշական է, որ եվրոպական քաղաքական արդի մտքի ու հասարակական կյանքի ընդօրինակումն ու որդեգրումը հայ մտավորականների պարագայում գրեթե միշտ չէր ենթադրում հայ իրականության պայմանների ու իրողությունների անկյան տակ դրանց հարմարեցում կամ խորքային վերանայում։
Ռուսոյի քաղաքական կարևորագույն աշխատության՝ Հասարակական դաշինքի բազում հայերեն թարգմանությունների փորձեր են արվել (այս մասին տե՛ս այստեղ)։ Հետաքրքիրն այն է, սակայն, որ այդ երկի հետևողական և ուշադիր ընթերցումն ինքը հարցադրում է այդ երկի հեղինակի և ընդհանրապես եվրոպական մտքի ու կենցաղի հանդեպ 19-րդ դարի հայ մտավորական շրջանակների վերաբերմունքի պատեհությունը։ Այս առումով խիստ ուսանելի է այս աշխատության երրորդ գրքի ութերորդ գլուխը, որտեղ Ռուսոն խոսում է կլիմայական պայմաններից կախված տվյալ ժողովրդի համար պետական կառավարման տարբեր ձևերի ընտրության շուրջ։ Խնդիրը փոքր-ինչ լայն համատեքստում դիտելիս՝ Ռուսոն ըստ էության խոսում է, թե ինչպես և ինչ տիպի պետություն պետք է կառուցի այս կամ այն պայմաններում գտնվող ժողովուրդը․ մի հարց, որով էապես մտահոգված էին 19-րդ դարի հայ գործիչները։ Ըստ Ռուսոյի, կլիմայական պայմանները որոշում են պետության մեջ կատարված աշխատանքի (գյուղատնտեսականա շխատանքի, որն իր ժամանակ արդյունաբերության առանցքային ճյուղն էր), ստացված արդյունքի ու այդ արդյունքի սպառման հարաբերակցությունը։ Ռուսոն այս հարաբերակցության հետ է, օրինակ, կապում համապատասխան պայմաններում գտնվող ժողովրդի համար պետական կառավարման համակարգի կոնկրետ ընտրությունը։ Ուշագրավը, սակայն, ոչ այնքան հենց կառավարման համակարգի ընտրության հարցն է, այլ այդ համատեքստում քննարկված նրա մի մասնավոր դիտարկումն այն մասին, թե ինչ է լինում, երբ տվյալ ժողովրդի պայմաններին՝ այս դեպքում կլիմային, չպատշաճող ձևով է վերջինս վարվում իր ստացած արդյունքի հետ։ Զարմանալիորեն օրինակը վերաբերում է 17-րդ դարի երկրորդ կեսին պարսկական տիրապետության տակ գտնվող հայերին։ Մեջբերելով ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենի վկայությունները՝ Ռուսոն պնդում է, որ հայերի մարմինն ու առողջությունը տուժում են այն պատճառով, որ նրանք արևելքում սնվում են այնպես, ինչպես կսնվեր քրիստոնյա եվրոպացին, որ վարում են մի ապրելակերպ, ինչը կվարեր եվրոպացին։ Այս փոքրիկ մասնավոր դիտարկումը հատկապես Ռուսոյի դրած մեծ հարցի՝ պետություն կառուցելու ձևերի շրջանակում, ստիպում է վերամտածել փաստը, որ հայերը միջինարևելյան տարածաշրջանում իրենց պետությունը կառուցելու մեծ ծրագիրը նույնպես հիմնում են եվրոպական մտքի և եվրոպական կենցաղի ընդօրինակման ու որդեգրման սկզբունքի վրա։ Փաստորեն, եթե հետևենք այս հարցում հայ մտավորականների համար զգալիորեն չափանիշ դարձած Ռուսոյին, ապա իրենց քաղաքական ծրագրի իրականացման ելակետն ինքը խոչընդոտելու ու դերևելու է այդ նույն ծրագիրը, քանի որ ամեն կերպ ձգտում է վարել տարապայման կենսաձև՝ որդեգրելով եվրոպական կենցաղ։
