Ավանդաբար հայ արդի հասարակական-քաղաքական միտքը պետության հիմքերը տեսել է լայն իմաստով ասած ռուսոյական քաղաքական պատկերացումների շրջանակներում՝ պետության հիմքում դնելով պետության բաղձալի իդեալները։ Այսպես, պետության հիմքերը չեն խարսխվում առանձին մարդկանց՝ քաղաքացիների զգայական աշխարհի մեջ։ Ճիշտ հակառակը, պետության հնարավորությունը երևում է հանուն պետության բարձր գաղափարի՝ մարդկային կրքերի, զգայական հաճույքների ու վախերի հաղթահարման ու արհամարհման մեջ։
Տրամագծորեն հակադիր անկյունից է պետական-քաղաքական հարցերին մոտենում, ֆրանսիական լուսավորական Ժան-Ժակ Ռուսոյի ժամանակակից՝ բրիտանական վերջին խոշոր էմպիրիստ համարվող Դեյվիդ Հյումը։ Պետության մասին խոսելիս նա առաջին հերթին խոսում է պետության զգայական, ու ոչ թե գաղափարական հիմքերի մասին։ Պետությունը Հյումի համար առաջին հերթին քննարկման նյութ է դառնում, երբ խոսքը պետական կառավարման համակարգի մասին է. համակարգ, որը զգայական հարաբերություններով միմյանց է կապում կրքերով առաջնորդվող մարդկանց ու այդպիսո՛վ դարձնում նրանց քաղաքացիներ։ Իշխանության հանդեպ սիրո, մարդկային մասնավոր շահերի մեջ, այլ ոչ թե ի հեճուկս դրանց ու դրանց դեմ է տեսնում շոտլանդացի լուսավորականը պետության իրական հնարավորությունը։ Այս առումով մեր քաղաքական մտքի ավանդույթի շրջանակներում մեծ մարտահրավեր է ընթերցել ու յուրացնել շոտլանոդացի լուսավորական Դեյվիդ Հյումի՝ քաղաքական մտքի մեր ելակետային կոորդինատները սասանող փիլիսոփայությունը։
Հրապարակվում է առաջին անգամ, թարգմանությունը՝ Վարդան Ազատյանի։ Թարգմանությունն ըստ՝ https://davidhume.org/texts/empl1/og։
Կառավարության ծագման մասին
Մարդը, ծնված լինելով ընտանիքում, ստիպված է հասարակություն պահպանել (maintain society) անհրաժեշտությունից, բնական հակումից և սովորությունից դրդված։ Նույն արարածը, երբ ավելի է առաջադիմում, ներգրավվում է քաղաքական հասարակություն հիմնելու մեջ, որպեսզի արդարության ղեկը վարի (administer justice), արդարություն, առանց որի նույն այդ արարածների մեջ չի կարող լինել ո՛չ խաղաղություն, ո՛չ ապահովություն, ո՛չ հաղորդակցություն։ Մեր կառավարության (government) ողջ վիթխարածավալ մեքենան, այդ իսկ պատճառով, մեր աչքում չպետք է ունենա ոչ մի այլ թիրախ կամ նպատակ, բացի արդարություն բաշխելուց կամ այլ բառերով՝ տասներկու դատավորներին աջակցելուց։ Արքաներն ու խորհրդարանները, նավատորմերն ու բանակները, դատարանի ու հարկայինի աշխատողները, դեսպանները, նախարարներն ու գաղտնի խորհրդականները, սրանք բոլորն իրենց վերջնանպատակի տեսակետից ենթակա են ղեկավարության (administration) այս հատվածին։ Նույնիսկ կղերը, որ պարտավորված է բարոյականություն ներշնչել, արդարև կարող է նկատվել, որ, քանի դեռ խոսքն այս աշխարհի մասին է, չունի որևէ այլ օգտակար նպատակ իր հաստատության համար։
