Ժողովրդական ազատագրության իդեալն ու դրա գործնական հետևանքները. Գուրգեն Մահարու Այրվող այգեստանները

 

1960-ական թթ. Խորհրդային Միությունում ստալինյան քաղաքականությունների վերանայման և Խորհրդային Հայաստանում հայոց ցեղասպանության հարցի հանրային վերարծարծման հետնախորքին նոր շրջադարձ է ապրում հայոց քաղաքական ազատագրության վերըմբռնման հարցը: Հարցն առանձնակի սրությամբ է ի հայտ գալիս, երբ քննության առարկա են դառնում 20-րդ դարասկզբին արևմտահայության հատվածում ծավալված ինքնապաշտպանական մարտերն ու քաղաքական կուսակցությունների գործունեությունը:

Ներկայացվող հատվածով ավարտվում է Գուրգեն Մահարու Այրվող այգեստաններ վեպի լրամշակված տարբերակը: Այն գլխավոր հերոսներից մեկի` Վանի ինքնապաշտպանությունն իր ձեռքը վերցրած նահանգապետ Արամ Մանուկյանի` քաղաքը թողնելու գիշերն ունեցած մտորումներն են:  Հատվածը գեղարվեստական մի պատկերում է, որով բացվում է ազատագրության գաղափարին նվիրված քաղաքական գործչի բարդ կացությունը, երբ վերջինս փորձում է հետահայաց հասկանալ գաղթական դարձող ժողովրդի անորոշ ապագայի առջև ընկրկող քաղաքական ծրագրի ներհակությունները:

Նրա շուրթերով հնչող «ազատ անկախության կամ անկախ ազատության» գաղափարը մի վերաձևակերպումն է 19-րդ դարի երկրորդ կեսին ձևավորված այն պատկերացումների, ըստ որոնց հայոց ազատագրությունը սերտորեն կապված է նրա արևմտյան հատվածի քաղաքական ազատագրության հետ: Այս հենքի վրա ձևավորված ազգային կուսակցություններն, ուստի, ազատագրության գաղափարներում առանցքային էին համարում ժողովրդի ազատագրությունը պապենական հողի հետ միասին, քանի վերջիններիս անքակտելիության օրինավիճակը նվիրագործված էր այդ հողի վրա ստեղծված մշակութային ժառանգությամբ: Այս հետնախորքին են ծավալվում պրագմատիկ քաղաքական գործչի մտորումները` ի հայտ բերելով նրա դավանած գաղափարների ուժն ու դրանց գործնական հետևանքների ողբերգականությունը միևնույն ժամանակ:

Արամն ունի ժողովրդականություն վայելող կուսակցության քաղաքական հենքի իր բացատրությունը. «Ժողովուրդն ինքն իր ծոցից է ծնում կուսակցությունները և եթե նրանցից մեկն ու մեկը դառնում է առաջատար, դա նշանակում է ժողովուրդը նրան է հավատում, նրան է վստահում իր ճակատագիրը»: Այսպես ըմբռնված կուսակցությունը օտար լծի տակ հազարամյակներով հածող ժողովրդի` հայրենի հողի վրա ազատ ապրելու բաղձանքի խտացումն է, քաղաքական գործիչը` մի նվիրյալ («մենք աստվածներ չենք եղել, մենք մարգարեներ չենք եղել, մենք սխալված գործիչներ ենք, կենդանի ու մեռած նահատակներ և մարտիրոսներ»), որն ուղղորդվում է ժողովրդի հավաքական ցանկության հունով («Ինչպե՞ս կարելի է ժողովրդին ոչխարի տեղ դնել և մտածել, որ ժողովուրդը կարող է գնալ իր դահիճների ցույց տված ճանապարհով միայն և անպայման զոհվելու համար»): Այստեղ է ահա, որ Արամի մտորումները, բախվելով իր իսկ դավանած գաղափարների սահմաններին, ի հայտ են բերում ներքին ներհակությունները, այն, որ ժողովրդի իսկ բաղձանքներից ծնունդ առած կուսակցությունների անկատար գործունեությունը հետահայաց ուժով բնավեր է դարձնում այդ բաղձանքն իսկ փայփայողին:

Հատվածը հավելվել է վեպի երկրորդ հրատարակության (1979 թ.) մեջ: Այս վերահրատարակությունը կատարվում է ըստ վերջին` հեղինակի երկերի լիակատար հրատարակության 6-րդ հատորի (Անտարես, 2015)` պահպանելով այս հրատարակության ծանոթագրությունները: Հատվածում առանձին նշված չեն այդ հրատարակությամբ ներկայացվող բնագրային տարբերությունները նշող ծանոթագրությունները:

 