Հրապարակվում է ըստ՝ Ժան-Ժաք Ռուսո, Հասարակական դաշինքի մասին (Երևան։ Հույս, 2000), էջ 172-181։
ԳԼՈՒԽ VIII
ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ
ՁԵՒԵՐԸ ԿԻՐԱՌԵԼԻ ՉԵՆ ՑԱՆԿԱՑԱԾ ԵՐԿՐՈՒՄ
Քանի որ ազատությունը բոլոր կլիմաներին հատուկ պտուղ չէ, ապա բոլոր ժողովուրդները չէ, որ կարող են դրանից օգտվել։ Որքան շատ ես մտածում Մոնտեսքյըի սահմանած այս սկզբունքի մասին, այնքան ավելի համոզվում ես դրա ճշմարտացիությանը, եւ որքան այն վիճարկվում է, այնքան, նոր ապացույցների ճանապարհով, ավելի շատ դեպքեր կարելի է գտնել այն հաստատելու համար։
Աշխարհի բոլոր կառավարությունների ժամանակ հասարակական անձը միայն սպառում է եւ ոչինչ չի արտադրում։ Իսկ որտեղի՞ց է նա ստանում սպառվող առարկաները։ Դա ակնհայտ է՝ իր անդամների աշխատանքից։ Մասնավոր անձանց ավելցուկից ստեղծվում է հասարակության անհրաժեշտությունները։ Որտեղից բխում է, որ քաղաքացիական կարողությունը կարող է գոյություն ունենալ ոչ այլ կերպ, քան որ մարդկանց աշխատանքը արտադրում է ավելին, քան իրեն պետք է։
Սակայն այդ ավելցուկը նույնը չէ աշխարհի բոլոր երկրներում։ Շատ երկրներում այն զգալիորեն շատ է, մյուսներում ոչ այնքան, երրորդում՝ ավելցուկ ընդհանրապես չկա, իսկ որոշ երկրներում չի հերիքում նույնիսկ անհրաժեշտ կարիքների համար։ Այդ հարաբերությունը կախված է կլիմայի որակից, աշխատանքի առանձնահատկություններից, որը պահանջում է բնահողը, արտադրման բնույթից, վերջիններիս շատ կամ քիչ սպառման համար անհրաժեշտ բնակիչների ուժից եւ շատ ուրիշ նման հարաբերություններից, որոնցից ձեւավորվում է հիմնական հարաբերությունն անհրաժեշտի եւ ավելցուկի միջեւ։
Մյուս կողմից, բոլոր կառավարությունները չէ, որ նույն բնույթն ունեն։ Գոյություն ունեն շատ կամ քիչ անկշտումները, դրանց տարբերությունները հիմնված են այն սկզբունքի վրա, որ որքան հասարակական պարտավորությունները հեռացած են իրենց սկզբնաղբյուրից, այնքան դրանք ավելի ճնշող են։ Այդ ծանրությունը հարկավոր է չափել ոչ թե հարկերի քանակով, այլ այն ճանապարհի երկարությամբ, որը դրանք պետք է անցնեն, վերադառնալու համար այն ձեռքերի մեջ, որտեղից դուրս են եկել։ Եթե այդ շրջանառությունը լավ է կարգավորված եւ արագ է կատարվում, ապա կարեւոր չէ, թե ժողովուրդը շատ կամ քիչ է վճարում, նա միշտ հարուստ է, եւ ֆինանսները լավ վիճակում են գտնվում։ Ընդհակառակը, որքան էլ ժողովուրդը քիչ է վճարում, եւ երբ այդ քիչը կրկին նրան չի վերադառնում, ապա, շարունակելով մշտապես տալ, ժողովուրդը շուտով սնանկանում է, պետությունն այս դեպքում երբեք հարուստ չի լինի, իսկ ժողովուրդը միշտ աղքատ կլինի։
Այստեղից հետեւում է, որ որքան մեծանում է տարածությունը ժողովրդի եւ կառավարության միջեւ, այնքան տանջալից են դառնում հարկերը։ Այսպիսով, դեմոկրատիայի ժամանակ ժողովուրդն ամենաքիչն է հարկերով ծանրաբեռնված, արիստոկրատիայի դեպքում նա ծայրահեղ աստիճանի ծանրաբեռնված է, իսկ բռնապետության ժամանակ նա հարկերի ամենածանր բեռն է կրում։ Այսպիսով, բռնապետությունը պիտանի է միայն հարուստ ազգերի համար, արիստոկրատիան՝ թե հարստության եւ թե մեծության տեսանկյունից, միջին պետությունների համար է, իսկ դեմոկրատիան աղքատ եւ փոքր պետությունների համար։
Իսկապես, որքան շատ ենք մտածում, այնքան ավելի շատ տարբերություններ ենք գտնում ազատ եւ միապետական պետությունների տվյալ հարաբերությունների միջեւ․ առաջինում ամեն բան ուղղված է ի օգուտ ընդհանուրի, երկրորդում հասարակական եւ մասնավոր ուժերը փոխադարձաբար հակադիր են եւ դրանցից մեկն ավելանում է մյուսների թուլացման ճանապարհով։ Վերջապես այնպես ղեկավարելու փոխարեն, որպեսզի հպատակները երջանիկ լինեն, դեսպոտիզմը նրանց դարձնում է դժբախտ, որպեսզի ղեկավարի նրանց։
Այսպիսին են բոլոր կլիմաների դեպքում այն բնական պատճառները, որոնցով կարելի է որոշել կառավարման այն ձեւը, որը կլիմայի բնույթից ելնելով, նախորոշված է տվյալ երկրի համար, եւ նույնիսկ նշել, թե բնակիչների ինչ տեսակ պետք է ունենա այդ երկիրը։
Անարժան եւ անբերրի վայրերը, որտեղ մթերքը չարժե նրա վրա ծախսված աշխատանքին, պետք է մնան անմշակ եւ անմարդաբնակ կամ բնակեցված միայն վայրենիներով, այն վայրերը, որտեղ մարդկային աշխատանքն ապահովում է միայն գոյությունը պահպանելու համար, պետք է բնակեցվեն բարբարոս ժողովուրդներով, որովհետեւ ցանկացած պետական կյանք այնտեղ անհնարին կլիներ, երկրները, որտեղ ծախսված աշխատանքի դիմաց՝ մթերքի ավելցուկը միջին քանակության է, պիտանի է ազատ ժողովուրդների համար։ Այն վայրերը, որտեղ բերրի եւ առատ հողը քիչ աշխատանք ծախսելու դեպքում շատ մթերք է տալիս, կարող են ղեկավարվել միապետականորեն, որպեսզի, թագավորի պերճության շնորհիվ, օգտագործվի հպատակների մոտ մնացող ավելցուկը, որովհետեւ ավելի լավ է, որպեսզի այդ ավելցուկը կլանվի կառավարության, քան ծախսվի մասնավոր մարդկանց կողմից։ Լինում են նաեւ բացառություններ, ես դա գիտեմ, բայց նաեւ այդ բացառությունների դեպքում ընդհանուր կանոնը վավերացվում է, քանի որ բացառությունները վաղ թե ուշ ավարտվում են հեղափոխություններով, որոնք վերականգնում են իրերի բնական կարգը։
