Դեռևս 1920-ականների առաջին տարիներին Խորհրդային Հայաստանում հաստատված ավագ սերնդի արվեստագետների՝ ժառանգված մշակույթի հետ հարաբերվելու ու դրա հետ աշխատելու դիպուկ մի օրինակ է ներկայացնում 1926 թվականին Մարտիրոս Սարյանի գրած նամակն Ալեքսանդր Թամանյանին: Թե´ Սարյանը, թե´ Թամանյանը այն արվեստագետների թվում էին, ովքեր 1920-ականներին, ձեռնամուխ լինելով երկրի գեղարվեստական կյանքի կայացմանը, միաժամանակ նոր կենցաղի և նոր արվեստի հաստատման քաղաքական հրամայականն ըմբռնում էին իբրև իրենց ստեղծագործության օրակարգային խնդիր: Հետևաբար նամակում Երևանի ընթացիկ շինարարական աշխատանքների քննարկումն ու դրա արդյունքում վերափոխվող կենցաղի հիշատակումները նկարչի մտահոգությունների անմիջական արձագանքներն են:
Մոտ ընկերոջ հարազատությամբ գրված այս նամակում Երևանում ծավալված շինարարության շուրջ իր «դիտողությունները» Սարյանը կատարում է Թամանյանի որդեգրած մոտեցումներին անվերապահ վստահություն հայտնելուն զուգահեռ: Այս ընկերական-գործնական հարթության վրա է, որ Թամանյանին ուղղված «դիտողություններն» ինքնին երևան են բերում Սարյանի՝ մի կողմից դեպի նոր ճարտարապետության ու կենցաղի իրագործման անհրաժեշտության գիտակցումն ու պաշտպանությունը, մյուս կողմից՝ ճարտարապետական հին ձևերին ու հին ապրելակերպին նկարչի կապվածությունը:
Նոր Երևանի կառուցման ծիրում է Սարյանը վերամտածում հին ճարտարապետական ձևերը: Թե´ նոր տների պատշգամբներն ու կտուրներն ըստ հին տների «հատկությունների» դիտելը, թե´ «բազարի կողմը» գտնվող կամարաշարերը Երևանի փողոցներում ու հրապարակներում մայթերի կողքին տեսնելու նկարչի ցանկությունը մատնանշում են հին ու նոր ձևերի միջև կապեր անցկացնելու հակվածությունն ու դրանք փոխկապակցված տեսնելու Սարյանի նկարչական հայացքը: Այս առումով չափազանց ուշագրավ է թվում նամակի վերջում Սարյանի՝ Նոր Նախիջևանի բարբառով գրված տողերը: Այդ տողերն են վկայում, որ Սարյանն ինքը միանգամայն հանգիստ է իր մեջ ապրող մշակույթային ժառանգության հետ, որը թույլ է տալիս նույն բարբառի կրող ու նոր Երևանը գծող իր ընկեր ճարտարապետի հետ անկաշկանդ «գալաճի անել»:
Բնագիրը հրապարակվում է ըստ՝ Մարտիրոս Սարյան. Նամակներ, հ. 1 (1908-1928), կազմ., խմբ. Ռուզան Սարյան (Երևան: Տիգրան Մեծ, 2002), էջ 325-327:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆԻՆ
1926, Մոսկվա
Սիրելի Ալեքսանդր,
Նախ և առաջ շնորհավորում եմ քեզ քո նոր կոչումով, որին դու միանգամայն արժանի էիր քո անձնվեր աշխատանքով Խորհրդային Հայաստանի վերաշինության գործում։ Խորհրդային Հայաստանը բախտավոր է, որ յուր ծոցում ունի մեծ շինարար (строитель) և գնահատում է քեզ, տալով այդ մեծ կոչումը՝ Ժողովրդական ճարտարապետի։
Ես հաճախ հիշում եմ քեզ և ուզում եմ երբեմն քեզ հայտնել իմ տպավորությունները թե՛ քաղաքից, և թե՛ ճարտարապետական կառույցներից։
Մոսկվան, գիտես էլի, մի սումբուռնի և անճաշակ քաղաք է։ Նրա գեղեցիկ մասն է Կրեմլը և այստեղ ու այնտեղ ցրված особняк[1]Առանձնատուն։-ները և մի քանի տներ, որոնք դու, իհարկե, գիտես։
Այժմ այստեղ մի քանի տեղերում մեծ տներ են շինում, բավականին մեծ տներ, պարզ պատերով։ Չեն հրապուրում դեռ, գուցե նրա համար, որ [դեռ] չեն վերջացված, բայց ասել, թե մի առանձին բան են, չի կարելի։ Այնուամենայնիվ, այն зауряд[2]Միջակ։ տներից, որ մեծ քանակությամբ այստեղ շինվում էին առաջ, անհամեմատ բարձր են։
Հիմա ուզում եմ մի քանի խոսք ասել մեր Երևանի շինարարության մասին։ Չի կարելի, իհարկե, մեր քաղաքի շինարարությանը մոտենալ ուրիշ տեսակ, քան դու ես մոտեցել, բայց քանի որ դու մշակում ես հատակագծեր և արդեն մանրամասնությունների մեջ ես մտել, ես ուզում եմ քեզ մի քանի իմ նկատողություններն անել։ Գուցե նույնպես էլ դու ես մտածում՝ ավելի լավ։
Երևանի կլիման ամառը շոգ, բավականին ուժեղ շոգ, իսկ ձմեռը ցուրտ, իհարկե, ոչ այնքան, բայց էլի զգալի է։ Ուրեմն, տները պետք է հարմարված լինեն թե՛ ձմեռվա և թե՛ ամառվա համար։ Այսինքն՝ ձմեռը տաք պետք է լինի, իսկ ամառը՝ շոգի ժամանակ, գուցե [մարդիկ] հնարավորություն ունենան պատշգամբ կամ կտուր բարձրանալ։ Ես, շատ մտածելով, եկա այն եզրակացության, որ հին տները որոշ չափով այդ հատկություններն ունեն, գուցե նորերն էլ, եթե հնարավոր է, իհարկե, հարմարեցնել, իսկ փողոցներում և մեծ հրապարակներում մայթերի կողքում ունենալ аркада[3]Կամարաշարք։, ինչպես որ բազարի կողմը բոլոր տաք երկրների քաղաքներում դա կա և հնարավորություն է տալիս շոգի ժամանակ անցնել այդ արկադայի տակով։ Այդտեղ գլխավորապես տեղավորված են լինում խանութներ։
Այստեղ ավտոբուսներ շատ կան, բայց շատ անհարմար են դրանք ահա ինչով. նախ նեղվածք, սարսափելի հարում են և թանկ են՝ քան տրամվայները, որոնք ավելի լավ են և հանգիստ ու էժան։ Ավտոբուսը կարող է աշխատել միայն մի քանի տարի, իսկ տրամվայը՝ շատ տարիներ։ Ավտոբուսը պետք է խմի նավթ, բենզին և քաղաքի օդը փչացնի, դրա հերն անիծած, իսկ տրամվայը բլագորոդնի բան է։ Ես միանգամայն տրամվայի կողմնակիցն եմ, քանի որ մենք ունենք շատ էժան էլեկտրական ուժ և այլն։ Սյա բաները կգրեմ նը, пожалуйста, սյա սիրտդ չիլլի[4]Այս բաները, որ գրում եմ, խնդրում եմ, չնեղանաս։ (Ն․ Ն․ բ․)։։ Գալաճի, իշտե, կանինք[5]Խոսում ենք, էլի։։
Բարևներ Կամիլլա Մաթվեևնային, Ժորժիկին, Առոչկային, ինա փոքր խանդալային[6]Փայտոջիլ (օգտագործված է փոխաբերական իմաստով՝ պստիկ, ամենափոքր): (Ն․ Ն․ բ․)։ Յուլիկին և բոլոր հարցնողաց։
Համբույրներով՝ քո Մարտիրոս
Էգիր եմիշ չլաս նը մեկ քանի տող[7]Մի քանի տող գրիր, եթե չծուլանաս։ (Ն․ Ն․ բ․)։։