Ստորև ներկայացվող վավերագիրը քանդակագործ Այծեմիկ Ուրարտուի հիշողություններն են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի մասին: Դրանք ծավալվում են 1920-ականների վերջին և 1930-ականների սկզբին բուռն ընթացք ստացած Թամանյանի գործունեության, մասնավորապես Ժողտան (ներկայիս Օպերայի և բալետի թատրոնի) շենքի կառուցման շուրջ: Սակայն հետաքրքրականորեն Ուրարտուի հուշերը միաժամանակ ուրվագծում են ժամանակաշրջանին հատուկ ճարտարապետական այն սուր խնդիրները, որոնք ուղղակիորեն առնչվում էին Թամայանին ու նրա ստեղծագործությանը:
Թամանյանն ու նրան ընկերակցող ու աշխատակցող Թորոս Թորամանյանը և Նիկողայոս Բունիաթյանն այն ճարտարապետներն էին, որոնց ստեղծագործությունը 1920-ականների երկրորդ կեսին հայտնվեց երիտասարդ ավանգարդիստ ճարտարապետների՝ Միքայել Մազմանյանի, Գևորգ Քոչարի, Կարո Հալաբյանի, Հովհաննես Մարգարյանի քննադատության թիրախում: Ուրարտուի հիշողությունները վեր են հանում Թամանյանի ստեղծագործական կյանքի այն դրվագը, երբ ավագ սերնդի ճարտարապետները սուր կերպով քննադատվում էին «հայկական ոճի» վերաստեղծման և «էկլեկտիզմի» մեջ: 1920-ականների երկրորդ կեսին ստալինյան քաղաքական հովանավորությունն իրենց թիկունքում ունեցող ավանգարդիստ ճարտարապետներն էին, որ կայացող խորհրդահայ ճարտարապետության զարգացումը կապում էին «միակ ճշմարիտ»՝ կոնստրուկտիվիզմի ճանապարհով տանելու տեսլականի հետ: Երիտասարդների քննադատությունների լույսի ներքո Թամանյանի՝ արդի հայ ճարտարապետական ոճի ստեղծման ձեռնարկը տասնամյակի կեսին հայտարարվեց «սխալ» և «հետադիմական»:
Ուրարտուի հուշերում երևում է նաև այս առճակատման ավարտը: Թամանյանի «լիաթոք շունչ քաշելու» ժամանակը ստալինյան հերթական շրջադարձի ժամանակն էր: 1930-ականների սկզբին այդ շրջադարձով ավանգարդ մտայնությունն ինքը քննադատվեց, իսկ ավագ սերնդի արվեստագետները կրկին լեգիտիմացվեցին, սակայն արդեն հաստատվող սոցիալիստական ռեալիզմի դրոշի ներքո:
Հրապարակվում է հատվածաբար ըստ՝ Այծեմիկ Ուրարտու, «Հազվագյուտ մարդը», ըստ՝ Ալեքսանդր Թամանյան. հոդվածներ, փաստաթղթեր, ժամանակակիցները նրա մասին (Երևան: Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ., 1960), էջ 213-219:
Ես Թամանյանի հետ ծանոթացա 1926 թվականի ամռանը, իր արվեստանոցում, որը գտնվում էր Ժողտան շինարարական ընդարձակ բակում:
Ալեքսանդր Թամանյանը բարձրահասակ էր, բարեկազմ, գրեթե բոլորովին ճերմակած մազերով. մաշկը գունատ էր, որը հատուկ է հյուսիսում երկար ապրած մտավորականին և որը չզիջեց Երևանի ուժգին արևին. միշտ մաքուր ածիլված. աչքերը բաց գույնի, ինչպես ժողովուրդն է ասում՝ խաժ, մեղմ և հարցական հայացքով, նուրբ ժպիտով. ամառը սպիտակ, իսկ ձմեռը սև կոստյումով և այնքան մաքուր, որ Երևանի փոշին անզոր էր լինում եղծելու նրա գույնը:
Թամանյանի արվեստանոցը փայտաշեն էր, ամառը բավականին զով, բաղկացած ճարտարապետի կաբինետից, բուն արվեստանոցից, որտեղ երիտասարդ ճարտարապետները աշխատում և սովորում էին և մի քանի այլ՝ շինարարությանը սպասարկող գրասենյակներից:
Այդ վայրում տիրում էր մշտական գործնական մթնոլորտ, աշխատանքային աշխույժ, և այդ տրամադրությունն իսկույն համակում էր այցելուին ու ստիպում նրան աճապարել հեռանալու՝ ճարտարապետին կարևոր գործից չընդհատելու գիտակցությամբ: Սակայն Թամանյանը զբաղված լինելով հանդերձ՝ չէր զլանում այցելուներին բավարարելու խնդրում:
Երբ, կանգնած ճարտարապետի մոտ, լսում էիր նրա բացատրությունները և տեսնում նրա մտածկոտ հայացքը, ակամա զգում էիր, որ թեև հետդ է խոսում, բայց նրա միտքը լարված է անընդհատ մտորումներով: Եվ, հիրավի, նրա ստեղծագործող միտքը չէր հանգստանում եղածով, այլ ձգտում էր արտահայտչական ավելի նուրբ, ավելի կատարյալ ձևերի միջոցներով դրսևորելու իր ճարտարապետական մտահղացումները: Հաճախ կգտնեինք ճարտարապետին կանգնած, գլուխը մի քիչ թեքած, աչքերը կկոցած՝ գծագրերի վրա աշխատելիս կամ սրանց առաջ կանգնած խորհելիս: Երբեմն այնտեղ կտեսնեինք մեկ ուրիշին ևս կանգնած նրա կողքին. դա ճարտարապետ Թորոս Թորամանյանն էր: Միջահասակ ու մարմնեղ, թուխ դեմքով, խոշոր, կրակոտ աչքերի զննիչ հայացքով, գրեթե անբաժան գորշ գույնի վերարկուով: Արտաքնապես հակատիպ այդ երկու մարդիկ կապված էին իրար ներքին ամուր կապերով. նրանց հարազատացրել էր իրենց սերը դեպի հայ ճարտարապետությունը….
Չնայած որ Ժողտան շինարարության հետ միաժամանակ Թամանյանը ղեկավարում էր այլ կառուցումներ ևս, նույնչափ արժեքավոր մեր ճարտարապետության համար, ինչպիսին օրինակ՝ նախկին Հողժողկոմատի շենքն էր, սակայն ոչ մի կառուցում այնքան հոգս չէր պատճառում հեղինակին, որքան Ժողտունը:
Նա շատ բծախնդիր հետևում էր նախագծի և շենքի շինարարության հետ կապված բոլոր մանրուքներին, մտահոգվում էր անգամ այն ժամանակ դեռևս հեռավոր հարցի՝ Ժողտան կահավորման մանրամասնություններով:
Ժողտան կառուցման միտքը ծնունդ էր առել Համամիութենական Կենտրոնական Գործադիր Կոմիտեի անդրկովկասյան սեսիայում, որը տեղի էր ունեցել Երևանում, 1925 թվականին: Քանի որ Երևանում չկար ոչ մի հարմար շենք մասսայական հավաքույթների և համագումարների համար, այդ սեսիայում որոշում ընդունվեց Հայաստանի համար Երևան քաղաքում Ժողտուն կառուցել և իբրև նվեր՝ շենքի շինարարությունը ֆինանսավորվելու էր անդրկովկասյան բյուջեից: Կառուցումը պետք է իրագործվեր տեխնիկայի բոլոր հնարավորությունների կիրառմամբ….
Ժողտան հիմնադրումը տեղի ունեցավ 1930 թվականի աշնանը, մի պայծառ, արևոտ օր. հանկարծ եղանակը փոխվեց, քամի բարձրացավ, երկինքը ծածկվեց ամպերով, սակայն Ժողտան շինարարական բակում արտասովոր աշխույժ և եռուզեռ էր տիրում: Եկել էին զանազան կազմակերպությունների, ձեռնարկությունների ներկայացուցիչներ՝ դրոշներով, պարտիայի և կառավարության ղեկավարներից շատերը. բազմամարդ հասարակություն կար: Շինարարական հրապարակում ամբիոն էր կառուցված, այդ ամբիոնից շատերը ճառեր ասացին Ժողտան հիմնադրման առթիվ. խոսեց նաև Թամանյանը….
Բոլորը չէին, որ ընդունում էին Թամանյանի ստեղծագործական սկզբունքները և գնահատում նրա գործը սովետահայ ճարտարապետություն ստեղծելու գործում:
Թամանյանի ու Բունիաթյանի մոտեցումը ճարտարպետության խնդիրներին մի խումբ երիտասարդ ճարտարապետների կողմից համարվեց անընդունելի, իսկ նրանց ստեղծագործությունները՝ էկլեկտիկական: Երիտասարդ ճարտարապետները ցանկանում էին շտկել ճարտարապետության ընթացքը և տանել «միակ ճշմարիտ», կոնստրուկտիվիզմի ուղիով: Կոնստրուկտիվիզմի ջատագովները լույս ընծայեցին մի հոդված, որի ճակատը զարդարված էր վարդապետների վեղարներով, իսկ վեղարների տակ՝ Թամանյանի ու Բունիաթյանի կառուցած շենքերի ձևերը, իբրև պերճախոս վկայություն և անալոգիա կղերական ճարտարապետության անքննադատ օգտագործման: Այդ օրերին, մի կիրակի, Կուլտուրայի տան դահլիճում տեղի ունեցավ ճարտարապետության խնդիրներին նվիրված հասարակական քննարկում: Այդ օրը Թամանյանի մոտ հավաքվելու հերթական օրն էր: Սակայն այդ երեկոյան նրա մոտ, բացի ինձանից և ճարտարապետ Բունիաթյանից, ոչ ոք չկար: Թամանյանն անչափ հուզված էր: Մենք հասկանում էինք, որ նա երբեք չէր կարող հաշտվել այն մտքի հետ, որ իր գործունեությունը սխալ է ու հետադիմական: Չէր կարող հաշտվել նա այն մտքի հետ, որ պետք է հրաժարվեր իր բռնած ուղուց և վերակառուցվեր:
Չնայած այս բոլոր հանգամանքներին, Թամանյանը շարունակում էր լարված և աննահանջ աշխատել: Նա անընդհատ կատարելագործում էր նախագծերը և ստեղծում նոր տարբերակներ….
Վերջապես եկան և այն օրերը, երբ Թամանյանը պետք է լիաթոք շունչ քաշեր: Սկսվեց շրջադարձ դեպի դասական արվեստի քննադատորեն օգտագործումը: Դրա հետ միասին խրախուսվում էր այն ճարտարապետների մոտեցումը, որոնք սկզբից ի վեր իրենց ստեղծագործությունը տարել էին այդ ուղիով: Ճարտարապետներից շատերը վերանայեցին իրենց վերաբերմունքը և շրջադարձ կատարեցին դեպի Թամանյանը: Ժողտան շինարարությունը նոր տեմպ ստացավ: Ճարտարապետը կրկնապատկեց իր եռանդը և առանց խոչընդոտների պետք է շարունակեր իր կառուցումը: Եվ ահա մի դժբախտություն խորը խոցեց նրան: 1934 թվականի հոկտեմբերի 16-ին նա կորցրեց իր միակ աղջկան՝ տասնութ տարեկան հասակում: Այդ հարվածը շատ դաժան էր: Վախենում էինք, թե Թամանյանը չի դիմանա, բայց նրա ստեղծագործական ոգին հաղթահարեց….
Մեծ ճարտարապետին չվիճակվեց, սակայն, իրականացած տեսնել տարիների ստեղծագործական կրակով կոփված իր խոշոր մտահղացումները. կարճատև հիվանդությունից հետո նա վախճանվեց: