Աշխարհիկ հասարակական կյանքի և քաղաքական մտքի ձևավորումն ավանդաբար համարվել է եվրոպական լուսավորության մեծագույն ձեռքբերումներից մեկն ու արդի արևմտյան քաղաքակրթության առանցքային հատկանիշը։ Աշխարհիկ քաղաքական միտքն արդի ժամանակներում սերտորեն լծորդվել է Ֆրանսիական մեծ հեղափոխության և դրա գաղափարական ծնողները համարվող լուսավորիչներ Վոլտերի և Ռուսոյի փիլիսոփայության հետ։ Այս երկու հեղինակները հաճախ ըմբռնվել են իբրև միջնադարյան սնահավատությունների և սխոլաստիկ կրոնական աստվածաբանության դեմ պայքարող գաղափարական հսկաներ։
19-րդ դարի հայ իրականության մեջ տարածված մտայնություն էր, որ ազատ, աշխարհիկ փիլիսոփայության համար մարտնչող այս երկու «հանճարների» պայքարին զինվորագրվելով է հնարավոր հաղթահարել հեղինակության վրա հենված կրոնական սահմանափակ միտքն ու բռնել արդիանալու ճանապարհը։ Այս տրամաբանությունն է հստակ ուրվագծվում նաև արևմտահայ հրապարակախոսության մի դրվագում։ Զմյուռնիայում հրատարակվող Ծաղիկ պարբերականի 1864 թվականի համարներից մեկում լույս է տեսնում անստորագիր մի հոդված, որտեղ սուր քննադատության է ենթարկվում նույն թվականին Արմաշում հրատարավել սկսող Յոյս դրօշակ հայրենեաց պարբերականը։ Ծաղկի քննադատության թիրախն է կրոնական ուղղվածություն ունեցող Յոյս պարբերականի հակավոլտերյան և հակառուսոյական մոտեցումները։ Ծաղիկը հիշյալ պարբերականի դիրքորոշման մեջ տեսնում է արդիանալու դեմ ուղված միտում։ Ռուսոյի, Վոլտերի և Ֆրանսիական մեծ հեղափոխության ժառանգության մեջ է զմյուռնիական պարբերականը որոնում այն, ինչ ընկալում է իբրև արդի քաղաքական կյանքի երաշխիքներ՝ աստվածադիր օրենքի վերացումը և դրան հակառակ՝ բնական օրենքի վրա հիմնված ժողովրդի ինքնիշխանության հաստատումը։ Արևմտահայ իրականության մեջ գրված այս հոդվածն ի ցույց է դնում, թե մեզանում արդիության քաղաքական ըմբռնումը որքան սերտորեն և ուղղակիորեն է կապվել սկզբունքորեն այլ տնտեսական-քաղաքական պայմաններում առաջ եկած եվրոպական լուսավորական մտքի ֆրանսիական ըմբռնման հետ։
Հրապարակվում է ըստ՝ «Նոր թերթ մը», Ծաղիկ, 1864, թիվ 93, էջ 245-247։
ՆՈՐ ԹԵՐԹ ՄԸ.
Արմաշի մէջ Յոյս, դրօշակ հայրենեաց անոնով ամսաթերթ մը հրատարակուելու սկսեր է, որուն առաջին թիւը ընդունելու և կարդալու ալ ժամանակ ունեցանք:
Խմբագրութիւնը “Նոր ոտք ելլող տղայի մը դեգևուն ոտընփոխները հաստատուելու համար անաչառ և ճիշդ դատաքննութենէ աւելի սիրալիր յորդորանաց պէտք ունի” եղեր: Հետևելու արժանի խոնարհամտութիւն մը կըլլար այս արդա՛րև, եթէ խնդիրը ուսանողի մը յառաջադիմութեան և ոչ թէ ուսուցանողի մը խմբագրական պարտաւորութեանց վրայ ըլլար: Ուստի խմբագրութիւնը յառաջաբանին մէջ իւր հրատարակութիւնը բանադատութեան նշտրակին արտադրելու ոչ այնչափ տրամադիր գտնուիլը և յորդորանաց կարօտիլը խոստովանելովը՝ ընթերցողին հետաքրքրութիւն կը շարժէ և կստիպէ զանիկա ծայրէ ’ի ծայր աչքէ անցունելու իւր գրածները: Մի և նոյն հետաքրքրութիւնը մենք ևս զգացինք և ստիպուեցանք Հայրենեաց նորածուփ դրօշակին ամէն մէկ ծալքը խառնելու և զննելու: Ընթերցումէն ետք երբ բարեկամէ մը հարցուեցանք թէ միշտ այսպէս կը կարդա՞նք հայ թերթերը, պատասխանեցինք ինչ որ օտարական հեղինակ մը պատասխանած է նմանօրինակ հարցում մ’ընողին.
Je ne lis plus, je relis.[1]Ես այլևս չեմ ընթերցում, ես վերընթերցում եմ։ (ֆր.)
Զարմանալի չէ այս: Հայ թերթերուն մեծագոյն մասին նկատմամբ կրնայ ըսուիլ թէ ինչ որ կը գրեն այսօր, նոյնը կը գրեն նաև վաղը: Կը խոստովանինք թէ, ինչպէս կըսէ Տիկին Տիւրա, աշխարհիս մէջ գրեթէ ամէն բան ըսուած է, բայց ըսելու կերպը անսպառելի է:
Այս գրեթէն նոր գաղափարներ և խօսելու նոր կերպեր գտնելու պարտք կը դնէ ամէն գրիչներու: Հայ թերթերը այս պարտքը կը կատարե՞ն արդեօք: Չենք կարծեր: Բնական է ուրեմն Յոյսին միայն յորդոր պահանջելը, քանի որ մեր խմբագիրներուն մեծագոյն մասը զրպարտութիւնը և բամբասումը ազատախօսութիւն՝ և շողոքորթութիւնը խոհեմութիւն կարծելու ատեն բանադատութիւնն ալ թշնամական ոգիի հետևութիւն կը համարի: Այս մասին մասնաւորապէս և երկարօրէն խօսիլը ուրիշ պարագայի թողլով, կը համարձակինք օտարազգի հեղինակին պէս ըսելու թէ՛ Հայրենիքի դրօշակի և թէ՛ ուրիշ քանի մը թերթերու նկատմամբ: “Ալ կը կարդանք ինչ որ արդէն կարդացած ենք”: Սակայն չկարծուի թէ նորածին թերթը բոլորովին անօգուտ հրատարակութեան տեղ կը դնենք: Ընդհակառակն բաւական գոհունակութիւն և ուրախութիւն պատճառեց մեզ անոր երևումը, նախ՝ վասն զի Արմաշի մէջ և կրօնական պատկառելի ուխտի մը կողմէ հրատարակուի այն. երկրորդ՝ վասն զի, ինչպէս կըսէ Էտմօնտ Ապու, “Թուղթ մրոտողներու ամենէն խեղճերն ալ ապագային բարերարներու կարգը կտ դասուին. անոնք գաղափարներու պարզ միջնորդ ալ ըլլան և կամ փերեզակ, դարձեալ բաւական օգտակար կրնայ ըլլայ իրենց կարևութիւնը”:
Սակայն Յոյսի խմբագրութիւնը եկեղեցականներու ձեռքն է, և որովհետև Երկրագունտին հետ երկուք կըլլան եկեղեցական խմբագիրները, աւելորդ չթուիր քանի մը կարծիք յայտնել այս մասին:
Օրագիր մը, երբ լոկ կրօնական չէ, կը պարտաւորի նաև երկրային իրերու վրայ խօսիլ:
Արդ մեզի համար դժուարին է հաւատալ թէ կրօնաւորները կարենան աշխարհային իրերու խառնուիլ և ժողովուրդի մը հրապարակաւ սկզբունք քարոզել և գաղափար տալ՝ առանց ընդհարելու երկնային իրերու: Ազգային քաղաքակրթութեան նպաստելու նպատակաւ հրատարակուած թերթէ մը ամէն բաժանորդ իրաւունք ունի պահանջելու անորմէ այնպիսի խնդիրներու վերաբերող յօդուածներ, որոնք եկեղեցականի մը գրչէն ուրիշ՝ և աշխարհականի մը գրչէն տարբեր կերպով կարտագրին, նաև լսել այն ընկերային ճշմարտութիւնները, որոնք ուրիշ ազգերու մէջ իբր ընթացիկ և ճշդակշիռ գրամներ կը շրջաբերին և որոնք սակայն կընդհարին միջին դարէ մնացած և կրօնքը խարդախողներէ արտաբերուած կեղծ դրամներու, այսինքն սին կարծիքներու, վարդապետութիւններու և սնապաշտութիւններու:
19րդ դարու մէջ հրապարակ իջնող և լոյս սփռելու, ճշմարտութիւն քարոզելու պաշտօնի յանձնառու եղող կրօնաւոր մը կամ կը պարտաւորի մերժել այն աւելորդութիւնները, որոնք կրօնի անունով իբր ճշմարտութիւններ ժողովուրդին մէջ սպրդած են, — և անատեն եկեղեցիին առջև անկրօն կը համարուի,— և կամ անկրօն չհամարուելու համար առերեսս ոչ միայն ընդունիլ այլ նաև հրապարակաւ պաշտպանել զանոնք, և այս անկարելի է առանց կեղծաւոր ու միանգամայն յառաջադիմութեան վնասակար ըլլալու:
Երկրագունտի արժանապատիւ խմբագիրը իբր եկեղեցական ըսաւ թէ կրօնքը և ազգութիւնը իրարու հետ կապուած են:
Եթէ ներքին համոզում չէր այս, ընտրելի էր լռութիւնը քանթէ կեղծաւորութիւնը, իսկ եթէ ներքին համոզում էր, Պարոն Տիւգուտրեյի հետ հաստատելով թէ “ամէն անկեղծ համոզում յարգելի է”, կըսենք. սխալ կարծիք մ’է Երկրագունտին առարկութիւնը, ըստ որում՝ եթէ ճիշդ ըլլար, բնականաբար իւր ըսածէն պիտի հետևէր թէ ով որ լուսաւորչադաւան չէ, նաև Հայ չէ: Այլանդա՛կ կարծիք, որն որ հաւատքը՝ որ երկնային է, մարդուս խղճին խորերէն կը հանէ և կը խառնէ ազգութեան հետ՝ որ երկրային է:
Յոյսը թէև գովելի տրամաբանութեամբ մը այս մասին Երկրագունտին կարծիքին հակառակ կը հանդիսանայ՝ կրօնքի և ազգութեան մէջ անբառնալի պատուարի մը էութիւնը ճանչնալով, բայց կամ իբր եկեղեցական խմբագիր և կամ անգէտ՝ չուզեր որ իւր դրօշակին վրայ երբեմնակի նշմարուին Ռուսոյի, Վօլթերի և ուրիշներու անունները որոնք “զզուելի են և ոչ երբէք ախորժելի կը հնչեն” եղեր իւր ականջին:
Այս հանճարներու ամէն աշխատութեանց նկատմամբ չենք կրնար անխտիր ջատագով ըլլալ, բայց և այնպէս չենք կրնար ուրանալ թէ անոնք 18րդ դարու պարծանքը և փառքն են, նաև արտադրիչ այն վեհ շարժումին որ 1789ին սկսաւ և ամէն մարդկային ընկերութեանց ելեկտրական փրկաւէտ սարսուռ մը տուաւ:
Յոյսը երբ փոխանակ ուսանողի՝ ուսուցանող և բանադատող կը հանդիսանայ, բնականաբար ինք ևս բանադատութեան կենթարկի և կը հրաւիրէ զայն ըսելու թէ նորածին թերթը կամ կը կեղծէ՝ Ռուսօյի և Վօլթերի զզուելի ածականը տալով և կամ թէ անոնց ի՛նչ մարդեր ըլլալը և ինչեր գրելը չգիտեր: Ազատ է այն խօսելու և իւր կարծիքները յայտնելու. սակայն ճերմակը իբր սև քարոզելէն ետք՝ ուրիշներուն այս տարբերութիւնը չհրապարակել պատուիրելու ազատութիւնը չունի: Ծաղիկը կը հերքէ ուրեմն Յոյսին անհիմն կարծիքները, և եթէ անոր հետ կը հաւանի թէ արդարև առաքինութիւնն է ամէն տեսակ երջանկութիւններու աղբիւր, կը մերժե այն կարծիքը որու համեմատ Արմաշի թերթը կուզէ փիլիսոփայութիւնը “կրօնքին բարձրաբերձ հովանիին” ներքևել, այսինքն շղթայել:
Ազատութիւնը և փիլիսոփայութիւնը մտքին մէջ քովէ քով կը բազմին և կը շարժին: Երկու անմահ քոյրեր են անոնք:
Ինչպէս որ առանց փիլիսոփայութեան ազատութիւնը բռնութիւններու ամէնէն սոսկալին է, նոյնպէս առանց ազատութեան հոգևորական փիլիսոփայութիւնը իշխանութեան վրայ հիմնուած վարդապետական աստուածաբանութիւն և ոչ թէ արգաւանդ գիտութիւն մ’է:
Գիտութիւնը մտքին ամլութիւն՝ իսկ ազատութիւնը արգաւանդութիւն կուտայ, և փիլիսոփայութիւնը կրօնքին սպասուհի ընելը ոչ այլ ինչ է բայց եթէ բոլորովին ուրանալ մարդկային մտքին թէև սահմանաւոր այլ իրական զօրութիւնը:
Կրօնական աստուածաբանութեան և ճշմարիտ փիլիսոփայութեան մէջ ահագին տարբերութիւն մը կայ:
Առջինը կը հրամայէ, ետքինը կը համոզէ. մին կուզէ պրկել միտքը և անոր զօրութիւնը արհամարհել, միւսը կը լուսաւորէ և անոր թռիչքը զօրացնելով կը հրաւիրէ տրամաբանելու և համոզւելու:
Նորածին թերթը փիլիսոփայութեան մէջ երջանկութիւն չկայ կը կարծէ, և միայն կրօնքն է հիմն ամէն երկրային և երկնային երջանկութեան, ըսելէ ետք, իբր ապացոյց իւր ըսածին՝ պատմութեան կը դիմէ և Ֆրանսայի յեղափոխութեան ահակալութեան ժամանակը կը յիշէ: Զուտ կրօնքին երկնային երջանկութեան նպաստելը անուրանալի է, սակայն յեղափոխութեան սխալ մէկ քայլը անկրօնութեան հետևութիւն քարոզել և փիլիսոփայութիւնը արատելը կը նմանի ընդհանուր սկզբունք մը մերժելու՝ իւր հետևութեանց մէջ սխալ մը նշմարուելուն համար:
Ֆրանսայի յեղափոխութեան արհաւիրքը անկրօնութեան հետևանք ընդունիլը պատմութեան նկատմամբ ոչ այնչափ հմտութիւն, և կամ թէ ոչ այնչափ անաչառութիւն կենթադրէ:
Սակայն այսպիսի թիւր ըմբռնում մը մեզի համար չկրնար անսովոր ըլլալ:
Ֆրանսայի մէջ որո՛նք թշնամի են Վօլթերի, Ռուսօյի և ասոնց ձեռագործին, որ է յեղափոխութիւնը.— Կղերականք և յետադիմականք: Մեր մէջն ալ ահա վեղարաւորներն են հակառակողք:
— Ինչո՞ւ.
— Ըստ որում անկարելի է որ խմբագիր մը փիլիսոփայելու ժամանակ ուրիշ դատում մ’ընէ, քանի որ կրօնք կը խառնէ և երկնային խնդիրը երկրային կընէ:
Սակայն Ֆրանսայի յեղափոխութիւնը ի՞նչ նշանակութիւն ունի նորածին թերթին քով: Եթէ կընդունի զայն իբր դէպքերու և իրերու աղետաւոր ամբողջութիւն և կամ անկրօններու վնասակար գործ, անատեն վիճելու ժամանակ չունինք. իսկ եթէ կը հաւանի մեզի հետ,— և կոյրերը միայն չեն կրնար համամիտ ըլլալ այս մասին,— թէ այն տապալեց ինչ որ միջին դարու բռնաւորութիւնը և աստուածպետութիւնը հաստատած էր ’ի վնաս մարդկութեան, և վերահաստատեց ինչ որ հաւատքի և իշխանութեան ներկայիչները յափշտակեր էին մարդկութենէ, խոստովանելու է թէ միայն փիլիսոփոյութիւնը երջանկութիւն կուտայ մարդուս, երջանկութիւն երկրային՝ անոր երկրային իրաւունքները և պարտաւորութիւնները սահմանելով և պաշտպանելով, երջանկութիւն երկնային՝ կրօնքը իւր կեղևէն հանելով, մաքրելով և ճշմարիտ հաւատքը ու բարոյականը ուսուցանելով:
Ֆրանսայի յեղափոխութիւնը, եթէ աղէկ էր և օգտակար, ուրեմն փիլիսոփայութիւնը ևս աղէկ և օգտակար է. ըստ որում 79ի շարժումը փիլիսոփայութեան անձնաւորութիւնը և գահակալութիւնն է, փիլիսոփայութեան սպառազէն կերպարանքն էր այն որ եկաւ ու կործանեց երկնային իրաւունքը, զոր կրօնքը կուտար թագաւորներու, և հաստատեց ժողովուրդին ինքնիշխանութիւնը զոր բնական օրէնքը տուած է անոր:
93ը եթէ արատ մ’է փիլիսոփայութեան գահակալութեանը, պատասխանատու ոչ այնչափ այս է, որչափ կրօնքը, այսինքն կրօնաւորաց և իրենց հետևող ազնուապետական յետադէմներու մատնութիւնը և դաւադրութիւնը: Յոյսը թող ուշադրութեամբ կարդայ պատմութիւնը և կը համոզուի մեր ըսածներուն:
Ծանոթագրություններ
↑1 Ես այլևս չեմ ընթերցում, ես վերընթերցում եմ։ (ֆր.)