Ժողովրդի սերը՝ երկնային դրախտ. Վարդան Մամիկոնյանը ֆաշիստների դեմ ռազմաճակատում

 

1941 թվականին Խորհրդային Միության վրա Ֆաշիստական Գերմանիայի հարձակումից հետո խորհրդային կյանքի բոլոր ասպարեզները ֆաշիզմի դեմ բացեցին կռվի իրենց ճակատը։ «Հայրենական» անունը ստացած այս պատերազմի մեկնարկից ամիսներ անց ՍՍՌՄ գիտությունների ակադեմիայի հայկական ֆիլիալը սկսում է հրատարակել «Հայաստանի զավակների մարտական սխրագործությունները» մատենաշարը։ Սրանք գրպանի չափով տպված փոքրիկ գրքույկներ էին՝ հատուկ ռազմաճակատ ուղարկելու համար։   

Խորհրդահայ զինվորին ուժ ու կորով հաղորդելու, մարտական սխրանքների մղելու մտքով հրապարակվող այս շարքի մեջ է նաև գրականագետ Հրայր Մուրադյանի Վարդան Մամիկոնյան գրքույկը, որից մի հատված է ներկայացվող վավերագիրը։ Հեղինակը գրքույկի նախընթաց էջերում պարզաբանում է Վարդանանց ապստամբության առիթը. «Վարդանի համար պարզ էր, որ հայերի գլխին կախված վտանգը ոչ միայն քրիստոնեական կրոնից զրկվելու վտանգն էր, այլև հայ ժողովրդի ազգովին ոչնչանալու վտանգը»։ Կրոնական մարտի հայրենական այս շեշտն է, որ հնարավորություն է տալիս այնուհետ իբրև «արդար կռիվ»՝ զուգահեռ անցկացնել Ֆաշիստական Գերմանիայի դեմ խորհրդահայ մարտիկների պայքարի և հինգերորդ դարում հայերի մղած ճակատամարտի միջև։ Կռվի այս բարոյական կողմը՝ դրա արդար լինելն ինքնին ուժ է Մուրադյանի տեքստում. Ավարայրի ճակատամարտը, ուր հայերը բուն իմաստով պարտություն են կրել, գրքույկի ներկայացվող վերջաբանում ի հայտ է գալիս իբրև Հազկերտի համար «դառը փորձ»։ 

Բռնակալին դաս տալու պատմական այս զուգահեռի առաջին պլանում է Վարդան Մամիկոնյանը, ում ոչ միայն գործը, այլև մահը  պետք է ոգեշնչեր խրամատում գրքույկն ընթերցող զինվորին։ Սպարապետի մահը տեքստում անմահությա՛ն ճանապարհ է, քանի որ հերոսն «անմահ փառքի» է արժանացել իր ժողովրդի սրտում․ սա է նրան դարձնում «իսկական ժողովրդական հերոս»։ Եղիշեն ինքը վարդանանց մահն իր երկում վերամտածում է արմատապես քրիստոնեական տրամաբանությամբ ՝ «մահ իմացեալ՝ անմահութիւն»․ այստեղ ուխտի միաբանությունը կնքած առաքինի հայերն իրենց նահատակությամբ հանդերձյալ կյանքի են արժանանում և դրանով անմահանում։ Մուրադյանի գրքույկում, փաստորեն, Ժողովրդականությունը, ժողովրդի սերն են բռնում Քրիստոսի խոստացած երկնային կյանքի երանավետ պատկերի տեղը։

Հրապարակվում է հատվածաբար, ըստ՝ Հր. Մուրադյան, Վարդան Մամիկոնյան (Երևան։ ՍՍՌՄ գիտությունների ակադեմիայի հայկական ֆիլիալ, 1943), էջ 32-34, 37-38։

 

Վարդան Մամիկոնյան

 …․ Գոռոզ  և անբարտավան Հազկերտը շփոթվեց։ Նա շտապեց ուղղել իր «սխալը»։

         Շուտով հրաման ուղարկվեց Մուշկան Նիսալավուրտին դադարեցնելու պատերազմական գործողությունները։ Դառը փորձով Հազկերտ բռնակալը համոզվեց, որ իր ձեռնարկությունն անմտություն է։ Նման անմիտ և անպտուղ փորձեր էին արել նաև նրա նախորդները՝ Շապուհ II-ը և Հազկերտ I-ը։ Այս ամենը մի բան էր ապացուցում, այն, որ անհնարին է ընկճել մի ժողովրդի, որը սրով էր հաստատել իր գոյության պատմական իրավունքը։ Հիրավի, ինչո՞ւմն էր հայերի անպարտության գաղտնիքը, այն միասիրտ ու միահամուռ դիմադրության մեջ, որ նրանք հանդես բերեցին ընդդեմ իրենց մահացու թշնամու։

         Ինչպես միշտ, այս անգամ էլ հայ ժողովուրդն առաջնորդվեց բարեկամին սիրով, թշնամուն սրով արդար սկզբունքով։ Արդար կռվի համար մերկացրած սուրն ահեղ է ու անողոք։ Այդ արդար և անողոք սրով Վարդան Մամիկոնյանը պաշտպանեց իր հայրենիքը։ Իսկ դավաճան Վասակ Սյունեցին իր «ծառայությունների» փոխարեն ոչ թե հայերի վրա թագավոր  կարգվեց, այլ ամոթալի մահվան դատապարտվեց հենց նույն Հազկերտ բռնավորի ձեռքով, և վաստակեց սերունդների արհամարհանքն ու նախատինքը։

         Մեռավ Վարդանը, բայց ապրում է Հայաստանը, ապրում է հայ ժողովուրդը, և նրա մշտաբորբոք սրտում հավերժորեն կապրի Վարդանի ու նրա քաջերի հիշատակը։

         Հայ ժողովուրդը երախտագետ ժողովուրդ է։ Միշտ էլ նա արժանի հարկ է հատուցել իր երախտավորներին, իր հերոս զավակներին, պարծեցել է նրանցով, փառաբանել և մեծարել է նրանց։ Վարդանի անունը թերևս ամենաժողովրդականն է բոլոր ականավոր հայ անուններից։ Հայ գրականության և մասնավորապես պոեզիայի էջերը հարուստ են հերոսին փառաբանող գողտրիկ բանաստեղծություններով։

….

         Սակայն, այս բոլորից առաջ և այս ամենից ավելի, Վարդան զորավարի փառքն ու հռչակը սերնդե սերունդ ավանդել է մեծ պատմիչ Եղիշեի գիրքը Վարդանանց պատերազմի մասին։

         Եղիշեն եղել է այդ պատերազմի ականատեսը։ Իբրև ստեղծագործական վիթխարի կարողություններով օժտված հայրենասեր երգիչ, նա բուռն խանդով փառաբանել է Ավարայրի հերոսին։ Եղիշեի անմահ գիրքը բոցավառ հայրենասիրության անսպառ աղբյուր է հանդիսացել սերունդների համար։

         Այսպես է ստեղծվում իսկական ժողովրդական հերոսի անմահ փառքը։

         Մահ կա, որ հազար կյանք արժե։ Դա հերոսական մահն է։ Ահա այդպիսի հերոսական մահ ընդունեց Վարդան Մամիկոնյանը և հենց դրանով էլ անմահացավ։ Վարդան Մամիկոնյանը բառի բուն իմաստով ժողովրդական հերոս է։ Նա գլխավորեց այն սրբազան պատերազմը, որը պետք է վճռեր հայերի լինել-չլինելու հարցը։ Վարդան Մամիկոնյանն անհողդողդ մնաց իր դիրքերում։ Նրա հետ գնաց ժողովուրդը, որի տարբեր հատվածներին նա կարողացավ ձուլել պողպատի ամրությամբ, ազգային շահերի միասնության գիտակցությամբ։

         Սովետական ժողովրդի Հայրենական պատերազմի այս վեհ օրերին, Վարդան Մամիկոնյանի հերոսական կերպարը կանգնում է մեր առաջ որպես սիմվոլ հայրենասիրության և անձնազոհության և իր օրինակով մեզ մղում դեպի վերջնական հաղթանակ ֆաշիզմի դեմ։