Բոլոր մարդիկ զգում են արդարության անհրաժեշտությունը խաղաղությունն ու կարգը պահպանելու համար, և բոլոր մարդիկ զգում են խաղաղության ու կարգի անհրաժեշտությունը հասարակության պահպանության համար։ Այդուհանդերձ, չնայած այս զորավոր ու ակնհայտ անհրաժեշտությանը (մեր բնության դյուրաբեկությունն ու խոտորությունն է այդպիսին) անհնար է մարդկանց հաստատուն հավատով և անսխալ կերպով արդարության ճամփաների վրա պահել։ Կարող են որոշ արտակարգ դեպքեր պատահել, երբ մարդը պարզի, որ իր շահերն ավելի հեշտությամբ առաջ են տարվում խաբեությամբ կամ թալանչությամբ, քան վնասվում այն ճեղքով (breach), որը նրա գործած անարդարությունը բացում է հասարակական միասնության մեջ։ Սակայն շատ ավելի հաճախ նա իր մեծ ու կարևոր, բայց հեռահար շահերից շեղվում է ներկա, թեև հաճախ շատ թեթևամիտ գայթակղությունների գրավչությամբ։ Այս մեծ թուլությունն անբուժելի է մարդկային բնության մեջ։
Մարդիկ, ուստի, պետք է ջանք թափեն ամոքելու այն, ինչ չեն կարող բուժել։ Նրանք պետք է որոշ անձանց այսպես կոչված շահապետեր[1]Հյումի մոտ magistrate-ը նշանակում է կառավարիչ, որը հաշտարար դատավորի դեր է կատարում՝ ագուցելով գործադիր և դատական իշխանությունների գործառույթներ։ Բառի առաջին՝ իշխան, պետ իմաստը գալիս է հին հռոմեական magistratus-ից, որը հայերեն ավանդաբար թարգմանվում է պետ, քաղաքապետ, ժողովրդապետ, նախարար, վերակացու, վերատեսուչ ժողովրդեան տարբերակներով (տե՛ս Վիլոտի լատիներեն-հայերեն բառարանի համապատասխան բառահոդվածը)։ Բառի հռոմեական այս իմաստը հետագայում սկսել է կապվել ատենակալի, հաշտարար դատավորի գործառույթի հետ և ստացել իր ժամանակակից՝ իրավական իմաստը։ … կարդալ ավելին կարգեն, որոնց առանձնակի պարտականությունը իրավության (equity) վճիռներ արձակելն է, օրինազանցներին պատժելը, խաբեությունն ու բռնությունն ուղղելը և մարդկանց ստիպելը (կապ չունի, թե նրանք որքան կդժկամեն), որ հաշվի առնեն իրենց իսկ իրական և տևական շահերը։ Մի խոսքով հպատակությունը (obedience)[2]Հպատակություն ասելով Հյումը նախևառաջ նկատի ունի օրինապահությունը, բայց պատահական չէ, որ նա հպատակություն, հնազանդություն նշանակող obedience բառով է նշում դա։ Ինչպես հաճախ է պատահաում եվրոպական լեզուների պարագայում, ականատես ենք բառիմաստի քաղաքական էվոլուցիայի, երբ պատմական ընթացքին համահունչ՝ բառի հին՝ տիրակալին հպատակվելու պարտավորության ու առաքինության իմաստն փոխարկվում է քաղաքացիական օրենիապահության իմաստի։ նոր պարտավորություն է, որը պետք է հնարագործել ի նպաստ արդարության պարտավորության, իսկ իրավության (equity) կապերը պետք է ամրացվեն հավատարմության (allegiance) կապերով։
Այսուհանդերձ, իրողությունները վերացական լույսի տակ դիտելիս կարելի է կարծել, թե ոչինչ էլ չենք շահում այս դաշինքով, և հպատակության արհեստագործ պարտավորությունը, իր իսկ բնույթի համաձայն, այնքան թույլ է համակում մարդկային հոգին, որքան արդարության պարզ (primitive) ու բնական պարտավորությունը։ Առանձնահատուկ շահերն ու ներկա գայթակղությունները կհաղթեն ինչպես առաջինին, այնպես էլ երկրորդին։ Երկուսն էլ ենթակա են միևնույն անհարմարությանը։ Եվ մարդը, որ հակված է վատ հարևան լինելուն, նույն (լավ, թե վատ հասկացված) շարժառիթներից ելնելով, նաև վատ քաղաքացի և հպատակ կլինի։ Էլ չասած, որ շահապետն ինքը ղեկավարելիս հաճախ զանցառու կամ կողմնապահ կամ էլ անարդար կարող է լինել։
Փորձը, բայցևայնպես, ապացուցում է, որ մեծ տարբերություն կա այս դեպքերի միջև։ Մենք պարզում ենք, որ կարգը հասարակության մեջ շատ ավելի լավ է պահպանվում կառավարության միջոցով, իսկ շահապետի առջև մեր պարտավորությունն ավելի խստորեն է պաշտպանվում մարդկային բնության սկզբունքներով, քան մեր համաքաղաքացիների առջև մեր պարտավորությունը։ Տիրասիրությունն (love of dominion) այնքան ուժեղ է տրոփում մարդու կրծքում, որ շատերը ոչ միայն ենթարկվում, այլև հետամուտ են լինում կառավարության բոլոր վտանգներին, նեղություններին ու հոգսերին։ Իսկ մարդիկ, որ մեկ անգամ բարձրանում են այդ դիրք, թեև հաճախ են շեղվում անձնական կրքերով, այնուամենայնիվ, սովորական դեպքերում տեսանելիորեն շահագրգռված են լինում արդարության ղեկը անկողմնակալ կերպով վարելու մեջ։ Անձիք, որ առաջին անգամ այսպիսի առանձնաշնորհություն են նվաճում ժողովրդի ծպտյալ, թե ակնհայտ համաձայնությամբ, պետք է օժտված լինեն արիության, ուժի, ուղղամտության կամ խոհեմության բարձր անձնական հատկանիշներով, որոնք հարգանք և վստահություն են ներշնչում, իսկ արդեն կառավարության հաստատվելուց հետո՝ ծագման, տիտղոսի և պաշտոնի հանդեպ հարգանքը զորավոր ազդեցություն է ունենում մարդկանց վրա և ամրապնդում շահապետի վճիռները։ Իշխանը կամ առաջնորդը հանդես է գալիս իր հասարակությունը խռովող յուրաքանչյուր անկարգության դեմ։ Նա կոչ է անում իր բոլոր կուսակիցներին և բոլոր ազնիվ մարդկանց, որ օգնեն իրեն ուղղելու և շտկելու դա, և բոլոր անկաշառ անձիք հոժարությամբ հետևում են նրան իր պարտականությունը կատարելիս։ Շուտով նա այս ծառայությունների դիմաց պարգևատրելու ուժ է ձեռք բերում, և երբ հասարակությունն առաջընթաց է ապրում, նա կարգում է ենթակա ծառայողներ (ministers), հաճախ նաև զինված ուժեր, որոնք անմիջականորեն ու տեսանելիորեն շահագրգռված են լինում նրա իշխանությանն աջակացելու մեջ։ Սովորությունը շուտով ամրացնում է այն, ինչ մարդկային բնության այլ սկզբունքները հիմնել էին անկատար կերպով, և մարդիկ մեկ անգամ սովորած լինելով հպատակությանը, բնավ չեն մտածում շեղվել ճամփից, որն իրենց նախնիքը շարունակ տրորել են, և որով նրանք սահմանափակված են բազմաթիվ անհետաձգելի և տեսանելի շարժառիթներով։
Ու թեև մարդկային գործերի այս առաջընթացը կարող է թվալ հաստատ և անխուսափելի, ու թեև հավատարմության՝ արդարությանը բերած նպաստը հիմնված է մարդկային բնության ակնհայտ սկզբունքների վրա, չի կարելի ակնկալել, թե մարդիկ կանխավ ի վիճակի կլինեն բացահայտելու դրանք կամ կանխատեսելու դրանց գործողությունները։ Կառավարությունն սկիզբ է առնում առավելապես դիպվածաբար և անկատար կերպով։ Հավանական է, որ մեկ մարդու վերելքը բազմությունների նկատմամբ սկսվել է պատերազմական դրության ընթացքում, երբ քաջության ու հանճարի գերազանցությունն առավելագույն ակնհայտությամբ էր բացահայտվում, երբ միաձայնությունն ու համաձայնությունն առավելագույնս անհրաժեշտ էին, և երբ անկարգության վնասակար հետևանքներն առավելագույնս էին զգացնել տալիս իրենց մասին։ Այդ դրության երկարատևությունը, մի բան, որ ընդհանուր առմամբ հատուկ է վայրի ցեղերին, ժողովրդին վարժեցնում էր հնազանդությանը, ու եթե ցեղապետը խոհեմության և արիության չափ իրավություն (equity) էր ունենում, ապա նույնիսկ խաղաղության ժամանակ նա դառնում էր բոլոր տարաձայնությունների իրավարարն (arbiter) ու