Ժան-Ժակ Ռուսոյի դերը Մաթևոս Մամուրյանի՝ օրենքի և օրենսդրության ըմբռնման մեջ

 

Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը և դրա գաղափարական ակունքներում կանգնած ֆրանսիական լուսավորիչների քաղաքական միտքը խորը դրոշմ թողեց քաղաքականության արդի իրողությունների ու պատկերացումների վրա։ Մարդու բնածին, անօտարելի ու հավասար իրավունքների, դրանք ապահովող օրենսդրության վրա կառուցված պետության իդեալը մեծապես սնվում է լուսավորության հենց ֆրանսիական ավանդույթից։ Մասնավորապես հսկայական է վերջինիս վառ, բայց հակասական ներկայացուցիչ Ժան-Ժակ Ռուսոյի քաղաքական փիլիսոփայության նշանակությունն արդի լիբերալ ժողովրդավարական արժեքների ձևակերպման գործում։ Ռուսոն այն քաղաքական մտածողներից է, ում գաղափարները միաժամանակ թե՛ առանցքային նշանակություն են ունեցել աշխարհիկ՝ եկեղեցուց անկախ պետության մոդելի հաստատման գործում, թե՛ դրանով հանդերձ պետության ու օրենսդրության հիմքերը կապել են կրոնական սկզբունքների հետ։ Ինստիտուցոնալ ավանդական կրոնի դեմ մարտնչող ժնևցի փիլիսոփան քաղաքակրթությունների հիմնարար օրենքների սկզբնադրման մեջ այնուամենայնիվ տեսնում է աստվածային՝ գերմարդկային ներգործություն։ 

Արդի պետության պատկերացման հիմքում ընկած օրենսդրության սկզբնաղբյուրի ու բնույթի հարցը հուզել է նաև Ռուսոյից շուրջ մեկ դար անց արևմտահայ քաղաքական մտածողներին։ Սրա մի օրինակ է 1860-ականներին Ազգային սահմանադրության ընդունմանը հաջորդող ժամանակահատվածում արևմտահայ հրապարակախոս Մաթևոս Մամուրյանի փոքրիկ անդրադարձն օրենքների ու օրենսդրության աղբյուրի հիմնահարցին։ Հակադրելով արդի ֆրանսիական սահմանադրական օրենսդրությունն կրոնական հիմքով ավանդական օրենքներին, Մամուրյանը Ռուսոյի քաղաքական մտքին առանձնահատուկ տեղ է տալիս։ Թեև ժնևցի փիլիսոփայի քաղաքական միտքը Մամուրյանը մերժում է իբրև օրենքը՝ գերմարդկային սկզբին հանգեցնող «անուրջ», հենց նույն Ռուսոյի բառերով է արևմտահայ հրապարակախոսն արտահայտում աշխարհիկ պետության հիմքերի իր իդեալը։

Հրապարակվում է ըստ՝ Վ., «Հայկական նամականի», Ծաղիկ, 1866, թիվ 118, էջ 447-448։

 

Ազնիւ Ծաղիկ

Ապրիլ 11

 

Մովսէս Սինա լեռը կ’ելնէ, Աստուծոյ հետ կը բանակցի և անկից օրինաց պատգամներ կ’արձակէ հրէից:

Մինոս և Նումա քարայրը կ’իջնեն և մին կրէտացւոց, միւսը հռոմայեցւոց օրէնք կը հաղորդեն դիցուհիներու բերնով:

Լիգուրկոս նախ թագաւորութենէ կը հրաժարի և ապա սպարտացւոց խնդրանօք օրէնսդիր կը կանգնի:

Տրաքօն’ իբր արքօնդ՝ արիւնալի կանոններ կը հաստատէ, Սօլօն՝ բարձ ու գաւազան կը թողու և իբր քաղաքացի աթենացւոց ընտիր օրէնսդրութիւն մը կ’աւանդէ և անոնց պահպանութեան երդումը առնելով կը ձգէ իր հայրենիքը կը մեկնի:

Իսկ Ֆրանսայի Սահմանադրական ժողովը ի լուր աշխարհի մարդուն իրաւունքը կը հրատարակէ:

Տարբեր ժամանակ, տարբեր սովորութիւնք:

Աստուածապետութիւն, Միապետութիւն, Սահմանադրութիւն:

Այս երեք բառերուն մէջ դարեր կան…

Մեր դարու օրէնսդիրը ոչ երկնի, ոչ դիցուհիի և ոչ սատանայի հետ կ’ուզէ բանակցիլ օրէնք հաստատելու համար, այլ ժողովրդեան ոգւոյն, բարուց և վարուցը հետ կը խօսի և արդարութիւնը և բարոյականը հիմ բռնելով’ ամէն մարդու, հետևապէս ազգային իրաւանց և պարտուց փոխադարձ յարաբերութիւններու օրէնքը կը հաստատէ:

Օրէնսդիր մը կըսէ Ռուսօ, «պէտք է որ գերագոյն հանճար մը լինի որ մարդկան շարժիչ կիրքը տեսնէ անոնց անհաղորդ մնալով, որ մեր բնութեան բնաւ յարակցութիւն չունենայ, բայց և այնպէս զայն քաջ ճանչէ, որ անկախ կացութեան տէր, գերմարդկային էակ մը, Աստուած մը լինի»։

Ռուսօին այս կարծիքը ամենայն մասամբ չընդունուիր: Չեմ կրնար ըմբռնել որ մարդկային ընկերութենէ դուրս և անոր ոգւոյն և բնութեան օտար անձ մը, հրեշտակ մը մարդերու օրէնք տալու կարող լինի:

Այս գրութիւնը բռնութեան և տգիտութեան դարերու կը տանի զմեզ: Շատ օրէնսդիրներ ատեն մը Աստուծոյ կողմէն օրէնք տուին ազգերու, անհուն և գերագոյն Էին անունը շատ անգամ բռնութեան դրոշակին վրայ գրուեցաւ, շատ անգամ խաչը մարդոց ձեռքը սուր դարձաւ և դեռ կը դառնայ ցարդ…

Այս կ’ընդունիմ որ օրէնսդիրը ազատ, մինակ արդարութեան սիրով վառ, որ և է նախապաշարման և կուսակցութեան անմասն, օրինաց հմուտ,  աւանդութեանց և սովորութեանց տեղեակ լինի, և անձնականութիւն, անուն, փառասիրութիւն զոհէ այն սրբազան իրաւանց և շահուց առջև որոց պահպանութիւնը օրինապէս ապահովելու և զարգացունելու պաշտօնը ազգովին իրեն աւանդուած է: Այլ կ’ընդունիմ որ բուն մարդ լինի մարդերու օրէնք տուողը, և մարդիկ լինին մարդուն շինած օրէնքը հաստատողը, ինչպէս որ նոյն Ռուսօն, որ շատ անգամ անուրջը ճշմարտութեան և ուղիղ սկզբանց հետ կը խառնէ, իրաւամբ կըսէ, «ՄԻՆԱԿ ԸՆԴՀԱՆՈՒՐԻՆ ԿԱՄՔԸ ԿԸ ՊԱՐՏԱՒՈՐԷ ՄԱՍՆԱՒՈՐՆԵՐԸ ԵՒ ԿԱՐԵԼԻ ՉԷ ՍՏՈՒԳԵԼ ՈՐ ՄԱՍՆԱԿԱՆ ԿԱՄՔ ՄԸ ՀԱՆՐԱԿԱՆԻՆ ՀԱՄԱՁԱՅՆ Է, ՄԻՆՉԵՒ ՈՐ ԱՅՆ ՄԱՍՆԱԿԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ԱԶԱՏ ՀԱՒԱՆՈՒԹԵԱՆ ՉԵՆԹԱՐԿԻ.»