Երիտասարդ կուսակցական գործիչն այցելում է Մկրտիչ Խրիմյանին. Ռուբեն Խանազատի հուշերը

 

1890-ականների առաջին տարիներին Կովկասի հայ երիտասարդությունը, ազդված Ռուսաստանում բորբոքվող նարոդնիկական սոցիալիզմի գաղափարներով ու ոգեշնչված տաճկահայերի ազատագրման բաղձանքներով կուսակցական մարմիններ էր ձևավորում՝ միավորելու հայերի կարող ուժերը։ Սրանք դեռևս այն վաղ օրերն են, երբ գրեթե բաժանում չէր դրված դաշնակցական և հնչակյան գործիչների մեջ. երկու կուսակցությունների միավորումը մոտալուտ էր թվում՝ հանուն «Հայաստանի ազատութեան» բարձր նպատակի։ Երիտասարդ հեղափոխականների շրջանում այս տարիներին Պոլսի նախկին պատրիարք, Վասպուրականի հոգևոր առաջնորդ և ապագա կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի՝ գրեթե առասպելական կերպարն անկյունաքարային դեր ուներ։ «Հայոց Հայրիկ» պատվանունն ստացած հոգևորականի՝ զրկված գյուղացիության, չքավոր դասի կողքին ամեն գնով կանգնելն ու պայքարի մղող, հանդուգն խոսքն ու գործն ընդհուպ եզրակցում էին նորելուկ հեղափոխականների մղումներին։

Ներկայացվող վավերագիրը հատված է հնչակյան գործիչ Ռուբեն Խանազատի՝ Խրիմյանի մասին հուշերից։ 1890-ի հուլիսին Կոստանդնուպոլսի Գում Գափու թաղամասում հնչակյանների կազմակերպած ցույցի արդյունքում թուրքական կառավարությունը Խրիմյանին աքսորել էր Երուսաղեմ։ Մոտ մեկ տարի անց երիտասարդ հեղափոխականը գործուղվել էր աքսորավայր՝ սրբազանին Եվրոպա փախցնելու առաքելությամբ։ Ըստ նախնական պլանի՝ Արևմուտքում Խրիմյանը պետք է օգներ իրենց հանգանակություն կազմակերպել հանուն ազատագրության օրակարգի։

1908-ին՝ Խրիմյանի մահից հետո գրված Խանազատի այս հուշագրությունն ըստ էության կաթողիկոսից հիասթափվելու պատմությունն է ներկայացնում։ Գրվածքն այդ իսկ պատճառով մեր առաջ բացում է իր գաղափարների հանդեպ կրոնական ջատագովության հասնող այն ինքնամոռացությունը, որով տոգորված է հնչակյան գործիչը։ Գլխով հազար փորձանք անցած Խրիմյանի՝ կյանքի նյութական պայմանները, իրեն շրջապատող մարդկանց դրությունն ու եկեղեցական կարգը հարգելը «շանթահար» է թողնում իրեն սոցիալիստ համարող գործչին, որը նմանվում է հոր մարդեղությունն առաջին անգամ բացահայտող մանկահասակ տղայի։ Վանքում Խանազատի ինքնությունն ու այցելության նպատակը խնամքով թաքցնող, բայց նաև երիտասարդի հեղափոխականությանն իրեն հատուկ հայրական հումորով վերաբերվող Խրիմյանը բավարար «ֆանատիկոս» չէ անորոշ նպատակով անորոշ հեռուները նետվելու առաջարկն ընդունելու համար։ Հայրիկի կերպարով հիացած ջերմեռանդ հեղափոխականը միանգամայն հիասթափված թողնում է Երուսաղեմը. հիանալու և հիասթափվելու միջև պատեպատ տվող մի հակասություն, որից անդին անցնելը միայն թույլ կտա ըմբռնել Խրիմյանի կերպարը։

Հրապարակվում է հատվածաբար ըստ՝ Ռ. Խան-Ազատ, Յիշողութիւններ Խրիմեանի մասին (Թիֆլիս։ Ելեքտրաշարժ տպարան օր. Ն. Աղանեանի Պոլիցէյսկ, 1908), էջ 39-54։

 

Յիշողութիւններ Խրիմեանի մասին

Խրիմեան Հայրիկի խուցը միմեանց մէջ մտնող երկու սենեակներից էր բաղկացած։ Առաջին սենեակում, որ կարող էր նախասենեակի տեղ ծառայել, ապրում էին նրա «փոքրաւորը» – մի բարձրահասակ ու նիհար կազմուածքով երիտասարդ սարկաւագ – և այն վանեցի սպասաւորը, որի մասին ինձ ասել էին Ալէքսանդրիայում։ Ներս մտածս միջոցին այնտեղ միայն սարկաւագն էր։

– Հայրիկը այստե՞ղ է, – հարցրի նրան և, առանց ներս մտնելու համար թույլտւութիւն խնդրելու կամ հրաւէրի սպասելու, ուղղակի մտայ ներսի սենեակը։

Խրիմեանը իր սովորական ձևով նստած էր երկար թախտի մի ծայրում գցված փոքրիկ մինդարի վրա, առջևում նոյն հաստ մուշտուկների խուրձն ու թութունամանը, ծխում էր և իր առջում կանգնած մի ինչ-որ պարոնի հետ խօսում էր։

– Բարև, Հայրիկ, – ասացի ներս մտնելուս պէս և ձեռքը բռնեցի։

– Ծօ՛, գե՞նէ (դարձեալ) բուսար, – բացականչեց նա զարմացական վրաս նայելով։

– Զարմանալու ոչինչ չկայ, Հայրիկ, ուխտ եմ եկել։

– Հա, գիտեմ, դու ուխտատեղիներ կը սիրես. – պատասխանեց նա խորհրդաւոր շեշտով և շտապեց իր մօտ կանգնած պարոնին ճանապարհ դնել։

– Այդ պարոնի հեռանալուն պէս ես շտապեցի Հայրիկին զգուշացնել, որ նա ինձ իմ իսկական անունով չը կոչի, այլ որ իմ անունը այժմ Նշան Կարապետեան է, թաւրիզեցի։

– Նորէ՞ն մկրտվէր ես. աղէկ. հասկցայ։ Բայց այստեղ քեզի համար ի՞նչ գործ կայ։

– Ես ուղարկված եմ յատկապէս ձեզ Եվրօպա տանելու։

– Հիմա ալ Խայրի՞կը պիտի փախցնես, խա-խա-խա, – ասաց նա ու ծիծաղեց։ Բայց Խայրիկը ժանգոտած մեքենայ է, – աւելացրեց նա, – բանի մը պէտքական չէ։

– Ոչինչ, – ասացի, – ժանգոտած մեքենայի վրա ձէթ կը քսենք և նա կը գործի։

Իմ այդ խօսքերին նա չը պատասխանեց, այլ, խօսքը փոխելով, – աչքդ լոյս, – ասաց նա, – Մակարնիդ մեռաւ։

Ճանապարհորդութեան մէջ գտնվելով, ես բաւական ժամանակ հայ լրագիրներ չէի կարդացել ու մինչ այդ ժամանակ չէի էլ իմացել Մակար կաթողիկոսի մահը։ Հէնց այդ մահն էր ինձ գուժում Խրիմեանը։

– Մի՞թէ Մակարը մեռել է. այդ ե՞րբ, – հարցրի ես Հայրիկից և այդ հարցումներիս պատասխանը ստանալուց յետոյ աւելացրի. – էլ ինչո՞ւ իմ աչքը լոյս, Հայրիկ, շատ աւելի ձե՛ր աչքը լոյս, որովհետև այժմ ձեզ կընտրեն նրա տեղը։

– Չէ՛, զիս չեն ընտրեր, – ասաց Խրիմեանը մի տեսակ կասկածական շեշտով։

– Ինչ է, ախորժակ ունէ՞ք, Հայրիկ։ Իսկ ես, ընդհակառակը, հաւատացած եմ, որ եթէ դուք ցանկութիւն ունենաք կաթողիկոս դառնալու, ընտրվելու ամենահաւանական թեկնածուն դուք էք. Արծրունին և բոլոր մշակականները, անշուշտ, ձեր թեկնածութիւնը կը պաշտպանեն. չէ՞ որ Մակարից առաջ եղած ընտրութիւնների ժամանակ էլ դուք մշակականների առաջին թեկնածուն էիք, և եթէ այն ժամանակ «Մշակը» փակված չը լինէր, հաւանական էր, որ հէնց Մակարի փոխարէն դուք ընտրվէիք։

– Ճիշտ կըսես, – ասաց Խրիմեանը, – բայց եթէ ես ընտրվեմ ալ, ձեր կառավարութիւնը զիս չի հաստատեր։

– Այդ կողմից արդէն դժուար է երաշխաւորելը, ի հարկէ։ Բայց մի՞թէ, Հայրիկ, դուք կը ցանկանայիք կաթողիկոս դառնալ այսպիսի մի ժամանակ, երբ կաթողիկոսական բոլոր իրաւունքները խլված են և կաթողիկոսին այլ ևս համարեա թէ ոչինչ չի մնում անելու, բացի միմիայն լոկ կրօնական ու եկեղեցական գործերով զբաղվելը։

