Ժողովուրդը՝ բանաստեղծի ձայնով ճշմարտությունը վկայող ատյան. Դերենիկ Դեմիրճյանի Եղիշեն 

 

19-րդ դարի վերջին նոր ձևավորվող արդի հայագիտության մեջ առանցքային տեղ սկսեց զբաղեցնել հայ գրականության ոսկեդարը համարվող հինգերորդ դարի մատենագիրների անունով մեզ հասած մատյանների քննությունը։ Քննադատական գիտության թափ առնող այս ալիքի մեջ կարելի է տեսնել նաև արդի հայագիտության ամենակնճռոտ հարցերից մեկը՝ Եղիշեի վավերական լինելու շուրջ բանավեճը։ Սկսած 1890-ականներից՝ այս հարցը զբաղեցրել է այնպիսի գիտնականների, ինչպես Անտոն Գարագաշյանը, Գրիգոր Խալաթյանը, Բաբգէն Կյուլեսերյանը, Ներսես Ակինյանը և այլք։ Մինչև խորհրդային 40-ականները հայագետներն այս հարցի շուրջ միասնական վճռի, ըստ էության, չէին եկել։ Ուրեմն երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի շիկացած օրերին գրող Դերենիկ Դեմիրճյանն անդրադառնում է Ավարայրի ճակատամարտին, Եղիշեի վավերականության շուրջ այս հարցն անհնար էր շրջանցել։ 

Ներկա վավերագիրը հատված է խնդրի՝ Դեմիրճյանի ուսումնասիրությունից, որ Սովետական գրականություն ամսագրում հրապարակվել է 1943-ին՝ որպես Վարդանանք պատմավեպի հետազոտական հիմք և դրա՝ ամսագրում հատվածաբար տպագրելու նախերգանք։ Գրողն այստեղ Եղիշեին նախ և առաջ մոտենում է իբրև բանաստեղծի և հրավիրում «մեր բանասերներին, որ թողնեն խիստ բանասիրական մեթոդը»։ Ըստ Դեմիրճյանի՝ Եղիշեն հավաստի է ոգով ու իր գրելաձևով՝ նույնիսկ «ռեալիստական»։ Սրա անհերքելի վկան գրողի համար նրա ժողովրդականությունն է։ Բանաստեղծի, ստեղծագործողի և ժողովրդի միջև մի առանձնահատուկ կապ է անցկացվում Դեմիրճյանի հոդվածում, որտեղ ժողովուրդը երևում է իբրև պատմական ճշմարտությունը վկայող գրեթե գերբնական ատյան։ Սա հավաքականություն է, որն ունի իր պատմության «սյուժեն և գաղափարը» և որն ինքը «ստեղծեց Եղիշեին և հետին թվով ճշմարտեց նրա պատմությունը»։

Դեմիրճյանի խոսքում բանաստեղծորեն պանծացված այս հավաքականությունը չունի իր ներքին հակասությունները և միաձույլ է իր մտավորականության հետ. պատահական չէ, որ տեքստում բանաստեղծ Եղիշեն ոչ մի տեղ չի ներկայանում իբրև հոգևորական։ Վարդապետի խորապես կրոնական պատումը, ուր հայերի հավաքականությունը սահմանադրվում է իբրև նահատակության գնացող ուխտի միաբանություն, «Ընդ իսկականին՝ ճիշտ է» Դեմիրճյանի հայացքում։ Կերտելով իսկական ժողովրդական բանաստեղծի այս կերպարը՝ Դեմիրճյանը կարծես նույնանում է Եղիշեի հետ՝ Վարդանանքի հրապարակման նախօրեին Ավարայրի ճակատամարտն անվանելով «Հայրենական մեծ պատերազմ»։  

Հրապարակվում է հատվածաբար ըստ՝ Դերենիկ Դեմիրճյան, «Վարդանանց պատերազմը», Սովետական գրականություն, 1943, թիվ 3, էջ 120-121։

 

Վարդանանց պատերազմը

….

Թողնենք այս մանրամասնությունները։

Վերցնենք Եղիշեի գիրքն իր խոշոր մասերով, ամբողջությամբ։ Գիրքը գրված է այնպիսի բարձր ոգևորությամբ, այնպիսի անկեղծ հուզականությամբ, այնպիսի ազնիվ հայրենասիրությամբ, որ միանգամայն անհասկանալի է դառնում գրական սառն կեղծիքը։ Սա գրական բանավեճ չէ, որ ասենք հեղինակը կրքոտված և հավասարակշռությունը կորցրած՝ դիմում է փաստերի աղավաղման և կանգնում է ինչ գնով այդ լինի՝ հաստատել իր միտքը։ Այս գիրքը գրված է սրտի արյունով և խղճի մաքրությամբ։ Սրա մեջ ճշմարտության և արդարության թրթիռն է ջերմանում։ Սա մի ճշմարիտ արվեստագետի հոգեկան սրբագործությունն է։ Եվ եթե հեղինակը ոճական գեղեցկագիտությունը փոխ է առնում ս. գրքից կամ ինքն է ստեղծում բարձր ու վսեմ ոճը, ոգևորության տենդերի մեջ ընդունում է հիպերբոլիկ ձևեր, նկարում է գունագեղ պատկերներ, ուժեղացնում է դեպքերը, խոսքերը, փաստերը, սաստկացնում է իմաստները, հորինում է պատկերներ, – դրանք ստեղծագործ հոգու բնական արտահայտություններն են։ Սակայն որ այդ գեղեցիկ ձևերի տակ թրթռում է կենդանի փաստը, դա անկասկած է։ Դա զգացվում է շատ պարզ, շատ ուժեղ չափով։ Եղիշեին նախ պետք է հանել գիտական պատմագիրների ցանկից և գցելով նրան վիպասան-պատմագիրների շարքը՝ փոխել պատասխանատվության տեսակետը։ Դերձակը չի կարող կոշկակարի պատասխանատվություններ ստանձնել։ Մեղադրելով Եղիշեին կրքոտության մեջ՝ մեր բանասերները զերծ չեն մնում միևնույն կրքից՝ հանդեպ Եղիշեի։

         Պետք է մեկընդմիշտ որոշել և իրենց պատշաճ տեղը դնել մեր պատմագիրների գործերը։ Հարկ չկա մի բանաստեղծի քարշ տալ նստեցնել փաստագիր պատմագրի աթոռին և արժեզրկել նրան։ Մեր պատմագիրները կանգնած են ոչ միայն մեր բանասերների դատաստանի առաջ, այլև համայն ժողովրդի։ Եթե նրանց գործի քննությունը կատարում է մի որևէ բանասեր կամ բանասերների մի սերունդ երկու տասնամյակների ընթացքում, ապա այդ պատմագիրներին ժողովուրդը քննության է ենթարկում դարերի ընթացքում։ Նրանց քննում են սերունդներ և աշխատում են ժողովուրդն ու ժամանակը – երկու ստեղծողները ճշգրիտ պատմության։ Երկար դարերն ու ժողովուրդը տվել են իրենց դատավճիռը Եղիշեի պատմության մասին։ Նրանք հաստատել են պատմության վավերականությունը։ Ինչի՛ հիման վրա։ Ժողովրդի պատմական ճշմարտության հիման վրա։ Այդ ճշմարտությունը մշակվում է նրա դարերի փորձի, դարերի վերագնահատման, դարերի կորեկտիվի և քննադատության բովում։

         Մեր ժողովուրդը Եղիշեի պատմության մեջ տեսել է իր կյանքն ու իդեալները և նրա մեջ տեսնում է իր թշնամուն և հերոսին։ Թող պարադոքս չթվա՝ եթե ասենք, որ մեր ժողովուրդն էր որ ստեղծեց Եղիշեին և հետին թվով ճշմարտեց նրա պատմությունը։ Եղիշեն տվեց ոչ Վարդանանց պատմությունը, Եղիշեն տվեց համայն հայոց պատմությունը, նրա տիպիկ պատկերը։

         Իզուր չպաշտեց Եղիշեին մեր ժողովուրդը և իզուր չերգեցին նրան Ալիշան, Պատկանյան, Նալբանդյան, Շահազիզ, Հովհաննիսյան, Ջիվանի և շատերը։ Ի՞նչ է նշանակում այս։ Դա նշանակում է, որ ինչպես հնում, նույնպես և նորագույն դարերում և մեր օրերում մեր ժողովուրդը ունի իր պատմության այսպես ասած սյուժեն և գաղափարը և ուր որ նա տեսնում է մի պատմություն, որի սյուժեն և գաղափարը բովանդակում է իր ժողովրդի այդ ապրած հոգեբանությունը՝ նա որդեգրում է այն։ Նվաճող բռնակալություններ, հալածանք և հարձակումն, ինքնապաշտպանություն, դավաճաններ, ժողովրդի առաջնորդ հերոսներ, որոշ հաղթանակ, բարոյական, հոգեկան գանձերի պահպանումն – ահա հայոց պատմության սյուժեն և գաղափարը։ Եղիշեն կորովի գրչով, բանաստեղծական խանդավառությամբ տվեց այդպիսի մի սյուժե ու գաղափար, և ժողովուրդը հաստատեց. «Ընդ իսկականին՝ ճիշտ է»։ Սա է գլխավորը։ Ժողովրդի դեմ գնացող ոչ մի մարդ նրա գրքի մեջ չի հերոսանա։ Իսկ ժողովրդի դեմքը որոշում է ինքը ժողովուրդը և ոչ թե մենք՝ անհատներս։

         Ահա թե ինչպիսի աղբյուր է Եղիշեն …

         Մի խոսք ևս ժամանակակցության մասին։

         Ավարայրի ճակատամարտը կամ այսպես կոչված Վարդանանց պատերազմը, որ կուլմինացիոն կետն էր դրանից առաջ սկսված պատմական տագնապալից մի շրջանի դեպքերի՝ ի՞նչպես կարող էր խոր տպավորություն չգործել հայ ժողովրդի հոգեբանության վրա։ Ոչ անմիջապես հետևյալ մոտ տարիները 451 թվից հետո, գոնե բավական մոտ տարիներին անշուշտ կգրվեր այդ դեպքերի պատմությունը։ Լռության մեջ պահել նման արտակարգ պատմական շրջանի անցուդարձերը, ոչ մի բառով այդ չարձանագրել, թեկուզև իբրև ժամանակագրություն, սպասել տասնյակ տարիներ և ապա միայն ձեռնարկել պատմագրության՝ դա մենք համարում ենք հասարակական հոգեբանության մեջ շատ դժվար ընդունելի մի բան։

         Բայց վերջիվերջո մեզ հարկավոր է պատմությունն ինքը և ոչ թե պատմիչը։ Թո՛ղ չլինի Եղիշեն ժամանակակից, թո՛ղ օգտված լինի մի երրորդ անձից, թո՛ղ Եղիշեն չլինի պատմության հեղինակը, այլ մի անհայտ անուն։ Պատմությունը մեզ վրա թողնում է ճշգրիտ, իրական տպավորություն և մենք օգտվում ենք նրանից՝ վերականգնելու համար մեր ժողովրդի ամենաանավոր օրերից մեկը պատմության մեջ։

         Չենք պնդում շատ, և այդ խնդիրը մի փոքր խոտոր է գնում մեր կողքից, թո՛ղ չհաստատվի Եղիշեն Վարդանանց պատերազմի հեղինակ։ Մենք մեր ձեռքի տակ ունենք Փարպեցու հետ միասին մի պատմություն, որ շատ կենդանի պատկերացնում է հայրենական պատերազմը։ Գիրքը գրված է բարձր կուլտուրայի տեր մի մարդու ձեռքով և ներկայացնում է միանգամայն վստահելի աղբյուր դարու ոգին ըմբռնելու։ «Հանրագումարը»։

         Ահա այդ մեր նպատակը ավելի մեծ է թվում մեզ՝ քան մասնավոր խնդիրներ։ Այն որ՝ մենք ուսումնասիրում ենք Հայրենական մեծ պատերազմն ու գլխավորապես նրա հերոսին։ Այսպիսով Եղիշեն դառնում է մեր աղբյուրներից մեկը և եթե հաստատվի նրա հետնադարյան լինելը Փարպեցու նկատմամբ՝ խնդիրը ըստ էության – շեշտում ենք այս – չի փոխվում մեզ համար։

         Եվ այն առաջադրանքը, որ ունենք մեզ համար՝ ավելի մեծ և ընդհանուր է։ Դա հինգերորդ դարի մեծագույն, էպոխային գործի պատմությունն է, դարու ոգին, ժողովրդական շարժման վիթխարի պատկերը։ Առանձին հեղինակների ինքնության, նրանց գրվածքների մասնավոր անվավերականության և երկրորդական փաստերի անստուգության հանգամանքները չեն ստիպի մեզ շատ էլ վախենալ Եղիշեի ինքնության և նրա գրքի գրության տարեթվի՝ հետ ու առաջ շարժվելուց։

         Եղիշեն ժողովրդականացած գրող է։ Ժողովուրդը նրա գործի մեջ տեսել է իր կյանքի դարավոր ճշմարտությունը։ Ժողովուրդն ընդունել է նրան։ Այս հանգամանքը չմոռանա՛նք։