Անհրաժեշտ է միշտ տարբերակել ընդհանուր օրենքները մասնավոր պատճառներից, որոնք կարող են փոխել դրանց հետեւանքները։ Եթե նույնիսկ ամբողջ հարավը ծածկված լիներ հանրապետություններով, իսկ հյուսիսը բռնապետական պետություններով, միեւնույն է, ճիշտը կմնար այն, որ կլիմայական պայմաններից ելնելով, բռնապետությունը պիտանի է տաք երկրների, բարբարոսությունը՝ ցուրտ, իսկ ճիշտ պետական կյանքը՝ միջանկյալ երկրների համար։ Ես հասկանում եմ, որ սկզբունքին համաձայնելով, կարելի է վիճել դրա կիրառման վերաբերյալ։ Կարող են ասել, որ կան ցուրտ երկրներ, որոնք շատ բերրի են, եւ հարավային երկրներ, որոնք անբերրի են։ Բայց այդ դժվարությունն այդպիսին հանդիսանում է միայն նրանց համար, ովքեր իրերը չեն ուսումնասիրում բոլոր հարաբերություններում։ Անհրաժեշտ է, ինչպես արդեն ասացի, ուշադրություն դարձնել աշխատանքի, ուժերի, սպառման եւ այլ հարաբերությունների վրա։
Ենթադրենք, երկու հավասար հողատարածություններից մեկը բերում է հինգ, իսկ մյուսը՝ տասը։ Եթե առաջին հողատարածության բնակիչներն օգտագործում են չորսը, իսկ երկրորդինը՝ ինը, ապա առաջինի ավելցուկը կկազմի բոլոր մթերքների մեկ հինգերորդ մասը, իսկ երկրորդինը՝ մեկ իններորդ։ Քանի որ այդ երկու ավելցուկների միջեւ հարաբերությունները հակադարձ են մթերքների միջեւ հարաբերությանը, ապա այն հողատարածքը, որն արտադրում է միայն հինգ, կրկնակի ավելցուկ է տալիս այն հողամասի համեմատությամբ, որը բերում է տասը։
Բայց հարցը կրկնակի արդյունքի մասին չէ, եւ ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կորոշի հավասարեցնել սառը եւ տաք երկրների բերրիությունը։ Այնուամենայնիվ, ընդունենք այդ հավասարությունը։ Համեմատենք Անգլիան, Սիցիլիայի եւ Լեհաստանը Եգիպտոսի հետ։ Այնուհետեւ, հարավում մեզ կմնա նաեւ Աֆրիկան եւ Հնդկաստանը, իսկ հյուսիսում ոչինչ չի մնում։ Մթերքի հավասարության հետ միասին, աճեցման ինչպիսի՜ տարբերություն։ Սիցիլիայում պետք է միայն ճանկռել հողը, իսկ Անգլիայում որքան խնամք պետք է տանել հողը մշակելու համար։ Բայց չէ՞ որ այնտեղ, որտեղ ավելի շատ ձեռքեր են պետք նույն մթերքը ստանալու համար, ավելցուկը պետք է, անհրաժեշտության դեպքում, ավելի քիչ լինի։
Նկատի առեք, որ բացի դրանից, նույն քանակությամբ մարդիկ տաք երկրներում ավելի քիչ մթերք են օգտագործում։ Այդ երկրների կլիման պահանջում է, որպեսզի բնակիչներն առողջ լինելու համար ուտելիքի մեջ չափավոր լինեն։
Եվրոպացիները, որոնք ուզում են այնտեղ ապրել այնպես, ինչպես իրենց մոտ, մեռնում են դիզենտերիայից եւ անմարսողությունից։
«Մենք,- ասում է Շարդենը,- գիշակեր կենդանիներ, գայլեր ենք ասիացիների համեմատությամբ։ Ոմանք պարսիկների չափավորությունը վերագրում են այն բանին, որ նրանց երկիրն ավելի պակաս է մշակված, իսկ ես, ընդհակառակը, գտնում եմ, որ նրանց երկիրը պակաս առատ է պաշարներով, որովհետեւ բնակիչներին դա քիչ է անհրաժեշտ։ Եթե նրանց չափավորությունը,- շարունակում է նա,- երկրի անբերրիության արդյունքը լիներ, ապա քիչ կուտեին միայն աղքատները, այն դեպքում, որ այնտեղ իրականում բոլորն են քիչ ուտում, եւ շատ կամ քիչ կուտեին յուրաքանչյուր