– Չէ, ես անանկ բան մըն էր՝ ասի – պատասխանեց նա, բոլորովին անտարբեր վերաբերմունք ցոյց տալով դէպի այն հարցը, որի մասին խօսում էինք։ – Երևի, դուն չես գիտեր, – աւելացրեց Խրիմեանը փոքրիկ լռութիւնից յետոյ, – թէ ինչով կը ղեկավարվի ցարի կառավարութիւնը ընտրված կաթողիկոսական թեկնածուներուն մէջէն ընտրութիւն անելու ժամանակ։ Կաթողիկոսին մեռնելէն դեռ առաջ Պետերսբուրգէն թուղթ կը ղրկվի ռուսաց Պօլսոյ դեսպանին։ Անշուշտ ատանկ թուղթ մըն ալ Կովկասի փոխարքայութեան կը ղրկվի։ Այդ թուղթին մէջ երկար շարք մը հարցումներ կան տրված, որոնց դիմացը Պօլսոյ դեսպանը պէտք է պատասխաններ գրէ ու թերթը Պետերսբուրգ ուղարկէ այն ժամանակ, երբ հայերը կաթողիկոսական ընտրութիւնը կատարած վերջացուցած են և ընտրված թեկնածուները արդէն յայտնի են։ Այդ թղթին մէջ տրված հարցումները սա են, թէ ի՞նչ աչքի զարնող եպիսկոպոսներ կան, որոնք կրնան հաւանականօրէն կաթողիկոսական թեկնածուներ համարվել։ Եւ ապա մանրամասն հարցապնդում կընէ այդ թուղթը իւրաքանչիւր եպիսկոպոսի մասին այն մտքով, թէ ի՞նչ տեսակ մարդ է նա. փառասէ՞ր է արդեօք, թէ՞ ոչ. դրամ սիրո՞ղ է, թէ՞ ոչ. կամքի տէ՞ր է, թէ՞ ոչ. ազատամի՞տ է, թէ՞ պահպանողական, և այլն և այլն։ Ահա, դեսպանատան տուած այդ տեղեկութիւններովն է, – աւելացրեց Խրիմեանը՝ ինձ համար բոլորովին նորութիւն կազմող՝ այդ տեղեկութիւնները հաղորդելուց յետոյ,  – որ ցարի կառավարութիւնը կը ղեկավարվի կաթողիկոսական այս կամ այն թեկնածուն հաստատելու ժամանակ։

Մինչ այդ ժամանակ, որ ես խիստ սկսել էի կասկածել, թէ մի՞ գուցէ ես ինքս արջի ծառայութիւն մատուցեցի այն միսսիային, որի համար եկել էի, մտածելով, թէ մի՞ գուցէ հաւատացնելով Խրիմեանին, որ Արծրունին ու մշակականները նրա թեկնածութիւնը կը պաշտպանեն կաթողիկոսական ընտրութիւնների ժամանակ, ես այդպիսով նրա մէջ կաթողիկոս դառնալու յոյսեր ներշնչեցի, ուստի և նա այժմ, կաթողիկոսական գահը գերադասելով, այլևս չի ցանկանայ Եւրօպա փախչել, – կրկնում եմ, մինչ այդ ժամանակ, որ ես սկսել էի այդ մասին սաստիկ կասկածել, Խրիմեանի արած այդ պատմութիւնը լսելուց յետոյ ես բոլորովին միամտվեցի ու հանգստացայ։ «Պօլսի դեսպանը , – մտածում էի ինքս ինձ, – անշուշտ, այնպիսի ատեստատ կը տայ Հայրիկի մասին, որ ռուսաց կառավարութիւնը նրան երբէք չի հաստատի։ Այդ բանը ինքը՝ Հայրիկն էլ շատ լաւ է հասկանում, ուրեմն էլ ի՞նչ յոյսեր նա կարող է ունենալ։ Եւ մի՞թէ Հայրիկը այսպիսի մի ժամանակ, երբ մենք Հայաստանի ազատութեան նախօրեակումն ենք գտնվում և երբ այդ բաղձալի օրը փութացնելու համար Հայրիկը Եւրօպայում հազարապատիկ շատ աւելի մեծ գործ կարող է կատարել, քան թէ Էջմիածնի կաթողիկոսական վանդակի մէջ նստած, մի՞թէ այսպիսի մի ժամանակ, ասում եմ, Հայրիկը կը գերադասի աւելի կաթողիկոս դառնալ, քան թէ Եւրօպա գնալ և մեզ հետ Հայաստանի ազատութեան ու հայ ժողովրդի վերածնութեան համար աշխատել։ Չէ, Հայրիկը այդպիսի բան չի անի, եթէ նոյնիսկ ոչ մի կասկած չունենայ իր ընտրութեան ու հաստատման մասին ….

 ***

Մեր ճաշը շատ շուտ վերջացաւ, որովհետև նա շատ անշուք էր. պանիր, թանէ ապուր, մի քանի հատ պինդ խաշած ձու, և տաճկական սուրճ։ Երբ սեղանը հաւաքվեց և ես միամիտ էի, թէ փոքրաւորը այլ ևս ներս չի գայ ու մեզ չի խանգարի, իսկոյն վերադարձայ ինձ ամենից աւելի հետաքրքրող հարցին։

– Էհ, Հայրիկ, գիշերս մի լաւ մտածեցի՞ք երէկվայ խնդրի մասին. ի՞նչ կասէք այժմ։

– Եաա՜, ատանկ շո՞ւտ կուզէիր։ Ատիկա անանկ ալ դիւրին խնդիր չէ, որ կարենայի մէկ գիշերվան մէջ որոշում ընել,- ասաց Հայրիկը խիստ լուրջ տոնով։

– Իսկ ի՞նչ երկար մտածելու բան կայ այդտեղ. խնդիրը շատ պարզ է։

Նա ինձ իսկոյն չը պատասխանեց։ Ճակատի կնճիռները հաւաքած և աչքերը գետին յառած նա մտածմունքի մէջ էր ընկել, իսկ ես հարցական նրա երեսին էի նայում ու սպասողական դիրքի մէջ էի։ Մի քանի րօպէի լռութիւնից յետոյ,

– Եթէ այստեղից փախչեմ, – ասաց նա մտախոհ ձայնով, – ամսականներս այլ եւս ինձ չեն տար, – պատասխանեց նա այնպիսի պարզամտութեամբ, որ կարծէս թէ խնդիրը իր սեփական կալուածներից ստանալիք եկամուտների մասին էր։

Ես միանգամայն շանթահարվեցի. աչքերս չռած մի քանի րօպէ նրա երեսին էի նայում, չը կարողանալով ոչ մի բառ արտասանել։ Այդ խօսքերով ու նրանց արտասանելու պարզ եղանակով Խրիմեանը իմ գլխին մի ամբողջ կարաս սառը ջուր էր ածել։ Մի ակնթարթում իմ միջից անհետացաւ այն ամբողջ հմայքն ու հրապոյրը, որ ես մինչ այդ ժամանակ տածում էի դէպի այդ մէծ հայրենասէրը, դէպի ամբողջ մի ազգի կողմից «Հայրիկ» անունը վաստակած մարդը։ Մի քանի րօպէ ես միանգամայն սառել ու քարացել էի, ապա՝ ինքս ինձ հաւաքելով՝

– Այդ ի՞նչ էք ասում, Հայրիկ, – ասացի նրան կէս յանդիմական և կէս վշտացած ձայնով, – այդ ի՞նչ բանի մասին էք մտածում. մի՞թէ դուք ենթադրում էք, որ, առանց սուլթանի գանձարանից 20 ոսկի ստանալու, դուք քաղցած պիտի մնաք։ Եւ ի՞նչ մի մեծ պահանջներ ունէք դուք. մի՞թէ հէնց այսօր չը տեսայ ձեր ճաշը. այդ ո՞րտեղ դուք չը պիտի կարողանաք մի քանի ձու և թանէ ապուր գտնել։ Մի՞թէ դուք վախենում էք, որ այն ժողովուրդը, որը ձեզ «Հայրիկ» անունն է տուել, չը պիտի կարողանայ իր Հայրիկի թէկուզ ամենամեծ պահանջներն անգամ հոգալ։ Եւ ի՞նչ կասի այն ժողովուրդը, եթէ իմանայ, որ Հայրիկը, սուլթանի նշանակած 20 ոսկի ամսականից զրկվելու վախից դրդված, հրաժարվեց իր ազատագրական շարժումի գլուխը անցնել։

Խրիմեանը շատ լաւ զգաց իր արած պատճառաբանութեան կատարեալ անհեթեթութիւնը և նրա թողած վերին աստիճանի իր համար աննպաստ ու վատ տպաւորութիւնը։

– Չէ, տղաս, – ասաց նա խօսակցութեան տոնը բոլորովին փոխած և փոքր-ինչ լռութիւնից յետոյ, – կարծեմ քեզի ըսի, որ թող մտածեմ….

