Գրականագետ, հասարակական-քաղաքական գործիչ Հարություն Կարապետյանի` Եղիշե Չարենցի Երկիր Նայիրի վեպի ստորև ներկայացվող ընթերցումը գալիս է վաղ 1990-ականներից, երբ անկախացող Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում օրակարգային էր ազգային կյանքը նորովի և ինքնուրույնաբար կառուցելու հարցը: Հեղինակին այս համատեքստում, ինչպես ինքն է գրում, մտահոգում էր մեր պատմությունը որոշակի դիտանկյունից հասկանալու հարցը: Նրա համոզումն այն էր, որ հիշողությունը պարբերաբար վերադառնում է նրան, ինչը բացատրված չէ, և սրանից ելնելով` հեղինակը նախաձեռնում է վեպի «բացատրողական» մի ընթերցում, որը նա կառուցում է հենվելով ռուսական սեմեոտիկական դպրոցի (հատկապես` Յուրի Լոտմանի, որին հղում է նաև տեքստում) այն համոզման վրա, որ տեքստի ընթերցումն ինքը նոր մոդելավորում է և ընթերցման կամ մոդելավորման ենթարկվողը ոչ թե տեքստն է ինքնին, այլ տեքստի մոդելը: Բազմակի մոդելավորման այս ըմբռնումը հեղինակը ծավալում է իր տեքստում` նպատակ ունենալով ցույց տալ, թե Երկիր Նայիրին, խաբկանք լինելով, միևնույն ժամանակ բազմաշերտ խաբկանքի ինչպիսի մեխանիզմներով է գործարկվում վեպում` բազմահանգույց կապանքներով գերելով այս աշխարհի բնակիչների գիտակցությունը: Ոչ ոք և ոչ մի պահի չի խուսափում նրա ծուղակներից, ինչի գինն իհարկե կործանումն է:
Հեղինակի ընթերցման ուժանակն, իհարկե, փորձնական-ակադեմիական չէ` ի թիվս այլ մեթոդաբանությունների վեպն ընթերցել սեմեոտիկական դիրքերից` հենվելով վեպում նայիրյան ներփակ աշխարհի մասին հեղինակի թողած հետքերի վրա: Կարապետյանին հետաքրքրում է այլ հարց: Նրա ըմբռնմամբ Երկիր Նայիրին, գեղարվեստական հորինում լինելով, չար կատակ է անում նայիրյան աշխարհի մարդկանց հետ` նրանց որպես քաղաքական գաղափար ներկայացնելով. «Բանաստեղծական մյութոսները սովորություն ունեն ժամանակ առ ժամանակ փոխակերպվելու քաղաքականի»,– գրում է նա և հենց այս մտայնության վրա խարսխում իր ընթերցումը: Նրա այս դիրքը թույլ է տալի, որ տենչանքի ու դյութանքի լարումներում մարմնավորվելու ձգտող անմարմին այս ուրվականը` Չարենցի՛ Նայիրին, իր ընթերցմամբ ներկայանա որպես ծուղակների ու խաբկանքների և միևնույն ժամանակ անելանելի աբերացիաների խեղդող մի աշխարհ: Կարապետյանի այս ընթերցումը մասն է կազմում 1990-ական թթ. նորանկախ Հայաստանում ծավալված այն քննարկումների, որտեղ հայրենիքի` գեղարվեստական, ռոմանտիկական ըմբռնմանն արմատապես հակադրվում էր պետության կառուցման քաղաքական պրագմատիզմը:
Հոդվածը վերահրատարակվում է ըստ` Հարություն Կարապետյան, «Որոնելով Երկիր Նայիրին», Ինքնություն 1 (Երևան: Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոն, 1995), էջ 154-163:
Որոնելով Երկիր Նաիրին
Ուոլտեր Լակյորն իր վերջերս հեղինակած գրքում գրում է. «Ազգային ինքնության ճշգրիտ բնորոշման համառ որոնումները կարող են լինել այն ժողովուրդների թուլության ու անվստահության բավական ճշգրիտ հատկանիշ, որոնք կամ բոլորովին վերջերս են հասել լրիվ անկախության կամ էլ ինչ-որ պատճառներով հավատացել են, որ համաշխարհային բեմում իրենց ելույթները չեն կարող համեմատվել այլ ժողովուրդների ելույթների հետ եւ որոնք ենթադրում են, սխալ թե ճիշտ, որ իրենց առաքելությունը չի կայացել։ Նման որոշումները խոսում են սեփական պատմության հանդեպ անբավարարվածության մասին»։[1]Лакер Уолтер. Черная сотня. Происхождение русского фашизма. М. 1994, с. 195. Երբ ֆրանսիացին խոսում է իր երկրի մասին, վկայում է ամերիկյան պատմաբանը, նա սովորաբար անվանում է այն la belle France, անգլիացին՝ իր երկիրը՝ merry old England, գերմանացին (ի դեպ գերմանացիներին ժամանակ առ ժամանակ հետաքրքրել է ազգային ինքնության հիմնախնդիրը) սկսում է խոսել treudeutsch-ի կամ նման մի բանի մասին։ Ի տարբերություն դրանց՝ ռուսը դիմում է ոչ թե գեղագիտական, էթիկական կամ քաղաքական իդեալին, այլ բարոյակրոնականին՝ Святая Русь.
Իսկ մե՞նք՝ հայե՞րս։ Ինչպե՞ս ենք մենք փորձում բնորոշել մեր հայրենիքը։ Ես ի նկատի ունեմ ոչ թե «Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ» մաշված կլիշեն, այլ որպես հայեցակարգ ձեւակերպված գրավոր (կամ բանավոր) ավանդականը՝ «Հայաստան՝ Երկիր դրախտավայր», «Երկիր Նաիրի», հետագայում՝ «Էրգիր»… Զգայական նոստալգիայի աստիճանի բարձրացված, տարածության մեջ անհասկանալի մի իդեալ, որ անկռահելի է ժամանակի մեջ, քանի որ ծածկված է դարերի մշուշի մեջ։
Ռուս գրող Վիտալի Սյոմինը խոսում է հիշողության տառապանքի մասին։ Մոռացվածի կամ մոռացվելիքի կարգը կարող են անցնել միայն բավարար բացատրված իրադարձությունները։ Նրան, ինչ անբացատրելի է, մեր հիշողությունը վերադառնում է պարբերաբար։ Հայաստանի, հայ ժողովրդի պատմական ճակատագիրն ու ապագան դեռևս երկար կմնան վիճաբանության առարկա «ռեալիստների» ու «ռոմանտիկների», «պրագմատիկների ու «իդեալիստների» միջեւ։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս վարվենք մեր պատմության հետ. դատե՞նք, թե փորձենք հասկանալ այն։ Եւ սա զուտ ակադեմիական հարց չէ։
Ամեն բան վերադառնում է ի շրջանս յուր։ Քսանական թվականների սկզբին, Երկրորդ հանրապետության՝ Խորհրդային Հայաստանի կայացման առաջին տարիներին ազգային ինքնության խնդրին արձակ ժանրով դիմել է Եղիշե Չարենցը (նրա պոեզիայում այդ խնդիրն արդեն արծարծված էր, եւ նա դա շարունակեց ընդհուպ մինչեւ իր ողբերգական մահը)։
Առաջին անգամ Չարենցի «պոեմանման» վեպը լույս տեսավ 1926 թվականին։ Առանձին էջով այդ գրքում առանձնացված էր վեպի բնաբանը՝ Տերյանի տողերը.
Երկիր Նաիրի, երազ հեռավոր,
Քնել ես քնքուշ թագուհու նման.
Մի՞թե ես պիտի երգեմ քեզ օրոր
Եւ արքայական դնեմ գերեզման։
Հետագա հրատարակություններում Չարենցը հանում է բնաբանը, ըստ երեւույթին, այն պատճառով, որ այն արտահայտում էր ոչ թե վեպի համընդգրկուն իմաստաբանությունը, այլ ընդամենը այդ բազմամակարդակ գրքի մոտիվներից մեկը։
Բայց գրական արձագանքի ձեւով, Տերյանի այդ տողերը, այնուամենայնիվ, պահպանվել են Չարենցի «Երկիր Նաիրիում»։ Երկրորդ մասի հենց սկզբում Չարենցը նկարագրում է գավառական ուսուցչի կամ ցրիչի նման մի մարդու, որը գլխի վրա տանում է ծանր դագաղ. ըստ երեւույթին, հարազատն է Մահացողը, եւ նա տանում է թաղելու։ «Այդպես էլ ես, ընթերցող, ճիշտ այդ վարժապետի նման. ո՞ւր եմ գնում։ Ինչու եմ հպել, բայց ոչ թե ողնաշարիս, այլ գանգիս ուղեղին դագաղանման այս բեռը, եւ ուզում եմ տեղ հասցնեմ… ո՞ւր։ Եւ մի՞թե այնտեղ, տքնությանս վերջում, որպես նվիրական, սիրելի մի մեռել-չպիտի՞ պատկերանա ինձ Երկիրը Նաիրի…»։
Ավանդական ռոմանտիկական հայրենասիրությունը սնուցվում էր ազգային ավանդույթներով, մյութոսներով ու պատմական առասպելներով, հին ձեռագրերից քաղված մեծ նախնիների հերոսական արարքների մասին փաստերով: Վ. Տերյանի «Երկիր Նաիրի» շարքը թերեւս առաջին անգամ հրաժարվում է այդ ավանդույթից։ Հին մյութոսի փոխարեն բանաստեղծը արարում է իր խորհրդանիշը՝ ձուլված Նաիրի Երկրի հոգեկան սրբություններից (շարքի բնաբանն է Մ. Լերմոնտովի տողը՝ “Люблю Отчизну я, но странного любовью”. Տերյանի Նաիրին պատմա-աշխարհագրական հասկացություն չէ։ Բանաստեղծն ինքն է դա ընդգծում «Մշակ» թերթում (1915, թիվ 1) «Երկիր Նաիրի» շարքից ընդհանուր խորագրով հրապարակած իր երեք բանաստեղծությունների ծանոթագրության մեջ՝ «Նաիրի պետք է հասկանալ ոչ թե պատմական, այլ իդեալական իմաստով»։ Տերյանական Նաիրի-խորհրդանիշի հիմքում ընկած է ոչ թե ժողովրդի պատմական հիշողությունը, ոչ թե նրա «էպիկական անցյալը» (Մ. Բախտինի տերմինը[2]Бахтин М. Вопросы литературы и эстетики. М., 1975, с. 447-484. ), այլ «Հոգեւոր Հայաստանի» հենց Տերյանական կոնցեպցիան։
Կարող է թվալ, թե մերժելով Հայաստանի մասին հին մյութոսները, Տերյանը ստեղծում է Երկիր Նաիրիի նոր մյութոսը։ Սակայն ինչպես «Երկիր Նաիրի» շարքի, այնպես էլ բանաստեղծի ողջ գրական ժառանգության իմաստը վկայում են այլ դիրքորոշման մասին։
Բանաստեղծական մյութոսները սովորություն ունեն ժամանակ առ ժամանակ փոխակերպվելու քաղաքականի։ Գուցե հենց այդ պատճառով էլ Վ. Տերյանը հրաժարվեց ռոմանտիկական գործածության մյութոսներից, աշխատելով մնալ բանաստեղծական խորհրդանիշի սահմաններում։ Բայց նաեւ վերջինիս սպառնում էր քաղաքական մյութոսի կերպարանափոխվելու վտանգը։ Դա տեղի կունենար, եթե «Նաիրին» հասկացվեր ոչ թե գաղափարական, այլ պատմական իմաստով։ Տերյանը գիտակցելով այդ հանգամանքը, նախազգուշացնում էր ընթերցողին։ Իսկ հայկական կյանքի ողբերգականորեն դասավորված հասարակական-քաղաքական պայմանները եւ, որպես դրա հետեւանք, հասարակության մեծ մասի հոգեբանական տրամադրվածությունը, ինչպես նաեւ գաղափարական հոսանքների բազմազանությունը մեծապես նպաստում էին Նաիրիի իմաստի հենց այդպիսի մեկնաբանությանը։
Երկիր Նաիրիի բանավոր վարկածը (ոչ տերյանական իմաստով) 10-ական թվականներին արդեն գոյատեւում էր հայ հասարակության շրջաններում։ Տերյանի բանաստեղծական հանճարը սոսկ յուրովի արձանագրեց գաղափարի այդ վիճակը։
Եղիշե Չարենցի համար ընդունելի չէ Նաիրիի մասին քաղաքական մյութոսը, որպես զենք եւ միջոց մարդկանց մտքերի հետ խաղալու։ Չարենցն իր վեպով ցույց է տալիս, թե ինչպես է բանաստեղծական խորհրդանիշը կերպափոխվում քաղաքական մյութոսի։ Եւ թե ինչպես են մարդիկ այլասերվում մարիոնետի, ընկնելով մյութական գաղափարների ուժադաշտը։Քանդելով մյութոսը ներսից, Չարենցը խորհրդանիշի կերպափոխությունը ցույց է տալիս ոչ միայն իր վեպով, այլ բուն վերպում։ Ցույց է տալիս տեքստով։ Նա մերկացնում է միթաձեւավորման մեխանիզմը։
Երբ Չարենցը գրում էր «Երկիր Նաիրիի» առաջին տողերը, վեպի վերջաբանը նրան դեռևս տեսանելի չէր… Վերջաբանի գաղափարաբանական իմաստին Չարենցը դեռ պետք է հանգեր։ Ըստ երեւույթին, նա մի բան էր սկսում գրել, իսկ գրվեց մեկ այլ բան… «Պոեմանման» վեպի գաղափարական իմաստը ծնվում է մեր աչքի առաջ, եւ պատահական չէ այդ սահուն անցումը վեպի առաջին մասի ծաղրական-դառը հեգնանքից դեպի վերջին մասի սպանիչ-մերկացնող սարկազմը։
Նաեւ «Երկիր Նաիրիի» ստեղծման պատմությունն է վկայում, որ Չարենցն աստիճանաբար է եկել Վերջաբանի մտքին՝ պարզաբանմանն այն բանի, որ «Նաիրի» բառը ոչ թե գոյական է, այլ… «մազութի համոյական». արդեն ձեւավորված պատրաստի միտքն ընթերցողին չի մատուցվում։
Վեպի առաջին մասը Չարենցը գրել է 1921 թվականի աշնանը Մոսկվայում։ Ժամանակակիցների վկայությամբ, Չարենցն սկզբում նախատեսել էր Գոգոլի «Մեռյալ հոգիների» նման մի բան գրել։ Վեպի առաջին մասում դեռեւս չի դրվում Նաիրիի հարցը։ Պարզապես երեւակայվում է նաիրյան մի քաղաք։ «Ի՞նչ է, ի վերջո, Նաիրին» հարցը, այստեղից բխող բոլոր հետևանքներով, ի հայտ եկավ հետագայում՝ Առաջաբանում, որը գրվել է առաջին մասի ավարտից հետո։ Երկրորդ եւ երրորդ մասերը, ըստ չարենցյան նպատակադրման, փորձեր են՝ գտնելու Առաջաբանում դրված հարցի պատասխանը։ Առաջաբանը մի տեսակ ոճականորեն եւ գաղափարապես պայմանավորված անցում է դեպի երկրորդ մասը, որը Չարենցը գրել է մեկ տարի հետո՝ 1922 թվականի աշնանը, դարձյալ Մոսկվայում։
Վեպի Առաջաբանը Չարենցը սկսում է տերյանական հնչերանգներով։ Զուգորդական ռեֆրենով տողերի արանքում համառորեն առկայծում է տերյանականը՝ «մշուշի միջից – տեսիլ դյութական…»։ «Մշուշ» բառը կրկնվելով՝ թափանցում է Առաջաբանի մեջ, հեռավոր պլան մղելով հայրենիքի գաղափարի ընկալումը։ Բնորոշ է, որ Չարենցը չի տալիս Նաիրի անունը։ Միայն խորհրդավոր ՆԱ՝ որպես հայրենիքի, Հայաստանի խորհրդանիշ։
Առաջաբանի սկզբնական պարբերությունների նրբին, գերող քնարականությունը անսպասելիորեն ընդհատվում է ինքնահարցով. «Ո՞վ է կամ ի՞նչ է նա՝ Նաիրին»։
«Ամեն անգամ, երբ նման հարցերը կերել են սիրտս,- մեկը, մի ուրիշը կարծես, ուրվականի նման ելնելով օրերից, օրերի մշուշից, տվել են ուղեղիս չարախինդ մի հարց. – «Չէ՞ր կարելի արդյոք տեսնել մարմնավոր, պատկերացնել հաստատ երկիր Նաիրի։ Նու, թեկուզ հենց իրենց՝ նաիրցիների կյանքում, կենցաղում։ Շոշափել այդ երեւույթը – նաիրյանը – սրտով շոշափել մարմնավոր, պատկերել երկրային… Գուցե սուտ է Նաիրին, Նաիրին չկա… Գուցե-հուշ է միայն,- ֆիկցիա, միֆ։– Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն…»։ Այդ ուրիշի ձայնը զգացվում է, երբեմն ձուլվելով մյուս ձայներին, երբեմն ընդհատելով այդ մյուս ձայները Չարենցի այդ արտակարգ բազմաձայն գրքի բառացիորեն բոլոր էջերում։ Հենց այդ ձայնին է Չարենցը հաղորդում ապամիթականացնող լիազորություններ։
Չարենցի «Երկիր Նաիրիում» մեկ այլ ձայն էլ է լսվում։ Կա նաեւ ուրիշ տեսակետ գործերի ու իրադարձությունների վերաբերյալ։ Այդ ձայնը հնչում է առօրեական «առողջ դատողության» դիրքերից։ Դա, ասես, ամբոխի ձայնն է, շարքային նաիրցու ձայնը, որն ընկել է Նաիրիի մասին մյութոսի ուժադաշտ։ Վեպի վերջում մյութոսն արարում է հենց այդ ձայնը։ Հեղինակն ինքը, մի տեսակ փոփոխականությամբ, մեկ այս դիմակն է հագնում, մեկ այն, մյութոս է ստեղծում, որպեսզի անմիջապես պայթեցնի ներսից սպանիչ հեգնանքով։ Մյութաբանական գիտակցությունը հասու է միայն ներսից, եւ այդ պատճառով էլ Չարենցը դիմում է «ասքի» («сказ») մաներային…
«Ասքի ամենաբնորոշ առանձնահատկությունն է «կողմնորոշումն առ ուրիշի խոսքը», հեղինակի եւ պատմողի դիրքային անհամապատասխանությունը։
Այս պատմության մեջ մի հետաքրքիր հանգամանք էլ կա։ «Իրոնիա» բառը ստուգաբանորեն սկիզբ առնելով հունարեն «εἰρωνεία»-ից՝ բառացիորեն նշանակում է «ձեւանալ խոսքում»։ Չարենցն իր նուրբ իրոնիկ գրքով ելնում է ասես այդ ստուգաբանությունից։ «Իրոնիկ իրավիճակների» հիմնական գործող անձինք են հեղինակը, իրոնիայի առարկան եւ ընթերցողը։ Ահա թե ինչու Չարենցն այդպես համառորեն իր «սիրելի ընթերցողին» հրավիրում է խնջույքի սեղանին, ընթերցողին միշտ պահում է իր տեսադաշտում։ Ի դեպ, ընթերցողին դիմելը այլ բան չէ, քան «ասքի ազդանշաններից» (Յու. Տինյանով):[3]Тынянов Ю. Поэтике. История литературы. Кино М., 1977, с. 473.
Չարենցը, ելնելով ասքային մաներայի ընդհանուր մենախոսականությունից, այնուամենայնիվ, ուրիշի խոսքի միջոցով ասքի «ներսում» ստեղծում է երկխոսության պատրանք։ Հեղինակի կամ էլ պատմողի խոսքերի կոնտեքստում առանձնացնում է ուրիշի բառերը։ Ասքը ստեղծում է տեսակետի միասնականության պատրանք, բայց ուրիշի բառերը երկխոսական են դարձնում խոսքի մենախոսական հոսքը։ Եւ այդ «ուրիշի» բառերը ասես վայրկենապես հեղինակի, պատմողի տեսակետները փոխակերպում են հերոսների տեսակետների…
Մյութաբանական գիտակցությունը ըմբռնելի է միայն ներսից, այդ պատճառով էլ Չարենցը դիմում է ասքին, որը ներքին տեսակետ է նկարագրվող դեպքերի եւ արտաքին՝ հերոսների վերաբերյալ (այստեղից էլ՝ Չարենցի միտումնավոր հրաժարումը պսիխոլոգիզմից)։ Պատմողը «Երկիր Նաիրի» վեպում ոչ միայն հերոսների ու իրադարձությունների գնահատության սուբյեկտն է, այլեւ միաժամանակ օբյեկտն ընթերցողների գնահատության, վերաբերմունքի։ Չէ՞ որ նա տիպիկ կրողն է ամբոխի գաղափարախոսության, միակ «հերոսը», որի միջից չի հանված հոգեբանությունը։ Իսկ ինքը հեղինա՞կը։ Չարենցը թաքնված է մեզանից իր լռությամբ։ Բայց եւ միաժամանակ նա բղավում է, ծիծաղում, ծաղրում, հեգնում, խարազանում, սիրում, ատում, ներողամիտ է եւ կատեգորիկ միաժամանակ։
Չարենցն ասես ներկայացնում է տերյանական երկիր Նաիրիի հակառակ երեսը։ Պոեզիայի աշխարհ, Տերյանի կողմից այնքան բանաստեղծականացված իրականություն են ներխուժում պրոզան, կենցաղն ու առօրյան։ Չարենցը պաթետիկականը վար բերելու, կենցաղի ոլորտ տեղափոխելու մի ամբողջ համակարգ է մշակում։
Չարենցը վճռական փոփոխությունների է ենթարկում նաեւ «Նաիրի» նախնական հասկացությունը։ Տերյանին հատուկ է Նաիրիի հեռավոր ընկալումը։ Բանաստեղծի եւ նրա բանաստեղծական օբյեկտի միջեւ մշուշն է։ Նաիրին մի տեսակ անուրջն է բանաստեղծի, ուրվական, տեսիլք։ Շփումը լոկ ենթադրելի է։ Ինչպես հոգու տոն։ Պատահական չէ, որ Տերյանի Նաիրին «հպարտ է», «վեհ», «մաքուր»… Չարենցի ստեղծագործական նպատակադրումն է՝ ներկայացնել Նաիրին տեսանելի ու շոշափելի, նա այսպես ասած, պոզիտիվորեն է մոտենում բանաստեղծական պատկերին, խորհրդանիշին։ Ձգտում է Նաիրին ցույց տալ իրենց իսկ՝ նաիրցիների կենցաղում, «մարմնական», ինչպես ինքն է ասում։
Նաիրյան քաղաքի բոլոր տեսարժան վայրերից պատահականորեն չեն առանձնացված Բերդը, Վարդանի կամուրջը եւ Առաքելոց եկեղեցին։ Բարձրի միտումնավոր իջեցման, կենցաղային առարկաների, տնային գործածության իրերի հետ այդ տեսարժան վայրերի համեմատման ու նմանեցման, շրջապատի հեգնական հարաբերությունների միաձուլելու հետ մեկտեղ Չարենցն այդ օբյեկտների մեջ է ներմուծում բոլորովին այլ որակական իմաստ՝ ընդհանրացնո՛ղ։
Մեր աչքերի առջեւ հանգանակվում է այդ երեք օբյեկտներով սահմանափակված, խորհրդանշական խոր իմաստով օժտված մյութաբանական տարածությունը։ Կարելի է ենթադրել, որ Բերդը «Երկիր Նաիրիում» անցյալ պետականության խորհրդանիշն է, Առաքելոց եկեղեցին՝ կրոնի, Վարդանի կամուրջը՝ պատմության, ժողովրդի պատմական հիշողության։ (Պատահական չէ. կամուրջը կապ է, իսկ այստեղ այն խորտակվել է։ Ընդհատվել է դարերի, սերունդների հիշողության կապը)։ Չարենցը պատմում է Մշեցի Թաթոյի պատմությունը, որն ապրում է եկեղեցուց քիչ հեռու։ Մի անգամ այդ Թաթոն ու իր հայրենակիցը ներքեւից, տան ներքնահարկից ինչ-որ կանչ լսելով՝ իջնում են խավար մի անցքով եւ հայտնվում Առաքելոց եկեղեցում։ Հետո նույն անցքով հայտնվում են Վարդանի կամուրջի մոտ ու Բերդում։ Եւ եկած ճանապարհով էլ նրանք վերադառնում են Թաթոյի տնակ։ Առաքելոց եկեղեցին, Վարդանի կամուրջը, Բերդը եւ Թաթոյի տնակը, պարզվում է, անտեսանելի թելերով միավորված են։ (Ըստ երեւույթին, Մշեցի Թաթոյի մեջ եւս Չարենցը ներդնում է խորհրդանիշի հավաքական իմաստ)։ Եթե մտովի այդ կետերը միացնող գծեր քաշենք, կստանանք մի քառանկյունի, որն իրենով սահմանափակում է ինչ-որ հանելուկային տարածություն։
«Մյութաբանական աշխարհին հատուկ է տարածության յուրահատուկ՝ մյութաբանական ըմբռնում. այն ներկայանում է ոչ թէ հատկանշային անընդհատության տեսքով, այլ որպես հատուկ անունները կրող առանձին օբյեկտների ամբողջություն… հատուկ անուններով մյութաբանական տարածության բնակեցումը նրա ներքին օբյեկտներին տալիս է վերջնական բնույթ, իսկ իրեն՝ սահմանագծվածության նշաններ»:[4]Лотман Ю. Успенский Б. Миф-имя-культура. Труды по знаковым системам, VI, Тарту, 1973, с. 288.
Քաղաքի երեք «հրաշալիքները», խորհրդանշորեն, առավելագույն չափով ընդհանրացնելով անցյալի պետականության, կրոնի ու հիշողության գաղափարը, հանդես են գալիս որպես հիմք, պոտենցիալ բազա Նաիրիի՝ «ավետյաց երկրի» մասին մյութոսի համար։
Եւ պոեմանման վեպի ֆինալում, երբ վերջին գնացքը Քոռ Արութի եւ Մեռելի Ենոքի դիակների վրայով դուրս է պրծնում նաիրյան այդ քաղաքից, այն կարծես թողնում է մյութաբանացված փակ տարածության սահմանները, ազատելով իր ուղեւորներին (դրանց անունները Չարենցը մեզ չի տալիս) «կախարդված» քաղաքի հմայքներից։ Ուղեղային մորմոքից… Քոռ Արութի եւ Մեռելի Ենոքի կյանքերը «կախարդված» տարածությունից դուրս գալու վարձն է…
1923 թվականի փետրվարի վերջին Չարենցը ձեռնամուխ է լինում վեպի երրորդ, եզրափակիչ գլխին։ «Գրում եմ Նաիրիի» (վեպիս) 3 մասը. գործը չի կպչում»։ Սա արձակագիր Կ. Միքայելյանին գրած Չարենցի նամակից է (10 մարտի 1923 թ.)։ Ահա մեկ այլ պերճախոս վկայություն (նամակ Մ. Գեւորգյանին) «…ձմեռվա ընթացքում Երեւանը մի հսկայական գործ կատարեց իմ հոգեկան զարգացման զիգզագանման ուղիում. այն է՝ արմատախիլ արեց իմ մեջ այն ամենը, որ նաիրյան էր, ռոմանտիկ, տեղական… Ասածներիցս պարզ պիտի լինի, թե ինչու ես չեմ կարող շարունակել «Երկիր Նաիրին», նրա ժամանակն անցավ։ Ես օրգանապես արդեն հեռու եմ այդ ամենից…» (8 փետրվարի 1924 թ.)։ Վեպի վրա տարվող աշխատանքը ավարտվում է 1924 թվականին։
Եռանդուն բնաբան-հարցումը՝ «մի՞թե սա է երկիրը Նաիրի…»․ յուրատեսակ բանալի է երրորդ մասի գաղափարական պրոբլեմատիկայի ըմբռնման, մասը, որ կրում է ամբողջ վեպի անվանումը՝ «Երկիր Նաիրի»։ Չնայած «ի՞նչ է վերջապես Նաիրին» հարցը ձևակերպվել է դեռեւս Առաջաբանում, վեպի երկրորդ մասը (ժամանակով Առաջաբանից հետո անմիջականորեն հաջորդը) չի պատասխանում այդ հարցին, այլ, կարելի է ենթադրել, սոսկ «կոնկրետացնում է» խնդիրը, ընթերցողին ներգրավում է նաիրյան գաղափարների եւ պրոբլեմների ոլորտը։ Վեպի վերջին մասը Չարենցն սկսում է հենց Առաջաբանի պրոբլեմատիկայից։ «Սույն վեպիս առաջաբանում, հիշո՞ւմ ես, ես հարցրել էի սրտմտությամբ, կասկածով հարցրել էր սիրտս, թե, գուցե, մշուշ է նա, Նաիրին, ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն… Եւ ճիշտ որ,– ո՞րն է այդ Նաիրին»։
Եթե Չարենցն իր վեպի առաջին երկու մասերում պատմողի կերպարի միջոցով ասքային մաներայով այդ մյութոսն ասես ցույց է տալիս ներսից, Նաիրի-մյութոսի ուժադաշտն ընկած պատմող-քաղքենու շուրթերով, ապա վեպի վերջին՝ երրորդ մասը գրված է բացարձակապես այլ ոճով։
Այս մասում «պատմողի կերպարին» փոխարինելու է գալիս «հեղինակի կերպարը»։ Հեգնական դիմակը հեղինակից չի հանված, բայց նրա ետեւում թաքնված մարդն արդեն հեշտ ճանաչելի է աչքերի արտահայտությունից, ձայնից… Դա դիմակների թվացյալ փոփոխություն է։ Սակայն դիմակահանդեսն ավարտված է։ «Եւ դու, ընթերցող, ավելի քան սխալված կլինես, որ սույն իմ այս պոեմանման վեպում ես ցանկություն եմ ունեցել նկարագրել իրապես գոյություն ունեցող մի քաղաք, պատկերել այդ քաղաքի երկրային բնակիչներին, վեր հանել ինչ-որ չտեսնված «տիպեր»։ – Այդպիսի բաներ երբեք չեմ մտածել, ընթերցող, եւ չէի էլ կարող մտածել։ Իսկ ինչ վերաբերում է այն, առաջին հայացքից կարծես թե ինձ մատնող, հանգամանքին, որ ես քանիցս, սկզբից եւեթ, խոսել եմ այդ քաղաքի եւ նրա բնակիչների մասին, որպես շատ սովորական, միանգամայն հաստատ գոյությանց մասին,– ինչ վերաբերում է դրան, սիրելի ընթերցող, ես այստեղ հարկադրված եմ ասել, բացեիբաց խոստովանել, որ ես խաբել եմ քեզ, յուղել եմ գլուխդ, ինչպես խաբել է ինձ տարիներ շարունակ Մազութի Համոն, ինչպես խաբել է եւ քեզ…»։
Վեպի եզրափակիչ մասը մի տեսակ պոզիտիվիստական մեկնաբանություն է առաջին երկու մասերի «մյութաբանական» տեքստի։ Եթե այն ժամանակ Չարենցն այդ մյութաբանական տեքստը կառուցում է ներսից, պատմող-քաղքենու մյութականացնող գիտակցության սահմաններում, ապա այստեղ տեղի է ունենում արմատապես այլ բան…։ «Մյութաբանական տեքստը ոչ մյութական գիտակցության պայմաններում այնքանով է … ծնում փոխաբերական կառուցվածքներ, որքանով մյութաբանելու ձգտումը կարող է իրագործվել հակառակ ուղղվածություն ունեցող պրոցեսում՝ փոխաբերական իրացման, նրա տառացի իմաստավորման մեջ, որը ոչնչացնում է տեքստի բուն փոխաբերականությունը»:[5]Նույն տեղում, էջ 295։
«Երկիր Նաիրի» շարքի բանաստեղծությունների իր ծանոթագրության մեջ Տերյանը զգուշացնում է ընթերցողին չնույնացնել, չընկալել «Նաիրին» բառացիորեն, այսինքն՝ չմյութականացնել։
Չարենցը վեպի առաջին երկու մասերում ասես ցույց է տալիս բանաստեղծական փոխաբերության այդպիսի բառացի ընթերցման արդյունքը, նա բացում է «երրորդային մյութագոյացման» մեխանիզմը։
«Ինչո՞ւ համար եմ սույն այս վեպի ամեն մի էջում իմ նկարագրած քաղաքը անվանում «նաիրյան» քաղաք, եւ մարդկանց, որ ապրում են այդ քաղաքում – «նաիրցիներ»։ Մի՞թե կարող էր «ուղեղային մորմոքը» կերպավորվել եւ իրականություն դառնալ… Սիրելի ընթերցող։ Ես չեմ հնարել այդ անունը եւ պարզապես չգիտեմ, թե ինչ է նա նշանակում»։ Չարենցը ընդհուպ մոտենում է անվանը. անվանումը խնդիր է դառնում՝ նա նյարդային փնտրում է «Նաիրի» բառին հավասարազոր վերանվանում։ «Գուցե «Նաիրի» նշանակում է ցնորք. ո՞վ իմանա։ Գուցե եւ նշանակում է՝ «անքաշ պանիր» – աստված ինքը գիտե։ Կամ, գուցե, «Նաիրի» այն գարին է նշանակում –, որ տեսել է երկարականջ քեռին իր այն նշանավոր երազում։ Չգիտեմ։ Եւ ի՞նչ նշանակություն ունի վերջապես, թե ինչ է նշանակում «Նաիրի»։
«Նաիրի» անվան մեջ կա արդեն մյութագոյացման պոտենցիան։ Մյութոսի նման անունն էլ ըմբռնելի է միայն «ներսից»։ «Անունն այլեւս չի տարրալուծվում ոչ մի ձեւակերպումով. այն նախնական նշան է»:[6]Витгенштейн Л. Логико-философский трактат. М., 1958, (3.26). Վ. Նալիմովը գրում է. «Անունը տրամաբանական օպերացիաների չի ենթարկվում… Անունը տրամաբանությունից դուրս է. թե ինչ կա նրա ետեւում, հնարավոր չէ իմանալ, բառ-անունը ուրիշ բառերի հետ համադրելով, քանի որ անվան հետ է կապված այն, ինչը օրգանապես հատուկ է միայն իրեն»:[7]Налимов В. Вероятностная модель языка, М., 1974, с. 219.
Ահա թե այնուհետեւ ինչ է ասում Չարենցը. «Նաիրին» Նաիրի է – պրծավ գնաց։ Պայմանավորվենք միայն, որ դա, մի շարք այլ բաներ նշանակելուց բացի, մի երկրի անուն է, ինչպես Սողոմոնը – մարդու…»։ Չարենցը կարծես ջանում է վերահասու լինել «նաիրի» բառին պատմական եւ աշխարհագրական առումով, բայց պարզվում է, որ չնայած այդ բառը երկիր է նշանակում, սակայն ոչ մի քարտեզի վրա չկա, եւ այդ երկիրը «շատ քիչ է նման գոյություն ունեցող այլ երկրների»։
Կա բառը, անունը։ Բայց այդ բառը մի տեսակ կախված է դատարկության մեջ։ Իսկ չէ՞ որ կոնկրետ ինչ-որ բան պիտի մատնանշի։
Եւ նորից հայտնվում է Տերյանի ստվերը. «Բանն այն է, որ այդ «երկիրը», այդ չարաբաստիկ «Նաիրին», ինչպես բանաստեղծներն են հաճախ ասում իրենց գերերկրային սիրուհիների մասին – «ե՛ւ կա, ե՛ւ չկա»։
Հետո, հեգնականորեն դիմելով կեղծ պսիխոլոգիզմի միջոցին, «ռենտգենյան ճառագայթի նման թափանցելով Մազութի Համոյի» ուղեղը, Չարենցը, մյութաբանական գիտակցությունից դուրս իրացնելով փոխաբերությունը, նմանակում է Եւրոպան եղջյուրների վրա պահող Զեւս-ցուլի մասին մյութոսը։ «Ամենից առաջ Մազութի Համոյի, որովհետեւ նա էր (ուղեղը եւ ոչ թե Մազութի Համոն), որ տարիներ շարունակ բոլոր համանման ուղեղների կատարյալ կատարելատիպը լինելով՝ որպես առասպելական այն ցուլը, կրում էր իր ուղեղե եղջյուրների վրա… երկիրը Նաիրի»։
«Երկիր Նաիրի» եւ Ա. Բելիի «Պետերբուրգի» նմանության փաստն արդեն նշվել է գրականության մեջ։ Սակայն, մեր կարծիքով, այստեղ առավելապես կարելի է խոսել Չարենցի վեպի վերջին մասի վերաբերմամբ միայն։
Միամտություն կլիներ ենթադրել, թե Ե. Չարենցը պարզապես հաջողությամբ եւ ստեղծագործորեն օգտագործում է Ա. Բելիի «ուղեղային խաղի» գաղափարը, որ ինչպես կարծում են հետազոտողները, ծագում է «Կանտի ագնոստիցիզմից՝ ընկալված շոպենհաուերյան մետաֆիզիկական իդեալիզմի պրիզմայով» կամ էլ «Պետերբուրգի» երեւութականության, ցնորականության գաղափարը, որն իր հերթին գալիս է Գոգոլից ու Դոսոեւսկուց։ Ոչ։ Չարենցը «Երկիր Նաիրիում» բոլորովին այլ գաղափարա-գեղարվեստական մղումներ ունի։ Նրա ուշադրության կիզակետում մյութոսի կերպափոխումներն են։
Ծանոթագրություններ
↑1 Лакер Уолтер. Черная сотня. Происхождение русского фашизма. М. 1994, с. 195.
↑2 Бахтин М. Вопросы литературы и эстетики. М., 1975, с. 447-484.
↑3 Тынянов Ю. Поэтике. История литературы. Кино М., 1977, с. 473.
↑4 Лотман Ю. Успенский Б. Миф-имя-культура. Труды по знаковым системам, VI, Тарту, 1973, с. 288.
↑5 Նույն տեղում, էջ 295։
↑6 Витгенштейн Л. Логико-философский трактат. М., 1958, (3.26).
↑7 Налимов В. Вероятностная модель языка, М., 1974, с. 219.