Գուրգեն Մահարի, «Ասք քսանութերորդ և վերջին: Վերջին գիշերը: Նահանջ բյուրոց» (Այրվող այգեստաններ)

Առաջին անգամը չէ, բայց բոլոր նշաններից երևում է, որ վերջին անգամն է, ինչ Արամը գիշերում է նահանգապետարանում։ Այս անգամ անհետաձգելի գործերը չեն, որ նրան ստիպել են լուսացնել գիշերը պաշտոնատեղում։ Այսօր նա այստեղ մնաց, որպեսզի չտեսնի ոչ ոքի երեսը, ավելին, որպեսզի ոչ ոք չտեսնի իր երեսը։

Նա փակեց դուռը ներսից, չվառեց ոչ մեծ, ոչ փոքր նավթալամպերը, նստեց գրասեղանի մոտ և մի ծխախոտ վառեց։ Գիշերվա մեջ ինքն էլ մի գիշեր՝ սևակնած սրտով ու խոհերով, նա խորը շնչեց ծխախոտի ծուխը, հետո մխացող ծխախոտը խեղդեց մոխրամանում, արմունկները հենեց սեղանին, երկու ձեռքով բռնեց գլուխը՝ կարծես ուսերի վրա պահելու մտահոգությամբ։ Տնքում էր գլուխը։ Վերջին օրերի հուզումները տեղահանել էին նրան։

«Մի՞թե այսպես պիտի վերջանար ամեն ինչ,– մտածում է Արամը,– և մի՞թե անխուսափելի էր այս վախճանը։ Տասնյակ տարիներ շարունակ տանջանք ու չարչարանք, անքուն, լարված ջանք ու աշխատանք, բանտ ու փախուստ, զոհ ու զոհաբերություն, ծանր, բայց հաջողությամբ պսակված քսանյոթօրյա մի հերոսամարտ․․․ և այս ամենը հանուն յոթանասունվեց օրվա ազատ կյանքի ու ազատության։ Եվ այն է սարսափելին ու զարհուրելին, որ երևի միայն Վանն էր, որ կռվեց, դիմացավ, հաղթեց և վայելեց յոթանասունվեցօրյա մի ազատ անկախություն կամ անկախ ազատություն․ մյուս հայաշատ նահանգները սրի քաշվեցին կամ տեղահանվեցին։ Ու եթե վանեցիներն իրենց ազատության յոթանասունվեց օրերը ասպետական առատաձեռնությամբ բաժանեն Տաճկահայաստանի բոլոր հայկական նահանգների, քաղաքների ու ավանների վրա, ամեն մեկին ազատության քանի՞ օր կհասնի, քանի՞ ժամ․․․

«Մեծ ոգորումների, մեծ զոհերի ու երազների չնչինագո՛ւյն վարձատրություն։

«Իսկ հիմա գաղթ, նահանջ, տեղահանություն։

«Մի՞թե մենք ենք մեղավորը այս մեծ աղետի համար, հեղափոխականները, հեղափոխականներ՝ ներառյալ վեղարավոր Մկրտիչ Խրիմյանը, Մկրտիչ Փորթուգալյանը, Մկրտիչ Ավետիսյանը՝ որոնք, բարեբախտաբար, դաշնակցականներ չեն եղել և որոնք առաջինն են հնչեցրել ազատագրական պայքարի զանգերը։ Ի՞նչ են արել դաշնակցականները․ նրանք պարզապես շարունակել են այս երեք ոչ դաշնակցական Մկրտիչների գործը մի նոր դրոշակի տակ, վարել են ղեկը ավելի ուժեղ բազուկներով ու երբ հաջողություններ են եղել, նրանք ոգեկոչել են երեք Մկրտիչների սկսած գործը, նրանց գործի վեհությունն ու մեծությունը, իսկ երբ անհաջողության են հանդիպել, բռնել են մեր օձիքները։– Այս ի՞նչ պայքարի ձև է,– մտածում է Արամը,– ծառը փառաբանել և նզովել նույն ծառի վրա հասած պտուղները․․․ Ինչո՞ւ չեն բռնում թղթե ու երկաթե շերեփների տեսաբանի օձիքը, չէ՞ որ իրենց արածը ոչ այլ ինչ է եղել, եթե ոչ թղթե շերեփը փոխարինել երկաթե շերեփով․․․ Ու եթե․․․ ու եթե պարտվեր Վանը, թուրք ասկյարներն ու խուժանը ճեղքեին պատնեշները և սրի քաշեին ամբողջ վանությունը, մի՞թե նույն պահպանողականները չպիտի մեղադրեին իրեն և իր կուսակցությանը։ Իսկ երբ Վանը հաղթեց, համեցեք, ուզում են հաղթանակի դափնիներով պսակել ոչ թե իր կուսակցության, այլ բոլո՛ր կուսակցությունների, ներառյալ նաև չեզոքների ճակատը․․․ Մի՞թե արդար գործ է սա։

«Եվ այնուհետև․– Մի՞թե իր կուսակցությունն ինքնակոչների մի թաբուն էր, մի խմբակցություն, որ մտավ հայ ժողովրդի մեջ՝ նրա հանգիստը խռովելու, նրան վնասելու, անպայման վնասելու համար, ինչպես շատ անգամ պնդել են Պոլսի և Թիֆլիսի հայկական մամուլում գործող պահպանողական գրիչները։ Չէ՞ որ այսպես գրելը, ավելին, այսպես մտածելն անգամ անբարեխղճություն է։ Ինչպե՞ս կարելի է ժողովրդին ոչխարի տեղ դնել և մտածել, որ ժողովուրդը կարող է գնալ իր դահիճների ցույց տված ճանապարհով միայն և անպայման զոհվելու համար։ Չէ՞ որ սա աբսուրդ է, թյուրիմացություն։ Չէ՞որ ժողովուրդն ինքն իր ծոցից է ծնում կուսակցությունները և եթե նրանցից մեկն ու մեկը դառնում է առաջատար, դա նշանակում է ժողովուրդը նրան է հավատում, նրան է վստահում իր ճակատագիրը։ Իր կուսակցությունը եղել է ամենաժողովրդականը, այսպես է եղել ոչ թե Զավարյանի, Ռոստոմի կամ Վռամյանի կարգադրությամբ ու հրամանով, ոչ, ժողովուրդն է ուժ ու կորով տվել նրան, դարձրել առաջավո՛ր, առաջապա՛հ․․․

«Գալով նրա ղեկավարներին․․․ նրա ղեկավարները մեղադրվել են և մեղադրվում են ռոմանտիզմի մեջ։ Այս ի՞նչ զարմանալի գազան է, ռո՛-մա՛ն-տի՜զմ․․․»։

Արամը վեր կացավ տեղից, խավարի մեջ երկու անգամ չափեց գորգապատ հատակը, անհաստատ քայլերով քայլեց ետ ու առաջ ու փլվեց բազմոցին։

«Լա՜վ ռոմանտիկա է, խոսք չկա։ Մի մեծ ժողովուրդ իր սեփական հողի վրա՝ լծի տակ, իր սեփական տանն ստրուկ ու գերի, եկվորը՝ տեր, տանտերն իրավազո՛ւրկ, ճո՛րտ, գրա՛ստ․․․ ու երբ գրաստը հիշել է իր մարդեղենությունը և համարձակվել կանգնել երկու ոտի վրա, պետական մականով տվել են գլխին, որպեսզի տքնի, աշխարհին նայի և քայլի չորեքթաթ։ Ռոմանտի՜զմ։ Ի՞նչ անեին Իսրայել Օրիներն[1]Իսրայել Օրի (1659-1711), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, սկզբնավորել է հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի ռուսական կողմնորոշումը։ ու Դավիթ բեկերը[2]Դավիթ Բեկ (?-1728), զորավար, իրանական խաների և թուրքական նվաճողների դեմ Սյունիքի ազատագրական շարժման առաջնորդ։ Հայ ժողովրդի փրկությունը կապել է ռուսական կողմնորոշման հետ։, Մկրտիչներն ու Պետոները, Րաֆֆիները ու մերօրյա մեռած ու կենդանի ղեկավարները, հատուկ դասընթացնե՞ր բանային գայլերին խոտակերության վարժեցնելու, բորենիներին մարդասիրական ոգով դաստիարակելու համար․․․»

– Ռոմանտի՜զմ,– մռմռում է Արամը քմծիծաղով։

«Եվ այդ ո՞ր օրվանից է, որ ստրկությունն ու ստրկամտությունն առաքինության և ողջախոհության հոմանիշ են, իսկ հոգևոր սթափությունն ու ոգևոր ըմբոստությունը՝ ռոմանտիզմ ու արկածախնդրություն։ Ավելի լավ չէ՞ մեռնել որպես արծիվ, քան թե ապրել որպես խխո՛ւնջ, ո՛րդ, ճիճո՛ւ․․․ Մի՞թե արևի և լույսի համար ծնված մի ժողովուրդ երկար կամ հուր-հավիտյան առասպելական Մհերի նման փակված պիտի մնար մութ քարանձավում և վերածվեր բորբոսի ու աճյունի, հուշ դառնար ոչինչ չմոռացող մարդկության համար՝ Բաբելոնի և Ասորեստանի հար և նման։ Ոչ, մեր գործն արդար է և հաղթանակը․․․ հաղթանա․․․»։

Արամը շփեց ճակատը։ Անձնատուր իր խոհերին՝ նա մոռացել էր «ներկա մոմենտը» և այն, որ «ներկա մոմենտի» «արդար գործը» դա ոչ այլ ինչ է, եթե ոչ․․․ եթե ոչ այն, որ վաղ առավոտյան վանեցին պիտի բռնի գաղթի ճանապարհը՝ թողած իր տունն ու տեղը, մուլքերն ու այգին, օտար երկնքի տակ «ախ» անելու, հոգին քաղվելու գնով․․․ և որ այս ամենը «հաղթանակ» լինելուց շա՜տ, շա՜տ, շա՜տ է հեռու։

«Ինչպե՞ս պիտի լիներ, որ այսպես չլիներ և ընդհանրապես կարո՞ղ էր այլպես լինել․․․ Ինչ ճիշտ է՝ ճիշտ, երկրի գործիչները դեմ են եղել կամավորական շարժմանը, բայց մի՞թե եթե չլիներ կամավորական շարժումը, եթե նույն կամավորները կռվեին ռուսական կանոնավոր բանակի շարքերում, չէր ստեղծվի նույն այս կացությունը։ Ավելին, եթե իրենք չմտնեին այս երկիրը, չմիջամտեին նրա գործերին և թողնեին, որ Թուրքահայաստանի ազատագրական պայքարը տապակվեր իր յուղով, մի՞թե մի բան կփոխվեր․․․ Իհարկե ոչ։ «Փոքր հանցանքի» թե «մեծ հանցանքի» համար՝ նույնը պիտի լիներ թուրքի դատավճիռը,– մա՛հա՛պա՛տի՛ժ։– Արամը կրկնեց լսելի ձայնով,– մա՛-հա՛-պա՛-տի՛ժ, մահապատիժ մի աբողջ ժողովրդի․․․

«Այդ թուրքերը,– շարունակեց մտածել Արամը,– տեղի-անտեղի մի բան են պնդում, որ իրենք հայերի հետ ապրել են եղբայրների պես մի զարմանալի, փոխադարձ սիրով և որ «անիծյալ կոմիտաջիներն» էին մեղավոր, որ երկու ժողովուրդները լարվեցին իրար դեմ։ Եթե նրանց համար թանկ էր ու ցանկալի երկու ժողովուրդների համակեցությունը, չէի՞ն կարող նրանք բռնոտել այդ «կոմիտաջի» կոչված գազաններին, կախաղան բարձրացնել, ոչնչացնել և երկրի վրա հաստատել․․․ օսմանյան դրախտ, որի վրա ծածաներ ժողովուրդների եղբայրության դրոշը։ Կարող էին։ Իսկ ինչո՞ւ այդպես չվարվեցին․․․ Մի՞թե պարզ չէ։ Նրանք մտածեցին, որ հասել է ժամանակը՝ ազատվելու այս անմարսելի ժողովրդից, որը ոչ մի կերպ չի մոռանում, որ մի ժամանակ ինքն է եղել տերն ու տիրականն այս երկրի, գուրգուրում է իր դարավոր հուշարձանների, վանքերի, ավանդությունների, լեզվի ու վկայությունների վրա և չի կարող չգուրգուրել այն միտքը, որ մի օր չէ, մի օր․․․ Ահա՜ թե ինչու իր «հիվանդի» գլխացավը բուժելու, նրա իրավունքները ճանաչելու փոխարեն և ընդհանրապես գլխացավանքից ազատվելու համար, նա որոշեց կտրել․․․ «հիվանդի»․․․ գլուխը․․․»։

Արամը վեր կացավ, մոտեցավ սեղանին, շոշափելով գտավ ծխախոտի տուփը, լուցկին և նորից մի ծխախոտ վառեց։ Լուցկու աղոտ լույսի տակ մի րոպե երևաց նրա գունատ դեմքը, ապա նորից անհետացավ խավարում։

«Ինչպես ամեն մարդ, այնպես էլ երևի ամեն ազգ իր ճակատագիրն ունի,– մտածում է հիմա Արամը պատուհանի դեմ կանգնած, դառն ծուխը կուլ տալով,– ինչպես երևում է, հայ ժողովրդի ճակատին այս էր գրված, բնաջնջվել, տեղահանվել․․․ Այն ո՞վ էր ասել, հայը մի անգամ էլ պիտի մեռնի, որպեսզի ապրի[3]Վերհիշեցումն է Փարամազի բառափոխված ասույթի։, կամ նման մի բան։ Երևի այս այն մահն է, որից հետո․․․ որից հետո հայը պիտի ապրի՞․․․»:– Մի բան չի հասկանում Արամը, մեռնելուց հետո ինչպե՞ս կարելի է ապրել, մահից հետո ի՞նչ կյանք, գուցե հանդերձյա՞լ կյանք, որին Արամը չի հավատացել․․․

Օդը խեղդուկ էր դառնում։ Արամը նոր վերահասու եղավ, որ իր առանձնասենյակի մի խորշում մի ծղրիդ է սվում, սվսվում, ծվում, ծվծվում։ Այգեստանների լուսնկա, կանաչ գիշերների այդ երգչի ձայնը շատ անգամ էր լսել Արամը, այս անգամ գիշերային այդ մեղեդին նրան թվում է աղաչավոր և սրտակեղեք։ Արամը գիտե և այն, որ ծղրիդները չեն երգում, նրանք շփում են իրար իրենց թևիկները և այդ շփումից էլ ստացվում է նման զարմանալի մի երգ։– Զարմանալին այդ երգը չէ,– անդրադառնում է Արամը,– զարմանալին այն է, որ ես հիմա մտածում եմ նման բաների մասին․․․

…Քնել էր երևի, ոտները հատակին, բազմոցին ընկած։ Քուն չէր դա, նիրհ էր ու թմրություն, լարված ջղերի ժամանակավոր նահանջ։– Նա՛-հա՜նջ-նա՛-հա՜նջ-նա՛-հա՜նջ,– այս անգամ ճռռում է ծղրիդը, ասես թե վերադառնալով և Արամին վերադարձնելով բուն նյութին։ Իսկ Արամը չի ուզում վերադառնալ «բուն նյութին»։ Արամը հոգնել է, հոգնել՝ մահու չափ։

Նա վեր կացավ, մոտեցավ դռանը։ Բանալին ոլորեց, բացեց դուռը և դուրս եկավ պատշգամբ։ Գիշերային թարմ հովը շոյեց նրա խոնավ ճակատը, և նա շնչեց ամբողջ կրծքով, արտաշնչեց, ու այդ էլ շատ էր նման հառաչանքի։

Պատշգամբը շատ էր երկար, պատշգամբը ձգվում էր հյուսիսից հարավ, ապա թեքվում դեպի արևելք։ Դեմը Երամյան վարժարանն էր, քաղաքի հպարտություններից մեկը, որը հիմա ասես կծկվել է, փոքրացել։ Հարավահայաց պատշգամբի առաջ փռված են լուսնով ողողված այգեստանները։ Արամը գրպանից դուրս քաշեց արծաթյա բարակ շղթայով ամրացված ժամացույցը և լուսնի լույսով նայեց ժամը։ Կեսգիշերը վաղուց էր անցել, սակայն քաղաքում չէր թագավորում գիշերային սովորական լռությունը։ Լսվում էին դռների բացվելու և փակվելու ձայներ, մոտ ու հեռու կանչեր, կարգադրություններ, հայհոյանք․․․

Երկու հոգի, արագ ու գործնական քայլերով անցան Երամյան դպրոցի մոտով և դուրս եկան մեծ պողոտան։– «Մեր սխալն այն էր, որ․․․»,– հասավ Արամի ականջին և մնացյալը չլսեց։ Արամը շատ կուզենար լսել, թե, հիրավի, ո՞րն էր «մեր սխալը»։ Եվ ո՞վ կարող է ցույց տալ հողագնդի վրա մի անսխալական ադամորդի, մի անսխալական խմբակցություն, մի անսխալական կուսակցություն։ Չի սխալվում նա, ով չի գործում, չի սայթաքում, ով չի քայլում։ Իհարկե, հիմա, երբ փակվեց հայոց տարաբախտ պատմության այս էջը, չի կարող չլինել վերանայում և վերագնահատում։ Թող գա՛ն այդ նոր սերունդները, մեր հաջորդները, վերանայեն ու վերագնահատեն, թող գան ու խարո՛ւյկ բարձրացնեն մեր գործն ու անունը, բայց թող չմոռանան, թե որքան տանջվել ենք մենք ու տառապել հանուն մեր գործի։ Թող չմոռանան ու հիշեն «այն փոքրերի մասին, որ մեծացան վշտով, ու այն մեծերի մասին, որ փոքրացան եղեռնով», ու թող հիշեն, վերջապես, որ այսօրվա տանջանքը՝ մայրն է մեր պարծանքի, այսօրվան տանջողը՝ նախատինքը գալող սերնդի։

Հուլիսյան անհուն, անսահման գիշեր։ Խուլ աղմկում է քաղաքը, վիրավոր մրջնանոցի նման եռուզեռում։ Վաղը, ճիշտ այս ժամին, քաղաքը դատարկված կլինի, մեծ ու փոքր տներում ոչ մի շունչ, իսկ առավոտյան չի բացվի ոչ մի դուռ, ոչ մի պատուհան։ Ոչ մի տնից ոչ մի ծուխ։ Քաղաքի տերերը, մեծ ու փոքր, քշված անանուն մի հողմից, ընկնելով-կանգնելով, դիակներ թողնելով ճանապարհին, կքայլեն դեպի հյուսիս․․․- «Այս այն է,– մտածում է Արամը,– մի երկարաձի՜գ, երկարաձի՜գ քարավան՝ բարձած արցունքով»։

(Փակագիծը լավ բան է, մինչև անգամ երբ խոսքը վերաբերում է ծանր գործերին։– «Վանեցին չի թողնի Վանը, վանեցին գործ չունի ոչ գաղթի, ոչ նահանջի հետ,– այսպես որոշեց վանեցին և նրա հետ համակարծիք կարծիքի էին և՛ նահանգապետը, և՛ կամավորական պետերը, և՛ Վան ժամանած ոչ վանեցիները։– Այս նպատակին հասնելու համար ի՞նչ պիտի անել, ընկերներ։ Այս նպատակին հասնելու համար, ընկերներ, մենք պետք է դիմենք ամենայն Հայոց կաթողիկոսին, ընկերներ, կաթողիկոսը դիմի Կովկասի փոխարքային, իսկ մենք՝ այստեղ, ռուսական շտաբի պետ՝ զորավար Նիկոլաևին․․․ որպեսզի թույլատրեն, ընկերներ, որ վանեցին դուրս գա Վանից․․․»[4]Եղել է այլընտրանքային ավելի կարճ ուղի, որի իրականացման համար հայկական կամավորական գնդերը պետք է անհնազանդություն հայտնեին ռուսական հրամանատարությանը։ Այդ տարբերակի մասին գրել է Լեոն․ «Վանը չէր լքւում։ Կռռւելու ընդունակ ազգաբնակութիւնը պիտի պաշպանէր քաղաքը, հայ կամաւորական գնդի հրամանատարը համաձայնութիւն էր տալիս, որ գունդն էլ մնայ քաղաքում եւ միանայ քաղաքացիներին։ Հարկաւոր էին, ուրեմն, ժիր ու գործունեայ մարդիկ, որ իսկոյն գործի կպչէին։ Գովուած ու հերոսացած Արամն ու իր կուսակցական ընկերներն այդպիսի մարդիկ դուրս չեկան։ Միւս օրը … կարդալ ավելին։ Մինչ կկայանար այս իմաստուն որոշումը, ռուսական շտաբի դռան վրա մի թղթի կտոր երևաց, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ՝ ռուսերեն և հայերեն տառերով ու բառերով մի հրաման, ըստ որի․․․ բայց ավելի լավ է չշարունակենք):

«Այո,– մտածում է Արամը,– ըստ երևույթին ես ճիշտ այնպես նահանգապետ եմ հիմա, ինչպես օսմանյան պառլամենտի անդամ էր լուսահոգի Վռամյանը։ Ի՞նչ է կատարվում, ի՞նչ է սա, գա՞ղթ, նահա՞նջ։ Եթե գաղթ է, ինչո՞ւ պիտի վանեցին, քաղաքացի թե գյուղացի, թողնի իր տունն ու հողը և բռնի Ռուսաստանի ճանապարհը, ինչո՞ւ գաղթի, դառնա գաղութ ու գաղթական․․․ Իսկ եթե նահանջ է․․․ Ի՞նչ նահանջ, ո՞ր գրոհող ուժերի դեմ։ Ռուսական սվինի շողքից իսկ սարսափահար թուրքը շնչահատ վազքով նահանջում է դեպի արևմուտք․․․ նահանջն ա՛յս է, հասկանալի, հարկադրական նահանջ։ Ռուսական այրուձին դոփում է Երզնկայի դռների մոտ, իսկ Վանը պիտի նահանջի․․․ Մի՞թե պարզ չէ, որ սա խաղ է, որ խաղում է միապետական մի մեծ պետություն՝ փոքր, անպաշտպան մի ժողովրդի գլխին․․․ Հայաստան՝ առանց հայերի, այսինքն՝ ո՛չ մի Հայաստան,– ահա Պետերբուրգում նստած Նիկոլայի և Վանում կանգնած Նիկոլաևի կամքը, նրանց քաղաքականության զարհուրելի իմաստը։ Եվ ինքը, Վանի նահանգապետը, այսինքն«գուբերնատորը», ստիպված կրկնեց Նիկոլաևի հրամանը, որպես․․․ նահանգապետարանի որոշում, որից հետո․․․ որից հետո նահանգը վերածվեց նահանջի, նահանգապետարանը՝ նահանջապետարանի, իսկ ինքը, նահանգապետը՝ նահանջապետի ․․․

«Ոչ, նահանջ չէ՛ սա, սա տնաքանդություն է»,– չկարողանալով զսպել իրեն, բարձրաձայն բացականչեց Արամը ծեծելով սյունը, որին հենել էր գլուխը։ Նրան վերջնականապես հանեց հավասարակշռությունից այն, երբ նկատեց, որ Սանդի փողոցից երկարում է գիշերային ուրվականների երկսեռ մի երամակ։ Նրա ականջին հասան կից-կտուր խոսակցության, իրար համոզող, սրտապնդող, հրամայող ձայներ։ Մի եզ բառաչեց,– «անտե՜ր, հո՜»,- լսվեց չքնած մարդու խռպոտ մի բացականչություն, մի սայլ ճռռաց, հետո․․․

Արամը փակեց աչքերը՝ չտեսնելու համար, ուզեց փակել ականջները՝ չլսելու համար․– «Արդյունքը, ահա՜ արդյունքը մեր բազմամյա ոգորումների»,– բացականչեց նա նորից, բայց նրա մտքերն ուրիշ ընթացք ստացան։– «Ոչ, ոչ, ճիշտ է եղել մեր բռնած ճանապարհը,– տագնապեց նա, ասես մեկին հակաճառելով,– ճիշտ է եղել մեր ճանապարհը, բարձր և ազնիվ նպատակներով մենք ընկանք ճանապարհ, բայց հնարավոր է, որ այդ ճիշտ ճանապարհին, կամա թե ակամա, գիտությամբ թե անգիտությամբ, գործեցինք գուցե և ճակատագրական սխալներ։ Գուցե ավելի նվազ լիներ զոհերի թիվը, բայց միևնույնն է, բոլոր մեծ ու փոքր գումարելիների գումարը անխուսափելիորեն այս պիտի լիներ։ Ո՞վ կարող էր տեսնել, նախատեսել այսպիսի զարհուրելի վերջաբան։ Մենք աստվածներ չենք եղել, մենք մարգարեներ չենք եղել, մենք սխալված գործիչներ ենք, կենդանի ու մեռած նահատակներ և մարտիրոսներ, մենք․․․ թող գա այդ գալիք, նորոգ պատմությունը, թող գան սերունդներ, ստեղծեն նոր, լուսավոր մի պատմություն, առանց կրկնելու մեր սխալները, լինեն ավելի զգաստ, սթափ, հեռատես, դիվանագետ․․․ լինեն, մանավանդ, դիվանագե՜տ, դի՛-վա՛-նա՛-գե՜տ, երբ շրջապատված են դևերով և բորենիներով․․․»։

Արամը նոր միայն վերահասու եղավ, որ աղմուկը փողոցում ավելի ու ավելի աճում էր և որ արևելքում բացվում էր մի աղոտ աղոթարան։ Գաղթականի ցուպի երկու երկարության չափ լուսաստղը վեր էր բարձրացել Վարագա սարից, Վարագա սարը կապտել էր, իսկ Շուշանցն ու Կարմրավորա վանքը ծածկվել էին սպիտակ մշուշի հալչող գոտիով։ Աճում էր աղմուկը փողոցում, և ասել, թե սովորականի նման աշխուժանում էր անցուդարձը՝ սխալ կլիներ, որովհետև անցուդարձ գոյություն չուներ, կար անց, առանց դարձի։Լուսնալույսի և այգաբացի մշուշի միջով, Սանդիփողանից դեպի քաղաքը կիսող Խաչ-փողանի պողոտան հոսում էին խայտաբղետ, ասես մառախուղի ու փոշու մեջ լողացող մեծ ու փոքր խմբեր, ամեն տարիքի կանայք, տղամարդիկ, քնազրկված, լացող, տրտնջացող երեխաներ, տնային կենդանիներ, եզաքաշ կամ մարդաքաշ սայլեր ու ձեռնասայլակներ, գյուղացի, քաղաքացի, ձեռներին, անութների տակ մեծ ու փոքր կապոցներ, շալակներին ինչ-որ հարմարեցված ծանրություններ կամ պարզապես նորածիններ․․․ – Սա ոչ գաղթ է, ոչ նահանջ,– մտածեց Արամը,– սա խուճապ է, տնավեր, տնաքանդ խուճապ։ Իսկ եթե․․․

Իսկ եթե փողոց նետվի, կանգնի այս պղտոր հեղեղի դեմ և գոռա ամբողջ կոկորդով,– վանեցինե՛ր, ժողովո՛ւրդ, ո՞ւր եք գնում, ե՛տ դարձեք ձեր տները, նորից վառեք ձեր պապենական օջախները, բացեք ձեր եկեղեցիներն ու դպրոցները, խանութներն ու արհեստանոցները․․․ ուշ է, ուշ է,– մոլեգնում է Արամը,– պատմության անիվը ետ չես դարձնի, Վանը, Վասպուրականը, հողը, երկիրը ձեռքից գնում է․․․

Եվ ո՞ւր, ո՞ւր է դիմում այս մոլորված, տեղահան, խուճապահար ժողովուրդը, ո՞ր լուսավոր ափերի կարոտով լողում է փոթորկահույզ կյանքի ծովում նրա մութ ճակատագրի խարխուլ առագաստանավը, և սպասո՞ւմ է նրան մի փրկարար նավահանգիստ, թե՞ անձրևից փախչելով՝ հեղեղի պիտի հանդիպի, գայլից մազապուրծ՝ արջի թաթի տակ չպիտի դնի իր գոյությունը, իր գոյության մնացորդացը։ Մի հրաշք, մի չսպասված, անկարելի մի հրաշք կարող է փրկել այս ժողովրդին,– մտածում է Արամը,– չսպասված մի կողմից պիտի ծագի փրկության արև, չսպասված մի կողմից չսպասված մի արև․․․

Արամը կտրվեց փողոցից և մի վերջին հայացքով ընդգրկեց լուսաբացի ոսկեփոշում լողացող այգեստանները։ – Մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ։ Ի՞նչ բարով, էլ բարի՞ մնաց․․․- Նրա աչքի առաջով անցան անցած օրերը, Իշխանին տեսավ ասես կենդանի ու Վռամյանին․․․ Գնացին ու տարան իրենց հետ ամեն ինչ ու թողին իրեն այս ահավորած, այս ավերակվող նախկին երկրային դրախտը, որը հիմա վերածվել է մի դժոխքի․․․ մարտը տանուլ է տրված, վա՜յ հաղթվածներին[5]․․․

Արամը հենվեց պատշգամբի բազրիքին։ Նա զգաց, որ օդը քիչ է, ուզեց շնչել ամբողջ կրծքով, բայց չկարողացավ, նրա ուսերը ցնցվեցին և նա, առաջին անգամ իր կյանքում, լացեց աղի, անզոր, շիկացած արցունքներով։

Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ
1 Իսրայել Օրի (1659-1711), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, սկզբնավորել է հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի ռուսական կողմնորոշումը։
2 Դավիթ Բեկ (?-1728), զորավար, իրանական խաների և թուրքական նվաճողների դեմ Սյունիքի ազատագրական շարժման առաջնորդ։ Հայ ժողովրդի փրկությունը կապել է ռուսական կողմնորոշման հետ։
3 Վերհիշեցումն է Փարամազի բառափոխված ասույթի։
4 Եղել է այլընտրանքային ավելի կարճ ուղի, որի իրականացման համար հայկական կամավորական գնդերը պետք է անհնազանդություն հայտնեին ռուսական հրամանատարությանը։ Այդ տարբերակի մասին գրել է Լեոն․ «Վանը չէր լքւում։ Կռռւելու ընդունակ ազգաբնակութիւնը պիտի պաշպանէր քաղաքը, հայ կամաւորական գնդի հրամանատարը համաձայնութիւն էր տալիս, որ գունդն էլ մնայ քաղաքում եւ միանայ քաղաքացիներին։ Հարկաւոր էին, ուրեմն, ժիր ու գործունեայ մարդիկ, որ իսկոյն գործի կպչէին։ Գովուած ու հերոսացած Արամն ու իր կուսակցական ընկերներն այդպիսի մարդիկ դուրս չեկան։ Միւս օրը նահանգապետը (Արամը) մունետիկ է պտտեցնում քաղաքում եւ յայտարարում, որ ամէն մարդ իր գլխի ճարը տեսնէ։ Եւ սկսւում է աներեւակայելի խելագար տեսարանը՝ դաշնակցական խուճապը, ուրիշ խօսքով՝ քառասմբակ փախուստ սեփական կաշին ազատելու համար։ Եւ այդպիսի փախուստի մատնում էր ոչ միայն Վանը, այլեւ ամբողջ Վասպուրականը»(Թուրքահայ յեղափոխութեան գաղափարաբանութիւնը, Փարիզ, 1935, էջ 175)։ Որ Վանի հայությունը կարող էր չդիմել համընդհանուր փախուստի, վկայում է փաստը, որ քաղաքի բնակիչներից 25 հազարը խուճապի ալիքից հետո վերադարձել են Վան, իսկ Վանի նահանգապետարանը, առանց Ա․ Մանուկյանի և ռուսահայ խորհրդատուների, շարունակել իր գործունեությունը։ Վանը վերջնական հայաթափվել է 1918 թ․՝ մոտեցող թուրքական բանակի սպառնալիքն աչքի առաջ ունենալով։