1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո քաղաքական իշխանությունները կանգնած էին մշակութային հեղափոխության անհետաձգելի խնդրի առջև։ Արդեն 1920-ականների առաջին տարիներին ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում կենցաղը հայտարարվեց «կյանքի պահպանողական յերևույթներից մեկը»։ Կենցաղի գործնական հաղթահարումը, սակայն, անմիջապես երևան բերեց այդ ուղղությամբ սպասվող աշխատանքի բարդությունները։ 1920-ականների առաջին տարիներին իշխանության եկած հին մեծամասնականներն ի վիճակի եղան ընդունելու, որ կարճաժամկետ կտրվածքով աշխատող քաղաքական ուղիղ միջոցներից (քարոզչություն, հրահանգավորում, միջամտություն և այլն) հնարավոր չէ ակնկալել հաստատված կենցաղի փոփոխություն։ Այսպես, ավանդված վարքուբարքի ու կենցաղավարության տնտեսական հիմքերը վերաձևակերպելուն ու ըստ այդմ սոցիալ-հասարակական նոր հարաբերություններ հաստատելուն ուղղված երկարաժամկետ գործնական աշխատանքն ըմբռնվեց իբրև «կյանքի նոր ձևերը, նոր կենցաղը» (հանրային լվացքատներ, մանկապարտեզներ, հանրային սնունդ և այլն) կենսագործելու միակ երաշխիքը: Կենցաղի վերափոխմանն ուղղված 1920-ականների սկզբի համեմատաբար մեղմ քաղաքականությունները սակայն տասնամյակի կեսին՝ ստալինյան առաջին հնգամյակի մեկնարկով դարձան հիմնավորապես անընդունելի քաղաքական ղեկավարության համար։ Ստալինյան քաղաքականությունների պարագայում այլևս ոչ թե երկարաժամկետ գործնական աշխատաքն էր կենցաղի վերափոխման երաշխիքը, այլ նոր կենցաղի սկզբունքներն ամրագրող օրենքի քաղաքական պարտադրումը։ Կենցաղն օրենքին ենթարկելու ստալինյան այս քայլը ոչ թե վերափոխման, այլ հին կենցաղն արմատախիլ անելու խնդիր էր իր առջև դրել:
Ի տարբերություն քաղաքային մշակույթի մեծ ու փոքր կենտրոններ ունեցող Ռուսաստանի, Հայաստանում կենցաղի խնդիրն առաջ եկավ առավել սուր լարումներով. իբրև «ասիական» բնորոշվող տեղական կենցաղն ուղիղ հակադրության մեջ հայտնվեց արդիականացման խորհրդային մշակութային նախագծի հետ: Լարման այս տիրույթում էր ծավալվում թե՛ քաղաքական գործիչների աշխատանքը, թե՛ հին կենցաղավարությամբ ապրել շարունակող նոր՝ խորհրդային քաղաքացիների կյանքը, թե՛ ի վերջո այն արվեստագետների ստեղծագործությունը, որն արդեն պետք է ելներ նոր մշակույթ և նոր կենցաղ կառուցելու պահանջից՝ դառնալով Հայաստանում կյանքի արդիականացման նախագծի կարևոր ճակատներից մեկը:
Նոր՝ խորհրդային արվեստի ստեղծման տեսլականը, իրենց տարամետ դիրքորոշումներով հանդերձ, գործնականում կյանքի էին կոչում ինչպես ավագ սերնդի ոչ կոմունիստ արվեստագետները (Մարտիրոս Սարյան, Ալեքսանդր Թամանյան, Հակոբ Կոջոյան, Եղիշե Թադևոսյան, Գաբրիել Գյուրջյան և ուրիշներ), այնպես էլ ստալինյան քաղաքականությունների հաստատմանը զուգահեռ գեղարվեստական դաշտում ակտիվ դերակատարում ստացած բուն խորհրդային կրթական հաստատությունների ուսանողներն ու շրջանավարտները (ճարտարապետ-նկարիչներ Գևորգ Քոչարը, Կարո Հալաբյանը, Միքայել Մազմանյանը, նրանց հետագայում միացած Արա Սարգսյանը, Միքայել Արուտչյանը և այլք): 1920-ականներին նրանց միջև ծավալված բանավեճերն ի հայտ են բերում արվեստի և նոր՝ խորհրդային կենցաղի փոխհարաբերության շուրջ արմատապես տարբեր դիրքորոշումների երկուստեք պաշտպանությունը: Եթե առաջինները կենցաղի խնդիրները նախևառաջ ըմբռնում էին «ազգային ոճի» վերստեղծման օրակարգի անկյան տակ՝ անհրաժեշտ համարելով «մերձենալ» տեղական կենցաղին ու ճանաչել հին հայկական ոճերը, ապա երկրորդները շեշտը դնում էին արվեստի բացառապես «ներգործող տեսակների» վրա՝ նպատակ ունենալով ոչ թե մերձենալ կենցաղին, այլ «արմատական վերակառուցման» ենթարկել այն:
1920-ականներին մշակութային արդիականացման լարումներում հայտնված արվեստը կենցաղի ու քաղաքականության հատման խնդիրներն իրենց սրությամբ կրող զգայուն ոլորտ դարձավ։ Այն, թե ինչպես ու ինչ չափով էր 1920-ականների ընթացքում փոփոխվում արվեստին տրված՝ կենցաղն ու մշակույթը վերափոխելու ներուժը, ինքնին վկայությունն է, թե ըստ քաղաքական առաջնահերթությունների փոփոխության ինչպես էր վերաձևակերպվում հենց կենցաղի հարցը։ Այսպես, նոր կենցաղի ստեղծման քաղաքական պահանջն իբրև օրակարգային խնդիր սահմանած նոր՝ խորհրդային արվեստը դառնում է մշակութային արդիականացման խորհրդային նախագծի վերաբացահայտման բանալի։
Քաղաքականության և մշակույթի փեղեկվածությունն այսօր էլ շարունակում է մնալ քաղաքական մարտահրավեր: Ինչպես անցյալում, ներկայում ևս քաղաքական որոշումների ու օրենքների կիրարկումն անկախ դրա գործադրման քաղաքական վճռականությունից միշտ չէ, որ մշակութային փոփոխության է հանգեցնում: Որքա՞ն կարող է քաղաքականությունը մշակույթը վերափոխելու խնդրում ապավինել հենց քաղաքական միջոցների: Այս հարցն է արդիական դարձնում խորհրդային փորձը բացահայտելու և հետևողականորեն ուսումնասիրելու կարիքը: Այդ կարիքն է ուղղորդում վերամտածելու քաղաքականության կողմից իշխող մշակույթի ու կենցաղաձևերի կենսականության ուժն ընդունելու անհրաժեշտության հարցը: Քաղաքական փոփոխությունների արագ ընթացքն անհամեմատելի է մշակութային փոփոխությունների դանդաղ տեմպերի հետ: Կենցաղը, վարքուբարքը կյանքն ապրելու այն ձևերն են, որոնք, տևականորեն կայանալով ու փոխակերպվելով, պահպանում են իրենց հաստատունությունը, առավել ևս Հայաստանի նման՝ պատմականորեն անկայուն քաղաքական պայմաններում: Քաղաքականությամբ մշակույթն արդիականացնելու խնդրի պարագայում, ուրեմն, անկարելի է հաշվի չառնել Հայաստանին հատուկ քաղաքականության ու մշակույթի, օրենքի ու կենցաղի միջև ձևավորված խզումը, որի բարդ լարումները հասկանալու համար խորհրդային դեպքի վերհանումը դառնում է ինքնին արդիական խնդիր: