Գալուստ Տեր-Մկրտչյանը (Միաբան) Էջմիածնի միաբանություն է մտել 1887 թվականին՝ ուսումը Փարիզում և Մյունխենում ավարտելուց և որոշ ժամանակ Ախալցխայի դպրոցներից մեկում ուսուցչություն անելուց հետո։ Հոգևոր կյանք մտնելով՝ նախկին ճեմարանականն անմիջապես ներգրավվում է Արարատ ամսագրի հրատարակչական աշխատանքներին նախ որպես սրբագրիչ, այնուհետև՝ 1892-1894 թվականներին՝ որպես խմբագիր։ Նույն 1887 թվականից Արարատի էջերին երևում են գիտնականի բնագրագիտական-աղբյուրագիտական աշխատանքները, հայ վիմագրության հնագիտական ուսումնասիրություններն ու մատենագիտական՝ նախկինում անլուծելի համարվող կնճռոտ խնդիրների իր վճիռները։ Տեր-Մկրտչյանի այս հրապարակումներից շատերն այսօր էլ հիմնարար դեր ունեն հայագիտության ոլորտում։
Ամբողջությամբ լծված լինելով Էջմիածնի մատենադարանի հին ձեռագրերի ուսումնասիրությանը՝ երկարատև ծանր հիվանդությամբ ապրող գիտնականը չի գրել լայնածավալ աշխատություններ։ Իր կողմից հրապարակվող նորահայտ ձեռագրերի սեղմ առաջաբաններն, այդուհանդերձ, անգնահատելի աղբյուր են միջազգային մասշտաբի այս գիտնականի՝ հետազոտության նյութին մոտենալու սկզբունքները շոշափելու համար։ Ներկայացվող վավերագիրն այդպիսի մի առաջաբան է՝ գրված իր կողմից առաջին անգամ հայտնաբերված Անանիա Նարեկացու «Գիր խոստովանության» թղթի համար. ձեռագիր, որտեղ «հայոց ամենամեծ վարդապետներից մէկը»՝ Նարեկավանքի առաջնորդ և նույն վանական դպրոցի հիմնադիր հայրը, սրտալից հերքում է Թոնդրակյան շարժմանը հարելու՝ իրեն ուղղված մեղադրանքները։
Առաջաբանում Միաբանն առանցքային է համարում այն դերը, որ հայոց պատմության մեջ խաղացել են թոնդրակյանները։ Գիտնականն այս շարժումը համարում է հայկական մտքի մի բացառիկ արտադրանք, որ անգամ դուրս է եկել ազգային սահմաններից՝ տարածվելով դեպի Փոքր Ասիա։ Թոնդրակյանների ծագումը շատ անգամ վիճարկվել է ժամանակի հետազոտողների կողմից և ներկա վավերագրի հետաքրքրականությունը ոչ այնքան այս և մյուս շարժումների՝ հայկական ծագման տեսակետը ներկայացնելն է, որքան այն ընկալունակ հայացքը, որով գիտնականը տեղակայում է ժողովրդի բարքի այս դրվագը ազգային պատմության համատեքստում։
Հեղինակը խնդրին մոտենում է իր բարդությամբ՝ առերեսելով պաշտոնական եկեղեցու և ժողովրդական խավերից ելած Թոնդրակյան շարժման միջև այն հակասությունը, որ երկու դար շարունակ երկփեղկել է հայ ժողովրդին։ Պառակտման վրա դրվող այս շեշտն ի հայտ է բերում թոնդրակյան հայի մի ինքնություն, որը սկզբունքորեն անընդունելի է Առաքելական եկեղեցու՝ հայ ժողովրդի՝ իբրև ամբողջության ըմբռնման համեմատ։ Սա մի քայլ է, որը հիմքից սասանում է հայերի դեպքում առաքելական հավատի և ազգային ինքնության գրեթե անքննարկելի շաղկապումը։ Հարցին «անաչառությամբ և առանց մոլեռանդության» մոտենալու կոչ անող գիտնականի ելակետը ժողովրդական կյանքի իրականությունն է։ Այս կետից է էջմիածնականն ի վիճակի լինում քննադատել եկեղեցին այն աններելի ու տմարդի պատիժների համար, որ դարեր շարունակ գործադրվում էին թոնդրակյանների նկատմամբ։ Միաժամանակ, հավատի կենսունակությունը կարևորելով է գիտնականը «առաջին դարերի քրիստոնյաներին վայել անվեհերություն» տեսնում ժողովրդական արմատներ ունեցող այս շարժման քարոզիչների մոտ։ Ուրեմն մինչև Առաքելական եկեղեցու դավանաբանական կարգի կայացումը աղանդավոր համարվող ժողովրդական խմբերի և ուղղադավան եկեղեցականների միջև տեղի ունեցած բախումները Միաբանի հայացքում հետահայաց չեն վերանայվում ըստ Մայր եկեղեցու սահմանած կանոնների։ Հայ եկեղեցու պատմության մեջ իբրև հերետիկոսներ դատապարտված ժողովրդական այս խմբերի բարքը հոգևորականի համար հայ ժողովրդի ազգային պատմության անքակտելի մասն է։
Թերևս այս է պատճառը, որ Անանիա Նարեկացու՝ երկար ժամանակ կորսված համարվող թուղթը չի արդարացնում առաջաբանի հեղինակի սպասումները, քանի որ հայտնաբերված ձեռագիրն ինքն արդյունք է նույն «փքուցուռոյց խօսքերին» հատուկ այն մոլեռանդության, որի դեմ է գրված հեղինակի առաջաբանը։ Թուղթը ոչ թե շիտակ տեղեկություններ է հայտնում աղանդի մասին, այլ ծեր վարդապետի ճիգն է ձերբազատվելու իրեն ուղղված մեղադրանքներից. ուղղադավանության մի անձնապաշտպան ջատագովություն՝ ընդդեմ թոնդրակեցիների։
Նույն «մոլեռանդ» հայացքին բախվել է և Միաբանի այս առաջաբանը հրապարակվելուց անմիջապես հետո։ Նույն տարվա՝ 1892 թվականի փետրվարին Նոր Դար ամսագրում հայտնվում է գրվածքի արձագանք հոդվածը, որի հեղինակն է գրող Մուրացանը (Տե՛ս Նոր-Դար, 1892, թիվ 33 և 35)։ Շնորհակալ լինելով Արարատին կորսված թուղթը լույս աշխարհ հանելու համար՝ հեղինակն իր տարակուսանքն է հայտնում Միաբանի «խորհրդավոր առաջաբանի» կապակցությամբ՝ համարելով այն թոնդրակյանների ջատագովություն՝ հակառակ հրապարակվող ձեռագրի ճշմարիտ քրիստոնեական ոգու։ Մինչև իսկ զրպարտության, ստի ու պատմությունը հերյուրելու մեջ մեղադրելով գիտնականին՝ Մուրացանը հոդվածում պաշտպանում է Մայր Աթոռն ընդդեմ նրա միաբանի։ Հետաքրքրական է, որ հոգևորականի՝ մոլեռանդության դեմ կոչը, փաստորեն, կարող է նաև վերաբերվել աշխարհական գործչի՝ եկեղեցու պաշտպանությանը։
Վավերագիրը հրապարակվում է ըստ՝ Միաբան, «Անանիա Նարեկացի (ԺԴ դար)», Արարատ, 1892, թիվ Ա, էջ 1-5։
Անանիա Նարեկացի (ԺԴ-րդ դար)
Մեր ազգային պատմութեան նշանաւոր շրջաններից մէկն է Թոնդրակեցի կոչուած աղանդաւորների շարժման շրջանը՝ իններորդ դարի առաջին կիսից մինչև տասն և մէկերորդ դարի երկրորդ կէսը. երկու ամբողջ դարից աւելի։ Արևելքում ծագած աղանդների մէջ մասնաւոր ուշադրութեան արժանի են Պաւլիկեանների[1]Պաւլիկեանների աղանդը գոյութիւն ունէր դեռ ևս Է-դ դարում։ Ը-դ դարում տե՛ս Յովհան Օձնեցու ճառը ընդդէմ Պաւլիկեանց և կանոնները։ և սրանց յաջորդող Թոնդրակեցիների (նաև՝ Թուլայլեցի) աղանդները, երկուն էլ ծագած և սնած բուն հայկական հողի վրայ։ Ուշադրութեան արժանի է, որ հայկական մտքի որ և է արտադրութիւն երբէք չունեցաւ քիչ թէ շատ զգալի ազդեցութիւն հայ նեղ ազգային սահմաններից դուրս, այդ սահմանների մէջ հաշուելով Անդրկովկասը՝ Վրաստանն ու Աղուանքը, ուրիշ մի քանի մանր դրացի ցեղերի հետ։ Մինչդեռ միակ բացառութիւնը այս կանոնից, հայկական մտածողութեան միակ արտադրութիւնը՝ թէպէտ աղանդաւոր և հակաուղղափառական մտածողութիւն, որը դուրս եկաւ Հայաստանի սահմաններից, տարածուելով հեռուն՝ Փոքր-Ասիա, Միջագետք, Բալկանեան թերակղզին, մասնաւորապէս Բուլղարիա, Միջին Եւրոպա, Հիւսիսային Իտալիա և Հարաւային Ֆրանսիա, այդ միակ հայկականը, որ դարձաւ միջազգային և ահագին նշանակութիւն ստացաւ մարդկային ընդհանուր պատմութեան մէջ, այդ Թոնդրակեցիների աղանդն էր։
Մեր ազգային պատմութեան դասագրքերում այդ մասին գրեթէ ոչինչ չէ ասւում, իբրև թէ ոչինչ էլ եղած չը լինէր։ Մինչդեռ առնուազն երկու դար շարունակ, եթէ ոչ աւելի, ամբողջ հայ ժողովուրդը բաժանուած էր երկու բանակի։ Մտքերը վրդովուած էին, մի կողմից ներելի և աններելի միջոցներով պաշտպանւում էր ուղղափառութիւնը, ոչ միայն խօսքով, քարոզութեամբ, այլ և բռնի ուժով, դահիճներով, կախաղանով, խարանով, հրով ու ջրով, միւս կողմից, ամենայն յամառութեամբ, առաջին դարերի քրիստոնեաներին վայել անվեհերութեամբ, ամեն նեղութիւնների և հալածանքների յանձնառութեամբ քարոզւում և ծաւալւում էր աղանդաւոր վարդապետութիւնը։ Պօղ Այրարատից, Սմբատ, Սարգիս, Ղազար, Թորոս, Արքայ, Կիւրեղ, Յակոբոս եպիսկոպոս, Կունծիկ աբեղայ, Տիկին Հրանոյշ, Իշխան Վրվեռ, Տիկնայք Ախնի և Կամարայ, մի ոմն առասպելախառն Տիկին Մարէ, մի ուրիշը՝ Տիկին Շեթի[2]Այս երկու վերջին անունները հանած ենք մի ձեռագրից, որը շուտով կը հրատարակենք։ և ուրիշ բազմաթիւ անուններ, մնացել են մեզ իբրև այդ աղանդի նշանաւոր գործիչների անուններ։
Չը նայելով Մագիստրոսի փքուցուռոյց խօսքերին և տմարդի հալածանքներին, մենք կարծում ենք, որ ոչ թէ հալածանքները վերջ դրին այդ աղանդին Հայաստանում, – ինչպէս յայտնի է այդ աղանդը շարունակեց իւր գոյութիւնը մինչև մեր օրերը Խնուսում և Ալեքսանդրապոլի գաւառում, – այլ Թուրք-Թաթարական արշաւանքները ծածկեցին իրենց հեղեղի տակ, ինչպէս ամեն բան, նաև այդ աղանդը, որի հետևողների մեծ մասը իրենց պաշտպան իշխանների հետ տեղափոխուեցին դէպի արևմուտք, Ասորիք, Փոքր-Ասիա և մասնաւորապէս Բուլղարիա։ Բուլղարիան դարձաւ այդ աղանդի երկրորդ հայրենիքը, ուր և Բոգոմիլ քահանայի անունով աղանդը կոչուեց Բոգոմիլների աղանդ։
Միջին Եւրոպայում՝ Կաթարացիները շարունակեցին նոյն աղանդը, իսկ հարաւային Ֆրանսիայում՝ Ալբիգացիները (ալբիժուաները)։ Այս վերջինների պատմութիւնը հանրածանօթ է և բոլորից լաւ ուսումնասիրուածը։[3]Ալբիգացիները ամբոխից կոչւում էին Bougre, որ Բուլղար բառի աղջատուածն է և գործ էր ածւում հերետիկոսի նշանակութեամբ, այժմս էլ այդ բառը պահուած է Ֆրանսերէն լեզւում և խիստ յիշոց է և տգեղ անարգական խօսք։ Բոլորովին անհիմն է Եւրոպացի մի քանի գրողների կարծիքը, ի թիւս որոց և Լաւըլէյինը, որոնք կարծում են թէ ալբիգացիները տարածեցին իրենց աղանդը Բուլղարիայում և Բոսնիայում, մինչդեռ շարժմունքը եղել է բոլորովին հակառակ ուղղութեամբ՝ արևելքից դէպի արևմուտք։ Թերևս մեզ յաջողուի երբ և իցէ այս նշանաւոր աղանդի ծագման և ծաւալման մասին գրել մանրամասն … կարդալ ավելին
Այսպիսով Րեֆորմացիայի և բոլոր բողոքական-աւետարանական եկեղեցիների բուն նախահայրերը և հիմնադիրները դուրս եկան Հայաստանից։ Դրանց պատմութեան ուսումնասիրութիւնը անաչառութեամբ և առանց մոլեռանդութեան անհրաժեշտ է ոչ միայն մեր ուղղափառ հայկական ս. եկեղեցու պատմութեան իբրև լրացուցիչ մասն, այլ աւելի ևս իբրև հայ հոգևոր-մտաւոր կեանքի ինքնուրոյն արտայայտութիւն, մեծ և նշանաւոր իւր հետևանքներով։
Այստեղ մեր նպատակը չէ այդ նշանաւոր աղանդի վրայ նոյն իսկ հարևանցի ակնարկ ձգելը։ Այս մի քանի խօսքը անհրաժեշտ էր առաջիկայ մեր հրատարակած Անանիա Նարեկացու «խոստովանութեան գրի» նշանակութիւնը ըմբռնել տալու համար մեր ընթերցողների մեծամասնութեանը։ Մագիստրոսի, Լաստիվերտցու, Շնորհալու և ուրիշ գրողների մի քանի հարևանցի ակնարկներից և ընդհանուր ասացուածներից դուրս մենք ոչինչ չունէինք այս նշանաւոր աղանդի վերաբերութեամբ։ «Բանալի ճշմարտութեանը» և Սինօդի 1837 թուի N 38 գործը ամենաթանկագին տեղեկութիւններն են պարունակում այս աղանդին վերաբերեալ, որից և մասամբ օգտուեց պ. Երիցեանը Փորձում։[4]Տե՛ս «Փորձ» 1880 թ. N X եր. 91-130: Տե՛ս նաև Չամչեան Պատմ. հայոց Բ. հատոր, եր. 884-895։ Մեզ պակասում էր Անանիա Նարեկացու գլուխ-գործոց համարուած ընդդէմ Թոնդրակեցիների գրած թուղթը, յիշուած գրեթէ հետագայ բոլոր գրողներից։ Ահա՛ այդ թուղթն է, որ այժմս առաջին անգամ հրատարակում ենք։ Արդարացնո՞ւմ է արդեօք այդ գրուածքը այն բոլորը, ինչ յուսացւում էր դրանից։ — Պէտք է խոստովանել որ ո՛չ։ Գիտէինք որ Անանիա Կաթուղիկոսի հրամանով Անանիա Նարեկացին գրել է Թոնդրակեցիների աղանդի մասին, սպասում էինք շատ տեղեկութիւններ, բայց դրանցից և ոչ մէկը չենք գտնում։ Բանից դուրս է գալիս, որ այդ թուղթը աւելի անձնապաշտպանութեան թուղթ է։ Դրա մէջ Անանիան անիծում է Թոնդրակեցիներին, որպէս զի ինքը Թոնդրակեցի չհամարուի, հարկ է դատում դնել իւր հաւատամքը, որպէս զի երևի իւր ուղղափառութիւնը։ Տարօրինա՛կ և սրտաշա՛րժ տեսարան։ Հայոց ամենամեծ վարդապետներից մէկը, Նարեկեան դպրոցի հիմնադիրը, յօր ծերութեան, հիւանդութեան անկողնում մեղադրւում է աղանդաւորութեան մէջ նոյն իսկ իւր ընկերակից կրօնաւորից, որի կեղտոտ անունը ջնջուել է պատմութեան էջերից և մեզ չէ հասել։ Անանիա Կաթուղիկոսի ժամանակները կրօնական յուզմունքը գագաթնակէտին էր հասել, ամբողջ գաւառներ և նահանգներ, ինչպէս Սիւնիքը, իրենց եպիսկոպոսներով անցնում էին հալածուած, խոշտանգուած աղանդաւորների կողմը։ Թագաւորում էր հալածանքն ու մոլեռանդութիւնը։ Քսուների և մատնիչների համար լաւ ասպարէզ էր բացուած։ Ամբաստանւում էին երբեմն ամենամաքուր և անմեղ անձնաւորութիւններ, որոնց միակ յանցանքը մոլեռանդութեան պակասութիւնն էր, և հալածանքներին չըհամակրելը։
Եւ ահա թէ ի՛նչ դառն և արդարացի ցասմամբ լի խօսքերով է դառնում Անանիա Նարեկացին իւր անուանակից, ընկերակից, հայրենակից Անանիա Կաթուղիկոսին, որն իրենից ուղղափառ խոստովանութեան գիր էր պահանջում և անէծք Թոնդրակեցիներին։ Եւ իսկապէս այս առաջին անգամ լոյս տեսնող թղթի ամենանշանաւոր մասը այդ սրտաշարժ, զգացուած յառաջաբանն է և մասամբ էլ նոյն ոգւով գրուած վերջաբանը։ Այդ մի քանի տողերը ամբողջ դարի պատկերն են բաց անում մեր առաջ։
Մի քանի խօսք էլ այս գրուածքի հանգամանքների վերաբերութեամբ։ Մինչև օրս այս գրուածքը համարւում էր կորած, թէև գրուածքի վերնագիրը յայտնի էր և սխալմամբ վերագրւում էր Անանիա Շիրակացուն, որովհետև այս գրութեան հետ կից յիշւում էր և «Բացայայտութիւն թուոց» մի ուրիշ գրութիւն։[5]«Գրչագրաց ցուցակաց մէջ ուրիշ երկասիրութիւն մ’ալ կտեսնենք՝ Անանիայի անուամբը. «Անանիայի գիր խոստովանութեան յաղագս սուտ կարծեաց ի վերայ նորա, և բացայայտութիւն թուոց»։ Այս վերջին խօսքը հաւանական կերևցընէ մեզ Շիրակունւոյն ընծայել զայն, և ոչ ուրիշ նոյն անունը կրող վարդապետի մը»։ Հայկ. Հին Դպրուիւն, Զարբան. 1886 եր. 446 Այդ գրութիւնը «Անանիայի հայոց վարդապետի սակս բացայայտութեան թուոց» վերնագրով կայ և մեր ձեռագրում և առանց որ և է կասկածի վերաբերում է Անանիա Նարեկացու գրչին։ Այստեղ տեղը չէ ապացոյցներ բերել մեր այս կարծիքին, սակայն այսչափն ասենք, որ այդ գրուածքը թուերի խորհրդաւոր նշանակութեանց բացատրութեանն է նուիրուած և Անանիայի աշակերտը Գրիգոր Նարեկացին շատ յաճախ գրուածքների մէջ խօսում է իւր վարդապետի հետևութեամբ թուերի խորհրդաւորութեան մասին։ Այս անտիպ գրուածքի սկզբնաւորութիւնն է. «Կամ եղև ինձ սակաւ ինչ աշխատասիրել սակս թուոց բացայայտութեան ի բազմաց անտես եղեալ…» իսկ վերջաւորութիւնն է՝ «և որպէս անցեալ ամն հնացեալ վախճան առնու, և վերջին օրն անցեալ ամին կատարումն և նորոյ ամին ակիզբն՝ ի միջոցի կալով ունի մասն ինչ ի հնոյն և հաղորդութիւն ունի ընդ նորոյն ամին՝ սկիզբն գոլով»։ Այս գրուածքը կրկին անգամ ընդարձակ է Անանիայի «խոստովանութեան գրից»։
Մեր ձեռքում եղած ձեռագիրը թէև առանց համարի, կամ համարը եղծուած, անկասկած տպագրեալ Մայր ցուցակի N 499-է, Զգօն գրքերից 3-ը։
Ձեռագիրը կաշեկազմ է, 25×19 հարիւրամետր, կոկած բամբակեայ թուղթ, բոլորագիր, մեծ մասամբ երկիջեան, տեղ տեղ միապաղաղ տողերով, բովանդակութիւնը տե՛ս Մայր-ցուցակ, թերթ 527=1054 երես, գրութիւնը դիւրընթեռնելի և պարզ, լաւ պահուած, տողերի թիւը – 30, էջերի մեծութիւնը 19×6 հ. մ. գրիչ՝ Ղազար քարտուղար, տեղի՝ Ագուլեաց Թովմայ Առաքելոյ վանք, թուական՝ ՌՃԻ. ըստ խնդրանոց Գրիգոր աբեղայի. (յիշատակարանը նօտր գիր և նոր գրութիւն)։
Ձեռագիրը նոյնութեամբ տպում ենք, օ և ու խառն ուղղագրութիւնը միօրինակութեան համար ամեն տեղ վերածելով հնագոյն ձևին։ Ակներև աղջատուած բառերը ուղղում ենք բնագրում, սակայն գծի տակ դնելով ճշդութեամբ ձեռագրի ընթերցուածը։
Ծանոթագրություններ[+]
↑1 | Պաւլիկեանների աղանդը գոյութիւն ունէր դեռ ևս Է-դ դարում։ Ը-դ դարում տե՛ս Յովհան Օձնեցու ճառը ընդդէմ Պաւլիկեանց և կանոնները։ |
---|---|
↑2 | Այս երկու վերջին անունները հանած ենք մի ձեռագրից, որը շուտով կը հրատարակենք։ |
↑3 | Ալբիգացիները ամբոխից կոչւում էին Bougre, որ Բուլղար բառի աղջատուածն է և գործ էր ածւում հերետիկոսի նշանակութեամբ, այժմս էլ այդ բառը պահուած է Ֆրանսերէն լեզւում և խիստ յիշոց է և տգեղ անարգական խօսք։ Բոլորովին անհիմն է Եւրոպացի մի քանի գրողների կարծիքը, ի թիւս որոց և Լաւըլէյինը, որոնք կարծում են թէ ալբիգացիները տարածեցին իրենց աղանդը Բուլղարիայում և Բոսնիայում, մինչդեռ շարժմունքը եղել է բոլորովին հակառակ ուղղութեամբ՝ արևելքից դէպի արևմուտք։ Թերևս մեզ յաջողուի երբ և իցէ այս նշանաւոր աղանդի ծագման և ծաւալման մասին գրել մանրամասն ուսումնասիրութիւն։ |
↑4 | Տե՛ս «Փորձ» 1880 թ. N X եր. 91-130: Տե՛ս նաև Չամչեան Պատմ. հայոց Բ. հատոր, եր. 884-895։ |
↑5 | «Գրչագրաց ցուցակաց մէջ ուրիշ երկասիրութիւն մ’ալ կտեսնենք՝ Անանիայի անուամբը. «Անանիայի գիր խոստովանութեան յաղագս սուտ կարծեաց ի վերայ նորա, և բացայայտութիւն թուոց»։ Այս վերջին խօսքը հաւանական կերևցընէ մեզ Շիրակունւոյն ընծայել զայն, և ոչ ուրիշ նոյն անունը կրող վարդապետի մը»։ Հայկ. Հին Դպրուիւն, Զարբան. 1886 եր. 446 |