աստիճանաբար՝ ուժի և համաձայնության խառնուրդով, կարողանում էր հաստատել իր իշխանակալությունը (authority)։ Նրա ուժից ստացած շոշափելի օգուտն ստիպում էր, որ ժողովուրդը՝ առնվազն նրա խաղաղասեր ու բարայացակամ հատվածը, փայփայեր այդ ուժն, ու եթե նրա որդին ունենար նույն բարձր հատկանիշները, կառավարությունն ավելի արագ կշարժվեր դեպի հասունացում ու կատարելագործում, բայց դեռևս թույլ վիճակում կլիներ մինչև բարելավման հետագա ընթացքը շահապետին եկամուտ չբերեր, եկամուտ, որը թույլ կտար պարգևներ շնորհել իր ղեկավարության (administration) որոշ գործակատարներին և պատիժ սահմանել կամակորների ու անհնազանդների համար։ Մինչ այդ շրջափուլը նրա ուժի գործադրումը պետք է մասնավոր բնույթ ունենար և հիմնված լիներ յուրաքանչյուր դեպքի առանձնահատուկ հանգամանքների վրա։ Դրանից հետո հնազանդությունը այլևս համայնքի մեծամասնության ընտրության խնդիրը չէր լինելու, այլ խստորեն կորզվելու էր գերագույն շահապետի իշխանակալությամբ։
Բոլոր կառավարություններում մշտատև (բաց, թե ծածուկ) կռիվ կա իշխանակալության և ազատության միջև, և սրանցից ոչ մեկը երբևէ չի կարող կատարյալ հաղթանակ տանել այս մրցության մեջ։ Յուրաքանչյուր կառավարության մեջ ազատության մեծ զոհողությունը պետք է անպայմանորեն հանձն առնել, այսուհանդերձ նույնիսկ ազատությունը սահմանափակող իշխանակալությունը ցանկացած հասարակարգի (constitution) պարագայում երբևէ չի կարող դառնալ ու գուցե պետք էլ չէ որ դառնա լիակատար ու անվերահսկելի։ Սուլթանը յուրաքանչյուր անհատի կյանքի ու հարստության տերն է, բայց նրան թույլատրված չէ ուզածին չափ հարկեր սահմանել, փոխարենը ֆրանսիական միապետը կարող է ուզածին չափ հարկեր սահմանել, բայց վտանգավոր կհամարի անհատների կյանքի և հարստության դեմ ոտնձգություն անելը։ Նաև կրոնը, երկրների մեծամասնության պարագայում, ընդհանուր առմամբ դիտվում է որպես շատ անզիջում սկզբունք․ այլ սկզբունքներ կամ նախապաշարմունքներ նույնպես դիմադրում են քաղաքացիական շահապետի (civil magistrate) բովանդակ իշխանակալությանը, շահապետ, որի ուժը՝ հիմնված լինելով կարծիքի վրա, բնավ չի կարող խորտակել ուրիշ կարծիքներ, որոնք տիրոջ նրա տիտղոսը արտոնած կարծիքների չափ խոր արմատներ ունեն։ Ընդհանուր խոսքում «ազատ» անվանված կառավարությունն իշխանության բաժանում է ենթադրում մի քանի անդամների միջև, որոնց միացյալ իշխանակալությունն ավելի քիչ չէ, իսկ սովորաբար ավելին է, քան ցանկացած միապետինը․ այս անդամները, սակայն, սովորականի նման ղեկավարելիս պետք է գործեն այն ընդհանուր և հավասար օրենքների համաձայն, որոնք նախապես հայտնի են ինչպես բոլոր անդամներին, այնպես էլ նրանց բոլոր հպատակներին։ Այս տեսակետից պետք է ընդունել, որ ազատությունը քաղաքացիական հասարակության կատարելագործումն է, և այդուհանդերձ պետք է խոստովանել, որ իշխանակալությունն էական է նրա բուն գոյության համար, և մեկի ու մյուսի միջև հաճախ տեղի ունեցող այդ մրցություններում երկրորդը, այդ իսկ պատճառով, կարող է առաջատար լինելու հայտ ներկայացնել։ Եթե միայն չասվի (իսկ սա ասելու որոշ հիմք կա), որ քաղաքացիական հասարակության գոյության համար էական որևէ հանգամանք պետք է մշտապես նեցուկ լինի ինքն իրեն և պաշտպանվի պակաս նախանձախնդրությամբ, քան ընդամենը նրա կատարելագործմանը նպաստող որևէ հանգամանք, կատարելագործում, որը մարդկային անհոգությունն այդքան հակված է արհամարհել կամ անգիտությունը՝ աչքից բաց թողնել։
Ծանոթագրություններ
↑1 | Հյումի մոտ magistrate-ը նշանակում է կառավարիչ, որը հաշտարար դատավորի դեր է կատարում՝ ագուցելով գործադիր և դատական իշխանությունների գործառույթներ։ Բառի առաջին՝ իշխան, պետ իմաստը գալիս է հին հռոմեական magistratus-ից, որը հայերեն ավանդաբար թարգմանվում է պետ, քաղաքապետ, ժողովրդապետ, նախարար, վերակացու, վերատեսուչ ժողովրդեան տարբերակներով (տե՛ս Վիլոտի լատիներեն-հայերեն բառարանի համապատասխան բառահոդվածը)։ Բառի հռոմեական այս իմաստը հետագայում սկսել է կապվել ատենակալի, հաշտարար դատավորի գործառույթի հետ և ստացել իր ժամանակակից՝ իրավական իմաստը։ «Մագիստրատի» այս իմաստը մեզանում արտահայտված է դրա ատենակալ, դատավոր թարգմանություններով։ Հյումի պարագայում բառի գործադիր ու դատական այս իմաստների միաբերումն ակնհայտ է, երբ նա թվարկում է «մագիստրատի» պարտավորությունները, օրինակ՝ օրինազանցներին պատժելն ու շահ հարկադրելը մի կողմից, արդարություն վճռելը՝ մյուս։ Բառի առաջին՝ պետ, ժողովրդապետ իմաստը հայերենում չի վերաճել հաշտարար դատավորի իմաստի այն պատճառով, որ հայոց կյանքում տեղի չի ունեցել քաղաքագլխի և դատական ատյանի այնպիսի սերտաճում, որը տեղի է ունեցել Անգլիայում։ Ուրեմն, կա՛մ պետք էր բառը չթարգմանել և թողնել «մագիստրատ», կա՛մ թարգմանել երկու բառով, ասենք՝ վերատեսուչ ատենակալ, կա՛մ թարգմանել պետը նշող այնպիսի տարբերակով, որը գոնե որոշ չափով կենթադրեր նրա՝ որպես արդարության պահապանի իմաստը։ Ընտրել եմ երրորդ տարբերակը, որպեսզի նախ (որքան էլ խնդրական) թարգմանական աշխատանք իրականացվի (հակառակ առաջինի), ապա պահպանեմ Հյումի մոտ անգլերենի ներսում հաստատված հին բառի վերաօգտագործման հանգամանքն ու մեկ բառի գործածությունը (հակառակ երկրորդի)։ Մեզանում շահապետը լինելով պահլավերենից ժառանգված հին ու հաստատված բառ և ճշգրտորեն համապատասխանելով «մագիստրատի» հին, այսինքն՝ տեղում միապետի կողմից լիազորված կառավարչի (սատրապի) իմաստին, միաժամանակ վերաբերում է տների ու շրջանների պահապան ոգիներին, որոնք իրենց հանդեպ բարի վերաբերմունքի դեպքում բարիք են բերում տանը կամ շրջանին, իսկ վատ վերաբերմունքի պարագայում՝ չարիք։ Կարելի է ասել, որ բնակիչն ու ոգին (իհարկե ոգու գերակա ուժի պայմանով) կապված են շահի վրա հիմնված արդարության «դաշինքով» այնպես, ինչպես Հյումի մոտ է «մագիստրատի» պաշտպանած օրենքին հպատակվելու պարտավորությունը շահավետ ընդհանուր արդարության համար, որն էլ ծնում է իրավությունն ամրացնող հավատարմություն։ |
---|---|
↑2 | Հպատակություն ասելով Հյումը նախևառաջ նկատի ունի օրինապահությունը, բայց պատահական չէ, որ նա հպատակություն, հնազանդություն նշանակող obedience բառով է նշում դա։ Ինչպես հաճախ է պատահաում եվրոպական լեզուների պարագայում, ականատես ենք բառիմաստի քաղաքական էվոլուցիայի, երբ պատմական ընթացքին համահունչ՝ բառի հին՝ տիրակալին հպատակվելու պարտավորության ու առաքինության իմաստն փոխարկվում է քաղաքացիական օրենիապահության իմաստի։ |