***

Այսպէս մի քանի օր Խրիմեանի մօտ շարունակ այցելելուց ու դէսից-դէնից արված խօսակցութիւններով ժամանակ անցկացնելուց յետոյ, երբ վերջապէս նկատեցի, որ Հայրիկը բոլորովին դիտաւորութիւն չունէր իմ առաջարկած խնդրին վերադառնալու, որոշեցի ինքս նորից խնդիրը բանալ և հասկանալ, վերջապէս, թէ ե՞րբ է ուզում նա, որ Երուսաղէմը թողնենք։

– Էհ, Հայրիկ, ոչինչ չէք ասում ախր, թէ ե՞րբ էք ցանկանում, որ ճանապարհ ընկնենք այստեղից, – ասացի նրան մի յարմար րօպէի և այնպիսի տոնով, որ կարծես թէ խնդիրը արդէն որոշված լինէր։– Չէ՞ որ անհրաժեշտ է պատրաստութիւններ տեսնել։

– Ծօ, դուն կուզես որ հէնց հիմա՞ երթամ ես քեզի հետ, – ասաց նա զարմացմամբ և այնպիսի ձևով, որ կարծես թէ իմ առաջարկի միտքը չէր հասկացել առաջ և այժմ է միայն հասկանում։

– Ի՜նչպէս թէ, – ասացի ես ոչ պակաս զարմացմամբ, – ապա ինչու համար եմ եկել այստեղ և ինչո՞ւ չը պէտք է դուք գաք ինձ հետ, ի՞նչն է ձեզ արգելում։

– Եթէ յանկարծակի այստեղէն անհետանամ, – ասաց նա չափազանց լուրջ տոնով, – կառավարութիւնը այս բոլոր սրբավայրերը խուզարկութեան կենթարկէ ու տակն ու վրա կընէ, ինչպէս որ նա ըրաւ Վարագայ վանքը։ Այս բոլոր հնութիւններն ու սուրբ տեղերը մեր ձեռքէն կերթան։

Այս նոր առարկութիւնը ինձ՝ ոչ-հաւատացեալիս և Հայաստանի մօտալուտ ազատութեանը սաստիկ հաւատացող ֆանատիկոսիս՝ նոյնչափ զարմացրեց ու ապշեցրեց, որչափ և ապշեցրել էր Հայրիկի 20 ոսկիների մասին արած առարկութիւնը։

 – Ինչների՞ս է պէտք, Հայրիկ, – ասացի, – թէ այս սրբավայրերը տակն ու վրա կը լինեն կամ բոլորն էլ ձեռքից կերթան. չէ՞ որ այս րօպէիս ամբողջ հայ ժողովուրդն է ձեռքից գնում. նրան կորստից փրկելու փոխարէն դուք սրբավայրերի մասի՞ն էք մտածում։ Արդեօ՞ք ժողովուրդն է սրբավայրերի համար, թէ ոչ՝ սրբավայրերը ժողովրդի համար։ Ժողովուրդը ձեռքից գնալուց յետոյ էլ ո՞ւմ պիտի պէտք գան այս հնութիւնները, այն ինչ կենդանի մնացած ժողովուրդը միշտ էլ կը կարողանայ այսպիսի հնութիւններ ձեռք բերել և նրանց շատ աւելի պայծառ դրութեան մէջ պահել։ Կրկնում եմ, որ դուք չը պիտի մոռանաք և այն, որ հայ ժողովուրդը ձեզ Հայրիկ անունն է տուել և նա իրաւունք ունի պահանջելու, որ իր Հայրիկը նրան ամենամեծ ծառայութիւնը մատուցանի իր կրիտիքական օրերին։ Իսկ դուք յանկարծ սրբավայրերը ձեռքից չը թողնելու համար՝ ուզում էք թողնել, որ ամբողջ ժողովուրդը ձեռքից գնայ։

– Դու անկրօն ես, – ասաց Հայրիկը ի պատասխան իմ այդ յորդորանքների, – ատանք բաներ դուն չես հասկնար։

Այդ րօպէին ես զգացի, որ, յիրաւի, ես Խրիմեանին չեմ կարող հասկանալ։ Աւելին կասեմ. ես այդ ժամանակ զգացի, որ ամբողջ հայ ազգն էլ նրան չէ կարողացել հասկանալ, և նրան միշտ ենթադրել է բոլորովին այլ բան, քան նա է իրապէս ….