Կարապետ Տեր-Մկրտչյանի՝ սուրբ Ղևոնդյանց տոնի քարոզը

 

Անցած դարադարձին առաջ եկած հայ եկեղեցու բարենորոգչական շարժման առաջամարտիկ Կարապետ Տեր-Մկրտչյանի համար քարոզն առանցքային դեր ունի ժողովրդական լուսավորության և եկեղեցու հոտը կենդանի հավատքով համախմբելու համար։ Դրա նշանակությունը Տեր-Մկրտչյանին է՛լ ավելի մեծ է թվում ժողովրդի համար օրհասական պահերին։ Ներկա վավերագիրը հրապարակվել է նման մի պահի՝ 1895 թվականին, երբ Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում հայերի զանգվածային ջարդեր էին իրականացվում։ Եվրոպայում իր կրթությունը նոր ավարտած աբեղա Տեր-Մկրտչյանը Ղևոնդյանց տոնի այս քարոզը կարդացել է Գևորգյան ճեմարանում՝ ապագա քահանաներին։

Հինգերորդ դարի կրոնական պատերազմներում խոսքով ու զենքով մարտնչած Ղևոնդյան քահանաներն աբեղայի խոսքում դառնում են իր ժամանակի հերոսները, որոնց փնտրում է հայ ժողովուրդը և որոնք կարող են նրան սփոփել, կրթել և «պահել պղծությունից»։ Վտանգի խոր զգացողությամբ է գրված Տեր-Մկրտչյանի քարոզը. «Աստծո տաճարին» սպառնացող մի վտանգ, որն իր հայացքում կասեցնել կարող են միայն ուրիշների «տիղմից ու ապականությունից» հեռու քահանաները։ Ղևոնդ երեցի՝ Տեր-Մկրտչյանի ուրվագծած պատկերում երևում է քահանայի իդեալականացված այս կերպարի երկու երեսակ. Վանանդի երեցը գյուղացի, խեղճ մի տերտեր էր, սակայն հոգո՛վ պայծառացած, անօրենություններից ազատված ու մեղքերից մաքրված։ «Պղծաշուրթ ժողովրդի» միջից է ուրեմն հոգևորականը դուրս բերում Աստծո մարդուն, ով «գլխով չափ բարձր է կանգնած» նույն այդ ժողովրդից և միաժամանակ կոչված է մխիթարելու նրան։  

Ղևոնդ երեցին հենց տերտեր հեգնական բառով բնորոշելով՝ աբեղան նաև դիմակայում է այն քննադատություններին, որ լուսավորական գործիչները՝ դարի «լուսավոր սերունդն» ուղղում էր եկեղեցու սպասավորներին։ Այստեղ է ի հայտ գալիս Տեր-Մկրտչյանի քարոզի բարենորոգչական կողմը։ Պատահական չէ, որ ներկա վավերագրին ամսագրում հաջորդում է նույն հեղինակի՝ «Քարոզի նշանակութիւնը և գործադրութեան եղանակը» ուսուցողական հոդվածը, որի հիմնական դրույթները, Տեր-Մկրտչյանի իսկ պնդմամբ, վերցված են Մարբուրգի համալսարանի գործնական աստվածաբանության իր ուսուցիչ Քրիստիան Ախելիսի դասագրքից։ Ուրեմն եվրոպական իր կրթության տրամադրած գործիքներով «տերտերներից» նոր Ղևոնդյան քահանաներ առաջ բերելն է դառնում Հայ առաքելական եկեղեցու բարենորոգության՝ Կարապետ Տեր-Մկրտչյանի ծրագրի առանցքը։

Վավերագիրը հրապարակվում է ըստ՝ Կ. Ա., «Ս. Ղեւոնդեանց յիշատակին», Արարատ, 1985, թիվ 2, էջ 41-43:

 

Ս. Ղեւոնդեանց յիշատակին

Կարապետ աբեղա Տեր-Մկրտչյան

 

Եւ լուայ զբարբառ Տեառն, որ ասէր.
Զո՞ առաքեցից եւ կամ ո՞վ երթիցէ
առ այն ժողովուրդ։

Եսայի Զ. 8:

Անցեալի յիշատակը կենդանի հետաքրքրութեան մի անսպառ աղբիւր է սրտի և գաղափարի տէր մարդոց համար. ամեն ոք կարող է այդտեղ իւր հերոսը որոնել, անձնաւորութիւններ և ամբողջ պատմական շրջաններ գտնել, որոնք կեանքի կատարելատիպը վառ գոյներով նորա աչքի առաջ նկարում են, նորան ոգևորում, վսեմ խորհուրդներ են ներշնչում՝ մի բարձրագոյն նպատակի ձգտել դրդում։ Մէկին գրաւում են պատերազմի դաշտում վաստակած դափնիները, միւսին հանճարեղ մտքի արդիւնքները, երրորդին գեղարուեստի հրաշալիքը. ոչ միայն անհատական տրամադրութեան, այլ նաև ժամանակի պայմանների համեմատ փոփոխուում է անցեալի գործած տպավորութիւնը. երբեմն այս հերոսը կամ դէպքն է աւելի աչքի ընկնում, աւելի խորհրդաւոր նշանակութիւն ստանում, երբեմն այն միւսը։

Ս. Ղևոնդեանց նշանակութիւնը լաւ պարզելու համար, պետք է նկատի ունենալ մեր ժողովրդի ներկայ ժամանակի գլխաւոր պահանջը. հարցրէ՛ք՝ ի՞նչ է որոնում հայ հասարակութիւնը մեր աշխարհի ամեն մի անկիւնում, նաև դուրսը ամենուրեք, ուր հայ անունով, հայի հաւատով ապրելու ձգտումը կայ. մա՜րդ, մա՜րդ … մի մարդ, որ տարբերուէր միւս սովորական մարդկանցից, գլխով չափ բարձր կանգնած այս գաջաջ սերունդից՝ անմատչելի լինէր այն տղմին և ապականութեան, որի մէջ թաղուած են ուրիշները. մի քահանայ, որ Բարձրեալի Աթոռի առաջ կանգնելու համարձակութիւն ունենար, ժողովրդի վիշտն ու պաղատանքը դնէր այնտեղ, մխիթարութիւն բերէր, կենդանի խօսքով վառէր ու մաքրէր սրտերը, դէպի վեր, դէպի բարին ուղղէր մտքերը։

Եւ ահա, երբ մեր հայեացքը ակամայից դէպի անցեալն է դառնում, գալիս՝ կանգնում է մութ հորիզոնի վերայ Վանանդի Երէցը իւր անմահ ընկերակիցների լուսադէմ խմբով մէկ տեղ։ Նա ինձ պատկերանում է ոչ այնպէս, ինչպէս պատկերացել է երբեմն բանաստեղծի երևակայութեան առաջ՝ երկնային, չնաշխարհիկ մի երևոյթ, վերև օդի մէջ, այլ իբրև մի հասարակ մարդ ամուր հողի վերայ կանգնած, մի պարզ գիւղական քահանայ խաչն ու աւետարանը ձեռքին, մի տէրտէր այո՛ մեր այս … մեր այս ԺԹ. դարու լուսաւոր սերունդի համար յանչափս արհամարհելի տէրտէր անունը կրող մի խեղճ մարդ, որի լեզուից սակայն մեղրի նման քաղցր խօսք ծորում, որի հոգու պայծառութիւնը իւր պատկառելի դէմքի վերայ է արտափայլում. անօրէն բռնակալներին անգամ պատկառանք ազդում, որի հետ ինքը Տէր Աստուածը խօսել է, իւր սուրբ կամքի թարգման և վկայ կարգել։[1]Համ. Ղազարայ Փարպեցւոյ պատմութիւն Հայոց. Վենետիկ 1873. էջ. 205 եւ 228:

Ի՞նչ կլինէր Ղևոնդ երէցը, եթէ կրօնական պատերազմները առիթ չտային նորան պատմութեան հրապարակի վերայ ելնելու։ Ժամանակակից պատմիչները վկայում են, որ նա իւր դարու ամենագիտուն և հանճարեղ անձինքներից մէկն էր. բայց երբ նա գիւղ գնաց պաշտօն վարելու, անշուշտ երբեք մտքից չէր անցնում, որ մի օր մեծահռչակ անուն պիտի ունենար, չէր մտածում, թէ ո՞վ այնտեղ գիւղում իւր գիտութեան և հանճարի վերայ պիտի զարմանար, իւր արժանիքը գնահատէր։ Մարդոց չէր ծառայում նա և ուրախ պիտի լինէր, եթէ մի օր Ամենակալ Տիրոջ ներկայանալով ասել կարողանար. «ծառայք անպիտան էաք, զոր ինչ պարտն էաք առնել՝ արարաք»։ Եւ այսպէս կմեռնէր նա. ծանօթները՝ գուցէ մի ամբողջ գաւառի բնակիչներ, առ ժամանակ սիրով և յարգանքով կյիշէին նորա անունը, և հետզհետէ մոռացութեան կտային … նա ինքը այս մասին չէր հոգացել, բայց նախախնամութիւնը այլ կերպ էր տնօրինել։

Ինչի՞ նման կլինէր, կհարցնենք, Ե. դարը, եթէ Հայոց գիւղերում Ղևոնդ երէցի պէս քահանաներ չգտնուէին։ Այդ դարը պատմութեան այն շրջաններից է, երբ մարդոց ամբարշտութեան և թշուառութեան բաժակը լեցուում է, դատաստան է պէտք, երկրաւոր ուժերով անկման և կորստեան առաջն առնել կարելի չէ այլ ևս. բայց ահա բարձրից որոտում է Զօրութեանց Տէրը, անորոշ մի դող և սարսուռ է պատում մարդոց. միայն մարգարէի սրատեսութեան և սուր ականջ ունեցողներն են, որ Նորա մերձակայութիւնը զգում են և բացականչում. «վա՛յ է ինձ՝ ես այր տառապեալ զիա՞րդ կամս, հիացեալ, զի մարդ եմ և պիղծ շրթունս ունիմ, և ի մէջ պղծաշուրթն ժողովրդեան բնակեալ եմ ես»։ Սակայն Նա ուղարկում է իւր սրովբէին երկնային հրոյ կայծակը մօտեցնելու ընտրեալի շրթունքին, և երբ գալիս է վերևից վճռական հարցը. «Զո՞ առաքեցից կամ ո՞վ երթիցէ առ այն ժողովուրդ» անօրէնութիւններից ազատուած և մեղքերից մաքրուած Աստծոյ մարդը հանդէս գալ և համարձակ ասել կարող է «Ահաւասիկ ես, առաքեա՛ զիս»։

Այսպիսի մէկն էր իւր ժամանակի համար Եսայի մարգարէն։ Երբ նա Տիրոջից կոչումն ընդունեց, դեռ բարգաւաճ դրութեան մէջ էր իւր հայրենիքը, կանգուն թէ Յուդայի և թէ Իսրայէլի թագաւորութիւնը. բայց նա բաց աչքով տեսնում էր գալիք աղէտները, Սամարիայի կործանումը, Յուդայի ոտնակոխ լինելը թշնամիներից՝ այն ամեն չարիքը, որ այս ապերասան ժողովուրդը իւր անօրէնութիւնների երեսից պիտի կրէր, և վշտից գալարուում էին նորա աղիքները, երբ նա հարցնում էր. «Մինչև յե՞րբ Տէր»։ Սակայն անհրաժեշտութեան առաջ պէտք էր խոնարհել. այս ամենը պիտի գար, անօրէնութիւնները պէտք է պատժուէին, որպէս զի արդար և հնազանդ մի մնացորդ ետ մնար. և մարգարէն հաւատարիմ մնաց իւր կոչման։ Իբրև մի խարազան Ամենակալի ձեռքին հարուածեց Նա մարդկանց անիրաւութիւները. իւր ժողովրդի անողորմ դատաւորը եղաւ, երբ նա բաղդից կուրացած շռայլութեան և անօրէնութեանց անձնատուր էր եղել, նորա խորհրդատուն և մխիթարիչը՝ երբ նեղութեան ու տառապանքի օրերը հասան։ Ամբողջ արեւելքը Ասորեստանցւոց ոտքի տակ սասանում էր, մէկը միւսի ետևից ընկնում, հիմնայատակ կործանում էին քաղաքներ և թագաւորութիւններ, միայն Երուսաղեմն էր մնացել թշնամիներից պաշարուած. սպառել էին պաշտպանութեան բոլոր միջոցները, ոչ ոքի մտքից անցնել չէր կարող, թէ նորա փրկութեան հնարը կայ, թագաւոր և ժողովուրդը մարգարէի ոտքն ընկած՝ Տիրոջ օգնութիւնն էր հայցում. և Տէրը հասաւ օգնութեան. «ճանապարհ ընդ որ եկն, ընդ նոյն դարձցի և ի քաղաքն այն մի մտցէ».[2]Եսայի ԼԷ. 34: հրամայեց մարգարէն և Ասորեստանցին ստիպուած էր իսկոյն յետ նահանջել. այն աներևոյթ ձեռքը՝ որ նորան մինչև այստեղ էր բերել, կրկին յետ տարաւ նորան։

Այսպէս է եղել ահա Աստուծոյ մարդը ամեն ժամանակ։ Այսպէս էր Եսայի մարգարէից առաջ Եղիա Թեզբացին, այսպէս էին նորանից յետոյ բոլոր մարգարէները. այսպէս էր Մակաբայեցւոց նախահայրը Մատաթէ քահանան, որ Տիրոջ սեղանի պղծութիւնը տեսնել չկարողացաւ. «երիկամունք իւր զդողանի հարան և լի եղև սրտմտութեամբ բարկութեամբ ըստ օրինաց դատաստանին, զոտս արձակեաց՝ հար զՀրէայն և անդէն սատակեաց առաջի բագնին», և այսպիսով կրթեց, յառաջ բերաւ մի սերունդ, որ Երուսաղեմը պիտի պահէր և աշխարհի Փրկչին սնուցանէր իւր գրկում։ Այսպիսի նախանձախնդրութեամբ լեցուած ինքը, Տէրը քշեց վաճառականներին տաճարից. նոյնպիսի նախանձախնդրութեամբ Տիրոջ պաշտօնեաները՝ ս. Ղևոնդեանք, ջարդեցին կրակապաշտ մոգերի կառափները, պահեցին Նոր Սիոնը պղծութիւնից, պահեցին անկումից և կորուստից Նոր Սիոնի ժողովուրդը։ Եւ այնուհետև ամեն անգամ, երբ մարդոց ամբարշտութիւնը ծայրայեղութեան է հասել, երբ Աստուծոյ տաճարը վտանգի մէջ է եղել և երկնքից կախուել է այդ հարցը. «Զո՞ առաքեցից և կամ ո՞վ երթիցէ առ այն ժողովուրդ». միշտ գտնուել է մէկը, որ այդ ձայնը լսէր, որի շրթունքին սրովբէական կայծակը դիպած լինէր և որ հանդէս գար ասելով. «Ահաւասիկ ես, առաքեա՛ զիս»։

Մի՞թէ մեր ժամանակն էլ այդ ժամանակներից չէ. մի՞թէ լսելի չէ և այսօր Սիոնի Տիրոջ որոտալը վերևից, և ո՞վ է, որ նորա մերձակայութիւնը զգում է և չէ սարսում. «վա՜յ է ինձ՝ ես այր տառապեալ զիա՞րդ կամս, հիացեալ, զի մարդ եմ և պիղծ շրթունս ունիմ, և ի մէջ պղծաշուրթն ժողովրդեան բնակեալ եմ ես»։ Սարից սար, ձորից ձոր անցնում է և արձագանգ տալիս է Կոչողի ձայնը. «Զո՞ առաքեցից, զո՞ առաքեցից». ե՞րբ, ա՛խ ե՞րբ պէտք է պատասխան գտնէ այդ հարցը, ե՞րբ պէտք է երկնային հուրը մերձենայ և մեր շրթունքին, հանէ մեր անօրէնութիւնները, սրբէ մեր մեղքերը, որպէս զի մարդիկ գտնուէին՝ ս. Ղևոնդեանց ժառանգ, մարգարէական հոգւով լի քահանաներ հանդէս գային, որ համարձակէին ասել. «Ահաւասիկ ես, առաքեա՛ զիս»։[3]Սոյն իմաստով խօսուեցաւ ս. Ղեւոնդեանց տօնին Գէորգեան ճեմարանում։

Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ
1 Համ. Ղազարայ Փարպեցւոյ պատմութիւն Հայոց. Վենետիկ 1873. էջ. 205 եւ 228:
2 Եսայի ԼԷ. 34:
3 Սոյն իմաստով խօսուեցաւ ս. Ղեւոնդեանց տօնին Գէորգեան ճեմարանում։