գավառում տեղանքի բերրիության համապատասխան, բայց նույն չափավորությունը տիրում է ամբողջ պետության մեջ։ Նրանք հպարտանում են իրենց կենսակերպով, ասելով, որ բավական է միայն նայել նրանց դեմքի գույնին, որպեսզի ընդունեն, թե իրենց կենսակերպը որքան առավելություն ունի քրիստոնյաների կենսակերպի նկատմամբ։ Իսկապես, պարսիկների դեմքի գույնը համահարթ է, մաշկը գեղեցիկ է, նուրբ եւ հարթ, այն դեպքում, երբ հայերի եւ այն հպատակների դեմքի գույնը, որոնք ապրում են եվրոպական ձեւով, կոպիտ է, անմաքուր, իսկ մարմինները գեր են եւ ծանր»։[1]Թարգմանիչը՝ Աշոտ Բլբուլյանն իր թարգմանության մեջ այս պարբերությունն ընդգծել է, այն դեպքում երբ բնագրում նման ընդգծում չկա. տե՛ս Ռուսո, Հասարակական դաշինքի մասին, էջ 177-178:
Որքան երկիրը հասարակածին մոտ է, այնքան ավելի քիչ է պետք մարդկանց։ Նրանք միս գրեթե չեն ուտում․ բրինձը, եգիպտացորենը, կուսկուսը, մանիոկան նրանց սովորական սնունդն է։ Հնդկաստանում միլիոնավոր մարդիկ կան, որոնց սնունդը մեկ սու էլ չարժե։ Մենք Եվրոպայում զգալի տարբերություն ենք նկատում հյուսիսի եւ հարավի բնակիչների ախորժակի մեջ։ Իսպանացին ութ օր ապրում է գերմանացու մեկ օրվա ճաշով։ Այն երկրները, որտեղ մարդիկ ավելի շատակեր են, շքեղության ուշադրությունը դարձված է հիմնականում գործածական առարկաների վրա։ Անգլիայում շքեղությունն արտահայտվում է սեղանի վրա դրվող մսեղենի առատության մեջ, Իտալիայում ձեզ հրամցնում են քաղցրեղեն եւ ծաղիկներ։
Հագուստների շքեղությունը նույնպես նման տարբերություններ է ներկայացնում։ Այն կլիմայական պայմանները, որտեղ տարվա եղանակների փոփոխություններն արագ եւ կտրուկ են, հագուստը լավ եւ պարզ է։ Այն երկրները, որտեղ միայն զուգվելու համար են հագնվում, ավելի շատ ձգտում են փայլին, քան օգուտին, հագուստն ինքը շքեղություն է։ Նեապոլում ամեն օր Պոզիլիպպոյի վրա կարող եք տեսնել ոսկով զարդանախշված կոֆտաներ հագած, բայց առանց գուլպաների զբոսնող մարդկանց։ Նույնը կարելի է ասել նաեւ շենքերի մասին, երբ հարկ չկա վախենալու վատ եղանակից, ամբողջ ուշադրությունը սեւեռվում է շքեղությանը։
Փարիզում, Լոնդոնում ձգտում են կառուցել տաք եւ հարմարավետ բնակարաններ, Մադրիդում կառուցում են շքեղ սալոններ, բայց չկան փակվող պատուհաններ, եւ քնում են առնետների որջերում։
Տաք երկրներում սննդամթերքն ավելի էական եւ սննդարար է, դա երրորդ տարբերությունն է, որը չի կարող չազդել երկրորդի վրա։ Ինչո՞ւ են Իտալիայում այդքան բանջարեղեն ուտում։ Որովհետեւ բանջարեղենն այնտեղ որակյալ է, սննդարար եւ շատ համեղ։ Ֆրանսիայում, որտեղ բանջարեղենը սնվում է միայն ջրով, բոլորովին սննդարար չէ եւ ճաշի համար ոչ մի նշանակություն չունի, բայց բոլոր դեպքերում ոչ քիչ հողատարածություն է գրավում, իսկ մշակելը նույն աշխատանքն է պահանջում։ Փորձը ցույց է տվել, որ Բերբերիայի հացաբույսերն ավելի վատորակ են քան Ֆրանսիայինը, բայց ավելի շատ ալյուր են տալիս, իսկ Ֆրանսիայի հացաբույսերն իրենց հերթին, ավելի շատ ալյուր են տալիս, քան հարավի հացաբույսերը։ Այստեղից կարելի է հետեւություն անել, որ նման հաջորդականություն դիտվում է ընդհանրապես միջօրեականից դեպի բեւեռ ընկած ուղղությամբ։ Իսկ մի՞թե դա ակնհայտ ոչ օգտավետություն չէ՝ հավասար քանակությամբ մթերքից քիչ քանակությամբ սնունդ ստանալ։
Այդ բոլոր տարբեր դիտողություններին ես կարող եմ ավելացնել նաեւ մեկը, որը բխում եւ ամրացնում է դրանք․ տաք երկրներն ավելի քիչ բնակչի կարիք ունեն, քան ցուրտ երկրները, բայց ավելի շատ մարդու կարող են սնել։ Արդյունքում դա կրկնակի վնաս է պատճառում, նորից շահում է դեսպոտիզմը։ Որքան մեծ տարածք է գրավում բնակիչների նույն քանակությունը, այնքան դժվարանում է ապստամբությունը, որովհետեւ ոչ կարելի է արագ, ոչ էլ գաղտնի համախմբվել եւ որովհետեւ կառավարության համար միշտ հեշտ է փլուզել ապստամբության ծրագրերը եւ կտրել հաղորդակցվելու ճանապարհները։ Բայց որքան խիտ է բնակեցված բազմաքանակ ժողովուրդը, այնքան կառավարությունն ավելի քիչ կարող է բռնատիրել սուվերենին, ղեկավարներն իրենց բնակարաններում նույնքան ապահով են խորհրդակցում, որքան թագավորն իր խորհրդում, եւ ամբոխը նույնքան արագ է հավաքվում հրապարակներում, որքան բանակը՝ զորանոցներում։ Բռնապետական կառավարության առավելությունն արտահայտվում է նրանում, որ այն գործում է մեծ տարածություններում։ Իր տրամադրության տակ եղած հենման կետերի օգնությամբ մեծ տարածությունների վրա նրա ուժը մեծանում է այնպես, ինչպես լծակինը։*
Միայն այն դեպքում, եթե այն կենտրոնացված է՝ ընդարձակվելով, այն գոլորշիանում եւ կորչում է, ինչպես հողի վրա թափված վառոդը, որն առանձին հատիկներով է բռնկվում։ Ամենախիտ բնակեցված երկրներն ամենահարմարն են բռնապետության համար։ Վայրի գազաններն իշխում են միայն անապատում։
* Սա չի հակասում նրան, ինչը ես ասել եմ նախկինում (Գիրք 11, գլուխ IX) մեծ պետությունների անհարմարության մասին, որովհետեւ այնտեղ խոսքը գնում էր իր անդամների նկատմամբ կառավարության իշխանության մասին, իսկ այստեղ խոսքը գնում է հպատակների դեմ ուղղված ուժի մասին։ Կառավարության ցրված անդամները նրա համար հենման կետ են ծառայում, որպեսզի առանձին վայրերում ազդեն ժողովրդի վրա, բայց նա ոչ մի հենման կետ չունի, որպեսզի ուղղակիորեն ազդի իր սեփական անդամների վրա։ Այսպիսով, մի դեպքում լծակի երկարությունը հանդիսանում է նրա թուլությունը, մյուսում՝ ուժը։
Ծանոթագրություններ
↑1 Թարգմանիչը՝ Աշոտ Բլբուլյանն իր թարգմանության մեջ այս պարբերությունն ընդգծել է, այն դեպքում երբ բնագրում նման ընդգծում չկա. տե՛ս Ռուսո, Հասարակական դաշինքի մասին, էջ 177-178: