Ընդդիմություն կենտրոնական ժողովին. Կարապետ վարդապետի պարզաբանումը

 

1905 թվականից Ռուսական կայսրությունում ծայր առած հեղափոխական ալիքը նպաստավոր հիմք ստեղծեց Էջմիածնի Մայր Աթոռում եկեղեցու կառավարման կարգի վերանայման համար։ 1906 թվականի մայիս-հունիս ամիսներին Խրիմյան կաթողիկոսը հայրապետական մի քանի կոնդակներով հրավիրում էր եկեղեցական բոլոր խնդիրները վճռող կարգադրիչ կենտրոնական ժողով. ժողովրդի կողմից ընտրված մարմին, որն իր իրավասություններով բարձր պետք է լիներ թե՛ Սինոդից և թե՛ իրենից՝ կաթողիկոսից։ Ժողովին մասնակցող պատգամավորների ընտրության կարգն առավելություն չէր նախատեսում հոգևորական դասի համար և ընտրելու ու ընտրվելու իրավունք էր տալիս 21 տարին լրացած բոլոր ծխականներին՝ կին, թե տղամարդ։ Այս որոշումը միանշանակ չընդունվեց Էջմիածնի միաբանության մեջ. ընտրության կարգը պարզ դառնալուց օրեր անց հրապարակում հայտնվեց իրենց առարկությունները ներկայացնող 14 միաբանների խնդրագիրը՝ բորբոքելով ժողովրդական ընտրություններով խանդավառված աշխարհական մամուլի բուռն զայրույթը։

Ներկայացվող վավերագրի հեղինակը գերմանավարտ աստվածաբան, Հայ եկեղեցու բարենորոգչական շարժում անունը ստացած հոսանքի առաջամարտիկ վարդապետ Կարապետ Տեր-Մկրտչյանն է, ով մեկն էր ընդդիմացող 14 միաբաններից։ Հինգ մասից բաղկացած իր այս պարզաբանումը միտված է հարթելու խնդրագրի շուրջ բարձրացած աղմուկը, պաշտպանվելու միաբանների խմբի վրա թափվող անվերջ լուտանքներից և պարզաբանելու իրենց տեսակետը։ Հատկանշորեն, տեքստում վարդապետի քննադատության հիմնական թիրախ են դառնում դաշնակցական գործիչներ Ավետիս Ահարոնյանի ու կաթողիկոսական կոնդակների կազմման մեջ կարևոր դեր կատարած Սիրական Տիգրանյանի տեսակետները. հանգամանք, որ բացահայտում է հրավիրվող եկեղեցական ժողովի կուսակցական երեսակը։

Սկզբունքորեն համաձայնելով եկեղեցու և ժողովրդի միասնության այն առանցքային դրույթին, որը հրավիրվող ժողովի հիմքում տեսնում են աշխարհական գործիչները, վարդապետը միաժամանակ ներկայացնում է այդ միության իր ըմբռնումը։ Եկեղեցու հիմքն ըստ Տեր-Մկրտչյանի ոչ թե պարզապես ժողովրդի կնքած «հասարակական դաշինքն» է, այլ «հեռու աշխարհներից եկած» քարոզիչների բերած այն ճշմարտությունն, ըստ որի հեղաշրջվել է ժողովրդի կենցաղն ու աշխարհայացքը՝ մտնելով հայերի կյանքի բոլոր ոլորտները։ Դարեր շարունակ սրբազան այս ճշմարտության պահապանը եղած հոգևորական դասն առհամարհելն, ուրեմն, վարդապետի հայացքում կործանարար է եկեղեցու կարգի՝ ըստ այդմ նաև այդ եկեղեցու հոգևոր հոտի՝ ժողովրդի համար։

Հրապարակվում է կրճատումներով, ըստ՝  Կ. վ., «14 միաբանների խնդրագիրը», Մշակ, 4, 5, 6, 7, 8 հուլիս, 1906 թ.։

 

14 միաբանների խնդրագիրը

I

Ահա երկու շաբաթ է, որ այդ թուղթը զբաղեցնում է հայ մամուլը և հասարակութեան որոշ խաւերին։ Նրան ստորագրող միաբանների գրիչը դեռ չէր չորացել, որ «սեւագլուխների» վատ արարքը հռչակվեց հեռագիրներով ի լուր աշխարհի,- և դատավճիռն արձակված էր, հասարակաց կարծիքը կազմված։ Հայոց Հայրիկը հայրապետական կօնդակներով սահմանադրական իրաւունքներ է շնորհել հայոց ազգին, մի քանի եպիսկոպոսներ ու վարդապետներ ելել բողոքում են. կորչե՛ն, կորչե՛ն կղերականները։ Շուտով մի քանի թերթերում տպվեց միաբանների «բողոքը», և կարելի է շատերը հիասթափվեցին, որ իրանց սպասածը չէին գտնում նրա մէջ՝ չէին գտնում ցանկալի չափով առատ նիւթ զայրագին բացականչութիւնների համար. բայց վճիռն արդէն անդառնալի էր. ո՞վ կը համարձակվէր այլ ևս մի խօսք ասել ի նպաստ կղերականների և մասնակից դառնալ նրանց վիճակված դատապարտութեանը։ Եւ մենք բազմաթիւ խիստ քննադատութիւններ, մեղադրանքներ, սպառնալիքներ անգամ կարդացինք և լսեցինք, բայց դեռ չը տեսանք, որ մէկը լրջօրէն զբաղվէր բուն խնդրով, որի քննադատութիւնից երևար, թէ իր սեփական աչքերով կարդացել է միաբանների գրածը, ըմբռնել նրա բուն իմաստն ու նպատակը և նոյնը առանց կանխակալ կարծիքների ընթերցողների կամ ունկնդիրների առաջ պարզել կամեցել։ Այդ աշխատանքը պէտք է փորձեմ այժմ ես կատարել, որ դժբաղդութիւն ունիմ լինելու մէկը թղթին ստորագրող 14 միաբաններից։

Ամէնից առաջ մի քանի խօսք յունիս 15-ի միաբանական ժողովի և յաջորդող դէպքերի նկատմամբ հաղորդված սխալ տեղեկութիւնների մասին։ Ժողովը գումարվեց հարկաւ Վեհափառ հայրապետի կանխագոյն հաճութեամբ, որ իմանալով նրա նպատակը՝ ուրախութեամբ յօժարութիւն էր յայտնել հրապարակի վրա դրված կարևոր խնդրի մասին միաբանների կարծիքը լսելու։ Դժբաղդաբար իմ ձեռքում չէ այլ ևս այն թուղթը, որի մէջ նշանակել էի միաբանների ժողովում յայտնած թեր և դէմ կարծիքները, ուստի նրանց ճշգրիտ և մանրամասն պատկերը տալ չեմ կարող, որ և առանձին հասարակական հետաքրքրութեան նիւթ չէր էլ ներկայացնում։ Իսկ այն «պատմութիւնը», որ Իսահակ վարդապետն է անում «Մշակի» N 139-ում, ապացուցանում է, որ ոչ միայն իմ, այլ և ուրիշների ասածները նրա համար «անհասկանալի» են եղել, և նրա բոլոր ուշադրութիւնը կենտրոնացել է իր սեփական ճառերի վրա. բայց դրանցից էլ մոռացել է առաջ բերել ամենակարևոր հատուածը, որտեղ պնդում էր, թէ օգոստոսի 15-ի ժողովի համար ժողովուրդն անպատճառ հոգևորական պատգամաւորներ ևս կընտրէ՝ իր ճանաչած հոգևորականներին, և օրինակ ինքը՝ եթէ առաջին ընտրելին չը լինի, երկրորդը չը լինի, երրորդը չը լինի, չորրորդն անպայման կը լինի։

Բաւականանում ենք յիշելով, որ գեր. Գէորգ արքեպիսկոպոսը, ժողովը բանալուց և նպատակը պարզելուց յետոյ, յայտնեց, որ միայն խորհրդակցութեան նիւթ տալու համար մի քանի միաբանների հայեացքը գրի է առնված, և առաջարկեց կարդալ այդ գրուածքը։ Ժողովի ընթացքում ևս մի քանի անգամ շեշտվեց, որ այդ գրութեան վրա պէտք է նայել իբրև ոչ ոքի չը պարտաւորեցնող նախագծի վրա, որ ժողովականները կարող են ընդունել կամ չընդունել նրա մէջ արտայայտված մտքերը, փոփոխել կամ բոլորովին նոր բան գրել. բացատրվեց ի միջի այլոց, որ ոչ ոք չէ մտածում ընտրական սկզբունքի դէմ ելնել, այլ խօսքը աշխարհականների հետ մէկտեղ եկեղեցականներ ընտրելու և եկեղեցու վարչութեան գործում սրանց արժանի տեղը տալու մասին է։ Բայց երբ նկատվեց, որ խօսակցութիւնները մեծ մասամբ բուն խնդրից դուրս են ելնում, որ ժողովականների մեծամասնութիւնը թղթի էական գաղափարին համաձայն է, և նրանք, որոնք այդպիսի թուղթ մէջտեղ հանելու դէմ բողոքում են՝ իրանց կողմից նոր բան չեն առաջարկում, այլ միայն հայրապետական կարգադրութիւններին անպայման հպատակել և ժողովրդի ընտրական անսահման իրաւունքը ճանաչել են պահանջում, որոշվեց կրկին կարդալ թուղթը, կարևոր համարված փոփոխութիւններն անել և ցանկացողների ստորագրութեամբ ներկայացնել ուր հարկն է։ Այդպէս և եղաւ։ մի քանի փոքրիկ փոփոխութիւններով միայն ստորագրած թուղթը նախագահը յանձնեց ինձ, իբրև քարտուղարի, որպէս զի մաքուր արտագրել տամ, ստորագրողներն այդ մաքուրը նորին ստորագրեն, և այնպէս մատուցանվի Նորին Վեհափառութեան։

Սակայն միւս օրն այնպիսի անակնկալ հանգամանքներ առաջ եկան, որ ստիպված էինք արտագրութիւնը թողնել և սևսգիրն այնպէս, ինչպէս ելել էր ժողովից, մատուցանել Վեհափառ հայրապետին։ Ես ինքս եմ ներկայացրել թուղթը և յիշեալ հանգամանքները բացատրել. իսկ Նորին Վեհափառութիւնը միայն իր վիշտն է յայտնել եղած անտեղութիւնների մասին, իր զարմանքը, որ վանքի պարիսպների շրջանակում միաբանների պարզ դիմումն իրանց Հայրապետին թիւրիմացութիւնների և աղմուկի պատճառ կարող էր դառնալ. յորդորել է համբերող լինել և պահելով թուղթը՝ խոստացել է լուրջ ուշադրութեան առնել միաբանների կարծիքը։ Մնացածն ինչ որ հաղորդված էր «Մշակ»-ին և «Ալիք»-ին թուղթը պատռելու, «ըմբոստներ» կոչելու, «կնճռոտ, քրտնաթոր արհեստաւորների բռունցքների» մասին՝ առասպել է, չափազանց եռանդուն թղթակիցների վառ երևակայութեան ծնունդ։

Ժողովին յաջորդող օրերում սինօդի մի յանձնարարութիւնը կատարելու համար ևս ծայրէ ի ծայր շրջել եմ ամբողջ Վաղարշապատ գիւղը և ո՛չ մի տեղ «սեղմված բռունցքներ» ու «զայրացած դէմքեր» չեմ տեսել. փորձել եմ իմանալու, թէ ովքե՞ր են եղել՝ «Չե՛նք տայ, չենք տայ» բացականչողները և ի՞նչ չեն ուզեցել տալ, բայց տեսել եմ, որ ամենքն իրանց առօրեայ ցաւերովն են զբաղված և ամենից աչքաբաց գիւղացիներն անգամ շատ քիչ են հետաքրքրվում և շատ աղօտ գաղափար ունեն այն մասին, թէ ինչ-որ մեծամեծ իրաւունքներ են շնորհած իրանց, և մի քանի միաբաններ իբր խլել են կամենում նրանցից։ Կարծում եմ նոյն տրամադրութիւնը կարելի է գտնել ամեն տեղ. մի քանի երիտասարդներ խօսում, աղմկում են, իսկ բազմութիւնը, ժողովուրդը անտարբեր հանդիսատես է միայն։ Անօգուտ ինքնախաբէութիւն է հասարակական խնդիրների համար չեղած հետաքրքրութիւն վերագրել մեր ժողովրդեան։ Երանի՜ թէ լինէր այդ հետաքրքրութիւնը, թէկուզ ի վնաս աշխարհի բոլոր կղերականների։

….

III

…. Սակայն, յիրաւի, էականը մեր խնդրագրի մէջ այդ առարկութիւնները չեն, այլ ինչպէս այնտեղ պարզ շեշտված է՝ զուտ աշխարհականներից բաղկացած մի ժողովի բոլոր եկեղեցական գործերը տնօրինելու իրաւունքը տալը։ Պ. Ա. Ա. խիստ բարկանում է մեզ վրա, որ համարձակվել ենք ասել, թէ այդ «բոլորովին նոր բան է և չափազանց զարմանալի բան». ափսո՜ս, սակայն, որ գիտակիցներից գիտակիցը լինելով հանդերձ չի բացատրում, թէ ի՞նչպէս է հասկանում այդ «նոր բանը» «գիտակից ժողովուրդը», և զուր տեղը կռւում է հողմաղացների դէմ։ Չէ՞ որ մայիսի 10-ի հայրապետական կօնդակի մէջ պարզ ասված էր. «Վերականգնելով հայաստանեայց Առաքելական Եկեղեցու դարերով սրբագործված իրաւունքը…»։ Արդ, այն իրաւունքը, որի համաձայն պէտք է գումարվի առաջիկայ ժողովը, վերականգնո՞ւմ է արդեօք հայ առաքելական եկեղեցու իրաւունքը, թէ՞ բոլորովին նոր բան։ Ընդունո՞ւմ էք, որ նոր է. ընդունո՞ւմ էք, որ երկրորդ կօնդակը բոլորովին ելնում է առաջինի գծած սահմաններից։ Պարզ այո՛ ասացէք ու այդպէս էլ հասկացրէք ձեր ընթերցողներին և ունկնդիրներին. այն ժամանակ ձեր պատասխանը տանք։ Թէ չէ՝ անունը վերականգնումն էք դնում ու միևնոյն ժամանակ պնդում, որ նոր ժամանակ է և ամեն բանի տէր ժողովուրդն իրաւունք ունի ամեն ինչ տակն ու վրա անելու և եկեղեցական անուան տակ բոլորովին նոր բաներ ստեղծելու՝ ահա թէ որտեղ է «լրջութեան բացակայութիւնը և տրամաբանութեան խեղճութիւնը»։ Ոչ ոք դէմ չէ այն տարրական հասկացողութեան, թէ նոր ժամանակը նոր պահանջներ ունի, և եկեղեցին էլ, ինչպէս աշխարհիս վրա եղած ուրիշ հաստատութիւններ, պէտք է համակերպի այդ պահանջներին։ Համակերպենք։ Առաջ ազգային-եկեղեցական ժողովներին հոգևորականների հետ մասնակցում էին միայն ազգի իշխաններն ու մեծամեծները, այժմ ամենքը՝ մինչև յետին մշակը մասնակցեն, ազատ ընտրութեամբ։ Խիստ օրինաւոր պահանջ է այդ՝ բոլոր ժամանակների համար։ Բայց երբ ասում էք՝ այժմ հոգևորականները մի կողմ պէտք է կանգնեն և միայն աշխարհականները եկեղեցի կառավարեն, կամ գիւղացին երկու անգամ աւելի ձայն պէտք է ունենայ, քան իշխանն ու քաղաքացին, – չափազանց անտեղի ծայրայեղութիւն և եկեղեցու էութեան մասին տարրական հասկացողութեան բացակայութիւն ենք տեսնում դրա մէջ և յանուն ճշմարտութեան ու յանուն եկեղեցու բողոքում ենք։

Մեր խնդրագրի մէջ մի շարք օրինակներով ցոյց էր տրված, ուրիշներն էլ աւելի բազմակողմանի փաստերով աշխատեցին ապացուցանել, որ մեր անցեալ ազգային-եկեղեցական ժողովների պատմութիւն, և առհասարակ հայ ժողովրդական եկեղեցական խնդիրների մէջ մինչև այժմ ունեցած մասնակցութիւնը ոչ մի հիմք չէ տալիս այնպիսի ժողով գումարելու համար, ինչպէս առաջիկայ ժողովն է՝ նրան վերագրված իրաւունքներով։ Մինչև այժմ, երբ որ հայ ժողովրդի ընտրական իրաւունքների մասին խօսք էր լինում, իբրև ամենափայլուն օրինակ առաջ էին բերում կաթողիկոսական ընտրութիւնը. իսկ այժմ մոռանում են, որ այդ ընտրութեան ոչ միայն աշխարհականների հետ հաւասար թւով հոգևորականներ են մասնակցում թեմերից, այլ որ ընտրական ժողովի մէջ հոգևորականները 15 ձայն աւելի ունեն, քան աշխարհականները։ Մայիսի 10-ի կօնդակը հրատարակվեց թրքահայոց ազգային սահմանադրութեան տարեդարձի օրը՝ ըստ երևոյթին այն խորհրդաւոր ակնարկութեամբ, որ նրանով վերականգնում էին ռուսահայոց համար թրքահայերի վաղուց վայելած ընտրական իրաւունքները. առաջիկայ օգոստոսի 15-ի ժողովն էլ, կարծես, նրանց ունեցած ազգային բաղկացած է կրօնական և աշխարհական խառն ժողովներից, և ոչ միմիայն աշխարհական ընտրեալներից. որ հայոց պատրիարքը իր՝ եկեղեցական տեսակէտից՝ սահմանափակ իրաւունքներով հանդերձ ժողովի նախագահն է և ղեկավարը», և ոչ լոկ մի «պաշտօնական միջնորդ, ինչպէս կամենում են այստեղ Ամենայն հայոց Հայրապետին, ս. Լուսաւորչի յաջորդին դարձնել, որ ժողովի հոգևորական անդամներն այնտեղ թէ ընդհանուր խնդիրներում միւսների հաւասար ձայն ունեն, թէ զուտ կրօնական խնդիրներում բացարձակ ձայն, և ոչ թէ բոլոր եկեղեցական խնդիրներում ենթակայ աշխարհականների ժողովին, բարև բռնած սպասելով, թէ ինչ կը տնօրինեն այդ մեծաւորները, որպէս զի հլու հպատակութեամբ կատարեն։

Խօսում եք բոլոր եկեղեցական խնդիրների մասին, որովհետև այդպէս է ասած հրահանգի մէջ, որովհետև այդպէս էլ մեկնել է «Ալիք»-ի մէջ (N38), աշկարա իբրև «հրահանգը յօրինողներից» մէկը հանդիսանալով՝ պ. Ս. Տիգրանեան։ Թէպէտ նոյն «Ալիք»-ի մէջ պ. Ա. Ա. ուրիշ մեկնութիւն է տալիս և ժողովի կողմից երաշխաւորում, թէ «ոչ ոք ախորժակ ու ցանկութիւն չունի» յատուկ եկեղեցական գործառնութեան» մէջ խառնվելու, բայց մենք կարծում ենք, որ նախ՝ ոչ մէկը նրա ակնարկած դպրոցական, տնտեսական, մանաւանդ թէ կրօնական խնդիրներից իրօք «եկեղեցական գործառնութեան» շրջանակից դուրս մնալ չէ կարող, ապա թէ ոչ նրանց վճռելու համար եկեղեցու դուռը չէին գայ, և երկրորդ՝ որ հրահանգը բառացի ըմբռնելով ժողովը իրաւունք պէտք է ունենայ նոյնիսկ զուտ կրօնական խնդիրներով զբաղվելու։ Ինչպէս երևում է, շատերն այդպէս էլ հասկացել են։ Գոնէ մի քանի օր առաջ Ալէքսանդրապօլից անցնելով՝ ես իմացայ, որ այնտեղ լուրջ վիճաբանութիւններ են եղել, թէ ինչպէս առաջիկայ ժողովը ժամերգութիւնը պէտք է կրճատէ, պատարագը ձևաւորէ և այլն։ Եւ եթէ, օրինակ, որոշ կանօնների հիման վրա Ներսիսեան դպրանոցի համար միմիայն հոգաբարձուներ ընտրելու իրաւունքով գումարված ժողովը՝ իրաւունք համարեց այն կանօններն էլ քննադատել, հաստատութեան ուղղութիւնն ու նպատակն էլ փոխել, ինչո՞ւ «բոլոր եկեղեցական խնդիրները» կարգադրելու իրաւունքով գումարած ժողովը համեստութիւն պէտք է անէ և նոյնիսկ աւետարանն ու հաւատամքը քննադատել չը կարողանայ։ Այդպէս էլ լսում ենք շատերի բերանից. եկեղեցին ժողովուրդն է, ամեն ինչ ժողովուրդն է, ուրեմն ինչ և ինչպէս սիրտն ուզենայ՝ կը փոփոխէ։ Այս ամենից խոշոր թիւրիմացութիւնն է, որ և ամենից աւելի կարևոր է պարզել։

 

IV

«Հայ եկեղեցին հէնց ինքը ժողովուրդն է և ոչ չորս պատերը, սրբոց պատկերներն ու անօթները» – շատ ուրախ ենք, որ մեր ինտելիգենտները գոնէ այսպիսի տարրական ճշմարտութիւններ գիտեն և կը ցանկանայինք, որ միշտ մտքում պահեն և արդարացնել աշխատեն. մենք նոր սովորելու կարիք չունենք։ Իրաւունք կը համարենք միայն հարցնելու. ինչպէ՞ս է կազմվել արդեօք այդ «եկեղեցի-ժողովուրդը». Ռուսսօյի Contrat-Social-ն է այդ, որի համաձայն հայ մարդիկ ժողով են կազմել, վիճել, քննել, ու եզրակացութիւնը եղել է եկեղեցին՝ իր դաւանանքներով, իր բարոյական սկզբունքներով, իր ծէսերով, իր չորս պատերով, սրբոց պատկերներով ու անօթներով. այնպէս որ այժմ դարձեալ կը ժողովվեն հայերը՝ նոր դաւանանքներ, նոր սկզբունքներ, նոր պատկերներ ու անօթներ կը ստեղծեն, թէ այստեղ մի ուրիշ կերպ է բանը։ Մեր գիտենալով ուրիշ կերպ է։ Հայ եկեղեցին նրա համար Առաքելական է կոչվում, որ դարեր առաջ ինչ որ հեռու աշխարհներից ուղարկված մարդիկ Հայաստան են եկել, քարոզել և կեանքի մի նոր խորհուրդ, մի նոր ճանապարհ են ցոյց տուել։ Նրանք սովորեցրել են, որ աշխարհը զանազան քմահաճոյ զօրութիւնների ձեռքին խաղալիք չէ՝ մի պատահական ու աննպատակ գոյացութիւն, այլ որ մի ամենակարող կամք կառավարում է այն՝ կատարեալ արդարութեան և իմաստութեան օրէնքներով, ինչպէս մի գթառատ հայր խնամում ու պահպանում է մարդոց՝ մի վսեմ յաւիտենական նպատակի հասցնելու համար. ուստի մարդիկ պէտք է աշխատեն նրա գծած ճանապարհը գտնել ու այնպէս ընթանալ, իսկ ճանապարհը բաց է արել Քրիստոս՝ ուսուցանելով և իր կեանքով ապացուցանելով, որ անձնուէր սէրը պէտք է լինի ամեն ինչ ղեկավարող սկզբունքը, և ոչ եսական հակումները։ Հայ ժողովուրդը համոզվել է այդ քարոզի ճշմարտութեանը և թոյլ տուել, որ իր ամբողջ աշխարհահայեցողութիւնն ու կենցաղը նրա համեմատ յեղաշրջեն ու կազմակերպեն. առաջ են եկել հաստատութիւններ, ուր ժողովուրդը խմբւում էր, նոր քարոզութեան ճշմարտութիւնները նոր ի նորոյ լսելու և նրանից իր կեանքը այլ և այլ պայմանների համար նորանոր հրահանգներ ընդունելու, իր զգացումները դէպի Երկնաւոր Հայրը երգերով ու արարողութիւններով արտայայտելու, նրանց մէջ մխիթարութիւն և նիւթական աշխարհի դէմ մաքառման ոյժ գտնելու. առաջ են եկել մի խումբ մարդիկ, որոնք սկզբնական քարոզիչների ուսուցուածն ու աւանդածը պահում՝ նրանցով նոր սերունդներ էին դաստիարակում. առաջ են եկել հիմնարկութիւններ, ուր սիրոյ գաղափարի համեմատ խնամք էր տարվում անօգնականների ու տառապեալների մասին և այլն։ Այսպէս, մի խօսքով հայ եկեղեցին կազմակերպվել է աւետարանի քարոզութեան հիման վրա՝ պատմական որոշ պայմաններում հայ ժողովրդի ներկայացրած տարրերից, և հայկական կեանքի ոչ մի կողմ, ոչ մի երևոյթ չը կայ, որ նրա ազդեցութեան ներքոյ ընկած չը լինեն։ Այդ պատճառով առաքելական կոչման հետ նրա միւս ամենից բնորոշ յատկանիշն է «Ազգային եկեղեցի» կոչումը։ Պատմութեան ընթացքում շատ փորձեր են եղել թէ նրա աւետարանական հիմքը խախտելու և թէ ազգային բնաւորութիւնը կերպարանափոխելու, բայց հայ ժողովուրդը ղեկավար ունենալով իր հայրապետներին ու վարդապետներին, մաքառել է անընդհատ այդ բոլոր վտանգների դէմ և աշխատել պահպանել իր եկեղեցու առաքելական աւանդներն ու ազգային ինքնուրոյնութիւնը։ Հարկաւ հայ եկեղեցին առանց օտար ազդեցութիւնների չէ մնացել. անգիտակցաբար կամ ստիպեալ խորթ տարրեր ևս ընդունել է իր մէջ ու հնարաւորութիւն չէ ունեցել, ժամանակ առ ժամանակ դառնալու, ինքն իրան քննադատելու և իր հիմնական սկզբունքների ժամանակի և կեանքի նոր պայմանների համեմատ վերակենդանանալու և կազմակերպվելու. բոլորովին արդար է ուրեմն այդպիսի մի ինքնաքննադատութիւն և վերակազմութիւն այժմ կատարել, եթէ պահանջ է զգացվում. ո՞վ կարող է վիճել դրա դէմ։ Եւ ոչ ոք չէ վիճում։ Հարցը միայն նրա մասին է, թէ ի՞նչպիսի մարմին ձեռնհաս է և իրաւատէր այդ մեծ գործը կատարելու և թէ ի՞նչ սկզբունքներով պէտք է նա առաջնորդվի։ Իսկ այդ հարցին մենք պատասխանում ենք. ձեռնհաս և իրաւատէր է այդպիսի գործի համար միայն ընդհանուր ազգային-եկեղեցական՝ այսինքն ի սփիւռս աշխարհի ցրված բոլոր հայերի կողմից ընտրեալ հոգևորական և աշխարհական ներկայացուցիչների ժողովը, և նա իւրաքանչիւր քայլափոխում պէտք է աչքի առաջ ունենայ իր եկեղեցու առաքելական աւանդներն ու ազգային ինքնուրոյնութիւնները, հաշիւ տայ իրան, թէ որչափ համապատասխան են նրանց իր մտցնելիք բարեփոխութիւնները։ Առաջիկայ օգոստոս 15-ի համար ծրագրած ժողովը չի համապատասխանում այդ պահանջներից ոչ մէկին, և սակայն նրան ամենամեծ իրաւունքներ են վերագրում։

Հէնց այն հանգամանքը, որ ժողովը կարող է բաղկացած լինել զուտ աշխարհական անդամներից՝ ապացոյց է, որ նրա նախաձեռնողների համար բոլորովին պարզ չէ եղել, թէ ինչ է նշանակում «բոլոր եկեղեցական խնդիրները» կարգադրելու իրաւունք. որ նրանց համար եկեղեցու հիմնական սկզբունքները երկրորդական տեղ են բռնում, կամ ոչ մի տեղ չեն բռնում, և ամենևին մտադրութիւն չունեն դրանց վրա ուշադրութիւն դարձնելու։ Իսկ մենք համարում ենք այդ շատ մեծ անտեղութիւն։ Ռուսահայերը կարող են ի հարկէ որոշել, որ իրանք բաժանվում են ընդհանուր հայոց եկեղեցու մարմնից, և ներկայացուցիչներ ընտրել, որ ժողովվեն, իրանց բաժնի համար  կառավարութեան առանձին եղանակ, առանձին եկեղեցի կազմակերպեն. նրանք կարող են որոշել, որ բոլորովին թողնում են քրիստոնէութիւնը կամ հայոց եկեղեցու դաւանութիւնը, և ներկայացուցիչներ ընտրել, որ ժողովվեն, կեանքի նոր ճանապարհ գծեն և մի նոր տեսակ համայնք կազմակերպեն. բայց չեն կարող քրիստոնեայ և հայ եկեղեցու հարազատ ժառանգ մնալ, ու այդ եկեղեցու կազմակերպութեան մէջ ամեն տեսակ փոփոխութիւններ մտցնել, առանց հարցնելու, թէ որչափ համապատասխան են դրանք եկեղեցու էութեանը։ Հայ եկեղեցին մի պատմական հսկայ և բարդ շինուածք է, որի իւրաքանչիւր քարը շաղախված է մեր հայրերի արիւնով և նուիրական սրբութիւն պէտք է լինի ամեն մի հայի համար, որին առանց հարկաւոր երկիւղածութեան ձեռք տալն ու տեղից խախտելը ամենամեծ ապերախտութիւնը և սրբապղծութիւնը պէտք է համարվի։ Գրեթէ մեր բոլոր ժառանգութիւնն անցեալից այդ եկեղեցին է և նրա կամարների տակ է պահպանվում այն ամենը, ինչ որ զուտ հայկական է, որ մեզ իբրև հայ մարդոց ոգևորել, իբրև հայ մարդ բնորոշել և պատմական կեանքի մէջ մեր յատուկ տեղը սահմանել կարող է. ինչպէ՞ս պէտք է ուրեմն այդ ժառանգութիւնը անհաշիւ կերպով կողմնակի նպատակների համար գործ դնենք ու մեր նախնեաց ստուերներից չը պատկառենք։ Բարբարոսութիւն ենք անուանում դէպի մի ամենահասարակ պատմական յիշատակարան ցոյց տուած անզգոյշ և տգիտական վերաբերմունքը. իսկ այստեղ ոչ միայն մի պատմական յիշատակարան ունենք աչքի առաջ, այլ մի կենդանի մարմին, որի հետ կապված ենք մեր պատմական գոյութեան բոլոր նեարդերով. ինչպէ՞ս պէտք է ուրեմն պատահական մարդոց ձեռքով անդամահատութիւններ կատարենք այդ մարմնի վրա։

Արդ՝ թող ժողովուրդն ազատ ընտրութեան իրաւունքներ վայելէ որչափ կարող է, բայց երբ եկեղեցական գործեր կարգադրելու համար ժողով է գումարվում՝ պէտք է իմանայ, թէ ո՞ւմ է ընտրում. պէտք է իմանայ, որ հող ու ջուր բաժանեու և խաղաղարար յանձնաժողովներ կազմելու համար չէ մարդ ընտրում. պէտք է իմանայ և նրա համեմատ մարդիկ ընտրէ, և այն ժամանակ կասկածի տեղիք չի մնայ, որ այդ ժողովն առանց եկեղեցականների մասնակցութեան լինել չէ կարող։ Չէ կարող ոչ թէ նրա համար, որ իրանք եկեղեցականներն այդպէս են ցանկանում, որ այլապէս սրանց դասակարգային շահերը վտանգված կը լինեն, այլ որ եկեղեցու գաղափարն է այդ պահանջում, որ եկեղեցու սպասաւորները նրա սրբութիւնների և իրաւունքների պահապանն են, և երբ բարեփոխութիւնների խնդիր է լինում՝ իրաւունք պէտք է ունենան առնուազն պարզելու, թէ ի՞նչ է այդ խնդրի նկատմամբ եկեղեցու տեսակէտը. այլապէս եկեղեցական գործերի կառավարութիւնը կը լինի դրսից բերած օրէնքներով և ուրեմն եկեղեցական կառավարութիւն չի լինի։ Այսպէս դնելով հարցը՝ մենք եկեղեցական դասակարգի համար ոչ մի արտօնութիւն, ոչ մի առանձնաշնորհում չենք պահանջում, ցանկութիւն չունենք և չենք ունեցել ամենևին նրա խնամակալութեան տակ պահելու ժողովուրդին, և ձեր առարկութիւնները, բացականչութիւնները, թէ մեր խնդրագրի մէջ երևան է եկել կրկին կղերական ոգին իր կաստայական հաշիւներով՝ նոյնչափ անտեղի են, որչափ եղել են մինչև այժմ նման մեղադրանքներ. այլ կամենում ենք միայն, որ եկեղեցին իր կոչման մէջ մնայ և եկեղեցականները հնարաւորութիւն ունենան իրանց պարտականութիւնները նրա հանդէպ կատարելու։ Դուք ասում էք, որ զուտ եկեղեցական՝ դաւանական, ծիսական խնդիրները եկեղեցականներին էք թողնում և ուզում էք միայն դպրոցական, տնտեսական գործերն ու «կուլտուրական հաստատութիւնների» ղեկավարութիւնը, որ պատմական հանգամանքների բերմամաբ միայն կապված են եղել մինչև այժմ եկեղեցու հետ՝ ժողովրդի ձեռքը տալ. բայց դրանով ցոյց էք տալիս, որ այն զուտ եկեղեցական գործերը բոլորովին աւելորդ և անպէտք՝ ժողովրդի համար ոչ մի կարևորութիւն չունեցող բաներ էք համարում, մինչդեռ իրաւունք չունէք. և եթէ համոզված էք, որ այն միւս ոչ իրօք եկեղեցական գործերը պէտք է խլել հոգևորականների ձեռքից՝ ի՞նչ արդարութեան հիման վրա հաշիւ չէք տեսնում նրանց հետ, թոյլ տալիս, որ ձեր ժողովին ներկայ լինեն և բացատրեն, թէ ի՞նչպիսի իրաւունքներով կառավարել են մինչև այժմ այդ գործերը, ձեզ օգնեն, նրանց կառավարելու համար աւելի օրինաւոր և նպատակայարմար նոր եղանակ ստեղծելու։ Մենք ցանկալի և անհրաժեշտ ենք համարում ժողովրդի միջամտութիւնը ոչ միայն դպրոցական, տնտեսական և նման գործերում, այլ և բոլոր եկեղեցական, թէկուզ զուտ կրօնական և ծիսական խնդիրներում. ցանկանում ենք, որ ժողովուրդը հսկէ միշտ հոգևորականների վրա, թոյլ չը տայ, որ նոքա շեղվեն իրանց պարտականութիւններից, արթուն հովւութիւն պահանջէ, ուստի և եթէ ազգային եկեղեցական որ և է ժողով է գումարվում, կարևոր ենք գտնում, որ ժողովրդի և եկեղեցականութեան ներկայացուցիչները ի մի խմբվեն, դերերն իրանց մէջ բաժանեն, փոխադարձաբար հսկողութիւն ունենան միմեանց վրա և իւրաքանչիւրը իր մասում, իր ձեռնհասութեան համեմատ առաջ տանէ եկեղեցի-ժողովրդի գործերը՝ յօգուտ և ի շինութիւն նրա։ Այդպէս էլ կազմակերպված է տաճկահայոց Ազգային Ժողովը, – և ոչ ոք չէր կարծել մինչև այժմ ժողովրդի ազատ ընտրութեան իրաւունքների բռնաբարում տեսնել դրա մէջ։ Խիստ միամիտ պարզութեամբ պ. Ա. Ա. առարկում է. «Եթէ պէտք էր (ներկայացուցիչներ) նշանակել եկեղեցական դասից, ինչո՞ւ չը նշանակվէին անդամներ նաև ժողովրդի միւս դասերից. օրինակ վաճառականներից, ուսուցիչներից և այլն»։ Այն հասարակ պատճառով, պարոն, որ սա եկեղեցական գործ է։ Եթէ վաճառականական գործ լինէր՝ վաճառականներից կը նշանակէին, եթէ զինւորական՝ զինւորականներից։ Մենք չենք պնդում հարկաւ, թէ բոլոր հոգևորականները խիստ հմուտ են եկեղեցական խնդիրներում և խիստ հաւատարիմ իրանց եկեղեցուն. ոչ էլ ընդհակառակն. թէ բոլոր աշխարհականներն անհմուտ են և խորթ. բայց իրաւասութեան և պարտականութեան  որոշ սահմաններ կան նրանց մէջ, ոչ դասակարգային խտրութեան ու շահերի սահմաններ, և երբ դուք հոգևորականներին նկատում էք իբրև ժողովրդի ծառաներ, իբրև վարձկան պաշտօնեաներ կամ չինովնիկներ, որոնք իրանց պաշտօնի համար ժողովրդի ներկայացուցիչներից պէտք է հրահանգ ստանան, նրանց հպատակեն և նրանց ձեռքին նայեն՝ մենք ասում ենք, որ հոգևոր պաշտոնէութիւնը դնում էք իր կոչման հետ բոլորովին չը հաշտվող պայմանների մէջ և անհնարին դարձնում այդ պաշտօնէութիւնը։

Օրինակով խօսենք։ Դուք ասում էք, որ ժողովուրդը կատարեալ տէր է իր եկեղեցու և իրաւունք ունի նրա բոլոր գործերն ըստ հաճոյքի կարգադրելու։ Տեսանք, որ այդպէս չէ, բայց ընդունենք մի րօպէ. ընդունենք, որ նա նոյնպիսի մի տէր է, ինչպէս մի քաղաք իր բաց արած հիւանդանոցին։ Քաղաքը կարող է պահել այդ հիւանդանոցը, կամ փակել, ընդարձակել կամ փոքրացնել, ներկայացուցիչներ ընտրել, որ հսկեն հիւանդանոցի բարեկարգութեանց, ել ու մուտքի, գործունէութեան արտաքին պայմանների վրա. բայց եթէ նա իր ներկայացուցիչներին իրաւունք տայ, որ մի հրահանգ կազմեն, և այդ հրահանգով ղեկավարվեն հիւանդանոցում ծառայող բժիշկներն ու հիւանդապահները, ո՞ր բժիշկը կը ծառայէ այդպիսի հիւանդանոցում. չէ՞ որ ամենքը զայրոյթով կը մերժեն եռանդուն քաղաքացիների բարի խորհուրդները և կը պնդեն, թէ գիտութիւնը պէտք է բժշկութեան հրահանգներ տայ և ոչ թէ գործին անտեղեակ մարդոց դատողութիւնը։ Այդպէս և ըստ մեզ եկեղեցւոյ ոգին ու վարդապետոթիւնը հրահանգներ պէտք է տան եկեղեցւոյ կառավարութեան համար, և ոչ ժողովրդի պատահական նորկայացուցիչների կարծիքները։ Իբրև հոգևորական ևս ոչ մի առանձնաշնորհում, ոչ մի դասակարգային արտօնութիւն չեմ սպասում, բողոքում եմ ամեն տեսակ առանձնաշնորհումների դէմ և չեմ ցանկանում իմ ժողովրդի մէջ աւելի բան լինել քան փողոցներ աւելող յետին մշակը. բայց հաւատարիմ սպասաւորութիւն ուխտած լինելով իմ եկեղեցուն և 18 տարի շարունակ նրան ծառայած, հետամուտ եղած ըմբռնելու նրա աւետարանական սկզբունքները, առաքելական աւանդութիւնները, պատմական կեանքը, ազգային ինքնուրոյնութիւնները՝ իմ սեպուհ պարտքն ու իրաւունքն եմ համարում մասնակցել այդ եկեղեցու վերաբերեալ խնդիրներին և իմ կարողութեան չափով նպաստել, որ նրանք աջող և եկեղեցու ոգուն համաձայն լուծումն ստանան։ Այդպիսի պահանջ կարծում եմ կարող է իւրաքանչիւր հոգևորական ունենալ և դա ըստ ամենայնի օրինաւոր պահանջ է։ Պ. Ա. Ա. առարկում է, որ եթէ հոգևորականները 5-6-10 ձայն ունենան ժողովի մէջ՝ «ի՞նչ արժէք կարող էր ունենալ սրանց ձայնը մեծամասնութեան, այն էլ վրդովված մեծամասնութեան առաջ»։ Սակայն նախ որ մեր եկեղեցական ժողովներում բոլոր եպիսկոպոսներն՝ արդէն զուտ կանօնական տեսակէտից, ձայնի իրաւունք ունեցել են, և հեղինակաւոր վարդապետների բացատրութիւնները իրանց արժանի գնահատութիւնը գտել. և երկրորդ՝ էականն այստեղ ձայնի խնդիրը չէ. փոքրամասնութեան և մեծամասնութեան, այն էլ վրդովված մեծամասնութեան պայքար չենք նախատեսում մենք, այլ կամենում ենք մեր ժողովրդի ներկայացուցիչների հետ միասին աշխատել մեր եկեղեցւոյ բարեկարգութեան գործի համար և չենք հասկանում՝ ո՞ր հիման վրա հնարաւորութիւն չը պիտի ունենանք մեր այդ սեպուհ պարտքը կատարելու։