Ստորև ներկայացված առաջին վավերագիրը ներկայացնում է զինանշանային մի համալիր պատկեր (նկ. 1), որով բացվում է Դավիթ և Հակոբ Արզանովների՝ 1827 թվականին Մոսկվայում լույս տեսած Հայոց թագավորության պատմության ուրվագծման փորձ գիրքը: Գրքի գլխավոր տիտղոսաթերթին դրված այս պատկերը մի փորձ է՝ ի ցույց դնելու հայոց ինքնությունը, որի բացահայտման հետքերով էին ընթանում հեղինակները իրենց աշխատանքում: Այն կրում է ընդհանրական՝ «Հայաստանի նշանավոր արքաների պատկերասրահ» խորագիրը, իսկ բուն զինանշանի ներքևում տեղակայված է «Հայոց թագավորության զինանշանը» գրությունը: Զինանշանային այս կառույցը բազմաշերտ է, բաղկացած բազմաթիվ տարաբնույթ մանրամասներից: Հայոց զինական ուժը ներկայացնող դետալները միախառնված են դրոշների հետ, որոնցից յուրաքանչյուրը կրում է թագավորական տների խորհրդանշաններ՝ յոթգլխանի հիդրա, արծիվ, խաչակիր գառ և առյուծ: Ներքևում պատկերված է առանձին՝ բուն զինանշանը՝ կրկնելով դրոշների հիշյալ խորհրդանշանները: Սրանց վրա՝ առաջին պլանում, երկու շարքով ներկայացված են կիլիկյան թագավորներ Հեթում Ա-ի և Լևոն Ա-ի հատած մետաղադրամները՝ որպես աղբյուրագիտական նմուշի օրինակներ: Փաստական աղբյուրների պատկերներով համալրված զինանշանային մտացածին այս հորինվածքը ամրակցված է պատվանդանին՝ իբրև Հայոց թագավորությունների հիշատակը հավերժացնող անշարժ մի հուշարձան:
Զինանշանի դետալները քաղված են տարբեր աղբյուրներից: Դրանց մի մասը վերարտադրում է 1778 թվականին հնդկահայ գործիչ Շահամիր Շահամիրյանի պատվերով տպագրված քարտեզի զարդատախտակի մանրամասները՝ որոշ ձևափոխություններով (նկ. 2): Իսկ բուն՝ Հայոց թագավորության զինանշանը թարսուշիտակ կերպով արտատպված է արդեն 18-րդ դարի վերջերից աշխարհի տարբեր վայրերի հայ համայնքներում՝ այդ թվում ռուսահայության մեջ շրջանառվող զինանշանի օրինակից (նկ. 3): Վերջինս, ըստ երևույթին, նույնպես ստեղծվել էր Շահամիրյանի զինանշանային հորինվածքի հիման վրա: Վերջինս 18-րդ դարի վերջերին պետք է ծառայեր հայերի ու վրացիների՝ պարսիկ ու թուրք տիրապետողներից ազատագրման բաղձանքի ու ապագա անկախ Հայաստանի ստեղծման նպատակին: Հնդկահայ գործչի քաղաքական պատկերացումները շոշափում էին հանրապետականության գաղափարներ, որոնց շուրջ էր կառուցած զինանշանային մոդելը: Սա իր հերթին նոր երանգ էր ստացել 18-րդ դարի վերջերի ռուսաստանաբնակ հայության շրջանում, որոնք հայերի ազատագրության հարցը տեսնում էին միայն Ցարական Ռուսաստանի «փրկչական» նախագծին ընդառաջ՝ Հայոց թագավորության վերականգման ծրագրի շրջանակում:
Ազատագրություն և պետականություն հետապնդող վաղարդի մշակութային ժառանգությունը, միախառնվելով հնությունների հետ, ի հայտ է գալիս նոր՝ իր քաղաքական համատեքստից կտրված՝ արդեն բուն ռուսաստանյան իրականության մեջ. իրականություն, որն արդեն իսկ «նոր հայրենիք» էր դարձել այնտեղ ծնված ու ձևավորված երիտասարդ հայ մտավորականների համար: Նրանց ստեղծած զինանշանային պատկերը ոչ թե ինքնուրույն, այլ կարծես անկատար գրչով արված խորհրդանշանների մի «հավաքածու» էր՝ տեղակայված պատվանդանի վրա, որ հավերժացնում էր կորսված հայրենիքի մասին հիշողությունը «նոր հայրենիքի» ներսում:
Առաջին պատկերը հրապարակվում է ըստ՝ Яковъ и Давыдъ Арзановы, Опытъ начертанiя исторiи царства армянскаго (Москва: Въ Типогафiи Семена Селивановскаго, 1827), երկրորդը ըստ` 1778 թվականի Աշխարհացոյց Հայաստանեայց քարտեզի՝ Ազգային գրադարանում պահվող օրինակի, երրորդը ըստ՝ Գիրք որ կոչի ընդհանրական (Սանկտպետրբուրգ: ʾի տպարանի Խալդարենց Խօջամալի որդի՝ ʾի քն հանգուցեալ Պարոն Գրիգորին, 1788):

Նկ. 1. Яковъ и Давыдъ Арзановы, Опытъ начертанiя исторiи царства армянскаго, Մոսկվա, 1827 թ.

Նկ. 2. Աշխարհացոյց Հայաստանեայց, քարտեզ, 1778 թ.

Նկ. 3. Գիրք որ կոչի ընդհանրական, Պետերբուրգ, 1788 թ.